RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը

ԼՐԱՀՈՍ


ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՄԻ՛ ԶՐԿԵՔ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՒՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

Եթե ներքաղաքական լարվածությունն այսքան պրկված չլիներ ու եթե Հայ եկեղեցու եւ եկեղեցականության թիրախավորումը այսքան անխիղճ եւ անմիտ չշարունակվեր արդեն երկու տարի, հավանաբար հնարավոր կլիներ համեմատաբար առողջ եւ կառուցողական մթնոլորտում հանրային քննարկումներ անցկացնել ոչ միայն “Հայ եկեղեցու պատմություն” առարկան դպրոցական ծրագրից հանել-չհանելու, այլեւ ընդհանրապես մեր կրթական համակարգում իսկական բարեփոխումներ իրականացնելու հարցի շուրջը: Իսկապես դժվար է ներկա պայմաններում, նեոբոլշեւիկյան մտածողությամբ հատկանշվող կրթական պատասխանատուների եւ ապազգային ու օտար թելադրանքների ենթակայության տակ գործող մարդկանց շրջապատում, ինչպես նաեւ, մյուս կողմից, գործող կառավարության յուրաքանչյուր նախաձեռնություն ի սկզբանե մերժող գործիչների աղմկարարության մթնոլորտում քննարկել նման կարեւորագույն հարցեր, ինչպիսին է կրթական համակարգի արդիականացման հիմնախնդիրը:

Օրերս ես ինձ ստիպեցի կարդալ կրթության նախարարության ներկայացրած համապատասխան օրինագիծն ու դրա հիմնավորումները: Շուրջ 30 էջ ընթերցելու տաժանակիր աշխատանքից հետո եւս մեկ անգամ համոզվեցի, որ նման նախագիծը, խճողված եւ խճճված իրավաբանական դարձվածքներով ու տերմիններով, չի կարող հանրային, այն էլՙ լայն քննարկման ներկայացվել: Մեկ է, մեր ժողովուրդը, հատկապես 400 հազար աշակերտների եւ ուսանողների ծնողների մեծամասնությունը ոչինչ պիտի չհասկանա, թե ի՛նչ կրթություն են ստանալու իրենց զավակները: Կարիք կա այն մարդավարի եւ հայավարի ձեւակերպումներով, ասենքՙ 10 կետերի մեջ, ներկայացնել հանրությանը, եթե իսկապես ուզում ենք, որ քննարկումը ստացվի: Հետեւաբար սպասելով այդ երջանիկ օրվան, երբ վերջապես կունենանք մի քանի պարզ հարցերի պատասխան, թե հանրակրթական դպրոցում ի՛նչ պետք է սովորի երեխան, ինչպե՛ս պետք է սովորի եւ ինչո՛ւ պետք է սովորի, անցնենք օրվաՙ չարչրկվող թեմային՝ “Հայ եկեղեցու պատմություն” առարկայի ճակատագրին:

Նախ ասեմ, որ այդ առարկայի դասագրքերը, իմ տպավորությամբ, անպետք բաներ են: Հին ու Նոր կտակարաններից զանազան պատմություններ, որոնք ոչինչ, գրեթե ոչինչ չեն կարող տալ երեխաներին Հայ ազգայի՛ն եկեղեցու ոգու, մտքի, ազգային-պատմական նշանակության եւ հայկական պետականության ու հայության համախմբման տեսակետից: Չգիտեմ, այդ դասագրքերը պատրաստողներին ժամանակին ի՞նչ առաջադրանք է տրվել, սակայն արդյունքից դատելովՙ դրանք կատարյալ ձախողանք են եւ դրանց գործածությունից դուրս հանելը ոչ մի կորուստ էլ չէ մեր ապագայի համար, դրանք չեն կարող նպաստել, որ մեր նոր սերունդները հետագայում չափահաս դառնալուց հետո իմացությամբ, գիտակցորեն ու համոզումով ընդունեն Հայ եկեղեցու հետեւորդ ու միանգամայն պաշտպան լինելու ազգային կոչումը: Հայ եկեղեցին ծես-ծիսակատարություն չէ, ոչ էլ կաթողիկոս, վարդապետ ու տերտեր, ոչ իսկ Քրիստոսի հրաշագործություններ, կամ Տրդատի հոգեդարձության առասպել: Այլՙ ինչպես Վահան Թեքեյանն է ասում իր հայտնի բանաստեղծության մեջՙ “ծննդավայրը” մեր հոգու, “քարայրը” մեր գոյաստեղծման:

Խոստանում են, որ այդ առարկան ներմուծվելու է հայ ժողովրդի պատմության ծրագրում: Չե՛մ հավատում, ինչպես չեմ հավատում, որ բուհական ծրագրերում հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական են լինելու: Չեմ հավատում, որովհետեւ այս կառավարությունը եւ խորհրդարանային այս մեծամասնությունը ազգային ինքնության հարցերում ցարդ վստահություն ներշնչող բան չի արել, լավագույն նախաձեռնություններն անգամ սկսել է վերջիցՙ քանդելուց, առաջին սերնդի բոլշեւիկների նման: Բացի այդ, Հայ եկեղեցին մի բաժակ ջուր չի, որ փլավի մեջ խառնես:

Հայ եկեղեցու պատմությունը, ո՛չ այն իմաստով, որով շարադրվել է վերհոիշյալ դասագրքերում, նա՛եւ պետականության մեր պատմությունն է, եւ բնավ պատահական չէ, որ Մայր աթոռը դարերի ընթացքում անընդհատ տեղաշարժվել է այն բոլոր մայրաքաղաքներով մեկ, որտեղ պատմական պայմանների բերումով հաստատվել է Հայոց պետական գահը, իսկ վերջինիս բացակայությանՙ իր վրա է վերցրել նրա շատ գործառույթները, ընդհուպՙ բանակաշինությունը:

Բաց աստի, Հայ եկեղեցու պատմությունը պատմությունն է հայկական ճարտարապետության, նրա ուրույն ոճի դրսեւորման, պատմությունը հայկական երաժշտության, գրականության, կերպարվեստի, փիլիսոփայական մտքի, իրավագիտության, պատմագիտության, մաթեմատիկայի, բժշկագիտության, աշխարհագիտության, գրչության, տպագրության, նույնիսկ մամուլի, գեթ մինչեւ 19-րդ դարի կեսեր: Ավելինՙ Հայ եկեղեցու պատմությունը պատությունն է հայ դպրոցի, հայ դպրության, համալսարանների, որոնք առնվազն երկու դարով կանխել են եվրոպական նշանավոր համալսարանները:

Ոչ ոք իրավունք չունի մեր դպրոցականներին եւ ուսանողներին զրկելու այդքան խոշոր ժառանգությունից: Առանց այդ ժառանգության մենք երբեք չենք ունենա հպա՛րտ քաղաքացիներ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2020-07-10 20:39:08

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ