RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ

Խոսքը չի վերաբերում համավարակի դեմ տեղի ունեցող կամ չունեցող ինքնամեկուսացմանը, որը մեր երկրում իրականացվում է այնպես, ինչպես... Աստված գիտի, թե ինպես: Խոսքը քաղաքական, տնտեսական, միջազգային, ներազգային, տեղեկատվական ու հոգեբանական մեկուսացման մասին է: Չհաշվածՙ աշխարհագրականը, որը մեր սերնդի ու մեկ սերնդի մեղքով չէ:

Սկսենք վերջինից: Այն օրվանից, երբ պատերազմական գործողությունների հետեւանքով մենք ու ազերիները ջանադրաբար «ապամոնտաժեցինք» հարակից անցնող երկաթուղին, իսկ Թուրքիան 1992-ին փակեց սահմանը մեզ շնչահեղձ անելու նպատակով, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որքան որ կարող էին, երկրի օդային սահմանները բաց եւ աշխույժ պահել, նույնիսկ տնտեսապես ոչ նպատակահարմար ուղեթռիչքներ ձեռնարկեցին Երեւանից Փարիզ, որպես աշխարհի առաջ ուղիղ գծով բացվելու, շրջափակումը ճեղքելու պատգամ: Այնուհետեւ մեր հաջորդական իշխանությունների ռազմավարական գլխավոր խնդիրներից մեկը եղավ օդային բաց սահմանների ապահովումը ամեն գնով: Իսկ հիմա, երկու տարի անց, թեթեւամիտ վերաբերմունքի հետեւանքով հայտնվել ենք եվրոպական օդանավորդության «սեւ» ցուցակներում, օտարերկրյա ավիաընկերությունների եւ Թբիլիսիի ու Մոսկվայի հույսին, այն էլ համավարակի կաշկանդիչ պայմաններում, ավելի սեղմելով պարանը մեր իսկ վզին: Փաստորեն անում ենք այն, ինչը թուրքերն են 28 տարի փորձում անել...

Հյուսիսում շարունակում ենք մնալ Լարսի անցակետի եւ Պավրիայի սահմանադռան հույսին, այսինքնՙ վրացիների եւ այնուհետեւ ռուսների երկշերտ ողորմածության ներքո: Իսկ հարավում, որը ՀՀ հիմնադիր նախագահը ժամանակին իրավամբ կոչել էր «կյանքի ճանապարհ», համարժեք քայլերի բացակայության եւ դիվանագիտական անգործունեության հետեւանքով, մնում է տնայնագործական վիճակում, առավել խոցելի դարձնելով մեր տնտեսական հետագա գործունեությունը, տակավին չխոսելով «տնտեսական հեղափոխության» վերաբերյալ ճամարտակությունների հեռանկարի մասին: Նույնը վերաբերում է «Մետաքսի ճանապարհի» եւ չինական տնտեսական այլազան ծրագրերին միանալու մեր հավակնություններին: Մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող այդ երկրում ույղուրական 10 միլիոնանոց համայնքի օգտագործմանը ձգտող պանթյուրքիստական դավադիր ալյանսին մեր երկրի միանալը ինչո՞վ բացատրել, եթե ոչՙ տգիտությամբ եւ մասամբ նորին:

Վերեւում ակնարկվեց դիվանագիտության անգործությունը: Նախորդ հոդվածում հայտարարել էի, թե տարբեր մայրաքաղաքներում գործող մեր դեսպանատները այժմ վերածվել են հյուպատոսարանների, որոնք ջանում են ինչ-որ կերպ սպասարկել միայն ՀՀ քաղաքացիներին, գրեթե բոլորովին անտեսելով սփյուռքահայությանը, հին թե նորՙ շուրջ 8 միլիոն մեր ազգակիցներին, չօգտագործել նրանց ուժն ու հնարավորությունները, չընդառաջել նրանց կարիքներին ու պահանջներին: Նո՛ւյն մայրաքաղաքներում դիվանագիտական ու քարոզչական ճակատամարտում օր-օրի պարտություններ ենք կրում թուրք-ադրբեջանական հարվածների տակ, ոչ միայն արցախյան հարցում, այլեւ միջազգային տարբեր ֆորումներումՙ մեր ազդեցության թուլացմամբ: Ընդամենը պահմտոցի ենք խաղում նույնիսկ ամենահեղինակավոր ատյանների հետ, մսխելով մեր բարոյական դրամագլուխը:

Խոստովանենքՙ Հայաստանն այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում: Ժամանակն է հետ կանչել մեր դեսպանների մեծ մասին. գոնե խնայած կլինենք պետբյուջեի սուղ միջոցները:

Քաղաքական հարաբերություններում մեկուսացման ամենախոշոր ընկրկումը սակայն արձանագրեցինք երկու օր առաջ, երբ երկրի վարչապետը ինչ-որ, բոլոր դեպքերումՙ անհամոզիչ պատճառաբանությամբ, չընդառաջեց Մոսկվայում Մեծ հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին ներկա գտնվելու հրավերին: Ես կասեիՙ ճակատագրական վրիպում, որը հետեւանքներ կունենա անպայման: Բոլորին է հայտնի, թե այդ տոնակատարությունը որքան կարեւոր էր Ռուսաստանի ներկա ռեժիմի եւ անձամբ նախագահ Պուտինի համար, որը գտնվում է երկրի սահմանադրությունը «բարեփոխելու» արշավի մեջ: Հրավերից հրաժարվելով, մեր կառավարության եւ ամեն ինչի պետը, փաստորեն, ակամա, իր անհամաձայնությունը հայտնած եղավ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու ծրագրին: Ծրագիրՙ որտեղ մենք որեւէ դեր չենք կարող ունենալ: Սա այն դեպքերից է, ուր մեր ներկայությունը թերեւս նկատելի չէր լինի, բայց մեր բացակայությունը կարող է աչք ծակել: Առավել եւսՙ երբ տոնակատարությանը մասնակցում էին ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների պետերը: Եւս առավելՙ երբ հյուրընկալը մեր դաշնակիցն է գործնապես ու պաշտոնապես:

Կա նաեւ մեկ այլՙ վտանգավոր հանգամանք: Արեւմտյան երկրները հայտնապես բոյկոտեցին այդ տոնակատարությունը, եւ մեր կառավարության պետը չմասնակցելովՙ գործնականապես հայտնվեց բոյկոտողների շարքում, միայն մի վերապահությամբ, որ ռազմական հետախույզների մեր գունդն իր տպավորիչ տողանցումով եւ մեր պաշտպանության նախարարի ներկայությամբ հիշեցրեց, որ մեր ժողովուրդն էլ իր շատ կարեւոր մասնակցությունն է ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում:

Բայց դա քիչ մխիթարական է: Անմխիթարը մեր երկրի կատարյալ շրջափակումն է, ինքնաշրջափակումը, ինքնամեկուսացումը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2020-06-26 21:06:16


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ