Սլովակիան Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Եվրոմիության հետ Ռուսաստանին առաջարկել է համատեղ նախագիծՙ «Թուրքական հոսքին» միացնել «Արեւելյան օղակ» սլովակյան գազատար համակարգը: Այդ մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցելուց հետո:
Ֆիցոյի խոսքերով, նախագիծը պետք է իրականացվի ԵՄ մասնակցությամբ եւ աջակցությամբ: ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ «Թուրքական հոսք» գազամուղը պետք է փոխարինի «Հարավային հոսքին» եւ «Գազպրոմին» թույլ կտա 2019 թվականից վերջ դնել Ուկրաինայով գազի տարանցմանը: «Թուրքական հոսքի» կառուցումը սկսվելու է 2016-ին: Գազը իրենց տարածքներ հասցնելու համար ԵՄ երկրները պետք է ինքնուրույնաբար ստեղծեն գազափոխադրիչ հզորություններ: Անցյալ շաբաթ Հունաստանն արդեն պատրաստակամություն էր հայտնել մասնակցելու «Թուրքական հոսքի» կառուցմանը:
«Թուրքական հոսքի» հզորությունը պետք է կազմի տարեկան 63 մլրդ խմ գազ: Ամեն տարի թուրք-հունական սահման կհասցվի մինչեւ 47 մլրդ խմ. գազ:
«Արեւելյան օղակ» (Eastring) գազամուղի հզորությունը շահագործման առաջին փուլում պետք է կազմի տարեկան 20 մլրդ խմ., հետագայումՙ մինչեւ 40 մլրդ խմ. գազ: Նախագծի առանձնահատկությունը կարող է դառնալ վառելիքի երկկողմանի արտամղման հնարավորությունը, այսինքն Եվրոպայի հյուսիսից եւ արեւմուտքից հնարավոր կլինի հումքը հակադարձ ռեժիմով մատակարարել Բալկանյան երկրներին:
Հարավչինական ծովըՙ չին-ամերիկյան հնարավոր պատերազմի տարածք
Եթե չին-ամերիկյան տարաձայնություններ վերաճեն ռազմական հակամարտության, ապա Հարավչինական ծովը թերեւս դառնա պատերազմի ռազմաբեմ: ՉԺՀ ղեկավարությունը կարծում է, որ պատերազմից կարելի է խուսափել եթե Վաշինգտոնը հրաժարվի այդ տարածքում Չինաստանին պահանջներ ներկայացնելուց:
Այդ տարածաշրջանն ունի ռազմավարական եւ տնտեսական մեծ կարեւորություն: Անցյալ շաբաթ ՉԺՀ Պետխորհրդի հրապարակած նոր ռազմավարության մեջ նշվում է, որ ՉԺՀ նավատորմն այսուհետեւ երկրի շահերը կպաշտպանի ոչ միայն չինական տարածքային ջրերում, այլեւ համաշխարհային օվկիանոսում: Բացի դրանից, փաստաթղթում քննադատվում են «Հարավչինական ծովի անցուդարձին միջամտող օտար տերությունները»:
Փաստաթղթի հրապարակման նախօրեին ՉԺՀ պաշտոնաթերթերից մեկըՙ «Գլոբալ թայմսը», նախազգուշացրել էր ԱՄՆ-ի հետ պատերազմի «անխուսափելիության» մասին, եթե Վաշինգտոնը չադադարեցնի ՉԺՀ-ի քննադատությունը Հարավչինական ծովի վիճելի շրջաններում կղզիների եւ ռազմական օբյեկտների (մասնավորապես թռիչքադաշտի) ստեղծման համար: Խոսքը Սպրատլի կղզեխմբի մասին է, որին, Չինաստանից բացի, հավակնում են Ֆիլիպինները, Մալայզիան, Վիետնամը, Տայվանը եւ Բրունեյը, որոնք ԱՄՆ-ի հետ դաշն են կնքել ընդդեմ ՉԺՀ-ի: