Քայլ դեպի ապագա

Փետրվարի 16-17-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Քայլ դեպի ապագա. արհեստական բանականություն եւ թվային տնտեսություն. Տեխնոէկոնոմիկա. հարթակների փոխակերպում» 5-րդ միջազգային գիտական ֆորումը, որը կազմակերպել էր Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան  տնտեսագիտական համալսարանը:

 Քայլ է արվել դեպի ապագա: Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան  տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղի հեղինակային VR&AR նախագիծը ներկայացված է Մոսկվայում V միջազգային գիտական ֆորումի ցուցահանդեսում:

Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ ցուցահանդես, որին Կիրառական ինֆորմատիկա ուղղության ուսանողուհի Աննա Բարսեղյանը ներկայացրեց Երեւանի մասնաճյուղի Վիրտուալ իրականության լաբորատորիայի հիման վրա իրականացված գիտակրթական նախագիծը:

«Պատմության ուսուցում վիրտուալ եւ հավելյալ իրականությամբ (VR&AR)» նախագիծը 5-րդ դարի պատմական ճակատամարտի վավերական վերակառուցումն է: Ծրագիրը թույլ է տալիս լիարժեք ընկղմվել եւ ակտիվ մասնակցել պատմական իրադարձությունների ընթացքին:

Երեւանի մասնաճյուղի ցուցահանդեսային տաղավարը գրավել է այցելուների մեծ ուշադրությունն ու հետաքրքրությունը:

Ուրախալի է նշել, որ նման միջոցառմանը մասնակցում են Երեւանում գործող ռուսական համալսարանում սովորող հիմնականում հայազգի երեխաները: Նրանցից շատերը ծնվել եւ մեծացել են Ռուսաստանում: Միջոցառումը լավ առիթ է միջազգային մակարդակով բարձր պահել հայրենասիրական  ոգին եւ ձեւավորել ազգային հոգեկերտվածք:

 ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ