RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ

ԼՐԱՀՈՍ


ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՆՊԱՇՏՊԱՆ... ԴԻՄԱԿՆԵՐ

Քանի՞ տասնամյակ է հարկավոր՝ հասկանալու, թե ոնց են ժամանակ առ ժամանակ փողոցներ ու հրապարակներ լցված մարդիկ դատապարտվում պարտության, թե որքան են դրանց հետեւող փոփոխությունները մակերեսային, հասկանալու, որ ձեւն է փոխվում, բովանդակության մեջ ամեն բան հին է:

Մարդը հոգնե՞լ է ինքն իրենից ու ինքնակործանմա՞ն է գնում: Իսկ եթե մարդը ինքն իրեն երբեք չի էլ ճանաչե՞լ:

Մտքի զարգացումները՝ տեխնոլոգիական արագընթացների, փոխեց մեր կյանքի որակները կենցաղային մակարդակներում եւ նորանոր հարմարավետություններ ու շքեղություններ պատճառեց նաեւ, սակայն սոցիալական, մարդկային հարաբերություններում էականորեն բան չփոխվեց. մարդու բնույթը նույնն է, հոգեբանությունն էլ, նույն անձնապաշտն ենք: Մարդուն մանիպուլացնելու ձեւերն էլ չեն փոխվել՝ յուրաքանչյուր շրջանում համապատասխան մեթոդներ գտնելը դժվար չէ. վաղուց մշակված ձեւերը կան՝ բնազդների, անգիտակցական վիճակների, մարդու նախաստեղծ երկբնության, նրա անպաշտպանվածության, տարբեր հակվածությունների ու ներքին հակասությունների, շինծու հակադրությունների վրա հիմնված՝ մաշկի գույնի, սեռային, կրոնական տարբերությունների, սոցիալական անհավասարությունների, նրան ներշնչած ընդհանուր զգացումներ ու արժեքներ կան:

Հանրային կյանքն անհնար է առանց շարժումների՝ առանց հակադրություն- հակամարտությունների: Նորօրյա պատերազմների սլաքներն ուղղված են մարդու մենթալ առողջությանը՝ ուղղակիորեն կապված ֆիզիկականին ու պակաս ոչնչացնող չեն: Ինֆորմացիոն տեղատարափն ու դրա թվացյալ բազմազանության ընդգծված երկբեւեռայնությունը բավարար են՝ հոգեկան հավասարակշռությունը խախտելու: Ընդամենը մի վիրուս եւ իր հետ բերեց օվկիանոսային ահռելի տիղմ, ինչ հարց ասես սրա քողի տակ՝ էլ քաղաքական, ֆինանսական ու տնտեսական, էլ ռասայական, սեռային ու գենդերային, իբր գաղափարական ու դավանանքային, ով ինչ խնդիր ուներ՝ ըստ նպատակայնության մեջտեղ բերեց ու օգտագործեց, եւ այս ամենն ի հաշիվ մեր առողջության, երբեք՝ հանուն այդ առողջության՝ հակադրություններն ավելի խորացնելու, քաոս ստեղծելու նպատակով: Հակադրությունները խորացնելու լավագույն միջոցներից է եղած ատելությունն ավելիով գրգռելը, ինչը մենք տեսանք այս առումով շատերիս համար անհավանական թվացող մի երկրում՝ ամենավայրագ դրսեւորումներով: Ատելության այս վարակը՝ սեւ- սպիտակի, փորձ արվեց տարածել ուրիշ երկրներում եւս՝ էլ ավելի ակնհայտ ի ցույց հանելով քաղաքական ենթատեքստը:

Որեւէ ժամանակ փողոց ելածները գլխահակ մնալու, զղջալու պակաս պիտի որ չունենան, քանի որ սպասելիքները երբեք չեն արդարանում. հույսերը մեծ են, ու միշտ ուշացած ենք հասկանում մեր խաբվածությունները, հետահայաց մեղավորներ փնտրելու ջանքերն էլ զուր են, մանավանդ երբ տեսնում ենք, թե ինչպես են հենց մեր միջից վերեւում հայտնվածներն արագ փոխվում, երես դարձնում մեզանից, ու դեռ շարունակում ենք զարմանալ կերպափոխության վրա: Բայց այդ ե՞րբ է իշխողների ու իշխվողների միջեւ, ունեւորի ու չունեւորի միջեւ համերաշխություն ու հավասարություն եղել: Ե՞րբ է հաջողվում դիմադրել մթնոլորտային ճնշնումն ու միջավայրի ընդհանուր մտայնությունները, իսկ վերին էշելոններում դրանց խտությունն ուրիշ, մեծ չափերի է հասած: Ընտրության հնարավորությունը կես - կես է՝ կամ դիմակ պիտի կրես՝ կերպափոխությունդ քողարկելու, կամ խաղից կամավոր քեզ հանես: Թե կյանքի քաղցրությունը խաղից դուրս իդիլիկ վիճակ ստեղծելու մեջ գտնես՝ մեկուսանալու, միեւնույն է՝ ներկան սա էլ է դարձնում անհնար, անձի ամենաանբաժան ու «ամենաթանկ» մասնիկը հետդ է. աղանդավորի նման կույր կախվածությունը՝ էլեկտրոնային ափաչափ սարքից, դժվարացնում է հաղթահարել ցանցի մեջ հայտնվածի զոհ չդառնալու գայթակղությունը, երբ ամեն ինչ արված է այնպես վարպետորեն, որ անզգայորեն ես կորցնում կամքդ, ու զուր վատնվում է ժամանակը՝ ստեղծագործելու, աշխատելու, կյանքը պարզապես ապրելու թանկ ժամանակը:

Սոցիալական սանդուղքի վրա խաբվածն ու հրապարակային պայքարը տանուլ տվածը ափսոսանքով ետ է նայում, կուլիսային խաղերի՝ ժամանակին անտեղյակն այսօր փորձ է անում հաջորդ եկողին փոխանցել իր անցածը եւ չհաջողածի հուսահատությամբ անտարբերանում: Որովհետեւ ամեն սերունդ գալիս ու իր ժամանակն է կերտում՝ փոխելու, կամ հեղափոխելու՝ պայքարի նոր ձեւեր հորինելով. պատմության դասերը նրան թվում են ոչ այն է՝ ժանանակավրեպ, որքան՝ անհավաստի: Եվ սա այդպես է, որովհետեւ մեր կյանքի պատմությունը, մեր երեկվա օրը, նույնիսկ այսօրը մանիպուլացվում է մեր աչքի առաջ, գրվում կամայականորեն: Բայց միեւնույն է՝ նրանց թվում է, թե իրենց պայքարի մեջ եթե ոչ հաղթանակած, գոնե ավելի հաջողած են լինելու: Բոլորովին պետք չէ զարմանալ, երբ մի քանի տարի առաջվա պատմամշակութային համարվող շինությունն այսօր այդպիսին չի համարվում... Մետամորֆոզ է՞, տարօրինա՞կ:

Առաջադիմություն ապահովողն իրականում այլ տեղ է, այլ դաշտում՝ գիտակցության մեջ, ստեղծագործության ոլորտում. անհրաժեշտ ֆոն ապահովող զանգվածների շարժումները դրանց կազմակերպողների համար դեմոկրատիայի իմիտացիա ստեղծելուն եւ այլ բաների են նպաստում եւ մշտապես կրկնվող երեւույթներ են: Միշտ էլ կգտնվեն նորերը, բրգաձեւ կառավարման որոգայթների մեջ պարզամտորեն հայտնվածների նոր բանակներ: Աճպարարների խաղը՝ աշխարհի, նույն կանոններն է պահանջում, երբ մեկ սրիկա մեկ ուրիշ իր նմանի դեմ է ելնում, եւ... պարտվում ենք մենք:

ԴԻՄԱԿ

...Մեր քաղաքում ամենից շատ հիմա դիմակներ են արտադրվում ու վաճառվում, մեր քաղաքի փողոցներում դիմակներ նաեւ բաժանում են: Բժշկական դիմակներն իրենց պատմությունն ունեն, թատերականներն իհարկե ավելի վաղ են ստեղծվել, ու սա հասկանալի է:

Բժշկական դիմակների նախատիպը համարում են միջնադարում Եվրոպայում տարածված բուբոնային ժանտախտի ժամանակ ստեղծված «ժանտախտի բժիշկ» կոչված ՝ երկարակտուց, աչքերի՝ ապակյա ծածկով դիմապաշտպանիչ հարմարանքը: Ավելի ուշ ստեղծվեցին այսօրվա մեզ ծանոթ դիմակները՝ պարզեցված ձեւի. քառանկյուն բազմաշերտ բամբակյա փափուկ գործվածքի պաշտպանիչները:

Սրանք իրենց որոշակի ֆունկցիաներն են ունեցել եւ հիմա էլ ունեն: Մեր խառնակ ժամանակներում ինչպես ամեն բանի, սրանց մասին էլ բազմակարծություն է. հիմա ամեն բան երերուն է, կասկածի տակ են դրվում անգամ գիտականորեն վաղուց ամրապնդված հայտնի տեսություններ ու կարծիքներ, այնպես հետաքրքրաշարժ մատուցվող, որ ողջամտությունը երբեմն տեղի է տալիս, գայթակղեցնող է, նոր է, անսպասելի է: Այս վարակն էլ երեւակայություն բորբոքեց ու հնարավորությունների լայն ասպարեզ բացեց, բացահայտեց ու պատռեց շատ դիմակներ՝ բժշկականները դարձնելով պարտադիր... Մասնագետները, աշխարհի տարբեր երկրների բժիշկ - համաճարակաբանները միմյանց հակադիր, իրարամերժ կարծիքներ են հայտնում վարակի, դրա տարածման ու վտանգավորության աստիճանի, դիմակ կրելու եւ այլնի մասին, ու սա էլ հենց շփոթ առաջացնողն է, անվստահությունն այստեղից է գալիս: (Մեզանում այս մասնագետների ձայնը լսելի չեղավ՝ ասելիք չունե՞ին, թե՞ հնարավորություն չտրվեց: Պարբերաբար, արագ փոփոխվող յուրաքանչյուր նոր իրավիճակին համապատասխան մեկնաբանություններով՝ բացառությամբ ֆեյսբուքյան իր էջով մարդկանց հետ հաղորդակցվող բժիշկ Հայկ Մանասյանի, նա նաեւ մի քանի անգամ հանդես եկավ AD TV-ով եւ CivilNet - ով, այլոց չլսեցինք):

Այսօր այնպիսի ընդգծված շեշտադրում է արված դիմակների վրա, տպավորություն է, թե միայն դիմակով կարելի է հաղթել պանդեմիա հռչակելու պատճառ դարձած նորահայտ այս վիրուսը, ինչից սարսափահար աշխարհը փակվեց մարտի սկզբից ու նոր-նոր կիսատ - պռատ պատուհաններ է բացում: Մարդիկ կան, որ անգամ կարծում են՝ դրանք գրեթե 100 տոկոսով պաշտպանում են: Առայժմ նման մասնագիտական կարծիք չկա: Օրերս` ըստ The Times պարբերականի հրապարակման, Գերմանիայում հանրային տրանսպորտում եւ խանութներում անցկացված հետազոտության արդյունքներով դիմակների պարտադիր կրելը դանդաղեցնում է վիրուսի տարածումը 40 տոկոսով, միաժամանակ նկատված է, որ ուրիշ մասնագետների կարծիքով՝ այս տվյալները բավարար չեն հաստատելու դիմակների համատարած գործածության արդյունավետությունը, քանի որ արդյունքների վրա կան ազդող շատ այլ գործոններ եւս: Պակաս կարեւոր չէ դրանց ճիշտ տեսակի ճիշտ կիրառությունը՝ օրվա ընթացքում 3- 4 անգամ պարտադիր փոխելը, եւ բոլորովին ոչ այն, երբ 1000 դրամով վաճառվում է կանացի ներքնազգեստի կտորից չտարբերվող գործվածքից կարված մի բան, որի առավելությունն այն է, թե լվացվում է եւ բազմակի օգտագործման է: Իսկ թե ինչ է կատարվում հիվանդանոցների պատերից այն կողմ, մշուշապատ է: ժամանակ առ ժամանակ տեղեկացվում է մասնագետների անհրաժեշտության, սարքավորումների կամ մահճակալների պակասի մասին՝ մնացած վիճակագրությունը ամենօրյա պարտադիր: (Հետաքրքրական է վիճակագրությունը մյուս այլ հիվանդությունների մասին նույնպես):

Ինչ վերաբերում է ինֆորմացիային՝ առատորեն լցված ինտերնետում, ապա դրանց հավատալ- չհավատալը, ընտրությունը ըստ ճաշակի է, իհարկե՝ ըստ որոշակի իմացությունների նաեւ, ոչ միայն բժշկագիտական: Մենք մեր հիվանդ ընկերներին ու հարազատներին այցելել չենք կարող՝ այդպես տեղեկանալու, ուր մնաց հազարավոր կիլոմետրերի հեռավորության դեպքերն ու եղելությունները ստուգապես իմանալու: Իսկ հնացող արկղի նորություններ հաղորդող ալիքները վստահության հոգեվարք են ապրում եւ կարծես՝ ամենուրեք: Ահա թե ինչու մատուցվող ինֆորմացիան՝ պաշտոնական, թե անպաշտոն, կասկածի տակ դրվելիք է:

Շատ երկրներում բաց տարածքներում դիմակ կրելը կամավոր է, տարբեր երկրներում մարդու իրավունքների, քաղաքացուն արժեւորելու նորմերը տարբեր են, այնպես որ ամեն երկրի կառավարություն ինքն է որոշում ինչպիսի քաղաքականություն մշակի՝ համաճարակի դեմ պայքարի ինչպիսի մեթոդներ գործադրի՝ ընդհանուր սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովի՞ հենց սկզբից, վարքագծային հստակ կանոններ սահմանի՞, առողջապահական համակարգի գոնե բավարար մակարդակ ապահովի, թե՞ պատժիչ մեխանիզմներով, տուգանքներով կանխի վարակի տարածումը. վերջինը ավելի հեշտ ու ձեռնտու է, այնպես որ՝ ըստ նպատակահարմարության է: Օրը վեց անգամ փողոցներում հայտարարություն տարածող մեքենայի փոխարեն մեկ անգամ չեղավ, որ այդ նույն փողոցներով ախտահանող մեքենա անցներ:

Սոցիալական հեռավորություն են ասում, կարծես չիմանալով, որ մարդիկ իրենց սովորություններն ավելի են վեր դասում, քան առողջությունը: Հնարավո՞ր է՝ տներում չհավաքվեն քեֆ ուրախության որեւէ պատրվակով՝ ընտանիքներով, ազգ ու տակով, ընկերներով. խնջույքները դիմակներով հաստատ չեն անցնում: Սրա վերահսկողության մասի՞ն էլ են մտածելու, թե չէ՝ այգում մենակ նստարանին նստածին, փողոցով մենակ քայլողին, կամ հեռուստատեսային տաղավարի միայնակ հաղորդավարին դիմակ պարտադել, ինչ է՝ թե օդի մեջ բացիլներ են վխտում: Դուրս ես գալիս փողոց՝ թվում է այս ու այն կողմից դեմքիդ են նետվում զզվելի ելուստներով այդ գունավոր գնդերը, հոգեբանորեն այնպիսի տեռորի են ենթարկում, որ հնարավորինս արագ ուզում ես հասնել տուն ու պատսպարվել պատերիդ ներսում: Ի՜նչ սոցիալական հեռավորություն՝ մեկ ու կես մետրանոց, մարդու երես չես ուզում տեսնել...

ԲԺՇԿԱԿԱ՞Ն ԹԵ՞ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ

Դիմակների պակաս մեզանում հենց սկզբից չի էլ եղել, այս առումով շատ ապահովված ու առաջադիմած ենք. ով ասես, ոնց ասես, ինչ գնի ու որակի դիմակի առաջարկ չի անում. մտեք սոցցանցեր՝ ընդամենը 10 րոպե ու գլուխներդ կկորցնեք՝ ամենասովորականներից մինչեւ ամենաբրենդային, հեղինակավորների նկարներով ու գրավիչ սիմվոլներով, անգամ զվարճալի, ինտրիգ հարուցող, նույնիսկ վախեցնող՝ լայնաժպիտ կարմրաերիզ, խեղկատակային, իհարկե նաեւ նորաձեւ, այնպես՝ որ համընկնի ոչ միայն զգեստի, ակնոցի կամ պայուսակի գույնին ու նախշին, նաեւ՝ տան կահ- կարասուն. շուտով տանն էլ պարտադիր կլինի, գուցե ցանկալի անգամ: Իսկ ավելի հեռուն «տեսնողները» ավելի հուսալի ու դիմացկուն, երկարատեւ գործածության արտադրանք են առաջարկում՝ համապատասխան էլ բառ են հորինել՝ դիմավահան, դեմքդ ամբողջությամբ ապահովագրված է, սկաֆանդրներին դեռ չեն հասել, թեեւ գուցե սրանք էլ կան: Դիմակ արտադրողների ստեղծագործական երեւակայությունը մեզ դեռ պետք կգա, խնայե՛ք, մեկ էլ ու մի նոր համաճարակ բռնկվի, հեռու մեզանից՝ «Վարակվածները» փաստագրական ֆիլմում ներկայացված սարսափելի կադրերի պես, վախենամ՝ այդ ժամանակ պողպատե դիմավահանն էլ չօգնի:

Դիմակահանդեսային առաջին արարը թերեւս շուտով ավարտվի, մեզ հասկացնել տվեցին մեր կյանքին սպառնացող անսպասելի վտանգների մասին, մեզ դրեցին ապրելու՝ սովորելու, աշխատելու, ժամանակ անցկացնելու նոր կանոնների մեջ՝ մեր զգացումների ու մտքերի սահմաններն ավելի հեշտ կանոնակարգելու, որի նախադրյալները՝ համահարթեցման, վաղուց կային, իսկ հիմա՝ հասցված բավարար, ցանկալի մակարդակի: Այն երբ էր, որ բարոյականության մասին հիշեցնելը համարվում էր անախրոնիզմ, այդ նորմերով ապրողները դուրս դրված բարոյական առանցքը կորցրած հանրության ցածրակարգ հարաբերություններից: Հիմա մտածվելու է նոր արար, կամ գուցե գրված արդեն կա՞ հերթական սցենարը՝ նոր ժանրին (կարգին) հատուկ անսպասելի դիպաշարով, որտեղ փորձարկվելու է նոր աշխարհին հարմար մարդու կերպարը՝ էգոիզմի անհավանական երանգներով, շատերիս անհասկանալի: Մենակությունը այնժամ կդառնա երանելի ապահովություն, կեցության վստահելի ձեւ: Թե չէ այս կորոնապատմության առաջին օրերից ենթադրություններ էինք հնչեցնում, թե բնությունը հանգստանում է, երկիր մոլորակը մաքրվում է, թե մարդկային էգոիզմը նահանջում եւ ալտրուիզմն է փոխարինում՝ միակ փրկությունը մարդկային ցեղի, մինչդեռ նորից կատաղի ատելություն է բռնկվում այս ու այն կողմում, բեւեռների պայքարը ավելի սուր ձեւեր է առնում:

Մենք կորցրել ենք մեր բարեկամին՝ իրական արժեքներ կրող իրական մարդուն, մենք վաղուց հեռացել ենք նրանից: Այս նորի լեզուն ոչ մի բառարան դեռ չի թարգմանել:

Եվ այստեղ՝ այս սահմանաբաժանին է ընտրության այն կշռաքարը, որը ոչ մեկիս շրջանցել չի հաջողվելու:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

2020-06-26 11:44:48


Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ