RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-03-02 10:58:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1005, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-100. ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Փետրվարի 8-ին հերթական անգամ մեկնարկեց հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնըՙ նվիրված ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին:

Համաձայն ձեւավորված ավանդույթի, արդեն 11-րդ անգամ փառատոնի կայացումը հնարավոր է դառնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ:

Փառատոնի կայացումը հրաշալի առիթ է մեկ անգամ եւս անդրադառնալու ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությանը եւ այն վառ պահել ունկնդիրների ու ընթերցողների սրտերում:

Ալեքսանդր Հարությունյանը ժամանակի հայ կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից կազմված հնգյակի անդամներից էր, որը մեծ դեր ունեցավ ազգային երաժշտարվեստի զարգացման պատմության մեջ:

«30-ական թվականների երկրորդ կեսից Երեւանի երաժշտասեր հասարակայնության ուշադրությունն սկսեցին գրավել շնորհալի ստեղծագործողներ Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը, Էդվարդ Միրզոյանը, մի փոքր ուշՙ Ադամ Խուդոյանը: Այդ համաստեղության մեջ տարիքային «առաջնությունը» (աննշան տարբերությամբ) պատկանում է Ալեքսանդր Հարությունյանինՙ մի երաժշտի, որի ստեղծագործական «ձայնը» վեց տասնամյակի ընթացքում, ուշագրավ, հնչեղ եւ լսելի է» ( Մ.Հարությունյան-Ա.Բարսամյան , Հայ երաժշտության պատմություն, 1996, էջ 319):

Ստանալով երաժշտական փայլուն կրթությունՙ Ալ. Հարությունյանի ստեղծագործական արվեստում գերիշխող եղավ գեղարվեստական մտածողության պարզությունը, իսկ հայրենիքի թեման առանցքային նշանակություն ձեռք բերեց ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններում:

Բացման համերգին Հայաստանի ազգային հերոսՙ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ մենակատարների կատարմամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններըՙ հանրահայտ «Հայրենիք» կանտատը եւ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը:

«Հայրենիք կանտատը» (խոսքՙ Աշոտ Գրաշու եւ Սարմենի), ըստ երաժշտագետ Ս. Կոպտեւի, կոմպոզիտորի կատարելագործման ու ստեղծագործական անհատականության ձեւավորման շրջանի ավարտն ազդարարող ամենափայլուն գործն է:

Նշենք, որ կանտատի առաջին կատարումը կայացել է 1948 թվականի դեկտեմբերին, Երեւանում, Մ. Մալունցյանի ղեկավարությամբ եւ միաժամանակ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության երկրորդ պլենումում (դիրիժորՙ Ա. Ստասեւիչ)ՙ լայն արձագանք գտնելով հասարակության մեջ:

Այս հիանալի ստեղծագործության համար Հարությունյանը 1949 թվականին արժանացել է առաջին կարգի պետական մրցանակի եւ նույն թվականին էլ այն հրատարակվել էՙ դառնալով ունկնդիրների սիրելի ստեղծագործություններից մեկը: Կանտատը տարբեր լեզուներով կատարվել է Հունգարիայում, Ռումինիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում եւ այլուր:

«Կանտատի երաժշտության ամբողջականությունը պայմանավորվում է նրա թեմատիզմի ներքին ընդհանրությամբ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում կանտատի երաժշտական լեզուն, որն ամբողջովին կապված է հայկական ազգային մելոսի եւ ռիթմիկայի առանձնահատությունների հետ: Վարպետորեն են կիրառված ժողովրդական-գեղջկական երգին եւ գուսանների ժողովրդական-պրոֆեսիոնալ ստեղծագործությանը բնորոշ շատ տարրեր:

Կանտատի հինգ մասերն էլ միմյանց նկատմամբ խիստ կոնտրաստային են, միաժամանակ ստեղծում են օրգանապես միաձույլ, ըստ մտահղացման եւ ըստ ձեւի կուռ մի ցիկլիկ ստեղծագործություն» ( Ս. Կոպտեւ , Ալեքսանդր Հարությունյան, 1962, էջ 32-33):

«Հայրենասիրությունը առաջին հերթին կենսահաստատություն է»: Այդպես էր Հարությունյանը մեկնաբանում իր «Ասք հայ ժողովրդի մասին» (խոսքՙ Աշոտ Գրաշու, էպիգրաֆներըՙ Սիլվա Կապուտիկյանի եւ Գեւորգ Էմինի) չորսմասանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը, ուր գոյակցում են դյուցազնականն ու ժանրայինը: Այդպիսին են պատմողական ու դրամատիկ «Լքյալ օջախները» (առաջին մաս), դինամիկ, պայքարի ոգով առլեցուն «Հրի միջովը» (երկրորդ մաս), քնարական-վշտալի «Պանդուխտի երգը» եւ լուսաշող «Երգ հայրենիքի մասինը»ՙ ավարտում» (Մ. Հարությունյան-Ա. Բարսամյան, Հայ երաժշտության պատմություն, 1996, էջ 320):

Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ մեծամասշտաբ այս կտավների կատարումը երեւանյան հանդիսատեսի համար, հիրավի, տոն էր:

Երկու ստեղծագործություններում մենակատար պարտիաներով հանդես եկան երգիչներ Պերճ Քարազյանը (տենոր), Հովսեփ Նշանյանը (բարիտոն), Սամվել Թոփալյանը (ասմունք), Գրետա Բագիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն):

Փետրվարի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած երկրորդ համերգին երիտասարդ կատարողների մասնակցությամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի կամերային-գործիքային ստեղծագործությունները, թավջութակի եւ դաշնամուրի համար գրված Պոեմը (թավջութակՙ Անդրանիկ Աղաջանյան , դաշնամուրՙ Անահիտ Դիլբարյան ), Պոեմ-սոնատը ջութակի եւ դաշնամուրի համար եւ «Պար ջութակի եւ դաշնամուրի համար» երկը (ջութակՙ Արաքս Պողոսյան , դաշնամուրՙ Անահիտ Դիլբարյան), Սյուիտը կլառնետի, ջութակի եւ դաշնամուրի համար (ջութակՙ Էրիկ Մանուկյան , կլառնետՙ Ավետիք Ղազարյան , դաշնամուրՙ Լիլիթ Զաքարյան ), դաշնամուրի համար գրված երկու պիեսները (Ռոնդո, Սկերցո, Պար, Վալս), կատարում էին ՀՀ եւ Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի մասնակիցներ Արմեն Պուչինյանը եւ Արթուր Գրիգորյանը :

Կամերային ստեղծագործություններում զգալի է Հարությունյանի անդավաճան սկզբունքը. ժողովրդական մեղեդիների օգտագործումըՙ շրջանակված իր ուրույն գրելաոճով եւ աշխարհայացքով: Երիտասարդ կատարողները առավել քան համոզիչ փոխանցեցին Հարությունյանի հնչողությունները:

Փառատոնի երրորդՙ փետրվարի 20-ին կայացած համերգի առաջին մասում հնչեցին Հարությունյանիՙ կամերային նվագախմբի համար գրված Սիմֆոնիետը եւ ջութակի կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում ՙ «Տոնական նախերգանքն» ու շեփորի կոնցերտը:

«Ոճի զարգացման ճանապարհին բեկումնային դեր է պատկանում Սիմֆոնիետին (1966), որը հորինելու խթանը Զարեհ Սահակյանցի ղեկավարած պետական կամերային նվագախմբի գործունեությունն էր: Ստեղծված լինելով այն շրջանում, երբ հայ կոմպոզիտորները ակտիվ հետաքրքրվում էին ժամանակակից արտահայտչամիջոցներով, սիմֆոնիետը եւս արտացոլեց այդ որոնումներըՙ միաժամանակ աչքի ընկնելով հուզական ավելի զուսպ ներկապնակովՙ նախորդ գործերի համեմատությամբ: Սիմֆոնիետը (Պրելյուդ, Ադաջո, Ինտերմեցցո, ֆինալ) նոր դասականության յուրօրինակ արտահայտություն է: Կամային բնույթով առաջին մասին հետեւում է քնարական երկրորդը, ինտերմեցցոյինՙ պարային ավարտը: Սիմֆոնիետով սկիզբ առավ հեղինակի ընդգծված հետաքրքրությունը կամերայնության, կամերային ժանրերի հանդեպ» (Մ. Հարությունյան-Ա. Բարսամյան, Հայ երաժշտության պատմություն, 1996, էջ 321):

Այսպես է ժամանակին արձագանքել Դմիտրի Շոստակովիչը ստեղծագործության ստեղծմանը. «Ինձ դուր եկավ Լարային նվագախմբի համար սիմֆոնիետը: Զարմանալի վճիտ է ու մաքուր: Թեմատիկան հիանալի է: Ամեն ինչ լավ է հնչում: Կարծես թե պարզ է, բայց միաժամանակՙ շատ հնարամիտ, հետաքրքրական: Ես հասու չեմ գրավոր (թերեւս նաեւՙ բանավոր) ձեւով արտահայտելու իմ հիացմունքը»:

Համերգի սկզբում սիմֆոնիկ նվագախումբը Ալեքսանդր Հարությունյանի «Դլե յաման» ստեղծագործությամբ հարգեց նույն օրը հավերժի ճանապարհը բռնած անվանի դիրիժոր Յուրի Դավթյանի հիշատակը:

Առաջին բաժնում նվագախումբը կամերային հնչողության մեջ իրեն դրսեւորում էր չափազանց հմուտՙ ներդաշնակ համաձայնության մեջ գտնվելով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Սիմֆոնիետը հնչեց թարմ, զգայական խորությամբ, բայց միեւնույն ժամանակՙ կատարողական մեծ թեթեւությամբ: Այնուհետեւ հանդես եկավ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ռոման Սիմովիչը ՙ կատարելով Հարությունյանի ջութակի եւ նվագախմբի համար գրած 4 մասից բաղկացած «Հայաստան» կոնցերտը:

Այս կոնցերտը 1988 թվականի ողբերգական դեպքերի արտացոլումը հանդիսացավ կոմպոզիտորի արվեստում: «Այդ ժամանակի դրամատիկ իրողությունը, ազգային ոգու թռիչքն ու կամքի ուժը գեղարվեստական եւ ճշմարտացի անդրադարձ ունեցան այդ երկում: Հարուստ է կոնցերտի երաժշտության մեջ արտացոլված խոհերի ու հույզերի աշխարհը, հոգեկան խռովք եւ հավատ, սեր եւ կարեկցանք» (Մ. Հարությունյան-Ա. Բարսամյան, Հայ երաժշտության պատմություն, 1996, էջ 321):

Զարմանալի ոգեշնչմամբ եւ հուզական ներթափանցմամբ հնչեց կոնցերտը օտարերկրացի ջութակահարի կատարմամբ: Խորասուզվելով հայ ազգային երաժշտության հնչողության խորքըՙ նա ապացուցեց նաեւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործության համամարդկային արժեքը: Մենակատարին հաջողվեց փոխանցել թե՛ կոնցերտի առաջին եւ երրորդ մասերի եղերական բնույթն ու ինտոնացիաները, թե՛ երկրորդ մասի լավատեսական, լուսավոր ապրումները, թե՛ ֆինալի անհանգիստ, անդադար ծավալվող շարժման տրամադրությունը:

Երկրորդ բաժնում հնչեցին սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված կոմպոզիտորի թերեւս ամենահայտնի ստեղծագործությունները:

Իսկ համերգի եզրափակիչ ակորդը հանդիսացավ երիտասարդ շեփորահար, Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթի մրցանակակիր Հայկ Գուրգենյանի մենակատարմամբ Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտի կատարումը:

Երիտասարդ շեփորահարը ունկնդրին հմայեց իր կատարողական հասունությամբՙ ի ցույց դնելով փողային այս գործիքի բազմապիսի հնչերանգները, ճկուն եւ անմիջականորեն փոխանցելով մեկ մասանի կոնցերտում միավորված տարբեր տրամադրություններըՙ հատկապես կոնցերտի քնարական հատվածում վերստեղծելով հոգեպարար եւ բերկրալից տրամադրություն, արթնացնելով անրջային, խաղաղ զգացումներ:

Էպիկական-կոչային, նաեւ կենսահաստատ ինտոնացիաներով հագեցած նախաբանն ու ռեպրիզը հմայեցին մենակատարի տեխնիկական վարպետությամբՙ ակնհայտորեն վեր հանելով կատարողի վարպետության բարձր մակարդակը:

Վերջինՙ փետրվարի 25-ին տեղի ունեցած համերգին հնչեցին արդեն հայ կոմպոզիտորական արվեստի այլ ներկայացուցիչներիՙ Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործություններըՙ վկայելով հայ կոմպոզիտորական արվեստի ավագ, միջին եւ երիտասարդ կոմպոզիտորական սերունդների փոխազդեցության, շարունակականության եւ հարատեւության գաղափարը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ