ԻՍՐԱՅԵԼՑԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ Ա. Բ. «Բրիլ» հրատարակչությունը հետմահու լույս է ընծայել իսրայելցի արվեստաբան Նիրա Սթոունի անգլերեն ժողովածունՙ «Ուսումնասիրություններ հայ արվեստի մասին» վերնագրով: Այն ընդգրկում է երջանկահիշատակ հայագետ-բյուզանդագետի տարբեր հոդվածները: Գիրքը խմբագրել է հեղինակի ամուսինըՙ բազմավաստակ գիտնական Մայքլ Սթոունը , որը նույնպես հայտնի է հայագիտական իր բազմաթիվ աշխատություններով: Դոկտոր Նիրա Սթոունը (1938-2013) ուսանել էր Երուսաղեմի Եբրայական համալսարանում: Դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը. Հարանց Վարքը» թեմայով (հրատարակվել է 2007-ին): Տարիներ շարունակ եղել է հայկական եւ արեւելյան քրիստոնեական արվեստի դասախոս Երուսաղեմի Եբրայական համալսարանի արվեստի պատմության բաժնում: Եղել է նաեւ Դուբլինի Չեսթըր Բիթի գրադարանի խորհրդատու, կազմել այնտեղի հայերեն ձեռագրերի եւ մետաղյա կազմերի քարտարանները (հրատարակվել է 2012-ին): Նիրա Սթոունի գիտական հետաքրքրությունների շրջանակը կազմել են Երուսաղեմի արվեստը, հայ արվեստը, Ադամը եւ Եվան հայ արվեստում, սատանայի կերպարը հայ եւ բյուզանդական արվեստում, Սուրբ Երկրի հայկական խճանկարները եւ այլ թեմաներ: Ամուսնու համահեղինակությամբ հրատարակել է անգլերեն աշխատություններՙ հայագիտական, քրիստոնեագիտական, արվեստագիտական տարբեր հրատարակություններում, ինչպես նաեւ «Հայերը. արվեստը, մշակույթը եւ կրոնը» գիրքը (2007): |