RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 27-09-2019



ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2019-09-26 21:39:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 183, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅ ԺԵՐԱՐԸ» ԿԱՄ «ՖՐԱՆՍԻԱՑԻ ՇԱՌԼՈՆ»

Շառլ Ժերար-Աճեմյան (1926-2019)

Անցյալ շաբաթ, սեպտեմբերի 19-ին, 96 տարեկանում վախճանվեց հայազգի ֆրանսիական դերասան, բեմադրիչ Շառլ Ժերարը: «Սա մեծ կորուստ է,- ասել է հանրածանոթ կինոբեմադրիչ Կլոդ Լըլուշը:- Նա իդեալական ընկեր էր, մի մարդ, որն անընդհատ ի հայտ էր բերում իր տաղանդը, քանի որ կատարելապես ինքնաբուխ էր: Նա ոչ միայն էկրանի ընկեր էր, այլեւ կյանքի, որին կարելի էր կանչել օրվա եւ գիշերվա որեւէ պահի...»:

Մեզՙ հայաստանցիներիս, Շառլ Ժերարը ծանոթ էր տակավին խորհրդային տարիներից, երբ երեւանյան կինոէկրաններին ցուցադրվում էին նրա մասնակցությամբ Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը» (1977), Կլոդ Զիդիի «Հրեշը» (1977, իրականում ֆիլմի վերնագիրը պետք է թարգմանվեր «Կենդանին») եւ Ժորժ Լոթների «Ով ով է» (1979) կինոֆիլմերը: Ենթադրում էինք, որ մեծ քթով, արտահայտիչ դիմագծերով, հեշտ մտապահվող արտաքինի տեր այս դերասանը պիտի որ հայ լինի, սակայն տեղեկատվական հսկայական դեֆիցիտ ունեցող ԽՍՀՄ-ում գրեթե անհնար էր լրացուցիչ տվյալներ իմանալ բուրժուական երկրների դերասանների մասին...

Շառլ Ժերարը, իսկական անուն-ազգանունովՙ Նուբար Աճեմյան, ծնվել էր 1922 թվականի դեկտեմբերի 1-ին, Կոստանդնուպոլսում: Ծնողները փախստականներ էին Խորհրդային Հայաստանից, քանի որ հայրը եղել է ցարական բանակի բարձրաստիճան սպա: Նուբարը փոքր է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է նախ Մարսել, ապաՙ Փարիզ: Նրա ծնողները մահացել են 1942-ին, Փարիզի բռնազավթման ժամանակ: Տղան մանկուց զբաղվել է սպորտի տարբեր ձեւերով: Լինելով էությամբ կռվազանՙ նա առաջ է մղվել բռնցքամարտի մեջ եւ վաղ պատանության տարիներին հայաշատ Իսի լը Մուլինոյի մարզակումբի ռինգում հանդիպել եւ մտերմացել է երիտասարդ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, որն իրենց առաջին իսկ մենամարտի ժամանակ կոտրել է Շառլի քիթը: Վերջինս ստացած չորրորդ նոկաուտից հետո թողել է ռինգը: Ժան-Պոլ Բելմոնդոն ընկերոջը խորհուրդ է տվել իր հետ միասին ընդունվել թատերական արվեստի դպրոց, որտեղ նրանց դասընկերներն են եղել հետագայում նույնպես ճանաչված դերասաններ Լինո Վենտուրան եւ Ժան-Պիեռ Մարիելը (վերջինս նույնպես այս տարի հեռացավ կյանքից):

Շառլ Ժերար դերասանական անունն ընտրած Նուբար Աճեմյանն առաջին անգամ նկարահանվել է 1946-ինՙ Ռիշար Պուատյեյի «Ճակատագրեր» ֆիլմում: 1954-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը, իր սցենարներով ստեղծելով նախ կարճամետրաժ շարժանկարներՙ «Մարդը, որը մատնել է մաֆիային» (1956), «Գնդակներ թնդանոթում» (1958, Միշել Դեւիլի հետ, կատարել է նաեւ գլխավոր դերերից մեկը) եւ այլն: 1960-ին նկարահանել է իր առաջին լիամետրաժՙ «Թշնամին ստվերում» գանգստերական կինոնկարը, որին հետեւել են «Կեսգիշերվա հրեշները» (1961, Մարկ Ալեգրեի հետ) եւ «Մարդկանց օրենքը» (1962): Ընդհանուր առմամբ Շառլ Ժերարը նկարահանել է 17 խաղարկային եւ վավերագրական կինոնկար: Նրա ֆիլմերում, որոնք հանդիսատեսին տարել են արկածախնդրության եւ լրտեսների աշխարհը, նկարահանվել են համբավավոր դերասաններ Առլետին, Բեռնար Բլիեն, Ռոժե Անենը, Ռոբեր Օսեյնը, Ֆրանսուազ Առնուլը, Էստելա Բլենը, Միշլին Պրելը... 1969-ին նկարահանել է «Ալեն Դելոն» վեց րոպեանոց փաստագրական կինոնկարը:

Դերասանների համար սովորական է իրենց գործունեության որոշ շրջանում կինոնկար նկարահանելը, սակայն Շառլ Ժերարն այն դեպքերից է, երբ բեմադրիչն է սկսել զբաղվել դերասանությամբ: Լինելով ճշտապահ, առանց քմահաճույքների, աշխատասեր անձնավորությունՙ նա դարձել է ցանկալի դերասան մի շարք բեմադրիչների համար: Շառլը հիանալի ձի է քշել, մոտոցիկլետ վարել, սլացել դահուկներով, երգել եւ պարել (մի կինոնկարում դոփապար է կատարել իր հայրենակից-անվանակից Շառլ Ազնավուրի հետ): Երկրորդական, հիմնականումՙ կատակերգական դերերի վարպետ Ժերարի դերակատարումներին կարող ենք հանդիպել 68 շարժապատկերներում, որոնց թվումՙ Ժաք Բրելի «Հեռավոր Արեւմուտք» (1972), Ֆիլիպ դը Բրոկայի «Անուղղելին» (1975), Անրի Վեռնյոյի «Իմ թշնամու դիակը» (1976) եւ «Ծխամորճն ատամներում պահած» (1979), Ժորժ Լոթների «Ոստիկա՞ն, թե՞ գող» (1979), Քրիստիան Ժիոնի «Բենզի՛ն, բենզի՛ն» (1981), Ժան-Լուպ Յուբերի «Լա Սմալա» (1981), Լորան Բաֆիի «Մեքենայի բանալիները» (2003) եւ այլն, բայց հատկապեսՙ Կլոդ Լըլուշի 20-ից ավելի ֆիլմերում, որոնցից են «Սրիկան» (1970), «Սմիկ, սմակ, սմոկ» (1971), «Շնորհավոր Նոր տարի» (1973), «Ամբողջ մի կյանք» (1974), «Էդիտը եւ Մարսելը» (1983), «Մեկնում-վերադարձ» (1985), «Զգույշ, ավազակներ են» (1987), «Կան ժամեր եւ ամիսներ» (1990), «Գեղեցիկ պատմություն» (1991), «Իսկ այժմ, տիկնայք եւ պարոնայք...» (2002) եւ այլն: Լըլուշը 1991 թ. տված մի հարցազրույցում իր ընկերոջ մասին ասել է. «Մեր անունները բաղկացած են 13 տառից, մենք այժմ աշխատում ենք Փարիզի «Ֆիլմ 13» կինոընկերությունում: Նկարահանումները սկսեցինք անցյալ տարի հուլիսի 13-ին եւ ավարտելու ենք 1991 թվականի հուլիսի 13-ին»: Իսկ Շառլ Ժերարը Լելուշի հետ իր համագործակցության մասին կատակել է. «Ոմանք վերադառնում են «Կոմեդի ֆրանսեզ», իսկ ոմանք էլՙ Լելուշի մոտ...»:

2009-ին Շառլ Ժերարը վերջին անգամ նկարահանվել է Բելմոնդոյի հետ Ֆրանսիս Յուստերի «Մի մարդ ու նրա շունը» ֆիլմում, իսկ իր վերջին դերը կատարել է 2012-ինՙ «Անհավատարիմները» կինոալմանախում...

Շառլ Ժերարի համար հատուկ սցենարներ է գրել Միշել Օդիարըՙ նրա համար նախատեսելով հիմնականում գանգստերների եւ խուլիգանների դերեր: Որպես կատակերգուՙ հայազգի այս կինոդերասանին լավագույնս բնութագրում է «Յումանիտե» թերթի կինոքննադատ Ժան Ռուայիՙ 1986-ին արտահայտած կարծիքը ֆրանսիացի նշանավոր կատակերգու Ռեմյուի մասին, որը «գտնվում է Շառլ Ժերարի եւ Ալբերտո Սորդիի միջեւ»: Սակայն ըստ ֆրանսիացի կինոգետ Ժան Տյուլարի «Կինոյի բառարանի»ՙ Շառլ Ժերարը ուշագրավ ոչինչ չի ստեղծել ո՛չ որպես դերասան եւ ո՛չ էլ որպես բեմադրիչ: Երկրորդ կետումՙ թերեւս իրավունք ունի Տյուլարը, սակայն բազմաթիվ ֆրանսիական դետեկտիվ եւ կատակերգական ֆիլմեր յուրովի համ ու հոտ են ստացել Շառլ Ժերարի կերտած թեկուզեւ երկրորդական, սակայն հիշարժան կերպարների շնորհիվ...

Դերասանական գործունեությունից բացիՙ Շառլ Ժերարը որոշ ժամանակ եղել է «Սխրանքի ետնաբեմերում» մարզական հանդեսի թղթակիցը: Ալեհեր, խստահայաց, քչախոս, սրտաբաց եւ մեղմ Շառլ Ժերարը սիրված է եղել իր շրջապատի կողմից, ըստ կարելվույն օգնել շատերի: Հայտնի է, որ «Հրեշի» նկարահանումների ժամանակ նա ոչ միայն ֆրանսերեն է սովորեցրել գլխավոր դերակատարուհունՙ ամերիկյան կինոաստղ Ռաքել Ուելչին, այլեւՙ այդ լեզվի ժարգոնը... Երկու հայորդի Շառլերըՙ դիմահարդար Շառլի Խուբեսերյանը եւ Շառլ Ժերարը եղել են հանրահռչակ Ժան-Պոլ Բելմոնդոյի երկու ամենամտերիմ բարեկամները. վերջինին Շառլն անվանել է Բեբել... Ի դեպ, կինոդերասանուհի Ջերալդինա Չապլինի հետ ունեցած մտերմության շնորհիվ Շառլ Ժերարը հաճախ է այցելել Շվեյցարիայի Վեւե բնակավայրը, որտեղ, ինչպես հայտնի է, կյանքի վերջին շրջանում ապրել է Չարլզ Չապլինը: Կինոյի ծերունազարդ լեգենդը մեծ հաճույքով ժամանակ է անցկացրել հայազգի դերասանի հետՙ անվանելով նրան «ֆրանսիացի Շառլո»...

Շառլ Ժերարը ողջ կյանքում եղել է սպորտի մեծ երկրպագուՙ մշտապես ներկա գտնվելով բռնցքամարտի, թենիսի եւ ֆուտբոլի մեծ մրցաշարերին: Մտերիմ է եղել է ֆրանսիացի ֆուտբոլիստներ Էրիկ Կանտոնայի եւ Ժան-Պիեռ Պապենի հետ, որոնք նրան անվանել են «հայ Ժերար»: Հարցազրույցներում իր հայկական ծագումը հաճախ հիշող Շառլ Ժերարը մեկ անգամ այցելել է Հայաստան, նյութական օգնություն ցուցաբերել հայրենակիցներին...

Վերջին անգամ նա հանրությանը երեւաց անցած տարվա հոկտեմբերինՙ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ մասնակցելով Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը...

Դերասանը վախճանվեց Վերսալի հիվանդանոցում, նրա վերջին խոսքն ուղղված է եղել յոթանասուն տարիների իր մտերիմ ընկերոջըՙ Ժան-Պոլ Բելմոնդոյին, որին ասել է. «Բեբել, շուտով ռեստորան ենք գնալու, չէ՞...»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 27-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ