RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՄԵՂՔԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎՐԱ ՉԳՑԵՔ

Ես ՀՀ շարքային քաղաքացի եմ, կին, մայր, դուստր եւ լրագրող: Այսինքնՙ մասնագիտության բերումովՙ միշտ եղել եմ տեղեկատվության ակունքներում: Մարտից սկսածՙ աշխատանքային օրս մեկնարկում է կորոնավիրուսի նոր դեպքերի մասին տեղեկություն գրելով, որը ներառում է համապարփակ ինֆորմացիաՙ առողջացածներ, թեստ հանձնածներ, մահեր: Ուրեմն եւ, 4 ամիս ամեն օրս սկվում է բացասական լիցքերով: Բացասական լիցքերով ես ինձ դրսեւորում եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի, կին, մայր եւ դուստր: Եվ ինձ նման տասնյակ լրագրողներ նույն իրավիճակում են: Ինձ նման հազարավոր մայրեր, կանայք, դուստրեր, շարքային քաղաքացիներ նույն իրավիճակում են: Մերՙ լրագրողներիս հաղորդած նորությունները, տեղեկությունները մտնում են յուրաքանչյուր տուն, տակնուվրա անում յուրաքանչյուրի ներաշխարհը, ամեն օր տասնապատկում համազգային, համաժողովրդական ու համամարդկային սթրեսը, տագնապը, լարվածությունը: Կորոնավիրուսի պատկերն ահագնանում է, օրվա մահերն արձանագրող թվերը ճզմում են մեր ուղեղն ու նյարդային համակարգը: Սոցիալ-տնտեսական ճգնաժամը սպառնում է սողոսկել յուրաքանչյուրիս տուն, այս ամենին գումարածՙ հրապարակվում են միայն վատ լուրեր ու բոթերՙ ավտովթար, սպանություններ, բռնություն, հակահամաճարակային կանոնները չպահպանելու համարՙ տուգանքներ, արգելքներ... «կրեք դիմակ, փրկեք կյանքեր», «կրեք, որ կրենք» կարգախոսով դիմակաբաժան ակցիաներ, փողոցներում վարչապետի ու պարետի հրահանգների համասփյուռ ձայնագրություններՙ զուգակցված ոստիկանության ու շտապօգնության մեքենաների բարձրագոչ ազդանշաններով: Այս ամենը դեռ ոչինչ, սովորել ենք, վարժվել, մեր կենսակերպի անբաժան մասն են դարձել, բայց սրանց ավելացնել նաեւ դատավարությունների, խորհրդարանական քաշքշոցների, գզվռտոցների անընդմեջ ագրեսիան, ատելության մթնոլորտը պարոնայք իշխանավորներ, սա երկիր է, պետություն, հայրենիք եւ ոչ թե հարմար տարածքՙ դժոխքը վերարտադրելու համար:

Առանց այդ էլ կորոնավիրուսը բոլորիս սթրեսի ու տագնապի մեջ է պահում, դեռ որքա՞ն եք շարունակելու այդ սթրեսին ավելացնել քաղաքական հակամարտությունների բացասական ազդակներն ու լիցքերը: Չկա հանրային, ընտանեկան, քաղաքացիական կյանք, ուղղակի չկա, գոյություն չունի, վերացել է, որովհետեւ մեր ամեն օրը բացվում է կորոնավիրուսի ու հերթական դատավարության հետ: Եվ այս ահռելի բեռը, հոգեկան ու բարոյական կտտանքները մեղմող, հավասարակշռող այլընտրանք չկա:

Արդեն 4 ամիս մենք չենք ստանում հոգեւոր սնունդ քաղաքական, սոցիալական, դատաիրավական ծանր հրետանին ամեն օր ուղղում եք հանրության վրա եւ փոխարենը ոչ մի փոխհատուցում չեք առաջարկում: Մարդիկ կինո, թատրոն, համերգ չեն գնում, զրկվել են մշակութային կյանքից, որը, հիրավի, բացասական լիցքերը չեզոքացնելու զորավոր միջոց է: Այս սոսկալի իրավիճակը հաշվի չառնելովՙ ամեն վայրկյան ժողովրդին դարձնել ագրեսիայի, բացասական լիցքերի, սթրեսների թիրախ, կորոնովիրուսի սարսափի հետ նրան կերակրել նաեւ դատավարությունների, քաղաքական հաշվեհարդարների ինտրիգներովՙ ազնիվ չէ, հեչ ազնիվ չէ:

Անգամ հոգեբաններն են խոստովանում, որ իրենք հոգեբանի կարիք ունեն: Սա աննախադեպ իրավիճակ է, որը նաեւ քաղաքական փոխրհարձգության թիրախ է դարձրել սովորական քաղաքացուն: Պետք եղած ժամանակ հանրությունը խրամատ է, որտեղից քաղաքական հակառակորդները կրակում են իրար վրա, հաջորդ պահին այդ նույն հանրությունը ծանր հրետանի է, որը գործածվում է քաղաքական հակառակորդին ոչնչացնելու համար: Եվ այս ամենի մեջ միակ տուժողն, ինչպես միշտ, այդ նույն հանրությունն է, ժողովուրդը ՙ ՀՀ շարքային քաղաքացին, որն առանց այդ էլ համավարակի հետեւանքների տակից դուրս գալու համար իրեն պատեպատ է խփում, որովհետեւ գիտեՙ իր վերքին միակ դարման անողն ինքն էՙ ոչ դիմությունն է իր ձեռքը բռնելու, ոչ ընդդիմությունը:

Այս օրերին ատամնաբույժներն ասում ենՙ մարդկանց ատամները սկսել են հազվադեպ ցավել, կույրաղիքի, ստամոքսի, սովորական, ամենօրյա հիվանդությունները նահանջել են: Սրանից պետք չէ ուրախանալ, որովհետեւ ոչ թե ազգիս առողջ բջիջներն են շատացել, այլ ինքնապաշտպանական բնազդն է սրվել: Դա եւս սթրեսների հետեւանք է: Մարդիկ բողոքում են անքնությունից, հաճախակի դարձած սրտխփոցներից, քնում են լուսադեմին, մի կերպ արթնանում կեսօրն անց: Սա եւս օրգանիզի ինքնապաշտպանական ռեակցիայի մասին է վկայում:

Արցախցիները պատմում են, որ 1990-ականների պատերազմի տարիներին մատների վրա կարելի էր հաշվել, թե կույրաղիքի, ստամոքսի, սրտի հետ կապված խնդիրների քանի դեպք է գրանցվել քաղաքացիական բժշկության ոլորտում: Մարդիկ անգամ գրիպով կամ անգինայով չեն հիվանդացել: Բայց ի՞նչ է կատարվել հրադադարից հետո... սրտանոթային, չարորակ ուռուցքային, շաքարադիաբետային հիվանդությունները կայծակնային արագությամբ գլուխ են բարձրացրել, ու այդ ամենըՙ պատերազմի սթրեսների հետեւանքով: Վախի, անհանգստության, լարվածության ապրումները կաթիլ-կաթիլ դուրս են գալու զանազան հիվանդությունների տեսքով: Այսօր կոչ եք անումՙ կրել դիմակ, փրկեք կյանքեր, վաղը դիմակ կրած ու կորոնավիրուսով չվարակված քաղաքացիներն այսօրվա սթրեսների պատճառով կորոնավիրուսից հազար անգամ վտանգավոր հիվանդություններ են ձեռք բերելու: Համաշխարհային վիճակագրությունն էլ է միլիոն անգամ դա ապացուցել: Չի կարելի մարդկանց օրեր ու ամիսներ շարունակ պահել լարվածության, տագնապների, ճնշումների մեջՙ պատճառաբանելով, թե ամեն ինչ ժողովրդի համար եք անում: Քաղաքական ու իրավական արդարությունը շատ թանկ է նստելու այդ նույն ժողովրդի վրա, այն կյանքեր է արժենալու, բազմաթիվ անբուժելի, ծանր հիվանդություններով ընդհատված կյանքեր: Կորոնովիրուսի մարտական ճակատին զուգահեռՙ քաղաքական ու դատաիրավական մյուս ճակատը բացած գործիչները երբեւէ մտածե՞լ են, որ այս ճգնաժամից հետո էլ կյանք կա ու մեր երեխաներին պետք են առողջ ծնողներ, իսկ ծնողներին պետք են առողջ երեխաներ: Իսկ այդ առողջությունը հենց հիմա վտանգված է, եւ վտանգը ոչ այնքան կորոնավիրուսից է գալիս, որքան կորոնավիրուսին սերտաճած քաղաքական ու դատաիրավական անառողջ, ճնշող, ժողովրդին արնաքամ անող իրավիճակից:

ՆԱԻՐ ՅԱՆ

2020-06-26 20:19:16


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ