RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան

ԼՐԱՀՈՍ


ԱՅԱ ՍՈՖԻԱՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՄԶԿԻԹԻ ԿՎԵՐԱԾՎԻ ԵՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԷՐԴՈՂԱՆԸ

Բյուզանդական ճարտարապետության գլուխգործոց Այա Սոֆիայի տաճարը կառուցվել է 432-457 թթ.Հուստինիանոս I կայսեր հրամանով, 1453 թ.մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլիսի գրավումով վերածվել է մզկիթի, իսկ 1935-ին դարձել թանգարան, ընդ որում Քեմալ Աթաթուրքի օրոք, նախարարների խորհրդի 1934 թ. նոյեմբերի 24-ի որոշումով: Կրոնամոլ շրջանակները, ինչ խոսք, չեն հաշտվել կառավարական այդ որոշման հետ, բայցեւայնպես խուսափելու համար հնարավոր հետեւանքներից, զերծ են մնացել որոշմանը բացահայտորեն հակազդելու կամ շահարկելու դրսեւորումներից:

Այա Սոֆիայի շուրջ շահարկումները սկիզբ են առել 1940-ականների կեսերին, երբ Թուրքիան միակուսակցական համակարգից անցավ բազմակուսակցականի: Այդպիսով, քաղաքական տարբեր ուժեր, հատկապես նախընտրական քարոզարշավներին, հավակնելով իսլամական զանգվածների քվեներին, սկսել են արծարծել Այա Սոֆիայի հարցը: Շահարկելու գայթակղությունը յուրահատուկ է եղել նաեւ հեղաշրջման հետեւանքով երկրում կառավարության ձեւավորած զինվորական իշխանություններին, մասնավորապես գեներալ Քենան Էվրենին:

Այա Սոֆիան մզկիթի վերածելու կրոնամոլ զանգվածների պահանջներն ավելի վճռական են դարձել երկրում 2002-ին միանձնյա իշխանության եկած իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կառավարման տարիներին: Դրանք, սակայն, որքան էլ տարօրինակ թվա, բախվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի հակազդեցությանը: Ըստ երեւույթին նրան անհանգստացնում էր միջազգային հակազդեցությունների հավանականությունը, բացի դրանիցՙ նա ձեռքի տակ ուներ շահարկելու այլ արդյունավետ միջոցներ, ինչպիսիք էին կանանց գլխաշոռը, հոգեւոր դպրոցները, Ղուրանի կուրսերը եւ կրոնական առարկայի ընդգրկումը դպրոցական ծրագրերում:

Քանի որ Թուրքիան դեռ չէր հայտնվել տնտեսական խորը ճգնաժամի մեջ, այսինքն ժողովրդական բազմամիլիոնանոց զանգվածները սոցիալական աղետալի վիճակում չէին, ոչ էլ իրական գործազրկությունն էր հասել ավելի քան 30 մլն-ի, ուստի Էրդողանը դեռ չուներ ժողովրդականության սրընթաց անկումը կասեցնելու, թերեւս դրանով ընտրազանգվածին նորից իր շուրջը համախմբելու անհետաձգելի խնդիր: Ահա թե ինչու նա, ինչպես «Ակօսի» հուլիսի 2-ի համարում նշել է քաղաքագետ պրոֆ. Բասքըն Օրանը, 2004 թ.հունիսի 6-ին, ի գիտություն թուրք կրոնամոլների հայտարարում էր. «Նախ պետք է լցնել հարակից Սուլթան Ահմեդի մզկիթը,ապա նոր պահանջել Այա Սոֆիայի վերածումը մզկիթի»:

2017-ի մարտին նույն Էրդողանը, ի պատասխան իսլամական շրջանակներին ասել էր, որ Սուլթան Ահմեդի մզկիթը (Կապույտ մզկիթ) երկու քայլի վրա, առանձնապես չի էլ լցվում, մնում է կիսադատարկ , հետեւաբար կարիք չկա Այա Սոֆիան մզկիթի վերածելու, այդ տաճարը թանգարան է, այդպես էլ կմնա, եթե նամազ եք ուզում, գնացեք Սուլթան Ահմեդում արեք:

Հիրավի, այդ մզկիթը Այա Սոֆիային շատ մոտ է եւ ահավոր մեծ, տեղավորում է 25 հազար հավատացյալի եւ կիսով չափ լցվում է միայն «Ռամադանի» տօներին, ուրբաթօրյա նամազներինՙ մասնակի, իսկ սովորական օրերին, «Halk TV-ի» վկայությամբ, այնտեղ հաճախում է ընդամենը մինչեւ հարյուր հավատացյալ:Այլ կերպՙ Այա Սոֆիան մղկիթի վերածելու թուրք իսլամականների հարաճուն պահանջներն ամենեւին չեն բխում աղոթատեղիի պակասից, դրանց հիմքում ընկած է մոլեռանդությամբ պայմանավորված կամակորությունը:

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա, մոռանալով Սուլթան Ահմեդի մզկիթի մասին ասածները, հունիսի 15-ին հայտարարել էր.«Այա Սոֆիա մզկիթի հարցը կլուծվի Պետական խորհուրդի հուլիսի 2-ի որոշումից հետո եւ մենք Ալլահի օրհնությամբ արդեն այնտեղ կանենք մեր նամազը»: Էրդողանի հայտարարությանը հետեւել էր Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հակազդեցությունը: Նա նույնիսկ դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որն անընդունելի է համարել Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը, ընդգծելով, թե տաճարը համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է որպես թանգարան, հրաշակերտ խճանկարներով եւ որմնանկարներով հանդերձ:

Այդ հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին է պաշպանել Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովըՙ USCIRF-ը , որի օրինակին հետեւել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, կոչ անելով թուրքական իշխանություններին պահպանել տաճարի թանգարանի կարգավիճակը: Կոչին հուլիսի 4-ին միացել է Ռուս ողղափառ եկեղեցին, հուլիսի 6-ինՙ Կրեմլը, իսկ 7-ինՙ Պետական Դուման, ինչպես նաեւ եվրոպական բազմաթիվ պետությունների ներկայացուցիչներ: Էրդողանը, սակայն, սպասում էր Պետական խորհուրդի հուլիսի 2-ի նիստի վճիռին: Բայց ապարդյուն: Նիստի ավարտին խորհուրդը հայտարարեց, որ որոշումը կհրապարակի 15 օրվա մեջ: Մինչ թուրքական լրատվամիջոցները հետեւություններ էին անում, թե Պետական խորհուրդն արդեն կայացրել է Այա Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը, հանկարծ խորհրդի դատախազը հայտարարեց, որ տաճարը մզկիթից թանգարանի է վերածվել նախարարների խորհուրդի 1934 թ.որոշումով, հետեւաբար նուն կերպ պետք է լուծվի նաեւ մզկիթի վերածելու հարցը, ուստի դրա լուծումը նախագահի իրավասության տակ է, պետք է մերժել համապատասխան հայցը:

Մտածել, որ Էրդողանը չգիտեր այդ ամենի մասին, իրատեսական չէ:Այդ դեպքում ինչով բացատրել Այա Սոֆիայի հարցում գնդակը Պետական խորհուրդի դաշտը նետելու Էրդողանի առարքը: Հարցին «Ակօսի» վերոհիշյալ համարում պատասխանում է պրոֆ.Բասքըն Օրանը, գրելով.«Ինչպես երեւում է, Էրդողանը չի համարձակվում Այա Սոֆիայի առնչությամբ միանձնյա որոշում կայացնել, այդ իսկ պատճառով փորձում է որոշմանը մասնակից դարձնել Պետական խորհուրդին: Չմոռանալ, որ Այա Սոֆիան մզկիթի վերածելու հայց այս խորհուրդին ներկայացվել էր նաեւ 2005-ին, սակայն մերժվել: Հայցը ներկայացնող «Հիմնադրամների, պատմական արժեքների եւ շրջակա միջավայրի» միությունն այնուհետեւ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ 2018-ի սեպտեմբերի 13-ին ստացել դատարանի բացասական պատասխանը: Հետեւաբար դժվար է Էրդողանի գործը»:

Համենայնդեպս, հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման անհաջող փորձի չորրորդ տարելիցի օրը, նախագահ Էրդողանը կհայտարարի Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին, որ հանդիսավորություն հաղորդի այդ հայտարարությանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

2020-07-10 20:25:02

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ