RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2019-12-19 20:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 493, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԶԳԱՅՈՒՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ»

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրերս բացված «Զգայուն մակերեսներ» խորագրով ցուցահանդեսը Կանադայում եւ Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներ Ջորջ Կասսաբյանի (Քասապեան) եւ Տիգրան Դադերյանի (Տատրեան) գեղանկարչական գործերի մի մաս է ներկայացնում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը եւ կազմակերպումը Ջորջ Կասսաբյանինն է: Դադերյանի մեկ այլ ցուցահանդեսՙ գրաֆիկական աշխատանքների, նա այստեղ կազմակերպել էր այս տարվա մարտի կեսերին, իսկ իր քանդակային գործերի ցուցադրությունն անցած տարվա մեջ կայացավ:

Ծնունդով Բեյրութից, Մելգոնեան վարժարանի ուսումնառությունից հետո Տիգրան Դադերյանը մեկնել է Փարիզ, սովորել տեղի Գեղարվեստի ուսումնարանի փայտափորագրության արվեստանոցում, ապա Ռանսոնի ակադեմիայում: Ֆրանսիական մշակութային կյանքի մեջ լիովին ինտեգրված արվեստագետը լայն շփումներ է ունեցել ժամանակի նշանավոր մտավորականների ՙ գրող, բանաստեղծ, սյուռեալիզմի հիմնադիրներ Անդրե Բրետոնի, Լուի Արագոնի եւ ուրիշների հետ: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լիբանանում, նրա աշխատանքները պահվում են Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, Գյուլբենկյան հիմնարկությունում, Հայաստանի ազգային պատկերասրահում:

Ջորջ Կասսաբյանը ծննդավայր Հալեպը թողել է երիտասարդ տարիքում եւ մեկնել Կանադա: Մասնագիտական սկզբնական ընտրությունըՙ ճարտարագիտություն, ապա համակարգչային ծրագրավորում, ավելի ուշ նրան թեքեցին արվեստի ուղղությամբ. կրթությունը շարունակեց Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի Գեղարվեստի համալսարանում: Նրա արվեստում արտահայտություններ են գտել տարբեր ուղղություններ. սկզբնական շրջանում տուրք է տվել կուբիզմին, սյուրռեալիզմին, կոնստրուկտիվիզմին, ավելի ուշ մինիմալիզմը դարձել է տիրապետող: Արվեստագետի համար կարեւոր հանգամանքըՙ ինտեգրվածությունը միջավայրին, որտեղ ապրում, ստեղծագործում է, նրա համար բարդություն չի ներկայացրել, շատ արագ է մտել կանադական մշակութային իրականություն, յուրացրել գեղարվեստական ձեւեր ու մոտեցումներ, ձեւավորել տեղին բնորոշ մտածողություն: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Լիբանանում, Սիրիայում: Իր բազմաթիվ աշխատանքներ ներկայացված են կանադական մի շարք պատկերասրահներում:

«Բոյաջյան» ցուցասրահում կազմակերպած այս եւ մարտյան ցուցահանդեսները նրա մտահղացած ծրագրի սկիզբն են: Ջորջ Կասսաբյանը մտահոգ է սփյուռքի արվեստագետների ժառանգության ճակատագրով, մտահոգված է նրանց արվեստին հայաստանցի արվեստագետների, արվեստաբանների, երիտասարդների անտեղյակությամբ. «Այստեղՙ հայրենիքում,- ասում է նա, - նրանցից շատերին, որոնք օտար երկրներում հաջողություններ են ունեցել, ծանոթ չեն»: Նա տալիս է անուններՙ Ասատուր Պզտիկյան, Գրիգոր Նորիկյան, Տիգրան Դադերյան, ուրիշ մի հարցազրույցումՙ խոսում է Պոլ Կիրակոսյանի, Լեւոն Թյությունջյանի, Մարկոս Գրիգորյանի մասին: Հետաքրքրականը, որ սփյուռքիՙ Հայաստանում սակավ ծանոթ կամ անծանոթ արվեստագետներից շատերին եւ նրանց արվեստը հայ հանրությանը ներկայացնելու կարեւոր պարտավորություն ստանձնել է «Ազգ» թերթը, մասնավորապես թերթի մշակութային հավելվածի հատուկ ուղղվածություններից մեկը եղել է դա, եւ բազմաթիվ հրապարակումներ, հարցազրույցներ են տպագրվել հենց թեկուզ այս թվարկված անունների հետ, բայց հասարակական գիտակցության մեջ ամրագրված չէ դա. այս մասին կա՛մ տեղյակ չեն, կա՛մ էլ անտեսում են:

Ահա այս կապը սփյուռքում գործող մեր արվեստագետների եւ հայաստանյան հանրության, մասնավորապես ուսանողների, երիտասարդության մեջ նրանց ճանաչելի դարձնելու նպատակով, Ջորջ Կասսաբյանը նախաձեռնել է ծրագիրՙ տարեկան մեկ, երկու սփյուռքահայ արվեստագետի գործեր բերելու Հայաստան, դրանք նաեւ հայրենիքում թողնելու մտադրությամբ: Ասում էՙ ցուցահանդես այցելող երիտասարդը նվազագույնը եթե արվեստագետի անունը մտապահի, ֆորմաները, ներկայացման ձեւերը, սա արդեն որոշակի տեղեկություն, պատկերացում կտա ժամանակակից արվեստում կատարվող արտերկրյա իրականության, դրա զարգացումների, նորարարական մոտեցումների մասին: Բացառությամբ ամենահայտնի մի քանի անուններից, տեղացի երիտասարդները տեղյակ չեն սփյուռքում ստեղծագործող մեր հայրենակիցներից: Սփյուռքի կապը հայրենիքի հետ այլ հարթություններում, այլ ոլորտներում է կայանում (ֆինանսական - բարեգործական եւ այլ), մինչդեռ կյանքի առաջընթացը ապահովողը, զարգացնողը արվետագետը, գիտնականը, ստեղծագործ մտքի մարդն է, եւ նաեւ սոցիալական փոփոխությունների հիմքն է սա. «Արվեստագետը որքան ազատ մտածե, սանձարձակ անգամ, ազատ մարդ լինի բնության, տիեզերքի հետ կապված, այնքան ճշմարիտ է նրա ստեղծածը»: Ինքըՙ Ջորջ Կասսաբյանը, արդիական մտածող արվեստագետ է, կարծրատիպերը քանդելու կողմնակից, սա նախեւառաջՙ կրթության ոլորտում, նրա համար գեղարվեստի կրթությունը ուսանողի անհատականության բացահայտմանը, նրա ինդիվիդուալ հատկանիշների զարգացմանն ուղղված աշխատանք է: Կրթական համակարգը փոխելու նրա առաջարկըՙ կա՛մ դրսից մասնագետներ հրավիրելը, կա՛մ մեր մասնագետներին հիմնավոր վերապատրաստման ուղարկելն է:

«Զգայուն մակերեսներ» ցուցահանդեսի մասնակից արվեստագետների ներկայացրած գործերը արտահայտչաձեւերի, մոտեցումների ակնհայտ տարբերություններով հանդերձ, այս ընդհանուր խորագրի ներքո ներդաշնակելի են. բացահայտվում է մի ներքին կապՙ ոչ միայն զուտ վերաբերմունք արտաքին աշխարհի ձեւերին, այլեւՙ վերացարկման միջոցն իբրեւ ձեւի սեփական դիտարկումՙ ներքին վիճակի թելադրանքով: Դադերյանի այս աշխատանքները, ըստ Ջորջ Կասսաբյանի, վերեւից դիտված իրականություն է, ասել կուզիՙ սեփական ինքնությունից դիտված: Դրանք առաջին հայացքից թվում են գունային որոշակի տեղափոխությունների հերթագայություն, գույնի զարգացումների, կտավին հայտնվող նշանների, հետքերի, կետասփռումների մեկ ամբողջություն, որոնք թերեւս տարբեր պահերիՙ արվեստագետի ունեցած վերաբերմունքի արտահայտություններ են. գույնի հանդեպ իր վերաբերմունքն է, աշխարհի գույնին իր գույնի հավելումը, ներաշխարհային արձագանքներ: Այս պատճառով միայն մակերեսները կարող են լինել զգայուն ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ