RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հետևեք կարանտինի օրենքներին

#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-03-14 19:35:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 2658, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

981 ԹՎԱԿԱՆԻ ԹՂԹԵ ՀՆԱԳՈՒՅՆ ՁԵՌԱԳԻՐԸ ՓՐԿՎԱԾ Է

Նաիր ՅԱՆ

Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ այս օրերին ցուցադրվում է թղթի վրա թանաքով գրված հնագույն ձեռագիր: Այն 981 թվականին է գրվել ու աշխարհի հնագույն ձեռագրերից է համարվում:

Ընդհանրապես պատմությանը հայտնի է , որ թուղթն առաջինը չինացիներն են ստեղծել, հետոՙ արաբները, հույները, չորրորդը մենք ենք:

Ձեռագիրն արժեքավոր է իր հնագրությամբ, ամփոփում է պատմական, գիտական տարբեր նյութեր հնագույն հեղինակներիցՙ Արիստոտել, Աթանաս Ալեքսանդրացի, Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի, Եղիշե եւ այլք: Ժողովածուն կազմել է Դավիթ քահանան: 10-րդ դարում հայ եւ քաղկեդոնական եկեղեցիների միջեւ դավանաբանական վեճեր են տեղի ունեցել: Ձեռագրի հիշատակումներից տեղեկանում ենք, որ Դավիթ քահանան այն կազմել է հայ եկեղեցու դավանաբանական պայքարին օժանդակելու եւ քաղկեդոնականությունը մերժելու համար: Քահանան նաեւ հեղինակների անվանացանկն է ներկայացրել, որոնց երկերից քաղվածքներ է ընդգրկել ժողովածուում, օրինակՙ Գրիգոր Սքանչելագործ, Հովհան Ոսկեբերան, Պետրոս Ալեքսանդրացի: Պատկառելի է նաեւ հայ հեղինակների ցանկը, որոնցից մի քանիսի որոշ գործեր առաջին անգամ այս ձեռագրում ենք հանդիպումՙ Գրիգոր Պարթեւ, Հովհաննես Մանդակունի, Պետրոս Սյունեցի, Հովհան Օձնեցի:

Դավիթ քահանան տարբեր ազգերի հեղինակների ստեղծագործություններից հատվածներ է ընտրել, իսկ նրա որդի Ղուկասը դրանք գրել է: Վաղ միջնադարում նման բովանդակության ձեռագրերը տարածված չեն եղել. դրանով եւս ձեռագիրը բացառիկ է: Ժողովածուում կան այնպիսի նյութեր, որոնք որեւէ այլ տեղ չկան, օրինակՙ հատված Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 4-րդ գրքից, Անանիա Շիրակացու աշխատություններից որոշ հատվածներ:

Երկու տարվա նորոգումից ու վերականգնումից հետո հնագույն ձեռագիրը ցուցադրվում է Մատենադարանում. թերթերը բաժանված են, կազմաքանդված, որովհետեւ վերականգնման գործընթացն է այդպես պահանջել: Մեկ ամիս ցուցափեղկերում ներկայացվելուց հետո թերթերը կհավաքվեն, կկազմվեն, ու թղթե հնագույն ձեռագիրը ամբողջական գրքի տեսք կստանա նորից: Այս առումով էլ է Մատենադարանում առաջին անգամ գիրքը ցուցադրվում թերթատվածՙ դեռեւս չվերականգնված տարբերակի լուսապատճենը, կողքինՙ վերականգնվածը: Այսպես ավելի պարզ է երեւում, թե թերթերն ինչքան են վնասված եղել ու ինչ տեսք ունեն հիմաՙ վերականգնումից հետո:

1981 թվականին Մատենադարանում նշվել է այս ձեռագրի 1000 ամյակը եւ այդ առիթով այն ամբողջական նմանահանությամբ տպագրվել է երկու հատորով: Առաջին հատորը ձեռագրի պատճենն է, երկրորդըՙ բնագրերի վերծանումը: Այդ աշխատանքը կատարել է ձեռագրագետ Արտաշես Մաթեւոսյանը , որը 10 տասի ուսումնասիրել ու հետազոտել է ձեռագիր գիրքը:

Ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը 2 տարի նորոգել ու վերականգնել է թղթե հին ձեռագիրը: Այն, փաստորեն, երկրորդ կյանք է ստացել: Հետազոտողները կարեւոր եզրահանգման են եկել. ձեռագրի թուղթը Հայաստանում է ստեղծվել, տեղական արտադրության են նաեւ թելը, որով կարված է գիրքը եւ թանաքը: Քանի որ 981 թվականին թղթի արտադրության տեխնոլոգիան զարգացած չէր, ուստի գրքի թերթերը լավ չեն պահպանվել. այն հատվածներում, որտեղ թանաքը թանձր է եղել, թուղթը քայքայվել, ծակվել է: Գիտական տերմինով ասածՙ թանաքակեր թուղթ է, որը կատարելապես մշակված չի եղել: Բայցեւայնպես, կարող ենք փաստել, որ 10-րդ դարում Հայաստանում թուղթ է արտադրվել:

10-րդ դարին թվագրվող հայերեն եւս երկու թղթե ձեռագիր ունենք, որոնք Վենետիկի Մխիթարյան միաբանությունում են պահվում: Իսկ Մատենադարանում պահպանվող ամենահին թղթե ձեռագիրը Դավիթ քահանայի այս գիրքն է: Նմանատիպ էլի գրքեր կան Մատենադարանում, բայց ավելի ուշ են ստեղծվել:

Վերականգնող վարպետ Արթուր Պետրոսյանը պատմում է, որ հիմնական բարդությունները թանաքն է առաջացրել, որը ժամանակի ընթացքում վնասել, քայքայել է թուղթը: Թանաքակերության հետագա զարգացումները կասեցվել են: «Ամեն թերթի ու տողի վրա տիտանական աշխատանք է արվել: Ձեռագիր գիրքը նախկինումՙ 16, 12-րդ դարերում էլ է վերականգնվել, իհարկե, այն ժամանակվա պայմաններին ու միջոցներին համապատասխան: Գիրքը 4 անգամ հիմնովին վերականգնվել ու կարվել է, բայց վերջնական ու գրագետ վերականգնումը Մատենադարանում արվեց: Վերականգնման ընթացքում կորուստներ չենք ունեցել, յուրաքանչյուր մասնիկ ու տառ պահպանել ենք: Այն, ինչ կորսվել է, ավելի վաղուց է տեղի ունեցել: Մոտավորապես 92 թերթ մեզ չի հասել, ժամանակի ընթացքում կորել-ոչնչացվել են: Էջերի ընդհանուր թիվը 361 է, նախնական վիճակում եղել է մոտավորապես 450»,- պատմեց վերականգնող Արթուր Պետրոսյանը:

Մինչեւ 19-րդ դարի սկիզբը ձեռագիրը գտնվել է Բաղեշի վանքերից մեկում, ապա տեղափոխվել է Կարին, կարինցիներն այն իրենց հետ տարել են Ախլցխա: Այնտեղից էլ գիրքը 1869 թվականին բերվել է Էջմիածին: Ձեռագրի առաջին ուսումնասիրողներից Գալուստ Տեր-Մկրտչյանն այն համարում է ամենաթանկագին հնություն: Նույն կարծիքին է Հակոբոս Տաշյանը : Իսկ Գարեգին Հովսեփյանցը (հետագայումՙ կաթողիկոս) գրքի մասին ասել է, որ այն արժանի է ուշադրության ոչ միայն հնագույն թղթե ձեռագիր լինելու համար, այլեւ որովհետեւ հարուստ բովանդակություն պարունակող հուշարձան է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 13-03-2020

AZG Daily #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ