RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
2020-11-28 22:32:36Ռևանշ լինելու է
2020-11-28 22:32:00Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-19 20:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 965, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՋՈՐԴԸ ՎԵՊ Է ԼԻՆԵԼՈՒ: ԱՅԴ ՎԵՊՈՒՄ ՄԻ ՆԿԱՐԻՉ ԿԱ, ՈՐԻ ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ԳՈՒՅՆԸ ԿԱՐՄԻՐՆ Է. ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Զրուցեցՙ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս լույս տեսավ ժամանակակից արդեն հայտնի գրող, լրագրող-հրապարակախոս Հովիկ Աֆյանի երկրորդ ժողովածունՙ «Չաստվածաշունչը»: Գրողի գրական երախայրիքըՙ «Միս ուտողները», լույս է տեսել 2017թ.: Հովիկի հետ զրուցել եմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ժողովածուների մասին, միաժամանակ փորձ եմ արել հասկանալՙ ինչպես է նա իր մեջ, իրար կողք-կողքի տեղավորել գրողին, լրագրողին ու հրապարակախոսին:

- Հովի՛կ, օրերս լույս տեսավ քոՙ թվով երկրորդ գիրքըՙ «Չաստվածաշունչը»: Ինչի՞ մասին է այն կամ ինչի՞ մասին չէ այն:

- Այն աթեիզմի մասին չէ, ոչ էլ աստվածավախության: Առհասարակ վախ բառը Աստծո հետ գործ ունեցողների համար կարծում եմ խորթ պետք է լինի, ավելի լավ բառ կաՙ պաշտամունքը կամ գոնե հարգանքն առ Աստված: Իսկ գիրքը Չ տառի մասին է: Կարծում եմՙ այն հայերենի ամենահրապուրիչ տառն է, որովհետեւ բոլոր այն բառերը կամ գործողությունները, որոնք սկսվում են Չ տառով, հրապուրիչ են: Օրինակՙ չծխել, չխմել, չհայհոյել... Բոլոր նման կոչերի դեպքում մարդը մեծ հաշվով ուզում է ծխել, խմել եւ հայհոյել: Ես փորձել եմ հակառակ կողմից գալ, օրինակՙ ասելով չսիրել, չմաքրել,... Չաստվածաշունչ: Տեսնենք: Հույս ունեմ, ինչպես եւ գրքի նախաբանում եմ գրել, որ «Չաստվածաշունչը» կօգնի, որ մարդիկ ավելի շատ կարդան Աստվածաշունչ: Իսկ առայժմ միջավայրը, որտեղ ապրում ենքՙ Հայաստանից մինչեւ Տանզանիա եւ Սիերա-Լեոնե, չաստվածաշնչային է: Հենց այս միջավայրում ապրող եւ այն ստեղծող մարդկանց մասին է այս գիրքը:

- Ովքե՞ր են «Չաստվածաշնչի» հերոսները. Այս ժողովածուն կարո՞ղ ենք համարել Ձեր առաջին ժողովածուիՙ «Միս ուտողների» շարունակությունը:

- Ընդհանրապես ամեն ինչը ամեն բանի շարունակությունն է: «Չաստվածաշնչի» հերոսները, այո, նույն Միս ուտողներն են, կամ Միս ուտողներն այո՛ չաստվածաշնչային միջավայր ստեղծողներն են: Բայց ես սիրում եմ իմ հերոսներին. նրանք մարդիկ են, սովորական, պարզ, միամիտ, համակերպված, անհաշտ, վայրենի, քնքուշ,... մի խոսքովՙ մարդկային: Նրանք, ինչպես Քրիստոսն էր խաչի վրա ասումՙ չգիտեն, թե ինչ են անում, եւ սա, կարծում եմ, պետք է որ հրաշալի ալիբի լինի, երբ նրանցից յուրաքանչյուրը կանգնի Ահեղ դատաստանի առջեւ:

Բայց «Չաստվածաշունչը» «Միս ուտողներից» տեխնիկական մի խիստ տարբերություն ունի. «Միս ուտողները» ես գրել եմՙ առանց իմանալու, որ գիրք եմ գրում, իսկ «Չաստվածաշնչի» դեպքումՙ ես հենց գիրք եմ գրել: Ուրեմն շատ դժվար է ասել, թե որն է իմ առաջին գիրքը...

- Դուք հայտնի եք նաեւ որպես լրագրող, ում գրիչը շատ սուր ու անողոք է, հատկապես երբ խոսքը քաղաքականության մասին է: Քաղաքական կյանքը մեկնաբանելը Ձեր սիրած զբաղմունքներից մեկն է. «Չաստվածաշնչում» քաղաքականությանն անդրադարձե՞լ եք:

- Համաձայն չեմ: Քաղաքական կյանքը մեկնաբանելը երբեք իմ սիրած զբաղմունքը չի եղել, թեկուզ դրանցից մեկը: Ուղղակի մենք ապրում ենք չափից դուրս քաղաքականացված միջավայրում, ընդ որում այդ միջավայրն այդպիսին էր ե՛ւ նախքան հեղափոխությունը, ե՛ւ դրանից հետո: Իհարկե չանդրադառնալ չի լինում, լռել չի ստացվում... Այդ թվումՙ գրականության մեջ: Չաստվածաշնչում իհարկե կան քաղաքական դրվագներ, բայց միեւնույն է, դրանց գլխավոր հերոսը մարդն է, իսկ քաղաքականությունը ամենեւին էլ չի հանդուրժում մարդունՙ որպես իր գլխավոր հերոսի:

- Գրականության ասպարեզում արդեն Ձեզ ճանաչում են այնքան, որքան լրագրության ասպարեզում. պատրաստվու՞մ եք երբեւէ վայր դնել լրագրողի գրիչն ու, այսպես ասած, հավատարմագրվել գրականությանը:

- Շնորհակալ եմ: Իմ կարծիքով գրիչը, կապ չունի փետուրով է, ճտիկով, պտտվող, սեւ, կապույտ, կարմիր,... մեկն է: Եթե այն սիրում ես, եթե առանց դրա չես կարողանում, ինչպես, օրինակ, նկարիչն առանց վրձին կամ պատշարնՙ առանց քար, ուրեմն երբեք չես մտածում այն վայր դնելու մասին: Ու գրում ես: Երբեմն ստացվում են պատմվածքներ, երբեմնՙ հոդվածներ: Եւ ուրեմն ես հավատարմագրված եմ գրիչին:

- Որն է գրելու քո նպատակը, քո տողերով ի՞նչ ես ուզում փոխել աշխարհում:

- Այդքան մեծ չեն հավակնություններս: Ավելին, չեմ կարծում, որ կան աշխարհը փոխող տողեր: Աշխարհը պահում կամ դրա հերն անիծում են մարդիկ: Ես փորձում եմ հոգեբանի տեսանկյունից մոտենալ: Երբեք չասել, թե ինչ է պետք անել, բայց այնպես անել, որ մարդիկ իրենք հասկանան, թե ինչ պետք է անել, որ մեր կյանքը մի քիչ ավելի լավը լինի:

- Ծովը շատ է հիշատակվում քո գործերում. անցյալի հիշողությու՞ն է, թե՞ ապագայի երազանք:

- Անսահմանություն: Երազանք: Ավելի շատ ապագային վերաբերող, քան անցյալին, որովհետեւ ես մի քիչ չեմ հավատում մեր ծովից ծով անցյալին, բայց հավատում եմ մեր ծովից ծով ապագային: Ծովն ինձ համար այն մեծ երազն է, որին պետք է հասնենք, բայցեւ այն մեծ խոչընդոտը, որը պետք է հաղթահարենքՙ մեր երազի ճանապարհին:

- Դու բնույթով լրագրող ես, որը նաեւ գրո՞ւմ է, թե՞ գրող, որը, տարօրինակորեն, ամեն ինչ լրագրությամբ է սկսել:

- Ես ուղղակի երեք հավաքածու ունեմ: Գրիչների, թերթերի, որտեղ կան նաեւ իմ հոդվածները, եւ գրքերի, որոնք իմ հեղինակությամբ երկուսն են...Դեռ:

- Բավականին երկար ժամանակ է անցել մեր նախորդ հարցազրույցից, այն ժամանակ դու ակնարկեցիր օրերս լույս տեսած «Չաստվածաշնչի» մասին: Հիմա, երբ այն արդեն մեր սեղանին է, հաջորդ գրքի մասին կակնարկե՞ս, թե՞ ոչ:

- Չեմ ակնարկի. կասեմ, որ հաջորդը վեպ է լինելու: Իմ առաջինը: Այդ վեպում մի նկարիչ կա, որի ամենասիրած գույնը կարմիրն է... Առայժմ այսքանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ