«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 2021-11-05

ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

Արմեն Չարչյանը կալանավայրում է. նրա առողջական վիճակը չի կարգավորվում:

Նոյեմբերի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ էր հրավիրել:

Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովն արդեն ստեղծվել է: Տասը ներկայացուցիչներից հինգի անունն արդեն հայտնի է:

Հիշեցնենք, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ահազանգել էր պրոֆեսորի առողջական վիճակի վատթարացման մասին, դիմել դատարանին, որպեսզի հանձնաժողով կազմվի եւ, քննության ենթարկելով Արմեն Չարչյանի առողջական վիճակը, համապատասխան եզրակացություն հրապարակվի: Դատարանն էլ դիմել էր Առողջապահության նախարարին, սակայն հանձնաժողով ստեղծելու հարցը երկու ամսից ավելի ձգձգվում էր:

Վերջապես որոշ աշխատանք այդ ուղղությամբ տարվել է: Դատարանը երեք թեկնածուներին ճանաչել էՙ որպես հանձնաժողովի փորձագետ. նրանք կարող են անցնել իրենց պարտականութունների կատարմանը: Փորձագետների մյուս երեք թեկնածուները չէին ներկայացել դատարանին, իսկ նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել փորձաքննությանը:

Դատարանը դիմել է նախարարինՙ նրան մեկ այլ մասնագետով փոխարինելու համար:

«Ես նույնպես հորդորում եմ տիկին Ավանեսյանին սեղմ ժամկետներում իրականացնել թեկնածուի փոփոխությունը, որովհետեւ ձգձգումը կարող է բացասական հետեւանքների պատճառ դառնալ: Փորձաքննությունն արդեն իսկ ուշացած է, կարող է անդառնալի հետեւանքեր ունենալ, պարոն Չարչյանն անընդհատ ինսուլին է ստանում, հազում է, ինչը կապված է սրտի խնդիրների հետ»,- հայտնել է Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր, ինչից հետո պրոֆեսորը տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր. օգոստոսի 24-ին նա սուր ինֆարկտ է տարել, տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, սակայն խափանման միջոցն անփոփոխ է մնացելՙ կալանք, ինչից հետո փաստաբաններն ահազանգել են, որ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի է եւ պետք է անհապաղ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելՙ այն փոխելու համար:

ՆԱԻՐ ՅԱՆ


https://www.azg.am/AM/2021110510

© AZG Daily, 2008