RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2019-08-02 12:43:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 955, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԻՍ ՔԱՐԱՅԱՆ. «ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՑՔ Է ԴԵՊԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ...»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Իրիս Քարայանն Աթենքում պարող, բալետմայստեր եւ պարուսույց է: Ուսանել է Պարարվեստի հունական պետական դպրոցում (2001) եւ Գոլդսմիթս քոլեջում (Մեծ Բրիտանիա): «ԶԻՏԱ» պարախմբի հիմնադիր անդամ եւ պարադիր է, որի բեմադրությունները ներկայացվել են Հունաստանում եւ ողջ Եվրոպայում: 2010 թվականին Իրիս Քարայանը իր երկու պարային բեմադրությունների համար Պրահայի «Նոր Եվրոպա փառատոն-2010»-ում արժանացել է Յարմիլա Երժնբեկովայի անվան առաջին մրցանակին: 2014-ին Շվեդիայի «Դանսնետ» ցանցն աջակցել է Իրիս Քարայանի «Մայրեր» բեմադրության շրջագայությանը Շվեդիայում: Քարայանի «Ալյասկա» բեմադրությունը (2016) ներկայացվել է Աթենքում եւ Բրեստի (Ֆրանսիա) «Դանսֆաբրիկ» փառատոնում: Քարայանը համագործակցում է տարբեր ոլորտների (պար, երաժշտություն, թատրոն, կինո, տեսողական եւ այլ արվեստներ) արվեստագետների հետ եւ ակտիվորեն ներգրավված է «Սինդեսմոս չորու» եւ «Հավաքական խորեոգրաֆիկ նախագիծ» պարախմբերում: 2013 թվականից նա ղեկավարում է շարժման եւ իմպրովիզացիայի մի սեմինարՙ նախատեսված տեսողության խանգարում ունեցող եւ չունեցող մարդկանց համար, որն Աթենքի «Օնասիս» մշակութային կենտրոնի կրթական ծրագրի մի մասն է կազմում:

2018-2019 թթ. Իրիս Քարայանը եղել է Ֆուլբրայթի դրամաշնորհառուՙ Նյու Յորքի «Շարժման ուսումնասիրություն» կենտրոնում իր պարագիտական հետազոտության զարգացման համար: Աթենքի մասնագիտական պարային դպրոցներում նա դասավանդում է խորեոգրաֆիա եւ իմպրովիզացիա:

- Սիրելի Իրիս, լինելով ժամանակակից պարի մեծ երկրպագուՙ գրեթե ոչինչ չգիտեմ Հունաստանում այդ ոլորտի մասին: Ինչպե՞ս կբնութագրես այն:

- Հունաստանում ժամանակակից պարը եւ համապատասխան կրթությունը զարգանում են վերջին տարիների ընթացքում: Այն հետեւում է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միտումներին որոշակի հապաղումով: Կան մասնագիտական պարային դպրոցներ, որտեղ սովորում են բալետ եւ ժամանակակից տեխնիկաներՙ Գրեհեմի, Լիմոնի, թուլացման տեխնիկաները, իմպրովիզացիա, էվռիթմիա, բալետի եւ ժամանակակից շարժման վերլուծություն, պարի, երաժշտության, խորեոգրաֆիայի պատմություն եւ այլն: Կան որոշ փառատոներ, որոնք ներկայացնում են ժամանակակից պար, նաեւ այլ փառատոներ եւ հաստատություններ, որոնք այս կամ այն չափով առնչվում են ժամանակակից պարին եւ կենդանի կատարողականությանը: Կան մեծաթիվ ժամանակակից պարողներ եւ քչաթիվ պարադիրներ, որոնք կյանքի են կոչում իրենց ստեղծագործությունները: Նրանց կարող է ֆինանսավորել Մշակույթի նախարարությունը, երբ առկա է ժամանակակից գեղարվեստական արտադրության ֆինանսավորում պետական բյուջեից կամ որոշ մասնավոր հաստատություններից: Ժամանակակից պարի հույն գործիչներից շատերը հիմնականում մեկնում են Եվրոպաՙ Բելգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ այլուրՙ շարունակելու իրենց ուսումնասիրությունները եւ աշխատանք փնտրելու որպես պարողներ, պարադիրներ եւ պարուսույցներ: Մեր պետական համալսարանում չկա պարագիտական բաժին, ինչը նշանակում է, որ Հունաստանում բարձրագույն կրթության կարգավիճակը սահմանափակվում է սոսկ պարող-պարուսույցի դիպլոմով:

- Ժողովրդական ավանդույթներով հարուստ մշակույթները մշտապես օգտագործում են իրենց ազգային ժառանգության տարրերն այսօր ժամանակակից կոչվող արվեստում: Պատկերը նո՞ւյնն է հունական ժամանակակից պարարվեստում:

- Այո, որոշ պարադիրների հետաքրքրում են պատմական ինքնության եւ ավանդույթի հարցերը: Դա կախված է կոնկրետ աշխատանքից, բայց ես կասեի, որ կան խորեոգրաֆներ, որոնք հետաքրքրված են հունական ժողովրդական արվեստի ավանդույթներով ու դրա տարրերովՙ իրենց ժամանակակից ստեղծագործությունների միջոցով, զարգացնելով շարժումների լեզունՙ ազդված ավանդական պարերից, երաժշտությունից, գրականությունից, ժողովրդական երգերից, պոեզիայից եւ այլն:

- Ի՞նչն է քեզ ոգեշնչում նոր պարեր ստեղծելու համար:

- Ինձ ոգեշնչում է իմ շուրջը գտնվող ամեն ինչըՙ սոցիալ-մշակութային համատեքստը, որի մեջ ես ապրում եմ, ուրիշ արվեստագետների գործերը, ընթերցանությունը եւ ինձ հետաքրքրող գաղափարները, համացանցը եւ ընդհանրապես իմ ապրելակերպն ու ամենօրյա գործունեությունը:

- Հունահայ պարողներից ես գիտեմ նաեւ Դաքեսյան քույրերի, Ալիս Ֆուրունճյանի եւ Անահ Սարի (Անահիս Սարիբեկյան) անունները: Կա՞ն արդյոք պարարվեստի այլ հունահայ գործիչներ:

- Երբեմն մեր բնագավառում հանդիպում եմ հայկական ազգանունների, որոնք մեծ մասամբ պարզապես ծնողներից մեկի ազգանունն է:

- Պատմի՛ր քո էթնիկ ծագման մասին:

- Ես այն եմ, որ կոչվում է հունահայ, այսինքնՙ Հունաստանում ապրող երրորդ սերնդի հայ: Ընտանիքիս երկու կողմն էլ հայկական ծագում ունի: Մեծ ծնողներս Հունաստան են եկել շատ երիտասարդ տարիքում, մոտ 1920-ական թվականներին: Մենք եկել ենք Փոքր Ասիայի եւ Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններից եւ վայրերիցՙ Քյոթահիա, Ամասիա, Էվերեկ, Վան, նաեւ Կոստանդնուպոլիս...

- Քո ծագումը որեւէ կերպ ազդե՞լ է արվեստիդ վրա:

- Ես համոզված եմ, որ իմ ազգային ինքնությունն ունի նուրբ եւ էզոթերիկ դրսեւորումներ: Հայկական ծագում ունենալը որպես սփյուռքահայ իմ կյանքում ունեցած փորձառությունների ու զգացմունքների խառնուրդն է: Իմ մանկությունը լի էր տատիկիս ու պապիկիս պատմություններովՙ մեր ծագման, անցյալի, փորձառության եւ ցեղասպանության մասին, թե ինչպես են նրանք գոյատեւել Աթենքում եւ ստեղծել նոր կյանք, նաեւ այն մասին, որ անհրաժեշտ է պատմությունը եւ հիշողությունը չմոռանալ եւ պահպանել: Կարծում եմ, իմ ծագումն ինձ վրա ազդել է որպես առհասարակ մարդու, եւ ես ինձ կարող եմ բնութագրել որպես մի մարտնչողի, որն արժեւորում է աշխատասիրությունը եւ նվիրվածությունը, պատմության, մշակույթի եւ հասարակության, արդարության եւ ազատության հետ ունեցած հարաբերությունները:

- Ունե՞ս հայկական ծրագիր իրականացնելու մտադրություն:

- Ունեմ: Շատ հուսով եմ մեկնել Հայաստանՙ արվեստագետի համար նախատեսված որեւիցե կեցավայրի ծրագրով, որի շրջանակներում կկարողանամ ուսումնասիրել եւ աշխատել տեղի արվեստագետների հետ, բեմադրել եւ ներկայացնել պարային համարներ: Իմ ստեղծագործությունը հայացք է դեպի հիշողությունը եւ իրադարձությունների վերահաստատումը, նաեւ այն եղանակներին, որոնք թվային լրատվամիջոցները դարձնում են նոր ստեղծագործության նյութ: Կցանկանայի գալ Հայաստանՙ ուսումնասիրելու վերջին շրջանի սոցիալական իրադարձությունները եւ համագործակցել այլ արվեստագետների հետ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ