Արեւմտյան մամուլի գիտակ մեկնաբաններ ու դիտորդներ վերջերս նկատել են ազերի կառավարության եւ նրա բռնապետական առաջնորդ Իլհամ Ալիեւի հասցեին ուղղված քննադատությունների սաստկացումը: Կարելի է ենթադրել, որ Մ. Նահանգներ-Ադրբեջան հարաբերություններն իրոք վատթարացել են: Բայց դա ընդամենը սառցաբեկորի վերին, երեւացող մասն է: Ներքին, ուժեղ հոսանքներն ու տրամադրությունները, ներառյալ տարածաշրջանային վերադասավորություններն ու աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունները, իրենց դերը դեռ շարունակում են կատարել:
Մեր օրերի ինտեգրված աշխարհում, որեւէ քաղաքական գործողություն անպայմանորեն «դոմինո էֆեկտ» է առաջացնելու, ներգործելով մի որեւէ հեռավոր տարածաշրջանի քաղաքականության վրա:
Հակառակ Մ. Նահանգներում եւ Եվրոպայում գոյություն ունեցող մամուլի բացարձակ ազատությանը, գաղտնի համաձայնություն է նկատվում կառավարությունների եւ լրատվության գլխավոր աղբյուրների միջեւ: Որեւէ հեռանկարային քաղաքականության փոփոխություն, օրինակ, Բուշի նախկին վարչակազմի տարիներին, իր արձագանքն էր գտնում «Ուոլ Սթրիթ Ջոռնըլի» խմբագրականներում: Նույնպես, Ամերիկա-Կուբա հարաբերություններում կատարվող վերջին շրջանի բարեփոխումներին նախորդեցին մի շարք խմբագրական-հոդվածներ «Նյու Յորք Թայմսում», որոնք խրախուսում էին կառավարությանը հրաժարվելու այլեւս 50-ամյա մեկուսացման քաղաքականությունից: Կա՛մ «Թայմսի» խմբագիրները չափազանց լավ գուշակներ էին, կա՛մ էլ ստացել էին կառավարությունից որոշակի ակնարկներ ամերիկյան հասարակությանը նախապատրաստելու քաղաքականության փոփոխություններին:
Եվ երբ Օբաման հայտարարեց Կուբայի հանդեպ քաղաքականության փոփոխման մասին, մարդկանց որոշ շրջանակներ հավատացին քաղաքականության վրա մամուլի ունեցած ազդեցությանը: Ահա այս տեսանկյունից պետք է դիտարկենք ամերիկյան մամուլում Ադրբեջանի հասցեին ուղղված բացասական գրությունների հանկարծակի ալիքը: Նորություն չէ, որ Ադրբեջանում միշտ էլ բռնապետեր են իշխել:
Ի հավելումն «Նյու Յորք Թայմսի» հունվարի 11-ի քննադատական հոդվածի, որտեղ Ալիեւին բնութագրել էին որպես «հմուտ քաղաքական Ջեկիլ եւ Հայդ», մարդու իրավունքները խախտողի ողորմելի անցյալով, ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների մասին մեկ այլ լուրջ վերլուծություն հրատարակվեց «Բրուքինգզ ինստիտուտի» կողմից Ռիչարդ Դ. Կոզլարիչի հեղինակությամբ: Այնքան ժամանակ, որ Կոզլարիչը ծառայում էր Բաքվում որպես Մ. Նահանգների դեսպան, նա ստիպված էր արտահայտել պետքարտուղարության պաշտոնական դիրքորոշումը, բայց այս հոդվածում նա համարձակորեն թղթին էր հանձնել իր խորը նկատառումներն ու տեսակետները, Ադրբեջանին եւ նրա ղեկավարներին ներկայացնելով իրենց իսկական, ամենեւին էլ ոչ նպաստավոր տեսքով: Հոդվածի եզրակացությունը հստակ է առաջին իսկ տողերից, որտեղ կարդում ենք. «2014 թվի դեկտեմբերի 3-ին ավարտվեց Հեյդար Ալիեւի բացած դարաշրջանը Ադրբեջանում: Դրա հետ միասին ավարտվեցին նաեւ այն քաղաքական սերտ հարաբերությունները, որ գոյություն ունեին Մ. Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ»: Իր վերլուծություններին առընթեր, Կոզլարիխն այդ եզրակացության հիմքում նաեւ ընդգրկել էր Ադրբեջանի նախագահական ապարատի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի մեկ գրությունը, որտեղ վերջինս ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները դիտարկում էր քաղաքական ծայրահեղ «պարանոյայի» տեսանկյունից: Կոզլարիխը երեք պայման է առաջ քաշում Արեւմուտքում Ադրբեջանի հեղինակության վերականգնման համար եւ հռետորական հարց ուղղում. «Անկարելի՞ է դրանք իրագործել: Ո՛չ, եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է արժանանալ միջազգային, այդ թվում նաեւ ամերիկյան, հարգանքի, որին ձգտում է»: «Հարգանքը կախված է գործողությունների արդյունքից: Քաղբանտարկյալներին ազատ արձակելը եւ Ղարաբաղի հարցի լուծման շուրջ լրջորեն բանակցելը Հայաստանի հետ միակ ճանապարհներն են վաստակելու այդ հարգանքը», գրում է նա:
Նախկին դիվանագետի գնահատումները չափազանց բացահայտիչ են: Անցյալում, երբ Վաշինգտոնը երկընտրանքի առաջ էր կանգնում եւ պետք է որոշեր հավատարիմ մնալ ամերիկյան շահերի՞ն, թե՞ արժեքներին, նա հաճախ ընտրում էր առաջին տարբերակըՙ շահերը, երբ հարցը Ադրբեջանին էր վերաբերում: Այս պարագայում կարծես Ամերիկան նախընտրությունը տալիս է երկրորդ տարբերակինՙ արժեքներին:
«Բաց ժողովրդավարություն» («Open Democray») կայքում հրատարակված մեկ այլ հոդվածում, «Կառնեգիի ներդրումները հանուն միջազգային խաղաղության» կազմակերպության Կովկասի գծով ավագ խորհրդական Թոմաս դը Վաալը գրում է. «Վերջին մեկուկես տարում Ադրբեջանի կառավարությունն իր բնույթով դարձել է չափազանց նողկալի, բռնապետական եւ հակա-արեւմտյան»:
Արեւմտյան մամուլը հեղեղված է Ալիեւի ռեժիմի դեմ ուղղված սուր քննադատություններով: Այն օրվանից, երբ Էլ Գորը «Ալ Ջազիրային» հրավիրեց Ամերիկա, այդ հեռուստակայանը ամերիկյան քաղաքականություն է հեռասփռում աշխարհով մեկ, անշուշտ մերձավորարեւելյան «զգեստավորմամբ»: Օրինակ, մարդու իրավունքների պաշտպան Արզու Գեյբուլաեւայի հոդվածում, տեղադրված «Ալ Ջազիրայի» կայքում, նշվում է. «Այնքան ժամանակ, որ նախագահ Իլհամ Ալիեւը պնդի, թե Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ եւ խոսքի ազատության սահմանափակումներՙ փորձելով ստեղծել ժողովրդավարական երկրի պատրանք, շատ քիչ բան է փոխվելու այս երկրում»:
Մի կողմ թողնելով քննադատությունները, տեսնենք, թե դեպի ո՞ւր է գնում Ադրբեջանը:
Արտահայտելով Անկարայի իր «բոսի» մտքերը, Մեհդիեւն իր հոդվածում նշում է, որ Ադրբեջանը որդեգրել է անկախ քաղաքականության կուրսը: Թուրքիան, մյուս կողմից, դեռեւս պահպանելով ՆԱՏՕ-ում իր անդամակցությունը, նույնպես այդ քաղաքականությունն է վարում: Եվ քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, որ մեկ ազգ են երկու կառավարություններով, ապա Ալիեւը հետեւում է իր ուսուցչիՙ նախագահ Էրդողանի հորդորներին: Ի դեպ, վերջինս Բաքու այցելեց հունվարի 16-ին իր զորակցությունը հայտնելու Ալիեւինՙ Ղարաբաղի կնճռոտ հարցի վերաբերյալ: Իրեն հեռացնելով Արեւմուտքից, Ալիեւն այդ զորակցության կարիքն ունի ավելի քան երբեւէ:
Հաշվի առնելով, որ Արեւմուտքը հսկայական ջանքեր է գործադրում խափանելու համար Մոսկվայի վերադարձը որպես հզոր դերակատար աշխարհում, Թուրքիան իր համար գտել է քաղաքական մի «թաքստոց» կառուցելու իր սեփական ուժային բազան: Նա որոշել է լինել անկախՙ երկու ճամբարներից: Ադրբեջանը կրնկակոխ հետեւում է Անկարային, հուսալով օգտվել տարածաշրջանում կատարվող այլ զարգացումներից:
(ա) Էներգատարների գների խոշոր անկումը խորտակել է Էմիրաթների նման երկիր կառուցելու Ալիեւի երազանքը:
(բ) Իրանի հետ Արեւմուտքի հակամարտությունը մեծացրել էր Արեւմուտքի եւ Իսրայելի համար Բաքվի քաղաքական արժեքը, որպես Իրանի դեմ հարձակումներ սկսելու հենակետ: Այժմ, երբ միջուկային համաձայնագիրը այդ երկրի (Իրանի) հետ իրականություն է դառնում, Ադրբեջանը կորցրել է իր կարեւորությունը ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Իսրայելի համար:
(գ) Թուրքիայի շրջադարձը դեպի Ռուսաստան (էներգակիր խողովակաշարի պայմանագիրը) է՛լ ավելի է Ադրբեջանին մղում դիրքորոշվելու հօգուտ Եվրասիական տնտեսական միությանը:
Ռուսաստանն իր հերթին պայքարում է վերականգնելու իր նախկին դիրքը աշխարհում: Չինաստանը իր համերաշխությունն է արտահայտել Ռուսաստանին, հաշվի առնելով, որ եթե երբեւէ Մոսկվան պարտվի, ապա Արեւմուտքը չի խնայի Պեկինին, որն արդեն հզոր պետություն դառնալու ճանապարհին է: Չինաստանը ոչ միայն խոստացել է Ռուսաստանին օգնել նյութապես, այլեւ թաքուն ակնարկներով հասկացրել Արեւմուտքին, որ կարող է իր ամերիկյան ակտիվները օգտագործել որպես զենք ապակայունացնելու համար Ամերիկայի տնտեսությունը:
Քաղաքական այս նշանակալի փոփոխություններին ի տես, Բաքուն պարտավոր է ընտրություն կատարել: Այդ ընտրությունը կարող է նրան Ռուսաստանի գիրկը նետել, որտեղ արդեն հանգիստ տեղավորվել է Հայաստանը:
Մի կողմից, Ամերիկայից Ադրբեջանի տարանջատումը կարող է հանգստացնել Հայաստանին այն իմաստով, որ այսուհետ Ամերիկան չի անցկացնի ազերիամետ որոշումներ, հատկապես երբ «Անկախության աջակցության օրենքի» 907 հոդվածը դեռ ուժի մեջ է:
Մյուս կողմից, սակայն, եթե Մոսկվայի ճնշումների ներքո Ադրբեջանը միանա Տնտեսական միությանը, ապա հանգստանալու քիչ պատճառներ կունենա Հայաստանը:
Այս նոր զարգացումների լույսի ներքո, Թուրքիայի շահերը պահանջում են, որ հարաբերությունները լարված մնան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որպեսզի պաշտպանի իրեն հայկական պահանջներից եւ հանդես գա որպես «փրկարար» Բաքվին:
Այնպես որ վերջին խոսքը Մոսկվայինն է, երեք տարբերակներով. (ա) Շարունակել «ստատուս քվոն», որպեսզի երկու կողմերին կախման մեջ պահի իրենից, (բ) Ստիպել Հայաստանին զիջումների գնալ, որպեսզի սիրաշահի Ադրբեջանին եւ (գ) Ստեղծել տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում նոր շուկաներ եւ ստիպել կողմերին (Հայաստանին եւ Ադրբեջանին) համագործակցել, որի դեպքում կվերանա շրջափակումը, եւ կյանքն իր նորմալ հունով կարող է ընթանալ:
Վերջին տարբերակը գուցե ձեռնտու լինի բոլոր կողմերի համար:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.