RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՌՈՒՅՑ Է ՍՏԵՂԾՈՒՄ, ՈՐ ՀԱԿԱԶԴԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻՆ», ASIMDER-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՆՐԱՆ

Հունիսի 23-ին Անկարայում նախագահ Էրդողանի գլխավորությամբ հերթական նիստն է գումարել նախագահականին առընթեր գործող Բարձրագույն խորհրդակցական խորհուրդը։ Օրակարգի առաջնահերթ խնդիրն է եղել «Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելն ու այդ ուղղությամբ ռազմավարություն մշակելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելը»։ Այդ մասին, կայքէջում, որպես «թեժ լուր», նշել է «Հյուրրիյեթ» թերթը Նուրայ Բաբաջանի թղթակցությամբ, որից արտատպել է Կ․ Պոլսո «Հայ Թերթը»։ Ահա թե ինչ է գրել «Հյուրրիյեթի» թղթակցուհին․

«Թուրքիայի օրակարգի առաջնահերթ խնդիրներից, այսպես կոչված, Ցեղասպանության հայկական պնդումներին արձագանքելու համար քաղաքացիական ինքնավար կառույց ստեղծելու առաջարկը քննարկվել էր դեռևս երեք ամիս առաջ, երբ ԱՄՆ Կոնգրեսում հայտնվեց հայկական նոր բանաձև։Սակայն կորոնավիրուսի պատճառով խորհուրդի նիստը հետաձգվեց և այս առաջարկը հնարավոր եղավ քննության առնել վերջին շաբաթներին միայն։ Նախագահականի Բարձրագույն խորհրդակցական խորհուրդին ներկայացված առաջարկի հեղինակներն են խորհուրդի անդամ Ջեմիլ Չիչեքն ու նախագահի գլխավոր խորհրդականներից Սեյիդ Սերթչելիքը։ Խորհուրդի նիստում ընդգծվել է, որ մինչև օրս չկա հարցի առնչությամբ ռազմավարություն մշակող միասնական մեկ կառույց։ Թեև այնտեղ նշվել է առանձին հարցերում տարբեր նախարարությունների մասնագիտական հիմունքներով ձեռնարկած քայլերի մասին, սակայն դրանք չեն հանգեցրել ամբողջական քաղաքականության մշակմանը։ Նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Չիչեքն ու Սերթչելիքն ասել են, որ հայկական լոբբին, ելնելով մերժման հավանականությունից, խուսափում է հարցը բարձրացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում, նախընտրելով լոբբիստական գործունեության մեջ «ցեղասպանության» փոխարեն օգտագործել «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունը, որ կարողանա փոխել նախկին ռազմավարությունը։ Նախագահ Էրդողանը հավանություն է տվել ինչպես առաջարկին և կարգադրել է օր առաջ ավարտել հայերի պնդումներին հակազդելու աշխատանքները»։

Նիստի վերջում, ըստ «Հյուրրիյեթի» թղթակցուհի Բաբաջանի, մասնակիցները նշել են, որ առաջ ցեղասպանության հայկական պնդումների հարցով զբաղվում էր Ազգային անվտանգության խորհուրդը, սակայն 2015-ին երբ օրենքի փոփոխության հետևանքով հարցը հանվեց դրա իրավասությունից և հանձնվեց վարչապետարանին առընթեր գործող «Նորագույն պատմության ուսումնասիրության կենտրոնի» իրավասությանը, Թուրքիան էլ խորհրդարանական համակարգից անցավ նախագահականի։ Այսպիսով վերացավ վարչապետի պաշտոնը, դրա հետ նաև նշված կենտրոնը, ինչն անհրաժեշտ դարձրեց միասնական մի կառուլցի ստեղծումը, որ զբաղվի ոչ միայն հարցի քաղաքական, այլև մշակությին, պատմական, քարոզչական և իրավական հայեցակարգերով։ Նիստում մասնակիցները եկել են ընդհանուր հայտարարի, որ այդ կառույցը լինի կառավարությունից ու պետությունից անկախ քաղաքացիական ինքնավար մի կառույց։

Որքան էլ «Հյուրրիյեթում» Բարձրագույն խորհրդակցական խորհուրդի հունիսի 23-ի նիստում ընդունված որոշումները պայմանավորվեն «ցեղասպանության հարցում հայերի ռազմավարության փոփոխության հետ», թե «ցեղասպանության» փոխարեն սկսել են օգտագործել «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունը, իրականում դրա հիմքում ընկած է հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի 43-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունումը։ Քանի դեռ ծավալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մենք հայերս ռազմավարություն փոխելու կարիքը չունենք, թուրքերն էլ՝ նստաշրջանի ընդունած բանաձևը չեղյալ հայտարարելու հնարավորություն։ Այդ իսկ պատճառով նիստ են գումարել, որ եթե ոչ հակազդել, գոնե ինչ-որ ձևով արձագանքեն, որպեսզի Հայաստանի առջև ընկրկելու տպավորություն չստեղծվի։

Համենայն դեպս, հունիսի 24-ին «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի՝ ASIMDER-ի նախագահ Գյոքսել Գյույբեյը ողջունել է հիշյալ որոշումն ու որոշման առնչությամբ շնսրհակալություն է հայտնել Էրդողանին, ասելով․ «Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը 104 տարի շարունակ փորձանք է եղել Թուրքիայի գլխին, հարկ է 2020-ին հիմնովին վերացնել այս փորձանքը, եթե ուզում ենք, որ մեր երեխաներն ապագայում ստիպված չլինեն զբաղվել ստերով ու զրպարտություններով»։

Հ․ Չաքրյան

2020-06-26 16:21:25


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ