RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020



ՆՎԱՃՈՒՄ

Տեղադրվել է` 2020-02-13 19:49:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 123, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՐԵԶԴԵՆՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

ՆԱԻՐ ՅԱՆ

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին հայատյացության թիրախ դարձրած ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի «պինդ» թիկունքը ջարդվեց: Դրեզդենի Semper Opera Ball-իՙ այս տարվա բացման արարողությանը հատկապես հայերս անհամբերությամբ էինք սպասում: Ռուզան Մանթաշյանը երգեց Չայկովսկու «Եվգենի Օնեգինից» Տատյանայի դերերգը, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ նրա ելույթը կասկածի տակ էր: Կասկածի տակ էր միայն այն պատճառով, որ Էյվազովը հրաժարվել էր նրա հետ երգել, որովհետեւ երգչուհին հայ է, ավելինՙ հայտարարել էր, թե իբր Դրեզդենի օպերան Ռուզան Մանթաշյանի հետ պայմանագիր չի կնքել: Այսինքնՙ Էյվազովը ոչ միայն իր, այլեւ մի ամբողջ թատրոնի անունից էր հայտարարություն արել, ու որ զարմանալի էՙ Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարը պաշտպանել էր նրան:

Ով էր սուտ, ով ճիշտՙ ապացուցվեց փետրվարի 7-ի համերգին, երբ Ռուզան Մանթաշյանը ձայնի եւ տեսքի ամբողջ շքեղությամբ բեմ դուրս եկավ ու փայլուն ելույթ ունեցավ: Իսկ անցած մեկ ամսվա ընթացքում ինչքա՜ն ջրեր հոսեցին, ի՜նչ պայքար մղվեցՙ հանուն արդարության հաղթանակի, հանուն Ռուզան Մանթաշյանի ելույթի:

Էյվազովի հայտարարությանն առաջինն արձագանքած ու բողոքի ձայն բարձրացրած ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի պայքարը հաջողությամբ պսակվեց: Երգչուհին հետեւողական եղավ. նրան միացան երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն ու այլ ճանաչված դեմքեր: Միահամուռ պայքարն արդյունք տվեց: Semper Opera Ball-ի ղեկավարությունը ներողություն խնդրեց Ռուզան Մանթաշյանից ու վերականգնեց նրա ելույթի իրավունքը: Իր պայքարի պտուղները, բնական է, որ առաջինը վայելեց հենց Հասմիկ Պապյանը:

«Ես 30 տարուց ավելի Եվրոպայում եմ ապրում, քաջատեղյակ եմ անդրկուլիսյան տարատեսակ անցուդարձերին: Եթե արդար ես, կարող ես հուսալ, որ արդարությունը կհաղթի: Ռուզան Մանթաշյանի ելույթը ամբողջ պարահանդեսի ամենահաջողված կատարումը կարելի է համարել. թե՛ ձայնը, թե՛ հագուստն ու զարդերը, անտարակույս, տարբերվում էին մյուսներից»,- Ռուզան Մանթաշյանի ելույթից հետո ասել է Հասմիկ Պապյանը: Մինչ այս սենսացիոն դիպվածըՙ նա չի ճանաչել Ռուզանին, նրա կենդանի կատարումները լսած չի եղել, բայց երեւույթն ինքնին անթույլատրելի ու դատապարտելի է եղել, ու երգչուհին վճռել է չլռել: Ի վերջո, նախադեպերը քիչ չեն եղել:

«Միշտ չէ, որ ուժը եւ փողը որոշիչ կարող են լինել: Անթույլատրելի էր, որ մենք հերթական անգամ պարտված եւ գլխահակ հեռանայինքՙ ասպարեզը թողնելով իրենք իրենց «ամենակարող» հռչակած ամբարտավաններին: ...Նույնը կատարվեց Հենրիխ Մխիթարյանի եւ մեր շախմատիստուհու հետ, երբ թույլ չտվեցին նրանց Բաքու մեկնել: Եթե ժամանակին բողոքի ձայն բարձրացվեր, հնարավոր էր եւ հասնել այդ մրցաշարերի չեղարկմանը: Պետք է քաղաքակիրթ կերպով պայքարել, ու, ինչպես տեսանք, Ռուզան Մանթաշյանի հանդեպ անարդար վարվողներն իրենց սխալն ընդունեցին: Մենք մեր արարքով նունիսկ նրանց դեմքը փրկեցինք»,- հաղթանակն այսպես գնահատեց Հասմիկ Պապյանը:

Եվրոպական ու դրեզդենյան երաժշտական հանրությունը, համերգի մասնակիցներն ու անգամ Յուսիֆ Էյվազովն իրենց այնպես են պահել, կարծես ոչինչ չի եղել: Նման դրսեւորումը Եվրոպային բնորոշ է: Կրակի վրա յուղ չեն լցնում, անցածն անցած է: Բնական է, նորից փորփրել եղածը չի կարելի. դա կվնասի նախ եւ առաջ մեր երգչուհուն: Կարեւորըՙ իրենց անպատժելի ու ամենակարող կարծողներն այսուհետեւ կիմանան, որ բիրտ, անօրինական ու խտրական քայլերի պատասխանը կարող է լինել կիրթ, ծանրակշիռ ու շատ դիպուկ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ