RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2019-08-02 19:16:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 745, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԵԹՐԻՆ ՀՈՋՍՈՆ. «ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ» ՀԱՅԵՐԵՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Քեթրին Հոջսոնը բրիտանացի լեզվաբան է, որի հետազոտությունների հիմնական թեման հայերենն է եւ նրա բարբառները: Նա չորս տարի ապրել է Հայաստանում, կատարել լեզվաբանական հետազոտություններ եւ անգլերեն դասավանդել Սեւանի Վազգենյան հոգեւոր ճեմարանում: Վերջերս Քեթրինը իր թեկնածուական թեզն է պաշտպանել Փարիզում, որտեղ նրան գրկաբաց ընդունել է տեղի հայ համայնքը, եւ նա պարբերաբար մասնակցել է հայկական մշակութային միջոցառումներին...

- Հայաստանում ապրող արտասահմանցիներից շատերն իրենք իրենց հումորով անվանում են ABCՙ Armenian by choice, այսինքնՙ «հայՙ ընտրությամբ»: Քեթրին, կարո՞ղ ենք քեզ էլ այդպես կոչելՙ նկատի ունենալով ոչ միայն քո վարժ տիրապետումը հայերենին, այլեւ այն փաստը, որ մկրտվել ես Հայ առաքելական եկեղեցում:

- Այո՛, ուրախ եմ դրա համար:

- Լորդ Բայրոնը սովորեց հայոց լեզունՙ իր ուղեղը զբաղեցնելու համար մի բարդ ու հմայիչ գործով: Ի՞նչ շարժառիթով մոտ 200 տարի անց Բայրոնի հայրենակցուհին սկսեց սովորել այդ նույն լեզուն:

- Նախնական շարժառիթն իմ լեզվաբանական աշխատանքն էր, հատկապեսՙ Հայաստանում խոսվող ժամանակակից հունարենի բարբառները: Ինձ հետաքրքրում էր հունարենի եւ հայերենի հարաբերություններն ուսումնասիրելը, քանի որ այս երկու ժողովուրդները միմյանց առնչվում են հազարավոր տարիներ: Սակայն այդ «բարդ ու հմայիչ գործով» զբաղվելիս ես հանդիպեցի մի քանի իսկապես հրաշալի ու հետաքրքրական մարդկանց, որոնք ինձ աջակցեցին, որն էլ ինքնին դարձավ մի իրական հաճույք:

- Այսպիսով, նախ սովորեցիր Հայաստանի հույների, հետագայում` հայերենի բարբառները: Հետաքրքրական է, որ հայերենի բարբառների հետազոտողների շարքում կան ոչ հայեր, ինչպեսՙ լեհ Անջեյ Պիսովիչը եւ ամերիկացի Բերթ Վան: Մի լեզվի բարբառներն ուսումնասիրելու համար նախ պետք է վարժ տիրապետել գրական լեզվին...

- Ոչ պարտադիր կերպով այդ հերթականությամբ, սակայն մեկն իմանալն, իհարկե, օգնում է սովորել եւ հասկանալ մյուսը:

- Պատմի՛ր, խնդրեմ, քո գիտական գործունեությունիցՙ ի՛նչ ճանապարհ ես անցել եւ որտեղ ես հիմա:

- Ես նոր եմ ավարտել Փարիզի Արեւելյան լեզուների ինստիտուտըՙ ֆրանսահայ լեզվաբան եւ հայագիտության բաժնի վարիչ Անահիտ Տոնապետյանի ղեկավարությամբ: Այդ պատճառով ես անցյալ տարին Փարիզում եմ անցկացրելՙ ավարտելու եւ պաշտպանելու համար իմ թեզը: Վերջերս մաս եմ կազմել Քեմբրիջի համալսարանի երկամյա հետթեկնածուական կրթաթոշակի ծրագրին, որը ֆինանսավորում է Վտանգված լեզուների վավերագրման նախագիծը: Ծրագրի մեջ պիտի ներգրավեմ 1988 թվականին Նախիջեւանից Հայաստան եկած Ագուլիսի եւ շրջակա գյուղերի այն սակավաթիվ բնակիչներին, որոնք դեռ խոսում են տեղի բարբառովՙ զոկերենով: Հույս ունեմ եկող Նոր տարուց հետո Հայաստան վերադառնալՙ աշխատելու այս նախագծում: Արդյունքները կներկայացվեն համացանցում, որպեսզի բոլոր հետաքրքրվողները կարողանան տեսնել եւ օգտագործել այն:

- Չորս տարի ապրելով Երեւանում` ինչպե՞ս ես բնութագրում կյանքն այստեղ:

- Իմ կարծիքովՙ ապրելու համար Երեւանը շատ հաճելի տեղ է, շատ հանգիստ եւ բարեկամական: Այնտեղ երբեք չեմ ունեցել օտար երկրում միայնակ լինելու զգացողություն: Ինձ հատկապես ցնցեց վստահության եւ մարդկայնության մակարդակը անծանոթների հետ շփումներում: Հայաստանում չէին հավատում, որ Անգլիայում երեխաներին սովորեցնում են չխոսել անծանոթների հետ, իսկ Անգլիայում չէին հավատում, որ Հայաստանում մարդիկ հանրային տրանսպորտում անծանոթներին ձեռքներին պահելու համար վստահում են իրենց պայուսակները եւ անգամՙ իրենց երեխաներին: Ինձ համար նաեւ տարօրինակության աստիճան ծանոթ էր հումորի զգացումը, ինչը մեծ մասամբ նպաստում էր, որ ես ինձ զգամՙ ինչպես տանը: Նույն նկատառումը լսեցի նաեւ մի հայ եպիսկոպոսից, որի հետ ես աշխատում էի, եւ որը մի քանի տարի ուսանել էր Անգլիայում:

- Իսկ ինչպիսի՞ն էր քո ուսուցչական փորձառությունը Սեւանի Վազգենյան ճեմարանում:

- Այնտեղ ես ինձ իրոք զգում էի որպես մեծ ընտանիքի մի անդամ: Կարծում եմ, որ իմ աշակերտներից սովորել եմ առնվազն այնքան, որքան որ նրանք են սովորել ինձանից: Շարունակում եմ շփվել նրանցից շատերի հետ, վստահաբար դա երկարատեւ բարեկամության սկիզբն է: Վազգենյան ճեմարանը շատ յուրահատուկ տեղ է, որն օժտված է մի տեսակ աննկարագրելի հոգեւոր ուժով: Ես տակավին կարոտում եմ այն:

- Ծանո՞թ ես հայ գրականությանը, ունե՞ս սիրած հեղինակներ:

- Ինձ հատկապես դուր եկավ Լեւոն Շանթի «Հին աստվածները», որը կարդացիՙ նախքան Սեւանում աշխատանքի անցնելս: Սկզբում անգամ գլխի չէի ընկել, որ գտնվում եմ այն նույն վայրում, որտեղ կատարվում են թատերախաղի գործողությունները:

- Ի՞նչ կարող է անել մի ոչ հայ անհատ այս հասարակության մեջ, որը ձգտում է ավելի լավ կյանքի եւ լի է դրական փոփոխությունների ակնկալիքներով:

- Կարծում եմՙ ամենակարեւորը երիտասարդներին պետք է օգնել հավատալ, որ Հայաստանում ապագայի համար կան հնարավորություններ, եւ որ երկրում կան որոշ դրական բաներ, որոնք կարող են մարդուն ընտրելՙ մեկ այլ երկրից տեղափոխվել եւ ապրել Հայաստանում: Այս տեսանկյունից, Հայաստանում ապրելն իսկ կարող է ունենալ փոքր դրական ազդեցություն: Բայց, իհարկե, ամենակարեւորն իրական հնարավորություններ ստեղծելն է: Հայաստանում երիտասարդների հետ աշխատելիս ինձ շատ էր տպավորում նրանցՙ մշտապես առաջ նայելը եւ նորարարական գաղափարներ ընդունելու պատրաստակամությունըՙ միաժամանակ խիստ կապված մնալով իրենց մշակութային արմատներին: Հայաստանում ապրող օտարերկրացիները եւ սփյուռքահայերը կարող են ապահովել կապեր ավելի լայն աշխարհի հետ, ինչը կարող է օգնել այդ մարդկանց իրագործելու իրենց երազները: Եթե մի ուղի գտնվի, որը թույլ կտա մարդկանց Հայաստանում մնալով ստեղծել միջազգային կապեր ու գործադրել դրանք եւ իրենց ջանքերի արդյունքներն օգտագործել ի շահ Հայաստանիՙ ապա այս երկրի ապագան կլինի իսկապես պայծառ: Բայց եթե մասնագետները չեն կարողանում իրենց աշխատանքով պահել իրենց եւ իրենց ընտանիքները, ապա նրանք, իհարկե, կփորձեն տեղափոխվել մի երկիր, որտեղ կարող են լավագույնս դրսեւորվել, եւ ոչ ոք չի կարող նրանց մեղադրել դրա համար:

- Շարունակելո՞ւ ես հայերենագիտական հետազոտություններդ:

- Անշուշտ: Ինչպես ասացի, մտադիր եմ մոտ ապագայում վերադառնալ Հայաստան` զոկերենի վավերագրման նախագծով: Հույս ունեմ, որ իմ աշխատանքը կնպաստի հայերի եւ ոչ հայերի մեջ ճանաչել տալու գեղեցիկ ու հետաքրքրաշարժ հայոց լեզուն եւ նրա պատմական ու մշակութային ժառանգությունը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ