RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019



ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-11-07 19:54:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 517, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՍՈՖԱ ԱԶՆԱՈՒՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Սվետլանա ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր

Հայաստանի Կոմպոզիտորների միության կազմակերպած 2019 թվականի հոբելյար-կոմպոզիտորների հեղինակային համերգաշարը հնարավորություն տվեց հետահայաց ձեւով նայել նրանց ստեղծագործությանը: Ու թեեւ համերգի շրջանակները սահմանափակ են, հնչած երաժշտության տպավորությունները մշտապես ձեւավորում են հեղինակի ամբողջական դիմանկարը: Հենց դա էլ տեղի ունեցավ Սոֆա Ազնաուրյանի հոբելյանական երեկույթի ժամանակ հոկտեմբերի 6-ին Հայաստանի կոմպոզիտորների տանը, որտեղ հեղինակը ներկայացրեց վոկալ ստեղծագործություններից կազմված ծրագիր:

Այդպիսի ծրագրի ընտրությունը պատահական չէր, քանի որ Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի դասարանի սան Ս.Ազնաուրյանի ստեղծագործական գործունեության հիմքը կազմում է վոկալ երաժշտության ժանրը:

Չորս մոնո եւ կամերային օպերաների հեղինակ (որոնց մի մասը կատարվել է Հայաստանի սահմաններից դուրս) Ազնաուրյանը այս տարի ճանաչման արժանացավ հենց այդ ոլորտում: Դա «Վահան Թեքեյան» միջազգային մշակութային հիմնադրամի մրցանակն է «Հայաստան» մոնոօպերայի համար: Օսիպ Մանդելշտամի Հայաստանի մասին բանաստեղծությունները եւ նրա կնոջՙ Նադեժդա Մանդելշտամի հուշերը համատեղ ճանապարհորդությունների մասին երկշերտ դինամիկ լուծում են հաղորդում ամբողջ երաժշտական պատումին (գրական տեքստի մշակումը պատկանում է Ս. Ազնաուրյանին):

Գրախոսվող համերգում բավականին բազմազանորեն էր ներկայացված վոկալ ժանրը: Դրանք մանկական խմբերգերն եւ մեներգերն են, Լուսինե Զաքարյանին նվիրված վոկալ շարք (խոսքՙ Մկրտիչ Սարգսյանի), հատվածներ «Համլետ» եւ «Հայաստան» մոնոօպերաներից, մանկական «Չիկարելիի արկածները» օպերայից, որի լիբրետտոն կազմել է հենց համանուն վիպակի հեղինակ Ռուբեն Մարուխյանը, ինչպես նաեւ «Հույս» մոնոօպերան ըստ Զինաիդա Գիպպիուսի «Հորինվածք» նովելի: Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված, շեփորի եւ դաշնամուրի համար գրված մանրանվագը, այդ երեկոյի ընթացքում հնչած միակ գործիքային ստեղծագործությունը (կատարողներՙ Արմեն Մաիլյան եւ Սահենիկ Մաղաքյան) իր մեղեդային բնույթով զուգորդվում էր ավելի շատ երգեցողական, քան գործիքային ոճի հետՙ չխախտելով ծրագրի ժանրային ուղղվածությունը:

Հինգ մանկական երգերով («Ամպի կատակ» 1982 թ. Լ. Աբրահամյանի խոսքերով), հանդես եկավ Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցի երգչախումբը Հասմիկ Ջուլֆալակյանի ղեկավարությամբ: Այստեղ հաճախ օգտագործվում էին երաժշտական գործիքներՙ դաշնամուր, ջութակ, երանգային ոչ բարդ հարվածային գործիքներ, որոնք ուժեղացնում էին մե՛րթ մանկական զգացմունքների անմիջականությունը, մե՛րթ էլ կապը աշխույժ պարային ռիթմի հետ, որն առաջացնում էր դահլիճում գտնվող երեխաների պատասխան արձագանքը: Քնարական երգերից առավելապես առանձնացավ «Քոթոթ» երգը (խոսքերըՙ ժողովրդական), որի հեգնական ոճը հմտորեն իր կատարումով դրսեւորեց դպրոցի սան Նարե Մելիքյանը:

Համերգի առաջին բաժնում վառ տպավորություն թողեց սոպրանոյի եւ դաշնամուրի համար գրված վոկալ շարքը, որը նվիրված է հոգեւոր երաժշտության (առաջին հերթին միջնադարյան) եւ Կոմիտասի երգերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանին (այն ստեղծված է 2003 թվականին): Շարքը քանիցս կատարել են Մարգարիտա Հովսեփյանը եւ Սահենիկ Մաղաքյանը: 2019 թ. հեղինակային համերգի ժամանակ շարքը առաջին անգամ կատարեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանը Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտա Սարգսյանի ընկերակցությամբ: Երաժիշտները դրսեւորեցին մեկնաբանման պրոֆեսիոնալ բարձր մակարդակ: Հարությունյանի ձայնի տեմբրը, նրա երգեցողության հուզական ոգեշնչվածությունը, հատկապես շարքի չորրորդՙ նախավերջին ռոմանսում, որին հմտորեն օժանդակում էր դաշնակահար Սարգսյանը, անդադար հիշեցնում էր ձոնի հասցեատիրոջը...

Կարծում ենքՙ այդ շարքը Սոֆա Ազնաուրյանի համար կարեւոր քայլ դարձավ օպերային ժանրի ճանապարհին: Այստեղ օգտագործվող մեղեդային-երգեցողական, ասերգային-պատմողական, երկարահունչ-թախծոտ բազմապիսի վոկալ միջոցները շարունակություն գտան օպերաներում, սկսած առաջինիցՙ «Հույս» (2004) մոնոօպերայից:

Այդ մասին վկայեց Համլետի «Լինե՞լ, թե՞ չլինել» մենախոսությունը բարիտոն Հրանտ Խաչիկյանի կատարմամբ (ներկայացվեց տեսագրությունով), 2007 թվականին Երեւանում մասնակցել է համանուն մոնոօպերայի բեմականացմանը շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում, որը հայտնի է «Արմմոնո» անունով: Ժամանակակից վոկալի ասմունքային արտահայտչականության որոնումը մարմնավորվեց «Հայաստան» օպերայի ասերգային ձեւերում, որը, անկասկած, ժառանգել է 20-րդ դարի ռուսական օպերայի փորձը: Մասնավորապես, ընդհանրական է դառնում միջանցիկ զարգացման սկզբունքը, որն ապահովում է դրամատիկական լարվածություն, ինչի շնորհիվ ասերգային դրվագները ազատորեն վերափոխվում են արիոզային տիպի համարների: Տարբեր վոկալ-ասերգային ձեւերի մերձեցումը հանգեցնում է խոսքի գերիշխող գործառույթով յուրատեսակ սինթետիկ ոճի, պահպանելով խոսքի իմաստային նրբերանգները, նշանակությունը, հնչողությունը:

Խոսքի այդ տիրապետությունը «Հույս» օպերայում հիանալի դրսեւորեց միջազգային մրցույթների դափնեկիր պրոֆեսոր Մարգարիտա Հովսեփյանը, որ երկար տարիներ դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնում: Ծավալուն մեներգային վոկալ ժանրերի, ինչպես նաեւ մոնոօպերայի նկատմամբ վերջինիս հետաքրքրությունը հիշվեց երեւանյան պրեմիերաներով, մասնավորապես Ֆրենսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հայտնի մոնոօպերայով: Անկասկած, Մ. Հովսեփյանի վարպետության ազդեցությունը, ինչպես նաեւ մեկ կատարողի միջոցով հոգեկան եւ ծայրահեղ հոգեբանական վիճակների վերարտադրման հնարավորությունը կոմպոզիտորին ոգեշնչեց ստեղծել մոնոօպերա: «Արծաթե դարի» ներկայացուցիչ Զ. Գիպպիուսի նովելի հիման վրա Մ.Հովսեփյանի կազմած լիբրետտոն Ազնաուրյանի համար բարեբեր նյութ դարձավ հուզական լայն սպեկտրի, զգացմունքների անկայունության եւ երեւութական մարմնավորման համար:

«Հույս» օպերան (նշենք Մոսկվայի Գնեսինների անվ. Ռուսաստանի երաժշտական ակադեմիայում կատարումից հետո ստացած դրական արձագանքները) դարձավ Ս.Ազնաուրյանի հեղինակային համերգի զարդը: Մ. Հովսեփյանը պրոֆեսիոնալ առումով եւ ներաշխարհով իրեն հոգեհարազատ Սահենիկ Մաղաքյանի (Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ) ընկերակցությամբ լավագույնս բացահայտեցին օպերայի արժանիքները: Սոֆա Ազնաուրյանը ներկայացավ որպես ստեղծագործական նախաձեռնության հեղինակՙ իր անհատական մոտեցմամբ արդի փոփոխվող աշխարհում կոմպոզիտորի առաքելության վերաբերյալ, որ անցյալի եւ ներկայի գեղարվեստական ավանդույթներում կոչված է գտնելու իրեն սրտամոտ իդեալը:

Նկար 1. Սոֆա Ազնաուրյան եւ Արամ Սաթյան

Նկար 2. Ս. Ասլամազյանի անվ. Մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը

Նկար 3. Ստանիսլավ Բախշիյան (դափ), Սահենիկ Մաղաքյան (դաշնամուր) եւ Հասմիկ Դոլուխանյան-Բաղդասարյան (սոպրանո)

Նկար 4. Մարգարիտա Հովսեփյան (սոպրանո)

Նկար 5. Դիանա Հարությունյան (սոպրանո)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ