RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019



ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2019-08-02 19:16:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 875, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՀԱՄԵՍՏԸ. ՄԵԼԻՆԵ ՀԱՄԱՄՋՅԱՆ

Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թատերագետ

(մահվան 20-ամյակ)

Արտիստուհու թռիչքն ու մահը

Դարավերջիՙ 1999-ի մայիսի 5-ի առավոտը ցնցեց երեւանցիներիս. գիշերը հանկարծամահ էր եղել հրաշալի մարդ ու շատ սիրված արտիստուհի ՄԵԼԻՆԵ ՀԱՄԱՄՋՅԱՆԸ: Հետո էլ ասում ենՙ հին ողբերգությունն այլեւս չկա. իր դարն ապրել է: Նման բան չկա: Կյանքն ինքնին շարան է խինդի ու ողբերգության: Ոչ ոք չէր կարողանում հավատալ, մանավանդ նրանք, ովքեր նախորդ օրը եղել էին նրա ներկայացմանը, ուր Փեփրոնե-Մելինեն («Փարիզեցի փեսացուն») հրաշալի տանգո է պարում եւ վերջում թռչում փեսացուի ձեռքերին: Մի՞թե կյանքի ու մահվան միջեւ տարածքն այդքան աննշան է:

Մերձավորները, թատրոնի մարդիկ գիտեին, թե ինչ տառապանքի մեջ էր Մելինեն, բայց ոչ ոք չէր ենթադրում նման ավարտ: Ավագ քույրը, որ Ֆրանսիայում էր, վախճանվելիս պատգամել էր որդիներինՙ մենակ չթողնել Երեւանում մնացած քրոջըՙ Մելինեին, նրանք էլ եկել էին տանելու (թոշակի ժամանակն է): Եվ նախապես մեկնումի տոմսերն էլ էին գնել (մայիսի 5-ին): Մելինեն չէր ամուսնացել, իր դերերն էր համարում իր զավակները: Որքան էլ զարմանալի, նրանց ամեն գիշեր քնեցնում էր, իսկ առավոտյան էլ վերջին դերերին արթնացնում էրՙ փորձի գնալու: Մի անգամ ուշ գիշերը զանգեց. «Էս «Լիզիստրատեի» չարացած կինը չի քնում. հոգիս հանեց»: «Դու ես մեղավոր. այնքան ես երես տվել, որ նստել են գլխիդ»: Հետո ինքն էլ սկսեց ծիծաղել. ի՜նչ անուշ էր ծիծաղը... Իրոք. դերերի հետ շատ էր կապված: Քրոջ զավակները` թատրոնից հեռու մարդիկ, ինչպե՞ս կարող էին նրան հասկանալ: Ավելին. միակ անգամն էր, որ մորաքրոջ հետ մի քանի օր միասին էին եղել. շատ կապվել էին. «մոր համ էին առնում»: Եվ վիճակն ավելի էր բարդացել: Ի՞նչ անել: Արցունքը միայն սրտակից ընկերուհուՙ Մարինեի (թատրոնի քարտուղարուհին) մոտ էր թափում: Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչ ահավոր բախում է եղել սիրո եւ պարտքի, որ չի դիմացել, մարել է... Մարինեն պատմեց, որ նախորդ օրը եղել էր հուշանվերների խանութում, եւ վաճառողուհին նվիրել էր Երեւանի հոբելյանին նվիրված շատ փոքրիկ հուշամեդալ, որը կրծկալի մեջ էր դրել եւ ասում էր, որ դրանից չի բաժանվի: Վերջապես ազատվեու դիմում գրեց. գուցե դա կօգնի՞ կողմնորոշվել. արդյո՞ք ինքը թատրոնի համար այդքան թանկ է: Գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը շատ զարմացավ, ապա զայրացավ. «Չեմ մակագրի այս դիմումը»: Ուրեմն ինքն էլ թատրոնի համար է թանկ: Եվ տառապանքն ավելի մեծացավ... Առավոտյան բոթը լսելով Մարինեն նետվեց Մելինեի տուն: Բուժանձնակազմն արդեն եկել էր: Բժիշկը շուռ տվեցՙ մարմնի զննում կատարելու համար, ծոցից ընկավ հայտնի հուշամեդալը: Մարինեն վերցրեց, դրեց թաշկինակի մեջՙ տիրոջը վերադարձնելու համար, քանզի նա այլեւս չէր կարող առանց դրա գնալ իր վերջին ճամփան...

Զրնգուն սկիզբ

Ծնվել էր հայերի Պոլսում, 1927 թ., սովորել հայկական դպրոցում, ուր հանճարեղ Ադամյանից ի վեր հիմնավորվել էր ասմունքը: Աշակերտներն իրենց ծոցատետրում արտագրում-պահում էին հայ քերթության մեծերիՙ Ալիշանի, Պեշիկթաշլյանի, Դուրյանի, Նալբանդյանի ու Պատկանյանի բանաստեղծությունները. եթե շնորհք ունեինՙ արտասանում էին: Մելինեն էլ ուներ իր հոգու մատյանը, քանզի որոշել էր դերասանուհի դառնալ: Բարեբախտաբար սկսվեց հայրենադարձությունը, եւ աղջիկն իր քրոջ եւ ծնողների հետ եկավ հայրենիք: Իսկ Երեւանում սկսել էր նորՙ երաժշտական կոմեդիայի թատրոնի գործը: Հենց այնտեղ էլ գնաց աղջիկը, քննություն տվեց եւ ընդունվեց: Նոր ժանր էր, մասնագետներ չկային: Փորձառու բեմադրիչները բեմադրում էին հայտնի օպերետները («Բայադերա», «Սիլվա»): Ազգայինի մասին ոչ մի խոսք: Անխոս դերերով էր Մելինեն բեմ մտնում: Վերջապես 1944-ին այստեղ գլխավոր ռեժիսոր եկավ Լենինականում իրեն փայլուն դրսեւորած երիտասարդ Վարդան Աճեմյանը: Եվ սկսեց ազգայինից: Պոլսո դերասանական ուժերի հանդեպ առանձնակի խանդաղատանքով լեցուն ԱՃեմյանը լավ տնտղեց Մելինեին եւ նույնիսկ իմացավ պոեզիայի թատրոն ստեղծելու նրա երազանքները: Բայց քանի որ երաժշտական կրթություն չուներ, բայց ճաշակ եւ կարողություններ ուներ, առաջին իսկ ներկայացումներում նրան կենտրոնական դերեր տվեց: Պարոնյանի «Շողոքորթը», Թերեզ, Արտեմ Այվազյանի հետ իր բեմավորած «Ատամնաբույժն արեւելյան»-ումՙ Մարթա: Երկուսում էլ Մելինեն դրսեւորեց իր շնորհքի շահեկան կողմերը. անմիջականություն, խոսքի, շարժման հաճելի բեմականություն եւ հոգեբանական նրբին մոտեցումներ: Բնականաբար ռեժիսորական մեկնաբանությունից էր գալիս, որ Մելինեն հեռու էր կերպարը ծանակելու միտումից: Դա նկատվեց եւ գնահատվեց: Ե՛վ Թերեզը, ե՛ւ Մարթան ավելի շատ կարեկցանք էին հարուցում, քան մերժում:

Երեւի 1949 թվականը մեր պատմության մեջ միակ բարեբեր տարին էր. անգլիացիք մեզ զիջեցին շեքսպիրյան փառատոնը, եւ մենք այնպիսի անսպասելի ցուցանիշեր ունեցանք ու այնքան գովեստներ լսեցինք, որ մեզ երկար կապրեցներ: Հետեւեց Թատերական ինստիտուտի հիմնադրումը... Մենք լավ ժամանակների հավատով էինք ապրում, եւ հանկարծ մեզ մեղադրում են օտարամոլության, Եվրոպային ստորաքարշելու մեջ: Ամեն ինչից երեւում էր, որ արվեստը պետք է ներբողի ժանրը որդեգրի: Հեգ Մելինե, հեգ հայրենադարձներ. ինչ մեղք ունեիք... գեթ լավ էր, որ Համամջյան ընտանիքը փրկվեց մյուս անմեղների պես աքսորի ճամփան բռնելուց... Մի փոքր շեղում:

Ճակատագրական գործը եւ Մելինեն

Ես բանասիրականում եմ: Մտերիմ դասընկերուհիսՙ Աիդա Եդիգարյանը այդ ժամանակ աստեղային ժամանակ ապրող Նաիրի Զարյանի կնոջ քույրն է: Նրանց բնակարանը Հայաստանի ամենաազդեցիկ մարդու հետ մի բնակելիում է, որը մեր հանրակացարանի մոտ էր: Աիդայի հետ հաճախ ենք նրանց տանը լինում. համ տաք է, համ ուտելու բան կա: Մի անգամ Զարյանին ասացի, որ իր փոքրՙ «Տնամերձ այգին» պիեսը մեծ ընդունելություն ունի թատերախմբերում (ես էլ եմ խաղացել): Արդյոք հնարավոր չէ՞ մի քիչ մեծացնել: Հայրենադարձություն է եղել... ասացի ու սսկվեցիՙ Նաիրու աչքերի կայծերից... Ոգեւորվել էր: Մյուս օրը Աիդան ասաց, որ «կպած աշխատում է»: Մի երկու շաբաթ անց Աճեմյանին տեսա թատրոնում: Մոտեցավ, Արտեմի Այվազյանի հետ էր:

- Դո՞ւ ես Նաիրուն խորհուրդ տվել պիեսը մեծացնել,- ես խեղդվողի պես ուզում եմ արդարանալ, ինքը շատ սիրալիր ավելացնում է.- շատ լավ բան է ստացվել: Սկսում եմ: Ես անմիջապես Աիդային եմ հայտնում ուրախալի լուրը եւ դառնում Նաիրու աչքի լույսը: Ասեմ, որ արդեն թատերական ինստիտուտը բացվել էր, եւ ես սովորում եմ նաեւ թատերագիտականում: Որ ասեմ ամբողջ թատերական աշխարհը ապրում էր Աճեմյանի նոր բեմադրելիք պիեսով, սխալ չի լինի: Այդ տարիՙ 49-ին, ավարտելու ենք առաջին թատերագետներս: Վաղարշ Վաղարշյանն է իմ թեման: Գրածս տվել եմ նշանավոր արտիստինՙ կարծիքի: Վաղարշյանն ինձ հանդիպման օր է նշանակում ապրիլի 17-ին: Աիդային էլ եմ տանում հետս: Առավոտից իրենց տանն ենք: Ես անհաշիվ գովեստներ եմ լսում: Ժամը 2-ին գալիս է Աճեմյանի գրաբերը եւ բերում հրավիրատոմսերՙ այդ օրը «Աղբյուրի մոտ» ներկայացման պրեմիերայի: Վաղարշյանը վճռում է միասին գնանք, բայց պիտի մեկ ժամ շուտ գնանք: Ես զարմացած եմ. դերասանների բնակելիիցՙ ռուսական թատրոն (որտեղ Աճեմյանի թատրոնի ներկայացումներն են) հազիվ 15 րոպեի ճանապարհ է. ինչո՞ւ է այդքան շուտ գնում... Հետո պիտի իմանայի, թե ինչ էր նշանակում սիրված արտիստի հայտնվելը փողոցում: Ամեն քայլափոխին ծանոթներ, ողջագուրանքներ... Մենք ժամը 8-ին հազիվ տեղ հասանք, մարած դահլիճում հսկիչը մի կերպ մեզ հասցրեց առաջին կարգ, որտեղ մեր տեղերն էին: Հենց նստեցինքՙ վարագույրը բացվեց: Արարատյան դաշտի առավոտն էՙ տաք շողերով, թռչունների ծլվլոցով, գերող երաժշտությամբ... Մեզ իսկույն ներկալում է ներկայացումը: Աշխատանքային եռուզեռ է: Մեկ էլ աջից մի եղնիկ աղջիկ է հայտնվումՙ նկատելիորեն «հալածվելով» երիտասարդից: Տղան խոսեցնում է, աղջիկը հատուկենտ բառեր է ասում, բայց զգում ես ուրիշ հայերեն է...

- Ո՞վ է այս աղջիկը,- ականջիս տակ Վաղարշյանի հարցն է:

- Չգիտեմ,- ասում եմ ու դառնում կից աթոռին նստածին. «Նոր է, հայրենադարձ, անունը Մելինե է»: Լսածս փոխանցում եմ Վաղարշյանին: Մեկ էլՙ ինչ եղավ, որ աղջիկը ճարահատ վերեւ նայեց ու նրա աչքերի կապույտը լույսի շողի մեջ այնպես շողարձակեց, որ մենք հիացքից կարկամեցինք...

- Պոլսեցի՜ է,- հաղթողի պես ասաց Վաղարշյանը,- բոլոր պոլսեցիները կապտաչյա են: Հրաչյան, Արուսը,- մի քիչ ընկած ձայնով.- Ջանանը...

Մելինեն մեզ գերել էրՙ գունեղ մի շորով, անուշիկ տեսքով, խոսքով, անմիջականությամբ... Բաց ահա իր ձմերուկով հայտնվում է Թաթիկ Սարյան-Բայազեդը, ու հիմա էլ մենք նրանով ենք գերվում: Ներկայացումն այնպիսի թափով գնաց, այդ լավուվատով այնպես մեզ տարավ, որ չզգացինք էլՙ երբ վերջացավ: Քանի՜ անգամ բացվեց ու փակվեց վարագույրը, մենք միայն տեսնում էինք գնդլիկ, գանգրահեր Աճեմյանին, որ գնդակի պես նետվում է բեմի տարբեր անկյունները եւ բեմառաջ բերում մասնակիցներին: Նախՙ հեղինակ Ն. Զարյանին, ապա նկարիչ Կարո Մինասյանին, երաժշտության հեղինակ Վարդան Տիգրանյանին, պարերի բեմադիր Զարե Մուրադյանին: Տեսնում եմ հեղինակը Աճեմյանին գլխով ինձ է ցույց տալիս: Ես թաքնվեցի, բայց նրանք գտան ինձ եւ բեմ ձգեցին: Առաջինը ինձ գրկեց Մելինեն, բայց հենց այդ պահին Աճեմյանը եկավ, պոկեց Մելինեին եւ տարավ, ասես, ընծայեց հանդիսատեսին: Դահլիճը փոթորկվեց ու ծափերը, ոտնադոփյուններն ու բռավոները ցնցեցին ամեն ինչ, մոտեցավ Վաղարշյանը եւ գրկելով ինձ ու Մելինեին, սեւեռվեց աղջկան.

- Որտեղի՞ց ես եկել, անուշիկս:

- Պոլսից,- պատասխանը խլացավ գրկախառնության մեջ: Այդ ներկայացումն իսկական հաղթելույթ էր: Բոլորս պարզերես եղանք կառավարության, ժողովրդի առջեւ: Հենց այդ օրը Վաղարշյանը իմանալով Մելինեիՙ պոեզիայի թատրոն ստեղծելու երազանքը, ասաց, որ դա ոտքի վրա չեն որոշում եւ մեզ ժամադրեց Թատ. ընկերությունում: Մի երկու օր հետո միասին գնացինք: Այդ օրը ես նրան ծանոթացրի եւ Աիդայի ու Պարույրի հետ: Հիշում եմ, որ հետո Մելինեն Պարույրի հետ պիտի հանդիպեր Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»-ի զոնգերի (պիեսի չափածո երգերը) առիթով: Պարույրը հրաշալի գերմաներեն գիտեր եւ արդեն սկսել էր «Եվգենի Օնեգին»-ի թարգմանությունը (ռուսերենից գերմաներեն): Բայց այդ օրը առավել նշանակալի դարձավ Մելինեիՙ Վաղարշյանի հետ բլից հարցազրույցով: Մելինեին հանգիստ չէին տալիս շեքսպիրյան փառատոնի հետ կապված որոշ հարցեր:

- Ներեցեք, Վաղարշ Բոգդանիչ, ես գիտեմ, որ Դուք շեքսպիրյան ամենահեղինակավոր հանձնախմբի անդամ եք: Ասեք խնդրեմ, ինչպե՞ս եղավ, որ անգլիացիք այն զիջեցին մեզ: Ի՞նչ գաղտնիք կար:

- Անուշիկս, ոչ մի գաղտնիք էլ չկար: Պարզապես ամբողջ աշխարհը ակամա ֆաշիստական պատերազմի մեջ էր եւ միակ երկիրը Հայաստանն էր, որ խաղաղ էր: Եվ ամենակարեւորը. Շեքսպիրի հանդեպ մեր մեծ հետաքրքրությունը: Վճռեցին մեզ բացվելու հնարավորություն տալ: Այսպես եղավ:

- Անչափ շնորհակալ եմ: Հավանաբար գիտեք, որ մենք աշխարհում ամենաերկարակյաց թատերական հանդեսն ունենք` «Կուլիս»ը: Նրա հիմնադիր եւ խմբագիր Հակոբ Այվազը ժամանակին դիմեց ինձ, բայց ես չկարողացա նրան գոհացում տալ: Հիմա կարծում եմ, կարող եմ: Իսկ մի քիչ փառատոնի մասին կարելի՞ է:

- Ոչ, անուշս, անհնար է. 10 օր գիտական լսումներ ու ներկայացումներ էին: Միայն կուզենամ, որ դու ճիշտ կողմնորոշվես: Նախ, մեր ժողովուրդը իրեն շատ կիրթ դրսեւորեց: Ամենուր. թատրոնում, դրսում, քաղաքումՙ երբ պարետային ժամ էր: Ժամը 12-ից հետո տրանսպորտ չկար, իսկ ներկայացումները վերջանում էին 12 անց կեսին, եւ ժողովուրդը ոտքով էր տուն գնում: Ինձ տեսե՞լ ես բեմում:

- Ինչ եք ասում, ամեն ինչ եւ մի քանի անգամ: Համլետը իմ իդեալն է, Բուլչովըՙ գագաթների գագաթ:

- Վայ-վայ, ինձ զինաթափ արիր:

- Ի՞նչ հանդիսատես. նա կոլեգա է: Իսկ թատերագետի կարծիքը հարցնո՞ւմ եք:

- Վարսիկի՞ն: Հարցնում եմ: Մեկումեջ մի բան ասում է:

Ծիծաղի պոռթկումՙ Մելինեի «մեկումեջի» վրա: Ասեմ, որ հետո չի եղել Մելինեի հետ հանդիպում, որ Աճեմյանը դա չհիշի:

- Մեկումեջ, ո՞նց ես, Մելինե:

- Է՜-է՜-է,- ինչպես կասեր Վաղարշ Բոգդանիչը, մեկումեջ դերերս մանրանում են:

- Մոռացե՞լ ես ասածներս: Դու այնպիսի լայն դիապազոնի դերասանուհի ես, որ նույնիսկ քեզ վրա էքսպերիմենտ կարող են անել: Մեծուփոքր դեր չկա: Դերասանը պիտի ծով համբերություն ունենա, որ գովեստ կամ կշտամբանք հանգիստ լսի. ոչ առաջինի դեպքում երես առնի, ոչ երկրորդի դեպքում կոտրվի: Չկարծես, թե քեզ մի կողմ եմ նետել: Հարցնում եմ. քեզանից շատ գոհ են:

Տարիները Մելինեի համար անպտուղ չէին անցնում. խաղում էր ոչ միայն արտասահմանյան պիեսների, այլեւ ռուս կանանց եւ այնպիսի նրբությամբ, ինչպեսՙ Աննա Վլադիմիրովնայինՙ «Սերը տարիք չի հարցնում» (Կոնչետա), «Չեմ վճարի»: Նրա խաղացանկում այնպիսի հակատիպ կերպարներ կային, ինչպես Մագդաղինեն («Մորգանի խնամին»), Մարիամգյուլը («Պըլը Պուղին», Հայաստան, «Գլխի գինն է 50 միլիոն») եւ վերջապես Բելլան («Ախ, ներվեր, ներվեր»), ուր սքանչելի ու սրամիտ երկխոսություններ էր վարում Կարպ Խաչվանքյանի հետ:

Ի դեպ, ես չեմ ուզում մոռանալ մի հրապարակում, որ արել է Ծովինար Լոքմագյոզյանըՙ մեզ համար սուրբ ու նվիրական Հրանդ Դինքի «Ակօս» թերթում: Արժանի դրվատանքի արժանացնելով մեր Կոմեդիայի թատրոնի կատակերգական քառյակին (Կ. Խաչվանքյան, Ստ. Հարությունյան, Սվ. Գրիգորյան եւ Մ. Համամջյան), որ պատվով կրում է թատրոնի ողջ ծանրությունը, ժանրի փայլուն օրինակներ տալիս: Մասնավորապես Մելինե Համամջյանի մասին գրում է, որ նա հրաշալի է հասկանում իր թատրոնի ժանրն ու ոճը եւ ակադեմիական խստությամբ վերաբերվում արտահայտչամիջոցների օգտագործմանը: Ոչ մի ավելորդ հնար. ամեն ինչ զուսպ ու խոսուն, վառ ու անխառ մտքի հսկողությամբ: Առանց այդ հսկիչ մտքի ինչպե՞ս կարող է տրավեստի (զգեստափոխման) ժանրի դերերում լինել: Իսկ այդպիսիք բավականին կան արտիստուհու խաղացանկում: Ահա նրանցից մեկըՙ Գիմնազիստը- «Կապկազ թամաշա» ներկայացման մեջ: Աչքից հեռու այս թամաշայում տղան ուզում է ազատություն վայելել: Ինչ որ մեկից թռցրած սիգարետը մեծի պես վառում էՙ ի տես աչոնիկների եւ ցուցադրաբար փստացնում... Բայց, ահա, գիմնազիայի ծառայողի տեսավ ու մկան ծակը գտավ ու սըկեց... Միակ խոսուն տղեկի դերը «Շշմեցուցիչ հարված» ներկայացման մեջ էր: Ռաֆիկը համ խոսում էր, համ էլ գործում:

«Ակօս»-ում ասվեց բազմաժանր արվեստում մտքի հսկողության մասին. միակ փրկիչը, կարգավորիչը այստեղ: Հենց դա է, որ իր խստիվ օրենքներն ունեցող փոքր էկրանի թատրոնում արտիստների մասնակցության պայմաններ է դնում: Զուր չէ, որ Կոմեդիայի թատրոնից միմիայն Մելինեն էր հրավեր ստանում ոչ միայն գրական, այլեւ բեմադրական հաղորդումների համար: Միայն մի բացառություն է եղել, երբ մի ամբողջ կոմեդիա վճռվել է միմիայն Կոմեդիայի թատրոնի դերասանախմբով պատրաստել: Իմ տվյալներով դա առաջին դերն է եղել Մելինեի, որ հենց նրբությամբ ու արտահայտչամիջոցների ժլատությամբ էլ դրսեւորվել էՙ ի հակակշիռ ամբողջ ներկայացման ոճաբանության: Նրա հերոսուհին մայր է, ունի մի սիրասուն աղջիկ եւ դողում է նրա բախտի վրա: Մայրըՙ Անարելան, մի աչքին արցունք, մի աչքին ժպիտՙ Տիրամորը աղերսում է բարի բախտ տալ իր դստերը: Եվ, որովհետեւ նեապոլյան բազմատուն բակի աղքատ բնակիչները Անարելայի բարեկամներն են, այնպիսի համաժողովրդական հարսանիք են անում, որ ոչ մի հարուստ չի ունեցել... Երկրորդը մի անցնող երեւույթ եղավ եւ բարեբախտաբար ֆիլմ դարձավ ու մնաց: Խոսքը Ե. Օտյանի «Միջնորդ տեր պապան» սերիալի մասին է, որն առաջինն էր նախկին մեծ երկրում: Այստեղ Մելինեն պոլսեցի մի քոքված մոցիքուլ է խաղում: Ինչպես են մրցում հոգեւորականն ու մոցիքուլըՙ ամուսնությունները միմյանցից խլելու եւ դրամ շահելու համար: Եվ այդ հողի վրա ի՜նչ ծիծաղելի վիճակներ են ստեղծվում: Էկրանի պատմության մեջ դերասանական եւ ռեժիսորական շեդեվր համարվեց Մելինեի-Նեմզար հանըմը, տերտերին բռնեցնելու եւ հովանոցով նրա շուրջը մի ամբողջ տեսարան ստեղծելու հատվածում: Երրորդ դերը մի ասպնջական հայրենադարձ հայուհի է, որ իր պատրաստած հալվայով ուզում է քաղցրացնել մարդկանց խաթարված հարաբերությունները: Այսՙ ջրի պես պարզ ու ցանկալի մայր Քնարիկը սիրելի դարձավ ամենքին: «Սեւիլի մահը» սերիալում Համամջյանը Լիֆտավար է, բայց այնպիսի ճշտապահություն ու պատրաստակամութուն ունի, որ հարգանք է ներշնչում: Ձուլածո քանդակ կոչեցին Մելինեի միսիս Թվիգը Պրիստլիի «Սկանդալ» տրագիկոմեդիայից: Նա տնտեսուհին էր իռլանդական բանկի կառավարիչի եւ այնպիսի խնամքով է պահում, սնում եւ ամեն օր բանկ ուղարկում միստր Քեթլին, որ ինքն ասես տերության կարգուկանոնի հսկիչն է: Ու հանկարծ... Բայց ավելի լավ է հերթով: Ռեժիսոր Հ. Գասպարյանը ներկայացումն սկսում է Բախի «Տոկատա»-ով. հանդիսավոր, դրամատիկ: Ամեն օրվա պես տնտեսուհին խիստ հագած-կապած զինվորի պես սեղանի կողքին կանգնած մատուցում է հերթական ուտեստը, որ համտեսում ու մի կողմ հրելով վեր է կենում: Նույնիսկ օրաթերթը չի նայում. սա արդեն այլ բան է: Մելինե-Թվիգը պայթում է, բայց զսպում է իրեն (իր սահմանները գիտե): Նույն պատրաստակամությամբ էլ համբերատար մատուցում է հագուստները, վերարկուն, հովանոցը, պորտֆելը եւ ուղեկցում դուրս ու ետ գալիս մի խորը շնչում... «Ի՞նչ է պատահել»: Չանցած րոպեներ Քեթլը ետ է գալիս, եւ Տնտեսուհին հիմա էլ մեկ-մեկ հանում տեղավորում է հագուստները: Քեթլը մնացել է ներքնաշորով, բայց նա ինքը գնում պահարանից մի հին մայկա ու շորտիկ է բերում, հագնում, հետո խոհանոցից դույլն ու փայտիկներ է բերում նստում հատակին, փայտիկներով հարվածում դույլին ու մի փողոցային երգ երգում: Այդ բոլորը դիտում է Տնտեսուհին, սպասումով... Մի պահ Քեթլը դադար է տալիս.

- Ի՞նչ է պատահել. Դուք հիվա՞նդ եք (այդ դերում Խորեն Աբրահամյանն էր):

Քեթլը չի պատասխանում, այլ երազուն ինչ-որ տեղ է նայում ու ասում.

- Գիշերը ես մի ձայն լսեցի. «Ի՞նչ ես անում, դու այդ ինչպե՞ս ես ապրում»: Եվ ես որոշեցի ամեն ինչ փոխել:

- Իսկ ի՞նչ դուրս կգաՙ եթե բոլորն այդպես վարվեն:

Պատասխան չկա. Մելինե-Տնտեսուհին ահեղ դատավորի պես է իրեն պահում. արժանի հակառակորդ եւ խաղընկեր Խորեն Աբրահամյանին: Շուտով այստեղ է գալիս բանկի մեծատուներից մեկի կինը, որի վրա տնտեսուհու հույսն էր, որ կարգի կբերի շեղվածին, բայց պարզվեց, որ համանման մի ձայն էլ նա է լսել եւ ինքն էլ է որոշել կյանքը փոխել... Մելինե-Տնտեսուհին տեսնելով, որ այդ պատվարժան կինն էլ հանվեց, եւ հագուստները, գլխարկը, թարմ հրաշք մազերը եւ տնային շորերով նստեց գետնին եւ առնելով փայտիկները ընկերանում Քեթըլինՙ զզվանքով հեռանում է: Չորս տասնամյակ է անցել, բայց մարդիկ մինչեւ այսօր չեն մոռանումՙ ոչ Մելինեի խաղը, ոչ ստեղծած քանդակած ձուլածո կերպարը:

Անցնում էին տարիները եւ կողքից հետեւում էի ու տեսնում, որ Մելինեի թատրոնի սերը, նրա հետ զոհաբերության պատրաստակամությունը շատ է հիշեցնում իմ մանկության ընկերուհի, ՊՀԹ տաղանդավոր դերասանուհի Մարուսիկ Թամրազյանին: Նա իր թատրոնի տղեկներին խաղալու համար հրաժարվեց ընտանիք ու երեխա ունենալուց: Մեծն Շեքսպիրը հաճախ էր հիշեցնում չափավորության մասին: Չափից ավելի սերն ու նվիրվածությունը նույնպես խրախուսելի չէ: Վերջին անգամ զարմացած լսեցի Մելինեի զրնգուն ձայնը հեռախոսով.

- Ես ձեզ հրավիրում եմ ռեստորան:

Ինչ անսպասելի բան. հիմա ո՞վ է մտավորականին ռեստորան հրավիրում:

- Ինչպե՞ս, Մելինե, ինչ կա:

- Բեյրութում էինք. արտակարգ էր ընդունելությունը: Երկու եղբայրներ եկան շնորհավորեցին ինձ ու ասացին. եթե մենք Երեւան գանք ու ցանկանանք ձեզ զանգենքՙ հանդիպել կարելի՞ է: «Ինչո՞ւ չէ, ասացի, խնդիր չկա: Ահա եկել են ու հրավիրում են: Ասացին նաեւ, որ ես կարող եմ ինձ ընկերացնել ինձ հաճո մարդկանց: Ես էլ վճռեցի քեզ եւ պարոն Զարեին հրավիրել. կընկերանա՞ք ինձ:

- Հարկավ, ե՞րբ եւ որտե՞ղ:

- «Փարոս», ժամը 6-ին: Ստուգել եմ, «Թաղականին կնիկը» չի կանչել փորձի: Զարեն տուն եկավՙ շատ զարմացավ եւ ուրախացավ: Հետո մենք մեքենայով վերցրինք Մելինեին ու գնացինք «Փարոս»: Եղբայրները մեզ դիմավորեցին դռանը: Ասացինք, որ մենք քիչ կմնանք, որ տղաները քաղաքը տեսնեն: Դեռ չնստած, մեծ ափսեով գոլորշի արձակող քյուֆթայով ձեռին մեզ մոտեցավ ռեստորանի աշխատակիցը:

- Որ երազով էլ ասեինՙ չէի հավատա, թե հանկարծակի հյուր կգան իմ ամենասիրելի արտիստները: Սա իմ կողմից. թարմ է, հենց նոր բերին, իսկ ձեր պատվերը պատրաստվում է: Եղբայրները համեստ արհեստավորներ էին, բայց շատ էին սիրում թատրոնը եւ Մելինեին դիտում էինՙ ինչպես Աստվածամոր... Իսկ Մելինեն, Աստված իմ, չէի պատկերացնում, թե այդքան ամաչկոտ է: Երկու ժամից մենք վեր կացանքՙ պայմանավորվելով քաղաքում, նրանց ուրիշ ներկայացումներ տանել: Ամենահուզիչը հրաժեշտի պահն էր, երբ տաքսին սպասում էր, իսկ մենք չէինք ուզում հեռանալ: Արդեն մութ էր, եւ Երեւանը ընկղմված էր լույսերի ծովը: Մենք վերեւում էինք:

- Ես այստեղից չեմ հեռանա,- երեխայի պես թնկնկաց Մելինեն...

- Կարծեմ դու էլ պակաս գեղեցիկ տեղից չես եկել,- ասաց Զարեն:

- Այո, բայց ամբողջ Պոլիսը չէի փոխի այս մի կտոր Երեւանի հետ:

- Սիրելիս. որովհետեւ սա մերն է, հարազատ է:

Եղբայրներին հրաժեշտ տվեցինք:

Հետո մենք հանդիպում էինք Օտյանի «Ընկեր Փանջունին» տեսագրելու օրերին: Վերջին դերն էր. ամենափոքրը, բայց իսկական շեդեվր մեր էկրանի պատմության մեջ...

***

Այս նյութի առիթով շատերին մոտեցա: Հենց Մելինեի անունը լսում էինՙ սոսկալի հուզվում էին. մի հարցրեք... Միակը նրա մշտական խաղընկերներիցՙ Բորիս Պեպանյանը նույնպես հուզվեց, բայց հետո կենտրոնացավ ու այնպես խոսեց, որ միմիայն բարձրակարգ մասնագետից կարող էի լսել :

ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆ

Առաջին իսկ օրվանից Մելինեն ինձ զարմացրել է բեմական հղկված տեխնիկայով: Կրկեսի արտիստի պես մարզված էր, բայց ոչ մի բան չէր անի հենց այնպես. ընդհակառակըՙ ամեն ինչ պատճառաբանված ու հիմնավորված: Ինքնանպատակ ոչ մի հնար եւ շարժում, թեեւ մեր դերասանուհիներից ամենաշարժունն էր եւ խաղի պահին մի այնպիսի շարժում կաներ, որ անսպասելի էր: Բեմական բոլոր ժանրերն ու ոճերը նրան հարազատ էին: Տեսարժան լուծումի կողքին ողբերգական այնպիսի խորքեր կտանի, որ թեւաթափ կլինեսՙ նրա զգացումի անհռելի ուժից: Այդպիսին էր նրա Հայաստանը «Գլխի գինն է 50 միլիոն» ներկայացման մեջ: Ռազմադաշտ է եկել, բնական է, ամուսնուն ուտելիք ու խմելիք է բերել, հյուրասիրում է. աչքաբաց գեղջկուհի է, խոսքի տակ չի մնում, բայց երբ հանկարծ իմանում է, որ ամուսնուն մահվան են դատապարտելՙ կարծես աշխարհը փլվեց... Չոքեչոք աղերսում է խնայել. մի տուն լիքը երեխեքին ո՞վ պիտի կերակրի... Ինչպե՞ս է ողբում-քրքրվում... Քար պիտի լինես, որ դիմանաս. այդ ամենը հասկանալի է, ռեժիսորն է բեմադրել, եւ արտիստուհին քանի անգամ է խաղացել: Բեմական պայմանականություն կա. դերասանի համար գաղտնիք չի: Բայց ինչպե՞ս բացատրես, երբ առաջին անգամ գրական հաղորդման ես գնում, ուր երբեմն հանպատրաստից ես տեքստը կարդում: Մելինեի հետ ես Շահնուրին վերաբերող հաղորդում եմ վարել, բայց այն, ինչ Մելինեն արեցՙ աներեւակայելի էր: Առանձին տեքստը կարդալուց հետո նա մի գլխաշոր կապեց գլխին ու սկսեց. «Պճեղ մի անուշ սիրտը» կարդալ: Ձայնի մեջ արցունք կար, բայց արցունք չէր թափում. փոխարենը մենք էինք խեղդվում արցունքից հաղորդման պահին... Ահռելի ներքին ուներ Մելինեն. դե եկ ու մի զարմանար, թե ինչո՞ւ նրան կարգին դեր չէին տալիս... Մելինեն բացառիկ երեւույթ էր, եւ թատրոնը նրան պարտք մնաց: Հիմա նա չկա, բայց բեմում ասես ամեն ինչ հնչավորված էր նրանով: Մեր թանկ Մելինե, քսան տարի է, որ մեզ հետ չես, բայց դու հավերժ անմոռաց ես նրանց համար, ովքեր քեզ իմացան, քո կողքին վայելեցին արարման բերկրանքը, թաթախվեցին քեզ հետ բեմի մյուռոնով: Երախտագետ եմ բախտիս, որ քեզ ճանաչել եմ ու ապշած մնացել քոՙ թատրոնի ու Երեւանի պաշտամունքից, որը դու քո լուռ, անձայն զոհաբերումով ապացուցեցիր: Անմահություն քեզ, անուշս, եւ ներիր իմ չար կատակըՙ ամերիկյան գաստրոլների մեկնելիս... եւ ներիր, ներիր...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ