RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 17:09:001947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը

ԼՐԱՀՈՍ


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՉ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՉԷ, ԲՈԼՈՐԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱՆՁԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋԸ. ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակը, Մերձավոր Արեւելքումՙ սիրիական ու լիբանանյան երկու կարեւոր գաղթօջախներում տեղի ունեցող ռազմաքաղաքական ու տնտեսական վտանգավոր զարգացումները, նաեւ որոշ գերտերությունների միջեւ սադրիչ գործողությունները մեծապես ազդում են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների վրա: Այս իրողությունները չեն կարող անտեսել հատկապես Հայաստան-Սփյուռք կապերի ակունքներում կանգնած, այդ փոխհարաբերություններն ազգային ու հայանպաստ հենքի վրա խարսխած գործիչները:

Ամերիկահայ մտավորական, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, վերլուծաբան, Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հետ «Ազգ»ի հերթական զրույցը տարբեր խնդիրների շուրջ է, բոլորն էլՙ մտահոգիչ: Զրույցը արվել է հեռակապով եւ նախնական տարբերակն արդեն տեղադրվել է azgonline-ում:

-Պարոն Ազատյան, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները միշտ եղել են, բայց երանգներն են տարբեր: Ներկայում ինչպե՞ս եք գնահատում այդ կապերը:

-Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները գործնականում այն չեն: Սփյուռքը լավ կազմակերպված չէ, բայց դա միակ պատճառը չէ: Անկախությունից ի վեր Հայաստանը եւս կազմակերպված չէ, չի ճանաչում, չգիտե Սփյուռքի հնարավորություններն ու ներուժը:

Եթե Սփյուռքի նկատմամբ պատկերացումները, ճանաչողությունը, մոտեցումները շարունակեն չհամակարգված, գործնական հիմքի վրա չդրված մնալ, այդ հարստությունը կկորչի:

Ներդրումները Հայաստանում կատարում են մասնավոր անձինք, ոչ թե կազմակերպությունները: Ո՛չ Սփյուռքի կազմակերպություններ են կարգին ճանաչում Հայաստանը, ո՛չ էլ Հայաստանն է ջանում ճանաչել նրանց: Անհատները Հայաստանի հետ կապվում են հայրենասիրական մղումներով եւ այդ մղումներից ելնելով էլ սատարում են Հայաստանին: Հայաստանի ԱԳՆ-ի համար դժվար չէ ճանաչել Սփյուռքի 10 միլիոն հայությանը, բացահայտել այն կազմակերպություններին, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանին: Չկա լրիվ ճանաչողություն, այդ պատճառով էլ ամեն ինչ ինքնահոսի է մատնված:

Սփյուռքի նախարարությունը, Սփյուռքի հարցերով զբաղվող կառույցները 30 տարվա մեջ փոխվեցին, կուտակված փորձառությունը ոչնչացավ, քանի որ այդ կառույցների ղեկավարները փոխվեցին:

-Կարծում եմՙ եթե ունենայինք համակարգված հստակ մոտեցում, քաղաքականություն եւ ռազմավարություն, կարեւոր չէր լինիՙ ով է ոլորտի պատասխանատուն, խնդիրն անձերից կախված չէր լինի: Չկա քաղաքականություն, այդ պատճառով էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միշտ պայմանավորված են եղել անձերով: Համամի՞տ եք:

-Ցավոք, այդպես է: Հիմա Զարեհ Սինանյանն է Սփյուռքի գծով հանձնակատարը: Նա Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այբուբենից է սկսելու: Չգիտեմՙ նրա փորձառությունը որքանո՞վ կփոխանցվի հաջորդ ղեկավարին:

-Համավարակը պատուհասել է ամբողջ աշխարհը եւ դրանով պայմանավորվածՙ Հայաստան-Սփյուռք փոխօգնության անհրաժեշտությունը հիմա առավել քան երբեւէ, կարեւոր է: Կա՞ն նման նախադրյալներ եւ հեռանկարներ:

-Սփյուռքի կազմակերպությունները, անհատները մտահոգված են Հայաստանով: Ոչ ոք անտարբեր չէ, շատերը Հայաստանում կատարվող իրողություններին հետեւում են: Տեսնում ենք, որ Ֆրանսիան, Մերձբալթյան երկրներն օգնություն են ցույց տալիս Հայաստանին: Բայց քանի որ Սփյուռքն ինքնին սփռված է, ուրեմնեւ համախմբվելու, միասնական դառնալու կարիք ունի: Սա նաեւ Սփյուռքի մեղքն է: Անկախությունից ի վեր սփյուռքահայ հեղինակություններն անհետացել են: Համազգային ծրագրեր իրականացնող կազմակերպություններ գրեթե չեն մնացել: Հայաստանն էլ հաճախ ոչ թե Սփյուռքի կազմակերպությունների, այլ այդ կազմակերպություններից դուրս անհատների հետ է գործ ունենում: Սա իրատեսական մոտեցում չէ: Իրականում անհատները հայության խնդիրները խորությամբ չգիտեն, չեն ճանաչում: Սա եւս չհամակարգված քաղաքականության հետեւանք է: Կազմակերպություններն անհամեմատ ավելի շահագրգռված ենՙ օգնելու Հայաստանին, քան անհատները:

Դժբախտաբար, վերջին երեսուն տարիներին Հայաստանի բոլոր իշխանությունները գիտակցաբար, թե անգիտակցաբար ջանացել են Սփյուռքի կազմակերպությունները թուլացնել, տկարացնելՙ կարծելով, թե այդկերպ կկարողանան Սփյուռքի օգտակար տարրերը որսալ եւ կապել Հայաստանի հետ:

-Լիբանանահայության մասին խոսենք: Դժբախտաբար, այդ կարեւորագույն գաղթօջախն օրհասական վիճակում է. ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական ծանր խնդիրներին գումարվել է նաեւ համավարակը: Էրդողանն էլ իր հերթին է Լիբանանում հակահայկական սադրանքներ իրականացնում: Ձեր կարծիքով եւ պատկերացմամբՙ Հայաստանի Արտգործնախարարությունն այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ պետք է տանի: Առհասարակ, ի՞նչ պետք է անեն նաեւ Սփյուռքի գաղթօջախները:

-Չափազանց հուզիչ էր, երբ տեսա, որ օգնության կարիք ունեցող Արցախն ինքն է օգնության ձեռք մեկնում Լիբանանին: Սա շատ խորհրդանշական քայլ էր: Ամբողջ Սփյուռքն է պարտական լիբանանահայությանը, որովհետեւ Մեծ եղեռնից հետո Սիրիան ու Լիբանանը հայության երկու գլխավոր գաղթօջախները դարձան: Շատերին ձեռք մեկնած Լիբանանն այսօր բոլորիս աջակցության կարիքն ունի:

-Մենք տեսնում ենք, թե հունակիպրական ճակատը որքան միասնական էՙ ընդդեմ թուրքական ճակատի: Այդ համախմբումը մեզ էլ է հարկավոր:

-Բայց Հունաստանն ու Կիպրոսը որքան էլ միավորվեն, շատ հեռու են Թուրքիայի դեմ քաղաքական մեծ կշիռ ներկայացնելուց: Թուրքիան այսօր գերտերության չափանիշներով է գործում: Այդ երկրի ռազմական ուժի հետ շատ պետություններ են հաշվի նստում: Թուրքիային հաջողվում է ընդհատակյա գործունեությամբ վնասել սիրիահայերին, լիբանանահայերին, եգիպտահայերին: Լիբանանն առաջին ցնցումն ունեցավ, երբ ի նպաստ Թուրքիայիՙ Բեյրութում ցույցեր կազմակերպվեցին: Նկատի ունենանք, որ առանց այդ էլ լիբանանահայությունը նոսրացել է, իսկ այդ ցնցումներն զգալի ազդեցություն կունենան, եւ ճառագայթները կհասնեն Սփյուռքի հեռավոր անկյուններ, նաեւ Հայաստան:

-Պարոն Ազատյան, վերջին շրջանում ՌԱԿ-ը քաղաքական հարթակում կարծես աննկատ է: Ինչո՞վ կբացատրեք այդ իրողությունը:

-Սփյուռքը Մեծ եղեռնից հետո հավասարակշռված քաղաքականանություն էր որդեգրել, Դաշնակցական կուսակցությունը լավ կազմակերպված միջոցներով ավելի շատ իր շահերին հետամուտ եղավՙ անշուշտ հայությանը ծառայելու դրոշի ներքո: Դաշնակցության հակակշիռը Սփյուռքում Ռամկավար ազատական կուսակցությունն էր, որը մտավորական դասակարգի կուսակցության համարում ուներ: Նրանք, ովքեր ՌԱԿ-ի հեղինակությունը գցելու, քարկոծելու ցակություն ունեին, քաջալերեցին, որպեսզի այդ կուսակցություն որդեր ու սողուններ մտնեն եւ սկսեն ներսից կրծել կազմակերպությունը: ՌԱԿ-ն այսօր մի քանի հատվածների է բաժանված, որոնք համախմբվելու եւ հասարակական ընդհանուր ճակատ կազմելու, իրենց հնարավորություններն ի նպաստ ազգին ծառայեցնելու փոխարեն միմյանց հեղինակազրկելով են զբաղված: Այդ պատճառով էլ ՌԱԿ-ն իր ավանդական դերը չի կատարում այսօր: Այդ տարրերը, վստահաբար, դրսից են սնվում ու կուսակցությունը ներսից քայքայում, որպեսզի այն իր ավանդական հակակշռող դերը չունենա Սփյուռքում: Սա, իհարկե, ի վնաս Սփյուռքի է: Որեւէ երկրում, որտեղ միակողմանի տեսակետ, միակողմանի քաղաքական հեղինակություն է հաստատվում, այնտեղ ազատությունը շնչելու հնարավորությունից զրկվում է: Հիմա Սփյուռքում պատկերն այսպիսին է: Հայաստանի իշխանությունները եւս, հատկապես նախագահներն ու վարչապետերը, անհասկանալի ոխակալությամբ լցված, ջանում են ջլատել կուսակցությունները: Սա վերաբերում է ոչ միայն ՌԱԿ-ին, այլեւ ՀՅԴ-ին, մյուս կուսակցություններին: Դա եւս ի վնաս Հայաստանի ու հայության է: Մի բան հստակ ու անհերքելի էՙ եթե Սփյուռքը տկարանա, կացնի հարվածները Հայաստանին կուղղվեն:

Կուսակցություններն են Հայ դատի խնդիրները բարձրաձայնում, եթե նրանք թուլանան, բնական է, որ Հայ դատի քաղաքականությունը եւս կթուլանա: Պարզ տրամաբանություն է:

-Քաղաքական դոմինանտությունը հաստատելու, անձերի իշխանությունն ի հաշիվ կուսակցություններիՙ ուժեղացնելու պարզ ռազմավարություն է, իսկ հետեւա՞նքը: Ցավալիորեն հետեւանքը չէ՞որ ի վնաս հայության է:

-Ստիպված եմ անուններ տալ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր, որ Հայաստանից դուրս ՀՀՇ ստեղծվի: Բայց Հայաստանում չկա մի կուսակցություն, որը հիմնված լինի գաղափարախոսության վրա: Ցավով եմ նշում, որովհետեւ սա ի վնաս Հայաստանի է: Ինչպես ՀՀՇ-ն Սփյուռքում չկարողացավ արմատներ գցել, այնպես էլ որեւէ այլ կուսակցություն չի կարողանալու դա անել, որովհետեւ, ով ուզում է, թող ասածներիցս վիրավորվի. Հայաստանում գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն չկա: Դրանք հիմնվում են անձերի, անձերի գրպանների շուրջը: Մինչեւ այսօր էլ այդպես է. Հայաստանում կուսակցությունները ստեղծվում ենՙ անձերով պայմանավոված. երբ անձը չի լինում, կուսակցությունն էլ նրա հետ չքանում է: Եթե երկիրը պետք է ձգտի ժողովրդավարության, ռամկավարության, երբեք չի հաջողելու, որովհետեւ այս ամենը անընդհատ խոչընդոտելու է այդ ընթացքը:

-Եթե գաղափարը կա, ով ուզում է գա ու գնա, գաղափարը կմնա ու կգործի: Բայց հիմա հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ ոչ միայն կուսակցությունները, այլեւ բոլոր իրողությունները եւս պայմանավորված են անձերով:

-Դժբախտաբար, այդպես է: Երբ անձերը քաղաքական դաշտից հեռանում կամ հեռացվում են, նրանց ստեղծած կուսակցությունն էլ փլվում է: Ահավասիկ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՀՀՇ-ն, բազմագույն ու բազմատեսակ մյուս կուսակցությունները, որոնք անհետացան, որովհետւ անձերի կամ անձերի քսակի շուրջն էին ստեղծվել: Ավանդական կուսակցություններն էլ անթերի չեն, բնավ ոչ: Բայց երբ անձերը փոխվում են, սերունդներ են անցնում, բայց կուսակցության գաղափարը շարունակվում է: ԱՄՆ-ում հիմնականում երկու կուսակցություն է իշխում: Դարեր անցնեն, ղեկավարները կփոխվեն, բայց կուսակցությունն իր գաղափարաբանությունը կշարունակի:

-Մեր պարագան մի քիչ այլ է: Մենք Հայկական հարցի խնդիր ունենք, որը կուսակցությունները պետք է կրեն, առաջ տանեն, քարոզչություն անեն: Ինչեւէ, եկեք խոսենք Թեքեյան մշակութային միության մասին: Ի՞նչ ծրագրեր, անելիքներ կան: Հայտնի է, որ 60.000 դոլար եք տրամադրել Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանին:

- «Վահան Թեքեյան» վարժարանը Բեյրութի հայաշատ բնակավայրում վերջին 60-70 տարիներին կենսական մեծ նշանակություն է ունեցել: 600 աշակերտից հիմա 100-120-ն է մնացել: Գաղութը նոսրանում է, աշակերտների թիվըՙ պակասում: Այսօր վարժարանի գոյությունը վտանգված է նախ եւ առաջ կորոնավիրուսի պատճառով: Տնտեսական ահավոր վիճակում են մարդիկ, անգամՙ հացի կարոտ: Նույնիսկ փող ունեցողներն են այդ վիճակում, որովհետեւ բանկերից չեն կարող իրենց գումարները ձեռք բերել եւ սնունդ գնել: Ահա այս պայմաններում Թեքեյան մշակութային միության համար առաջնահերթ պարտականություն էր օգնության հասնել: Մենք պարբերաբար դրամական հատկացումներ անում ենք վարժարանին, որպեսզի այն շարունակի գործել ու կանգուն մնա: Հայկական դպրոցների գլխավոր խնդիրն այն է, որ հայ ընտանիքներն ուսաման վարձ չեն կարողանում վճարել. պետք է այնպես անել, որ այդ վճարը նվազագույն գումար լինի, այլապես ունեւորներն իրենց երեխաներին օտար վարժարաններ են ուղարկում, ոչ ունեւորներըՙ պետական վարժարաններՙ անվճար: Հայկական գաղութներն, այդպիսով, աշակերտ են կորցնում, իսկ դա ընդհանուր կորուստ է: Այդ իսկ պատճառով ջանում ենք օգնել Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանին:

- Կարծեմ Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանը միակը չէ, որին օգնում եք:

-Հայաստանի հինգ «Թեքեյան» վարժարաններին օգնում ենքՙ ամեն տարի տրամադրելով 40-50.000 դոլար: Արցախի Բերձորի վարժարանի շենքը պետք է վերանորոգվի: Այն Արցախի այնպիսի կրթօջախներից է, որտեղ աշակերտների մեծ հոսք կա. նախկին 20-30-ի փոխարեն այսօր աշակերտների թիվը 250-ի հասել: Սա ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ, տեսեք, թե որտեղ է գտնվում «Վահան Թեքեյան» վարժարանըՙ Արցախի Բերձորում: Այդ դպրոցը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, ուրեմն պետք է սատարենք, որ այն կանգուն մնա, աշակերտների, ընտանիքների թիվն ավելանա, ու Բերձորը լիարժեք հայաբնակ մնա:

Սպասում ենքՙ կորոնավիրուսի վտանգն անցնի, եւ մեր ծրագրերն սկսենք իրականացնել: Կալիֆոռնիայի համալսարանի, վարժարանների հետ համագործակցության ծավալուն ծրագիրներ ունենք:

-Պարոն Ազատյան, վերջում ուզում եմ հարցնել լրատվական նոր հարթակիՙ Azgonline.am.-ի մասին: Ինչպիսի՞ն կուզենայիք այն տեսնել, ի՞նչ ուղղվածությամբ: Հայաստանից ի՞նչ կուզենայիք լսել ու կարդալ:

-Տեխնոլոգիաների հարցում խորհուրդ տալ չեմ կարող, իսկ բովանդակային իմաստով ահա ինչ կասեմ. Հայաստանի առցանց մամուլը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ցավալի բեւեռացումներ կան, յուրքանչյուր հրապարակում ինչ-որ մեկին խորտակելու, ոչնչացնելու նպատակ ունի: Լինի իշխանական, թե ընդդիմադիր մամուլ, բոլորն էլ իրենց նախասիրած գաղափարներն են առաջ տանումՙ մեկը մյուսին վարկաբեկելով: Այդ ի՜նչ լեզվով են գրվում մամուլի հրապարակումները: Սարսափելի ստորին մակարդակ է. ցավով եմ սա նշում: Չկա իմաստուն խոսքՙ հիմնված այնպիսի գաղափարի վրա, որը նախանշի, թե Հայաստանին ինչ է անհրաժեշտ, ինչպես, ինչ ճանապարհներով պետք է լուծվեն Հայաստանի խնդիրները: Մամուլը պետք է հիմնված լինի միայն ու միայն Հայաստանի շահերի, ոչ թե այս կամ այն անձի շահերի վրա: Մամուլի բեւեռացումը հասարակության բեւեռացման հետեւանքն է: Մենք բազմաթիվ վտանգների առջեւ ենք, թշնամին մեր դռանը կանգնած է: Կորոնավիրուսը մեզ հետ է, տնտեսական դժվարություններն առջեւում են: Մեր մամուլը տեսնելիս լացս գալիս է: Որքա՜ն ենք հեռացել մեր պետական, ազգային շահերից: Ի՜նչ հաճույքով ենք նայում, թե ինչպես է մեր դիմացինը վարկաբեկվում:

Azgonline.am-ը դժվարին դեր պետք է ստանձնիՙ անաչառ լուսաբանելով իրադարձությունները: Եթե հաջողվի դա անել եւ լսարան ստեղծել, կարծում եմՙ չափազանց կենսական նշանակություն կունենա այդ հարթակը: Ուրեմն, հաջողություն ձեր աշխատանքում:

ՆԱԻՐ ՅԱՆ

2020-07-10 20:28:17

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ