RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019



ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-10-31 22:43:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 484, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ ՉՈՒՆԵՆՔ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Մանը մի լավ առիթով, չգիտեմ երբ, ասել է.

«Կյանքում կարեւոր է, թե ով է ասում ճշմարտությունը. ոմանց բերանում ճշմարտությունն էլ է ստի վերածվում» :

Այս հիանալի խոսքերն անընդհատ մտքիս էին գալիս, երբ լսում էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պատճառաբանությունները «Աղբյուր» , «Կանչ» եւ «Ծիծեռնակ» մանկական մամուլի պետական ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որովհետեւ մինչ այդ նրա կողմից արված բոլոր հայտարարություններն ու «լավ նախաձեռնությունները», որոշ ժամանակ անց, գաղափարաբանորեն մտնում էին սեւ ժապավենի ու ծաղկեպասկի հովանավորության տակ, հովանավորչական մի քաղաքականություն, որի ուղղությամբ այսօր նախարարը տանում է նաեւ հայագիտությունը: Ինչեւէ, դառնանք բուն թեմային:

Դեռ անցած գարնաննՙ «Ազգ» թերթի մայիսի 23-ի համարում հարցազրույց էի արել մոտ հարյուր տարվա պատմություն ունեցող «Աղբյուր» ամսագրի վերջին 28 տարվա խմբագիր Թադեւոս Տոնոյանի հետ, որի ընթացքում վերջինս կասկած էր հայտնել նախարարության կողմից հայտարարված մրցույթի ու այն «շահած» նոր մամուլիՙ «Խատուտիկի» մասին: Հաստատապես պնդելով, որ նման մամուլի խմբագրակազմը պետք է լուրջ մանկավարժական փորձ ունենա, Տոնոյանը նշում էր, որ մրցույթը հաղթած խմբագիրներից գոնե երկուսն իրավունք չունեն մանկավարժությամբ կամ մանկական մամուլի հրատարակությամբ զբաղվելու:

Ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, բոլորովին վերջերս Թ. Տոնոյանը ապացուցեց իր պնդումներըՙ նորելուկ մամուլի խմբագիրների անգրագիտության ու անփութության մասով: Ուսումնասիրելով «Խատուտիկի» էջերը, Տոնոյանն իր մի հոդվածում բազմաթիվ, մի քանի տասնյակի հասնող կետադրական, ուղղագրական ու ոճական սխալներ էր դուրս գրել, որոնց զուտ վրիպակ անվանելը խիստ սուբյեկտիվ մոտեցում կլիներ:

Այսպես. ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո հայ մանկան դաստիարակությունն իր վրա վերցրած «Խատուտիկի» էջերում կարելի է հանդիպել այնպիսի անհեթեթ նախադասության, ինչպիսին է. «Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը եւ բանաստեղծ Հովհաննես Կոստանյանը գնում են Անին տեսնելու» . փաստորեն այս ժամանակ ամբողջ աշխարհը Թումանյանին ու Իսահակյանին «սխալմամբ» բանաստեղծ է համարել. փո՛ւչ, սո՛ւտ աշխարհ:

Անգրագիտության «կռվաններից» մեկն էլ հետեւյալ նախադասությունն է. «15 տարում նա շրջել է 872 երկրից 823-ում» : Հետաքրքրական էՙ ո՞վ է եղել խմբագրի աշխարհագրության ուսուցիչը եւ արդյո՞ք նրա պատճառով է երեխան բութ ու շատակեր մեծացել:

Միաժամանակ ամսագրի էջերում կարելի է հանդիպել այնպիսի կոպիտ վրիպակների, ինչպիսիք ենՙ «առավոթտյան» , «հուլունգ» եւն, դե, խմբագրի թեթեւ ձեռքովՙ հարիչը դարձել է «բլերնդեր» : Նույնիսկ ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անվան մեջ վիրպակ կաՙ Ջիվանի փոխարենՙ Ջիվաքն: Կետադրության մասին էլՙ չեմ խոսի:

Առիթ լինիՙ խմբագրին կհարցնեմՙ «Ներողություն, Դուք տգե՞տ եք, թե՞ փորձում եք երեխաներին այդպիսին դարձնել»:

Ահա՛ «Աղբյուրի», «Կանչի» ու «Ծիծեռնակի» հակառակ կողմըՙ գաղափարազուրկ մի «Խատուտիկ»:

Հուսով եմՙ բերված օրինակները բավարար են համոզվելու համար, որ նախարար Հարությունյանի թեթեւ ձեռքով մեր մանկական մամուլի տունը քանդվել է, երգն էլՙ երգվել: Այսօր մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվում են մարդիկ, որոնք, փաստացի, չեն տիրապետում հայերենի ո՛չ ուղղագրությանը, ո՛չ կետադրությանը, ո՛չ քերականությանը: Եւ պնդել, թե մենք այսօր մանկական մամուլ ունենք, ներողություն, անմտություն է: Իսկ ամենացավալին այն է, որ Բարձր պաշտոնյան ողջունում ու հովանավորում է անգրագիտության այդ անդաստանն ու նախկին պիտանի, երեխայի մեջ գրագիտություն սերմանող մամուլն անվանում «հենց էնպես ֆինանսավորում ստացող»: Սա պատերազմ է հայ մանկան առողջ մտածելակերպի, գրագիտության ու տրամաբանության դեմ. եւ թող ոչ ոք չկասկածի, որ նման մամուլի դաստիարակության արգասիքը «Խատուտիկի» խմբագրի պես ոչինչ չիմացող եւ... հենց էնպես ֆինանսավորում ստացող մարդիկ են լինելու:

Ցավում եմ, որ օրվա մտավորականությունը, համենայն դեպս մարդկանց մի խմբի այդպես են կոչում, ձեռք չմեկնեց ցայսօր հանուն արդարության իր պայքարը շարունակող Թադեւոս Տոնոյանին: Մեկնողներ, իհարկե, եղան, որոնցից շատերի «ձեռքմեկնումը» սահմանափակվեց միայն համալսարանի կամ որեւէ մեկ այլ միջանցքներում, ծածուկ ափսոսանք հայտնելը: Անտարբերությունը նույնպես հանցանք է, հաճախ ավելի, քանՙ բուն հանցագործությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ