RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019



ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ

Տեղադրվել է` 2019-12-26 22:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1006, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՅԴ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ». ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Զրուցեց Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

Օրերս ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության, հայոց լեզվի, գրականության ու հայ ժողովրդի պատմության եւ դրանց շուրջ ծավալվող զարգացումների մասին խոսել եմ գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

- Պարոն Նիկողոսյան, վերջին շրջանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հասարակության կողմից շատ է քննադատվում, շատերն են դժգոհ նրա կատարած աշխատանքից, ի՞նչ կասեք այս մասին:

- Արայիկ Հարությունյանը ղեկավարում է չափազանց զգայուն եւ սոցիալական, գաղափարական առումով որպես կանոն շատ արագ արձագանքող ոլորտներ, եւ դժգոհությունները ընդհանուր առմամբ բնական են: Մյուս կողմից, երբ նա ստանձնեց նախարարի պաշտոնը, սկզբում միայն Կրթության եւ գիտության, հետհեղափոխական ոգեւորությամբ արեց հայտարարություններ, տվեց խոստումներ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, այնքան էլ հեշտ իրականանալի չեն: Իրավիճակը ավելի սրվեց նախարարությունների միացումից հետո: Ես, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում այդ միացումը, բայց նաեւ կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանն ի վիճակի չէ միայնակ համակարգել այդ բոլոր ոլորտները: Իրավիճակը կարող էր փրկել ուժեղ, պատրաստված փոխնախարարների նշանակումը, ինչը չեղավ, եւ որքան հասկանում եմՙ նաեւ այն պատճառով, որ Արայիկ Հարությունյանը շատ ինքնավստահ անձնավորություն է: Ուստի, ընդհանուր դժգոհությունը տեղին է, բայց մի կարեւոր հանգամանք նշեմ: Դրական տեղաշարժեր կան, որոշ փոփոխություններ, որ առաջարկվում են, իհարկե, ցավոտ են ընկալվում, բայց պետք է լինենՙ եթե առաջընթաց ենք ուզում: Ինձ մտահոգում է այն, որ Արայիկ Հարությունյանի աշխատանքից դժգոհությունները հաճախ հիմնված են եթե չասեմ մակերեսային, ապա ոչ խորքային երեւույթների վրա: Ընդհանրացնելովՙ ասեմ հետեւյալը. եթե կառավարության կամ անձամբ վարչապետի համար կարեւոր է Արայիկ Հարությունյանի ֆիգուրըՙ որպես նախարար, ապա պետք է լուրջ աշխատել փոխնախարարների եւ այլ պաշտոնյաների նշանակման ուղղությամբ:

- Հասարակությանը խիստ զայրացրեց նաեւ «Մել» ֆիլմի ֆինանսավորումն ու Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում բեմադրված «միջոցառումը»: Որպես գրականագետ ի՞նչ կարծիքի եք, արժի՞ Չարենցի ու Վշտունու ստեղծագործությունները գետնին թավալվելով ու իրար քացի տալով ներկայացնել: Կամ ներկայանալիության առումով` հենց ա՞յդ գործերն են առաջնային, չէ՞ որ Չարենցը հետո, այսպես ասած, հերքել է դրանք:

- Ես կարծում եմՙ մեր հասարակությունը երբեմն անտեղի բորբոքվելով ավելի է նպաստում իր իսկ կողմից մերժելի որոշ երեւույթների տարածմանը, քան դրա նպատակն ի սկզբանե եղել է: Ե՛ւ «Մել» ֆիլմի ֆինանսավորումը (ի դեպ, հարկ է նշել, որ ամբողջական ֆինանսավորում չէ դա, այլ աջակցություն), ե՛ւ «Հուզանք ու Զանգ» պերֆորմանսի ֆինանսավորումը կատարվել է համապատասխան հանձնաժողովների որոշմամբ: Իսկ այդ հանձնաժողովներում, որոշ բացառություններ չհաշված, իրենց գործն իմացող մասնագետներ ու փորձագետներ են ներգրավված: Հիմա, հանձնաժողովներին ներկայացվել են այդ գործերը, եւ հանձնաժողովը տվել է համաձայնություն: Ես որպես տարբեր հանձնաժողովներում բազմիցս ներգրավված մարդ, կարող եմ ասել, որ թղթի վրա երբեմն ամեն ինչ այնքան գեղեցիկ ու համոզիչ է ներկայացված, որ ուղղակի չես կարող դեմ քվեարկել: Այդ պատճառով, կարծում եմ, պետք է փոխել ընթացակարգը, եւ որոշ ծրագրերի դեպքում նաեւ ինչ-որ դիտումներ կազմակերպել քվեարկությունից առաջ: Սա ավելի շատՙ «Հուզանք ու զանգ» պերֆորմանսին է վերաբերում:

Իսկ ընդհանուրՙ իմ կարծիքը հետեւյալն է: Մեր պետությունում չկա գրաքննություն, իսկ դա լավագույն բաներից է, որ ունենք Հայաստանի անկախացումից հետո: Եւ դրան հետքայլ չպետք է լինի ոչ մի դեպքում: Այլ հարց է, որ պետք է իսկապես լավագույն նախագծերը ֆինանսավորվեն: Ինչ վերաբերում է «Մել» ֆիլմին: Մենք խնդրին պետք է նայենք սոցիալական, մարդասիրական տեսանկյունից: Ես դա չեմ ընկալում որպես քարոզչություն, այլՙ որպես իսկապես գոյություն ունեցող խնդրի բարձրացում: Խնդիր, որը լուծման կարիք ունի: Եւ, ի վերջո, որեւէ մեկի մտքով անցե՞լ էՙ հետաքննել, թե նախարարությունը նախորդ տարիներին ինչ ֆիլմերի է օժանդակել: Դրանց որակը նայե՞լ է: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ կան ֆիլմեր, գրքեր, ներկայացումներ, որոնց մեջ այսպես ասածՙ ցենզուրայից դուրս ոչ մի բան չկա, բայց դրանք ավելի վտանգավոր են մեր հասարակության համար, քան ցենզուրայից դուրս շատ ֆիլմեր, գրքեր ու ներկայացումներ: Որովհետեւ անճաշակ են, որովհետեւ գեղագիտական ցածր որակի են: Դա է աղետը: Մենք պետք է նաեւ գեղագիտական կողմին նայենք, մակարդակին: Եւ բացի այդ, մեր հասարակության հոգեբանությունն այնպիսին է, որ շատ հեշտությամբ կարելի է նրան խաբել: Ասենքՙ ֆիլմի վերնագիրը նշել «Հայոց քաջ արծիվը» եւ իրականում նկարել ֆիլմ տրանսգենդերի մասին: Հավատացեք, մեծ մասը, առանց հարցի մեջ խորանալու, գոհ կլինի ու աղմուկ չի բարձրանա:

- Աղմկահարույց է նաեւ նախարարության առաջ քաշած «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը: Դրա ամենավիճահարույց կետը հայագիտական առարկաների` ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելն է: Ողջունո՞ւմ եք նախարարության այդ քաղաքականությունը:

- Այդ նախագծում շատ ավելի վիճահարույց հարցեր ու խնդիրներ կան, քան, կներեք, հայագիտական առարկաների դասավանդման հարցն է: Ու դրանք շատ ավելի վտանգավոր են: Այդ խնդիրների շուրջ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության իմ ընկերների հետ հանդես ենք եկել միացյալ հայտարարությամբ: Ահաՙ https://168.am/2019/11/20/1207149.html: Ինչ վերաբերում է կոնկրետ հայագիտական առարկաներին, այո՛, ողջունում եմ: Ես վստահ եմ, որ նման մոտեցումից հետո հայագիտական առարկաների վարկանիշը, հարգը ընդհանրապես շատ ավելի կբարձրանա: Ինչո՞ւ: Երկու-երեք տարի անց այն բուհերը կամ ֆակուլտետները, որոնք կհրաժարվեն այդ առարկաներից, ուղղակի կտեսնեն, որ չեն կարողանում նորմալ կադրեր պատրաստել: Ունենալու ենք քիմիկոսներ, որ չեն կարողանալու իրենց գիտական աշխատությունները շարադրել, փաստաբաններ, որոնք չեն կարողանալու երկու բառ իրար կապել, դիվանագետներ, որոնք միայն կժպտան, թարգմանիչներ, որոնց մոտ Գուգլի ավտոմատ թարգմանիչը ուղղակի հանճար կլինի... Ու այդպես շարունակ: Եւ այդ ժամանակ այդ բուհերն ու ֆակուլտետներն իրենք կխնդրեն, կաղաչեն, որ հայագիտական առարկաներ անցնեն ու շատ անցնեն: Հավատացեք, այդպես էլ լինելու է: Ես համաձայն եմ կորցնել այդ երկու-երեք, գուցե չորս տարին, այդ չորս սերնդի գիտելիքը, բայց այդպիսի մի կորուստ պետք է, որպեսզի սթափվենք: Ցավոք, պե՛տք է: Թե չէՙ շատերի համար հայերեն, հայ գրականություն, հայոց պատմություն ասվածը պարզապես պաթոս է, որով պետք է զարդարեն իրենց սնամեջ խոսքն ու գաղափարները, շիրմա է, որի հետեւում թաքնվում են իրենց իրական սնանկությունն ի ցույց չդնելու համար, տաբու է, որի փտելը անգամ իրենց հոգը չէ, միայն թե լինի այդ տաբուն:

- Օրեր առաջ նախարարը հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմին, որոնցից շատերը ժամանակին դասավանդել են նաեւ Ձեզ: Շատերն դն գտնում, որ հանդիպման ժամանակ նախարարն իրեն կոռեկտտ չդրսեւորոց. այդպե՞ս եք կարծում:

- Համաձայն եմ, որ Արայիկ Հարությունյանի պահվածքը, որոշ արտահայտություններ կոռեկտ չէին: Ընդհանրապես, դա նկատելի է նրա աշխատաոճում: Ես դա չեմ արդարացնում: Բայց, վստահ եղեք, երբ որ նախարարը կարողանում է իրեն նման պահվածք թույլ տալ, միայն իր մեղքը չէ: Այսպես ասեմՙ Արայիկ Հարությունյանը իրեն նման պահվածք է թույլ տալիս նաեւ այն պատճառով, որ շատ բան գիտի: Շատ բան: Բաներ, որոնց ոչ մի պաթոս, ոչ մի շիրմա չի փրկի: Բաներ, որոնց արդարացում չկա: Այո, հանդիպման մասնակիցներից շատերը, եւ, ընդհանրապես, այս ընթացքում ակտիվ ելույթ ունեցած, քննադատություններով հանդես եկած դասախոսների մեծ մասը նաեւ իմ դասախոսներն են եղել: Ավելինՙ կոնկրետ Սերժ Սրապիոնյանն իմ կյանքում ու մասնագիտական կարողությունների ձեւավորման մեջ մեծ դեր խաղացած մարդ է: Բայց այդ նույն դասախոսների շարքում կան մարդիկ, որոնք ուղղակի խոսելու իրավունք չունեն: Ես ինքս շատ տարիներ առաջ ականատես եմ եղել, թե ինչպես հայոց լեզվի երկու դասախոս վիճում էին ամբիոնի վարիչի հետ, թե ով պետք է դասավանդի իրավաբանության ֆակուլտետում: Ինչ է, կարծում եք տվայտվո՞ւմ էին ապագա իրավաբաններին հայոց լեզուն փայլուն ուսուցանելու փափագով: Պարզ չէ՞: Եւ ընդհանրապես, չի կարելի ոչ մասնագիտական ֆակուլտետներում տարիներ շարունակ մատների արանքով նայել իրենց իսկ դասավանդած առարկային ու այսօր ողբալ, թե հանում են այդ առարկաները: Տասնյակ տարիներ, ասենքՙ ռոմանագերմանական ֆակուլտետում անցել են այդ առարկաները: Ո՞ւր է արդյունքը: Այս տարիներին ավարտած հազարավոր ուսանողների մեջ գոնե մեկ տասնյակ նորմալ թարգմանիչ չկաՙ գեղարվեստական գրականության գծով: Օտար լեզուն հրաշալի գիտեն, հայերե՛ն չգիտեն: Խնդիր չէ՞:

- Մեր մշակութային դաշտի ո՞ր բացն առաջինը կփակեիք:

- Չգիտեմ: Մեր արժեհամակարգի խնդիր ունենք մեր երկրում: Մենք բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորման խնդիր ունենք մեր երկրում: Դրանից սկսենք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ