Քաղաքագիտության հարուստ բառապաշարը
Գիտության յուրաքանչյուր ոլորտ ունի իր ուրույն եզրաբանությունը, բառապաշարն ու արտահայտչաձեւերը:
Քիմիան, օրինակ, ուսումնասիրում է ատոմներից, մոլեկուլներից եւ իոններից բաղկացած միացությունները, Ֆիզիկան՝ բնության հիմնարար օրենքները, նյութի եւ էներգիայի հատկությունները, ձգողականությունը:
Հասարակագիտության ուսումնասիրության տիրույթում են գտնվում հասարակության զարգացման փուլերն ու դրանց օրինաչափությունները՝ դասակարգային պայքարը, անտագոնիզմը…
Իսկ ո՞րն է քաղաքագիտության ուսումնասիրության օբյեկտն ու դրա տերմինաբանությունը: Գիտության այս ոլորտով զբաղվող այրերն ինչպիսի՞ բառապաշարով ու դարձվածքներով են ներկայացնում իրենց ասելիքը:
Վստահ կարող եմ ասել, որ գիտության այս ոլորտը եզրույթների ընտրության հարցում ոչ մի սահմանափակում կամ կաշկանդվածություն չունի:
Օրինակ, միջպետական հարաբերությունները վտանգված լինելու դեպքում քաղաքագիտությամբ զբաղվող մասնագետները դիմում են օդերեւութաբանության օգնությանը, եւ բնորոշումը տալիս են «մութ ու սեւ ամպեր կուտակված լինելու» միջոցով:
Իսկ եթե այդ հարաբերություններում սառնություն է նկատվում, քաղաքագետները դրանք ամուսնական հարաբերությունների հետ են համեմատում եւ ասում՝ «նրանց մեղրամիսն ավարտված է»: Եթե խաթարված հարաբերությունները բարելավման նշաններ են ցույց տալիս, քաղաքագիտությունը սերտած այրերն ասում են, որ «սառույցը հալվում է»:
Աշխարհաքաղաքական կողմնորոշմանը վերաբերող երեւույթները նկարագրելու համար, քաղաքագետներն ու քաղաքական այրերը դիմում են նաեւ հավկիթի օգնությանը, եւ օգտագործում «բոլոր հավկիթները մի զամբյուղի մեջ չդնելու» իմաստուն հորդորը:
Հաճախ սպորտն էլ է քաղաքագետների օգնությանը հասնում: Երբ քաղաքական սուբյեկտներից մեկն իրեն հասանելիք դիվանագիտական քայլն է կատարում, հանգիստ շունչ է քաշում ու մտքի մեջ ասում, որ այժմ «գնդակը հակառակորդի դաշտում է»: Իսկ եթե սուբյեկտն իր գործընկերոջից դաշնակցային հարաբերություններին հակասող քայլ է նկատում, հիշելով ազատ ոճի ըմբշամարտի կանոնները, նեղսրտած ասում է, որ «մեջքից հարված է ստացել»:
Գիտության տարբեր ոլորտներից բացի, մեր կենցաղին վերաբերող բառապաշարն էլ է քաղաքագիտությանն արտահայտվելու առատ նյութ մատակարարում:
Միեւնույն միտքը հաճախ կրկնող եւ այդ կրկնությունից ձանձրացող քաղաքական այրն իր պատկերավոր խոհերն արտահայտելու համար երբեմն սեփական անձը համեմատում է սովետական տարիներին բոլոր բնակարաններում պատից կախված եւ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր միալար խոսող «քյասիբի ռադիոյի» հետ:
Երկրում կարգուկանոն հաստատելու վճռականությամբ տոգորված քաղաքական այրերին արտոնված է նաեւ խոսել ժողովրդին հասկանալի լեզվով, օգտագործելով, օրինակ, «ասֆալտի եզրաքարերը լիզել տալու» եւ «պատին ծեփելու» նախազգուշացումները:
Այո, քաղաքագետների սուր միտքը կարողանում է ճեղքել բոլոր սահմաններն ու արգելքները:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ