RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 22:43:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 260, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՐԵՆՑՈ ՄԱՆԵՏՏԻՆ ԵՎ ԱՎԱԶԵ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Լորենցո Մանետտին իտալացի արտիստ էՙ Շվեյցարիայից: Առաջին անգամ է Հայաստանում եւ առաջին անգամՙ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Ասում էՙ ցավում է, որ հայերեն չի խոսում, սակայն հիանում է, երբ լսում է այդ հնչեղ լեզուն:

Լորենցոն սովորել է մնջախաղի թատրոնումՙ պար, ակրոբատիկա, մնջախաղ. թատրոնում աշխատել է տասը տարի: Շվեյցարիայի իտալական մասում, որտեղ ներկայացումներ էին նրանք անում, փոքր էր, պետք էր դուրս գալ ֆրանսիական եւ գերմական շրջաններ: Նա երկրորդ մասնագիտություն է սովորում, կոնսերվատորիայում դաշնամուրի դասեր առնում: Ջութակահար ընկերոջ հետ դուետ են կազմում եւ յուրատեսակ զվարճալի ներկայացումներով հանդես գալիս Շվեյցարիայում ու եվրոպական շատ երկրներում: Այդպես շուրջ 30 տարի, բայց երբ ջութակահար ընկերը թոշակի անցավ, նա մնաց մենակ, ինքն էլ թողեց բեմը եւ մտահղացավ զբաղվել ավազե նկարչությամբՙ արդեն 3-4 տարի: «Դա նշանակում է խաղալ ավազի հետ»,- ասում է Լորենցոն: Բայց նա այս խաղը սարքում է արվեստ, սարքում է ներկայացումՙ ձեռքերի կանոնիկ, սահուն, հղկված շարժումներով, ներդաշնակ երաժշտությամբ, հարուստ երեւակայությամբ: Նյութըՙ ավազը ինքնին միտքը տանում է մտորումների, ստեղծում էկզոտիկ վիճակներՙ դեպի անապատ ու ծովՙ երկուսն էլ անեզրության զգացումով: Ավազը հուշի ու կյանքի վաղանցիկության խոհ է արթնացնում, այն ե՛ւ կա, ե՛ւ չկա, իրականություն եւ իլյուզիա, հուշում պահի կարեւորությունը... Այսպես մտածել թելադրում է ինքըՙ արտիստն իր շարժումներով, իր երեւակայությամբ, երբ նկարում է պատկերներ, արագ կերպարանափոխում ու անհետացնում է, ու դա անում է ակնթարթների տեւողությամբ:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն արվեստի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի, դա երեւաց արտիստին ներկայացնելու նրա առաջին իսկ բառերից, երբ հիշեց պորտուգալացի մի բանաստեղծի. «Ես չեմ հավատում ճակատագրին, սակայն հավատում եմ պատահական հանդիպումներին»:

Լորենցո Մանետտիին նա տեսել է թատերական մի ներկայացմանը, փնտրել ու գտել է մնջախաղի թատրոնում: Երկու տարի առաջ նույն արտիստին հանդիպել է իր ընկերոջ տանը, որտեղ Լորենցոն YouTube-ով նրան ցույց է տվել ավազե նկարչության իր տեսագրություններից:

Ամբողջ աշխարհում անցկացվող իտալերենի ամենամյա շաբաթն այս անգամ հոկտեմբերի 21-ից 27-ն էՙ «Իտալերենը բեմի վրա» խորագրով: Սթեֆանո Լազզարոտտոն որոշում է կայացնում ծրագրի շրջանակներում Հայաստան հրավիրել Լորենցոյին եւ նրա ընկերոջըՙ Անդրեայինՙ կարեւորելով արվեստագետներիՙ հատկապես դասավանդման, ուսուցման պրոցեսը: Լորենցո Մանետտին երկու օր վարպետաց դասեր անցկացրեց Գեղարվեստի պետական ակադեմիայումՙ ակադեմիայի ուսանողների, հաջորդ օրըՙ Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների հետ, իսկ երեկոյան ավազե նկարչության թատերականացված ներկայացումով հանդես եկավ «Բոհեմ» թատրոնում:

Ավազե նկարչության տեխնիկան եւ օգտագործվող միջոցները պարզ ենՙ փայտե կամ պլաստիկե խորը տուփ, որտեղ տեղադրվում է սպիտակ կամ թափանցիկ ապակի, դրա տակ դրվող սպիտակ թուղթ, ներքեւից լուսավորվող էլեկտրական լամպ: Լորենցոն աշխատում է այդտեղ, ստացված պատկերները պրոյեկտվում են բեմի էկրանին: Հիմնական գործիքները ձեռքերն են, շարժումի պլաստիկան, օժանդակ միջոցները կենցաղային զանազան պարզ իրեր ենՙ տարբեր սանրեր, խոզանակներ, թելի, փայտի կտոր, պատառաքաղ: Եվ իհարկեՙ նկարչական հատուկ խտության ու չափսի ավազը, դրա փափկությունը, որի որակից կախված է արդյունքը:

Լորենցոն դասը վերածում է թատրոնի, այն դիտարժան սարքում, խաղում է ավազի հետ, այդ խաղը վերածում զվարճանքի, մատուցում շատ թեթեւ, նուրբ հումորով ասում էՙ «ձեռքիս տակ մեկ ու կես միլիարդ ավազի հատիկ կա, մինչեւ Հայաստան գալը հաշվել եմ»: Այս զբաղմունքը ունի կլանող, հանգստացնող ազդեցություն, արտթերապիայի մի տեսակ է: Եվ իսկապես, նրա երկօրյա բավական երկար դասաժամերըՙ երեքից ավելի, բնավ զգացնել չտվեցին: Նա ուսանողներին սովորեցրեց աշխատանքային այն եղանակները, որով ստանում է զարմանալի, ծիծաղաշարժ պատկերներ, կոմպոզիցիաներՙ պարբերաբար ցանկացողներին բեմ հրավիրելով, որ նրանք էլ վայելեն ավազով նկարելու հաճույքը: Սպիտակ թուղթ, շատ քիչ քանակությամբ ավազ եւ ձեռքի շարժումներ, ստացվող պարզ պատկերներըՙ կենդանիներ, հեքիաթային կերպարներ, բնապատկերներ, շատ արագ դեֆորմացվում, կերպարանափոխվում են: Մեկ այլ եղանակ տափակ փայտով ստացվող ավազե «թուղթն» է, որի դարչնավուն երանգավորումը հնարավորություն է տալիս կոմպոզիցիոն հնարքների, այստեղ բացի ձեռքի շարժումներից գործածվում են նաեւ օժանդակ իրեր: Մեկ ուրիշը ընդգծված պատկերափոխության միջոցն է, ձեռքի վարժ շարժումներով. այստեղ կա շարժման տրամադրություն, իսկ հիմնական «գործիքը» երեւակայությունն է: Նա ցուցադրեց մի քանի դրվագ այսօրվա ներկայացումիցՙ տարբեր կոմպոզիցիաներ, պատմություններՙ սյուժետիկ զարգացումներով, թե ինչպես է, օրինակ, «փոխհարաբերություններ» զարգանում որսորդի ու կենդանուՙ զոհի միջեւ, մեկ ուրիշ տեղՙ մարդն է, ուղտը, հետքեր, ստվերներ ամայի անապատումՙ ետնապլանին իսլամական ճարտարապետական շինություններ. սա վիճակ էր, տրամադրություն, արաբական անվերջանալի թվացող անապատների պես ծորուն երաժշտությամբ:

Պատկերը գեղեցիկ էր: «Ո՞ւմ է դուր գալիս այս նկարը, - հարցրեց ու պատասխան դեռ չստացած, ակնթարթորեն, ձեռքի մի հպումով անհետացրեցՙ ավազը ափերի միջից ներքեւ սահեցնելով,- ահա՛ այն:

Ավազի այս հնարավորությունը թույլ է տալիս դուրս մղել մեր էսթետիկ մտահղացումներըՙ ամենատարբեր չափաբաժիններով եւ ընթացքում ստանալ շատ տարբեր պատկերներ նրանից, ինչ մենք ունեինք ի սկզբանե մեր մտքում»,- ասում է նա:

Ավազե նկարչությունը ձեռքերի պլաստիկ, վարպետ շարժման արվեստ է, խաղ է, զվարճանք կամ թատրոն, ստեղծագործելու մի վիճակ է, որտեղ ամենակարեւորը պատկերացումն է, երեւակայությունը, եւ պատահական չէր Ալբերտ Էյնշտեյնի հայտնի խոսքի հիշատակումը, թե «Երեւակայությունը շատ ավելի կարեւոր է իմացությունից»:

Հենց այդպես էլ նա ավազով նկարեց Էյնշտեյնի դիմանակարը, շատ հեշտ անցնելովՙ կերպարից կերպար: Պա՞րզ, թե՞ բարդ.- մետամորֆոզ է, երեւակայություն...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ