Համալսարանական մեզ հայտնի երբեմնի ավանդույթի շարունակման ուրախալի դրսեւորում կարելի է համարել հուլիսի 1-ից մեկնարկած «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» հավաքչական ծրագիրը: Այն իրականացնում է «Շիրակի Մ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել ազգային ոչ նյութական մշակութային արժեքների պահպանմանը, սերունդների միջեւ մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը:
Շիրակը մեր ժողովրդական բանահյուսության, ազգագրության առավել հետաքրքրական գոտիներից է այն առումով, որ ժամանակին այստեղ գաղթել ու հաստատվել են նաեւ Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառների բնակչության հոծ խմբեր՝ իրենց հետ բերելով այդ գավառների սովորույթներն ու ոչ նյութական մշակույթի գանձերի բազմազանությունը, հնարավորինս փոխանցել սերնդեսերունդ: Այդ ժառանգության շատ մասը ժամանակին ուսումնասիրվել, արձանագրվել է, այսօր էլ դրանով շարունակում են զբաղվել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, այլ գիտական հաստատությունների մասնագետները: Ներկա ծրագիրը կարող է նոր բան ավելացնել այդ կարեւոր աշխատանքին:
Ժողովրդական բանահյուսության նշխարները, ինչպես տեղին նկատում են այս գործում ընդգրկված բուհական մասնագետները, այսօր քիչ թե շատ պահպանված են մարզի գյուղական բնակավայրերում: Հացի, ջրի, կենցաղավարման ծեսերի հետ կապված հետաքրքրական վկայությունների կարելի է հանդիպել Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի եւ Արթիկի նախկին վարչական շրջանների գյուղերում: Խմբի անդամներն այս եւ օգոստոս ամիսներին ուսումնասիրություններ, բանահավաք աշխատանքներ, տեսագրություններ եւ լուսաբանման աշխատանքներ են կատարում եւ կկատարեն այդ բնակավայրերում: Հավաքվում, համակարգվում եւ հանրահռչակվում են մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության ցարդ պահպանված մասունքները: Նման աշխատանքներ արդեն կատարվել են Անիի Սառնաղբյուր, Արթիկի Սարալանջ, Սպանդարյան, Փանիկ, Ամասիայի Ջրաձոր, Ալվար, Արդենիս, Բերդաշեն գյուղերում եւ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում, Աշոցքում եւ նույնանուն տարածաշրջանի Կրասար, Թորոսգյուղ բնակավայրերում, ձեռք են բերվել հետաքրքրական նյութեր:
Ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը եւ ձեռք բերված նյութերը գրեթե ամենօրյա գրաֆիկով հանրայնացվում ու ակտիվորեն տարածվում են «Նշխարներ Շիրակից» ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով:
Ծրագրի արդյունքներով կհրատարակվեն գիտական հոդվածներ, կպատրաստվեն մամուլի հրապարակումներ, տեսանյութեր ու տեսաֆիլմեր, ուղեցույց-ձեռնարկ, կկազմակերպվեն ավանդական-մշակութային միջոցառումներ:
Իսկ մինչ այդ՝ հուլիսի 24-ի կիրակի օրը, «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի մասնագիտական խումբը բոլորին սիրով հրավիրում է միասին նշելու հայկական ավանդական ամենասիրելի տոներից Վարդավառը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, որը հայտնի է իր Զաղա կոչվող, բուժիչ համարվող ջրով ուխտատեղի քարանձավով: Հրավիրում է նշելու ազգային ծեսերով, տոնին բնորոշ ավանդույթները պահպանելով ու խորհրդանիշներ պատրաստելով, ազգային ավանդական երգ ու պարով, այլ հետաքրքրություններով:
Ի դեպ նշենք, որ ամսույս 19-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով որոշվել է նաեւ գումար հատկացնել Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխության եւ կահավորման թարմացման համար:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի