Հայտնի է, որ Ռուսաստանի՝ 2022 թ. Ուկրաինա ներխուժումից ի վեր արեւմտյան մշակութային հաստատությունների վերաբերմունքը ռուսական արվեստի հանդեպ փոխվել է: Որոշ շրջանակներում առկա է այն համոզմունքը, թե Արեւմուտքը համատարած բոյկոտում եւ չեղարկում է ռուս մշակույթը: Մշտապես հետեւելով միջազգային արվեստի անցուդարձին՝ սույն ակնարկով կանդրադառնանք 2024-2025 թթ. իրավիճակին: Ներկայացված տվյալները քաղված են տասնյակ վստահելի լրատվամիջոցներից եւ մշակութային վերլուծություններից («The Guardian», «New York Times», «Harvard International Review», «Classical Music magazine» եւ այլն):
Թեեւ արեւմտյան առաջնորդները պահանջել են մշակութային պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ, իսկ Ուկրաինայի մշակույթի նախարարը կոչ էր արել դադարեցնել ռուսական գործերի ներկայացումն աշխարհում, իրականում հատկապես 19-րդ դարի դասականների արգելքը տարածում չի գտել: 2024-2025 թթ արեւմտյան նվագախմբերի, օպերային թատրոնների եւ գրադարանների մեծ մասը շարունակում է ներկայացնել Պուշկինի, Դոստոեւսկու, Տոլստոյի, Չայկովսկու, Ռախմանինովի եւ այլոց ստեղծագործությունները, սակայն եղել են որոշակի միջոցառումների չեղարկման դեպքեր՝ քաղաքական լարվածության եւ հանրային ճնշման ներքո: Օրինակ, Վիեննայի հեղինակավոր Wiener Festwochen փառատոնն անցած հունիսին չեղարկել է Ռուսաստանում երկար ժամանակ աշխատած հույն դիրիժոր Թեոդոր Կուրենցիսի համերգը՝ ուկրաինացի դիրիժոր Օքսանա Լինիեւի եւ այլոց բողոքի հետեւանքով եւ որոշել է ներկայացնել միայն ուկրաինական ծրագիր: Նմանապես ֆինն դիրիժոր Սաքարի Օրամոն (Բի Բի Սի-ի սիմֆոնիկ նվագախմբից) 2024 թ. հայտարարել է, որ ժամանակավորապես չի կատարելու ռուս կոմպոզիտորների գործեր՝ ասելով, որ «ռուսական քարոզչությունը շահարկում է այդ մշակութային ժառանգությունը»: Քննադատները զգուշացրել են, որ մեծամասշտաբ արգելքները կարող են ջուր լցնել ռուսական պաշտոնական քարոզչության ջրաղացին եւ խախտել արվեստի ազատությունը, մինչդեռ աջակիցները նշում են, որ նման մշակութային պատժամիջոցներն Ուկրաինայի հետ համերաշխության արդարացված ձեւ են:
Այլ գործողություններ ուղղված են եղել ոչ թե ռուսական ստեղծագործություններին, այլ Պուտինի համակիր գործիչներին: Օրինակ, 2022-ից Մյունխենի եւ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը խզել են համագործակցությունը դիրիժոր Վալերի Գերգիեւի հետ: Սակայն Չայկովսկու կամ այլ դասական կոմպոզիտորների համատարած արգելքներ չեն եղել, իսկ նման կոչերը հիմնականում խորհրդանշական բնույթ են կրել: Մշակութային վերլուծաբանները նշում են, որ Գերգիեւի նման անհատների բացառումը պրագմատիկ որոշում է, ոչ թե ռուս դասականների «չեղարկման մշակույթ»՝ միաժամանակ մերժելով Պուտինի համակիր կամ Ուկրաինայի տառապանքին անտարբեր անհատներին: Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնը եւս դարձավ քննարկումների առարկա, երբ 2022-ին աշխատանքից ազատեց ռուս սոպրանո Աննա Նետրեբկոյին, քանի որ վերջինս հրաժարվել էր դատապարտել Պուտինին: Մի շարք անվանի արվեստագետներ բաց նամակ ստորագրեցին ռուս արվեստագետների «համատարած բոյկոտի» դեմ՝ առաջ քաշելով «թշնամին Պուտինն է, ո՛չ Պուշկինը» բառախաղային դրույթը:
Նման որոշումները լայն քննարկումների առիթ են տվել: Քննադատները նշում են, որ անցյալի գործիչների (Չայկովսկի, Դոստոեւսկի, Պուշկին) թիրախավորումը միայն ուժեղացնում է ռուսական պնդումները, թե «նույնիսկ հանգուցյալներն են պատժվում»: Մի բրիտանացի մեկնաբան նշել է, որ Չայկովսկուց հրաժարվելն «անիմաստ» է եւ կարող է ընկալվել որպես «քարոզչական չափազանցում»: Մյուսները պնդում են, որ ռուս մշակույթը պետականորեն շահարկվում է, եւ դրա արտահանումը նվազեցնելը ներկա պայմաններում անհրաժեշտ քայլ է:
Մայնի Ֆրանկֆուրտի գրքային տոնավաճառը (2024, հոկտեմբեր) բացառեց Ռուսաստանի պետական տաղավարը, սակայն ռուսական գրքերի ցուցադրությունն ամբողջությամբ չարգելեց: Նմանապես մասնավոր դեպք է Մոնթգոմերի շրջանի (Մերիլենդ, ԱՄՆ) գրադարանում անցյալ տարի ռուս գրականության ամբողջական չեղարկումը՝ տեխնիկական եւ ֆինանսական պատճառներով, ինչը հանգեցրել է հազարավոր գրքերի՝ գրադարաններից դուրսբերմանը, մինչդեռ այլ մշակութային հաստատություններում (համալսարաններում եւ թանգարաններում) ռուս դասական գրականության կամ արվեստի համակարգված արգելք չի արձանագրվել: Պուշկինի, Տոլստոյի եւ այլոց արձանները Արեւմուտքում հիմնականում պահպանվել են:
Այսպիսով, առկա փաստերը ցույց են տալիս, որ չնայած որոշ չեղարկումներին եւ բոյկոտի դեպքերին, որոնք հիմնականում կապվում են Պուտինին աջակցող արվեստագետների հետ, ռուս դասական ժառանգությունը շարունակում է մնալ արեւմտյան երկացանկերում եւ ռուսական քարոզչամեքենայի բարձրացրած աղմուկը միանգամայն անտեղի է:
Շատ ավելի մեծ խնդիր է, որ մերօրյա Ռուսաստանն այսօր ինքն է մերժում ուկրաինական պատերազմին «ոչ» ասած իր տաղանդավոր արվեստագետներին եւ առաջին հերթին՝ գրողներին, որոնց մեծ մասն ապաստանել է տարբեր երկրներում: Այս մասին մեկ տարի առաջ գրել ենք «Մի պատվաբեր «սեւ ցուցակ» հոդվածում («Ազգ», 14 մարտի, 2024):
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Նկարը՝ Տանիա Չուի («Թայպեյ թայմս», https://www.taipeitimes.com/News/editorials/archives/2022/06/04/2003779317)