RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան

ԼՐԱՀՈՍ


“ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ”

Արաբական աշխարհի ամենահեղինակավոր “Ալ Ահրամ” թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցըՙ

“ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ”

“ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ” վերնագրով։

“Ալ Ահրամը” հիմնվել է 1875թ., եւ լույս է տեսնում օրական 1 մլն տպաքանակով։

Հարցազրույցի նախաբանում թերթը գրում է.

Եգիպտոսի եւ Հայաստանի պաշտոնական հարաբերություններն աչքի են ընկում լավ եւ ամուր հատկանիշներով, որոնք սկիզբ են առել 1991 թ. Եգիպտոսի կողմից Հայաստանի անկախության ճանաչումից հետո։ Այնուհետեւ, 1992թ. երկու երկրների միջեւ ստորագրվել է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիր։ 1992թ. սեպտեմբերին Կահիրեում սկսել է գործել ՀՀ դեսպանությունը, իսկ 1993թ. մայիսին Երեւանում բացվել է Եգիպտոսի դեսպանությունը։

Երկու երկրների քաղաքական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի չեզոք դիրքորոշումը Արցախյան հակամարտության վերաբերյալ, ինչպես նաեւ արժեւորում է կոտորածներից մազապուրծ հայերին ընդունելու ու նրանց եգիպտական ​​հասարակության մեջ ինտեգրելու Եգիպտոսի պատմական դիրքորոշումը։ 2013թ., երբ Եգիպտոսի նախագահի պաշտոնն ստանձնեց Ն. Գ. Նախագահ ալ-Սիսին եգիպտա-հայկական հարաբերությունները մեծ թափ ստացան։ Միջկառավարական հանձնաժողովը ջանքեր է գործադրում երկու երկրների միջեւ տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, ինչպես նաեւ մշակութային փոխանակման նպատակով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Ստորեւ ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց Ն. Գ. ՀՀ Նախագահ դոկտոր Արմեն Սարգսյանի հետ, որտեղ նա անդրադառնում է 1915 թ. հայ ժողովրդի կոտորածներին առնչվող պատմական հիմնահարցերին եւ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը։ Անցած տարի, Մյունխենի Անվտանգության գագաթնաժողովում, այդ հարցին անդրադարձել է նաեւ նախագահ Սիսին, ընդգծելով, որ 100 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալեց ջարդերի ենթարկված հայերին, “ուր նրանք գտան անվտանգություն, խաղաղություն ու կայունություն”։

Երեւան, բացառիկ “Ալ Ահրամի” համար

ՀԱՐՑ. Պարոն նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած հայ բնակչության տեղահանությունների, զանգվածային ջարդերի, բռնությունների, սովի եւ հիվանդությունների հետեւանքով։ Ի՞նչ կասեք այդ մասին։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետեւանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս եւ կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը։

Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96թթ. Սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազ. հայ։ Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը եւ նշանավոր անհատներըՙ որոնց մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը եւ ուրիշներ, թեեւ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ, եւ պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արեւմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեր հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի եւ գույքի անձեռմխելությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ-Համիդին։

Ոչ էլ Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմըՙ հասցնելով այն պետականորեն ծրագրված եւ իրականացված ցեղասպանության։ Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունիցՙ Երիտթուրքական կառավարությունը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրըՙ ձեռնարկելով աննախադեպ ծավալի եւ անեւերակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ եւ սպանություններ։ (Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ այն բնորոշեցին որպես “հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ”։ Հետագայում, 1944 թվականին, Ռաֆայել Լեմկինը հենց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրավունքում ներդրեց “ցեղասպանություն” տերմինը)։

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալըՙ Կիլիկիայում եւ Արեւմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդներին եւ սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ։

ՀԱՐՑ. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կատարվեց դա։ Չէ՞ որ օսմանահպատակ հայերը դարեր շարունակ օրինապաշտորեն ծառայել են այդ երկրին եւ նպաստել նրա զարգացմանը։ Ինչո՞վ էին նրանք խանգարում թուրքերին։

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն էլ այդ է։ Թե ինչպե՞ս, Ցեղասպանության ակտի եւ այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացվել է, ականատեսներըՙ դիվանագետներ, զինվորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ եւ այլն, անհերքելի վկայություններ են թողել։ Հետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները եւ ցեղասպանագետները, հենվելով արխիվային փաստաթղթերի վրա, դա մանրամասն նկարագրել եւ հաստատել են։ Աշխարհը քաջատեղյակ է դրան։

Կուզենայի կենտրոնանալ ցեղասպանության պատճառների եւ հետեւանքների վրա։

Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը։

Առաջինը քաղաքական էր։ 1878թ. Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված “Հայկական հարցը” իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախության, ինչը օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից եւ Առաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության Եվրոպական եւ Միջինարեւելյան հատվածներում։

Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետեւՙ հանրապետական Թուրքիան, որովհետեւ Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարեւորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս եւ Միջինասիական երկրներ։

Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաեւ ժամանակի գերտերություններըՙ այլապես նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարվի 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրաՙ դեպի Սեւ ծով ելքով։

Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաեւ 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք։

Հայաստանը մասնատվեցՙ Կարսի եւ Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին։ Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տեւական վեճի եւ կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր։

Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր։

Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ եւ բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան եւ մոնոլիտ թուրքական պետությանՙ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի եւ Միջին Ասիայի ընդարձակ եւ հարուստ տարածքները։

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջեւ, ինչպես նաեւ Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ։

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերիՙ հույների եւ հայերի էթնիկական զտումը այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար։

Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են Բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը։

ՀԱՐՑ. Այնուհանդերձ խոսվում է, թե հայերը բավարար ռեսուրսներ չունեին ինքնուրույն պետություն ստեղծելու համար, ինչպես, ասենք, անկախություն ձեռք բերած կայսրության այլ ժողովուրդները։

ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլորովին էլ այդպես չէ, եւ ամենից լավ դա գիտեին թուրքերը, եւ ոչ միայն նրանք։

Դեռեւս 17-18-րդ դարերից հայերն ունեին ինքնավարության հաստատման, ընդհուպ մինչեւ պետականության վերականգնման ծրագիր եւ սահմանադրություն։ Այդ ժամանակներից սկսած ակտիվորեն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին վերածվեցին քաղաքական կուսակցությունների։ Դեռեւս 16-րդ դարի սկզբներից ստեղծվել էին տպարաններ, գրահրատարակչություն, 18-րդ դարումՙ ազգային մամուլ, որտեղ ծավալվում էին լայն քննարկումներ Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի եւ ապագայի վերաբերյալ։ Ռուսաստանում եւ Եվրոպայում պատրաստվում էին տարբեր ոլորտների ուսյալ կադրեր։

Տնտեսության եւ առեւտրի մեջ հայերը շատ ակտիվ եւ ազդեցիկ էին ոչ միայն Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների տարածքների վրա, որտեղ գտնվում էր նրանց պատմական հայրենիքը, այլեւ Արեւմուտքից Արեւելք, Հյուսիսից Հարավ ահռելի տարածքների, ուր նրանք իրենց ձեռներեցության շնորհիվ դարձել էին անշրջանցելի գործոն, եւ մեծապես նպաստում էին համաշխարհային առեւտրին եւ Արեւելք-Արեւմուտք առեւտրատնտեսական կապերի զարգացմանը։

Հարավ-արեւելյան Ասիայում բանկային համակարգի հիմնադիրներ Սարգիս ընտանիքը, Ռուսաստանում Լազարյան տոհմը, Միջին Արեւելքում եւ Եւրոպայում նավթային մագնատ Գյուլբենկյանները եւ Եսայանները, Կովկասում Ալեքսանդր Մանթաշովը եւ ուրիշներ ժամանակի գործարար աշխարհի հայտնի դեմքեր էին։ Նրանց ձեռքին էր կուտակվել վիթխարի կապիտալ։

Այդ կապիտալը ֆինանսավորում էր հայկական ուսումնական հաստատությունների լայն ցանցը, հոգեւոր-մշակութային կենտրոնները, հիվանդանոցներ, երիտասարդական եւ մարզական հաստատություններ։

Հայերը, որպես պետականության ավանդներ ունեցող հին ժողովուրդ, ունեին արդյունավետ ինքնակառավարման մարմիններ, ոչ միայն այս երկու կայսրություններում, այլ նաեւ Արեւելքից Արեւմուտք իրենց բնակության երկրներում։ Նրանցից շատերը զինվորական, դիվանագիտական եւ վարչական բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում։

Ապագա երկրի ներքին եւ արտաքին անդորրությունը պահպանելու համար հայերն ունեին նաեւ Բալկանյան եւ Կովկասյան մարտերում թրծված հմուտ սպայակազմ, զորահրամանատարներ, գեներալներ, շարքային զինվորներ եւ կամավորական գնդեր, որոնք հետագայումՙ 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերի ընթացքում ցուցաբերեցին իրենց ռազմական հմտությունները։

Առկա էր նաեւ բավարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանյան կայսրությունում եւ Կովկասում զգալի թիվ էին կազմում եւ համեմատելի էին մյուս ժողովուրդների հետ, որոնցից նույնիսկ ոմանց գերազանցում էին։

Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունեին բոլոր նախադրյալները ինքնուրույն պետություն ձեւավորելու համար։

Դրա վառ ապացույցն այն է, որ 1915-1923թթ. ցեղասպանությունից հետո հայերը կարողացան ոտքի կանգնել եւ պատմական հայրենիքի մի կտորի վրա կառուցել ժամանակակից զարգացած երկիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ զինվորները, գեներալներն ու մարշալներն իրենց անունը փառքով պսակեցին ֆաշիզմի դեմ պայքարի բոլոր ճակատներում։ Մեր ժամանակներում նրանց թոռներն անձնուրացորեն պաշտպանում են Արցախի հայ բնակչության ազատ եւ անկախ ապրելու իրավունքը։

Այսօր Հայաստանը Արցախի եւ հայկական կազմակերպված ու ազդեցիկ Սփյուռքի հետ միասնություն են կազմում։ Այն հայերի ժառանգները, որոնք 100 տարի առաջ կանգնած էին վերացման եզրին։

ՀԱՐՑ. Պարոն նախագահ, արդեն ավելի քան մեկ դար է անցել ցեղասպանությունից, եւ ինքան էլ կորուստները ծանր լինեն, ոմանք ասում են, որ դա անցյալ է եւ պետք է նայել ապագային։

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա։ Բայց հիշենք, որ ապագան երեկվա եւ այսօրվա շարունակությունն է։

Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային եւ նյութական վիթխարի կորուստների մասին։ Եւ դա ճիշտ է։ 1.5 մլն մարդկային կորուստը էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին։

Մեկ այլ կարեւոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից։ Այսօր այդ տարածքների վրա այլեւս չկան համախումբ ապրող հայեր։ Եւ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձեւավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ։

Այսինքն, հայերը Ցեղասպանության հետեւանքով զրկվել են իրենց պապենական հողի վրա ապրելու եւ իրենց կյանքն ու սեփական ապագան տնօրինելու իրավունքից։

Եւ նկատի առեք, հայերը նոր ձեւավորվող էթնիկական խումբ չէին, այլ աշխարհի հին պետականություն եւ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ։

Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետեւողականորեն ոչնչացվել են հայերի եւ հայկական քաղաքակրթության հետքերը։

Եւ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքան խստությամբ պետք է դատապարտենք, եւ ժամանակին դատապարտած լինեինք, առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը։

Հիմա պատկերացրեք աշխարհով մեկ սփռված փրկված հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ, նույնիսկ մինչեւ անցյալ դարի 40-50-ական թվականները մնացին անհայրենիքՙ ապատրիդ։

Ի դեպ, Առաջին աշխարհամարտի ընթացքում թեեւ հայերը, դաշնակից բանակների կազմում, պատվով եւ անձնազոհությամբ կռվեցին բոլոր ճակատներումՙ Վերդենից սկսած մինչեւ Պաղեստին, Բրեստից սկսած մինչեւ Տրապիզոն ու Կովկաս, պատերազմի ավարտից հետո չստացան իրենց երազած հայրենիքը։

Այսօր հայերի գրեթե երեք-քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի եւ դավանանքների պայմաններում։ Ամենուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու եւ իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են ցեղասպանության հետեւանքով։

ՀԱՐՑ. Որո՞նք են, ըստ Ձեզ, ցեղասպանության դասերը, եւ ի՞նչ անելիք ունի մարդկությունը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները։ Եւ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանություների։

Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց։ Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանըՙ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը եւ այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային եւ միջազգային մակարդակներով։ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւեր, իսկ 2015թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը։

Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության եւ Թուրքիայի առջեւ, խիստ այժմեական է։ Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում եւ կրկնության բացառում, հետեւանքների վերացում։

Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջին ճանաչեց այն։ Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Վատիկանը, արաբական աշխարհումՙ Լիբանանը, Սիրիան։ Նրանց թիվը գնալով ավելանում է։

Այսօր միջազգային հանրությունը բացարձակ մեծամասնությամբ չի կասկածում Ցեղասպանության եղելության մեջ։ Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից։

Այդ դեպքում մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, Հայոց ցեղասպանության ժխտողականության եւ այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ արդյունավետ պայքարի մասին, եւ մյուս կողմից այդ հարցերի շուրջ “դիվանագիտություն բանեցնել”։

Համոզված եմ, որ գլխավորապես հենց այդ սկզբունքներով են առաջնորդվել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները եւ միջազգային կազմակերպությունները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց։

Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել եւ ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին։

Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, դիվանագետներին, որբախնամ կազմակերպություններին, դժբախտության մեջ մեր եղբայրներինՙ հույներին, ասորիներին, հրեաներին ու եզիդներին, ինչպես նաեւ թուրք, քուրդ եւ արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք հաճախ իրենց կյանքն ու ապահովությունը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին։

Այլ հարց է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումըՙ խուսափել ցեղասպանության ճանաչումից եւ պետական մակարդակով առաջ տանել ժխտողականության քաղաքականությունը։

Այսօր միջազգային հանրությունը, քաղաքական եւ հասարական գործիչներ, որոնց մեջ նաեւ բազմաթիվ թուրք մտավորականներ եւ հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հուսալով, որ Թուրքիայի իշխանությունները կառերեսվեն սեփական պատմության ողբերգական էջերի հետ եւ կշրջեն դրանք։

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից եւ դրա հետեւանքների վերացումը անվտանգության երաշխիք է Հայաստանի եւ հայ ժողովրդի, ինչպես նաեւ տարածաշրջանի համար։

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը եւ չենք կարող հաշտվել դրա հետեւանքների հետ։ Մենք չենք կարող անտեսել զոհերի եւ վերապրածների տառապանքները եւ նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա։

2020-07-10 15:03:51

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ