RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019



Տեղադրվել է` 2019-08-02 19:16:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 452, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃՈՃՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՙ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՆԵՐՍՈՒՄ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երբեւցե մտածե՞լ եքՙ մտնել (դիմացինի) գլխուղեղի մեջ, ստուգել ծալքերը, հիշողությունների լաբիրինթոսում պեղել այն, ինչ կորել է, չկա, ավելի ստույգՙ խորունկ թաղվել է, ճզմվել ոլորանների, անհույս կորել գալարների պարույրում: Մարդու գլխուղեղը բարդագույն կառույց էՙ որ հատվածն ինչին է ծառայում, որտեղ են խաչվում, հատվում եզրագծերը, 2016 թվականից ցայսօր առավել դյուրին է պատկերացնել. ԱՄՆ գիտնականների մանրամասն գծագրած ատլասը հնարավորություն է տվել բժիշկներին դրա օգնությամբ լուրջ հետազոտել գլխուղեղըՙ աուտիզմ, շիզոֆրենիա, դեմենց, էպիլեպսիա հիվանդությունների պարագայում առաջընթաց կա: Բայց բժշկին ատլասից չկտրելով, նորագույն սարքերի միջոցովՙ հետազոտությունից չզրկելով, քայլելով մտնենք գլխուղեղի մեջ:

Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Բեաթե Կրեմփեն , որի մայրն արդեն տարիներ տառապում է դեմենցով, բառիս բուն իմաստով առաջարկեց մտնել հիվանդ մարդու գլխուղեղի մեջ: Մայիսի 25-ից հուլիսի 12 -ին Դյուսսելդորֆին մերձակա Վիլլիշի հրապարակներից մեկում տեղադրված նրա մեծածավալՙ 12 քառակուսի մետրանոց ինստալացիան հետաքրքրեց թե՛ նրանց, որոնց մերձավորների հիվանդության նախանշաններն արդեն առկա են, թե՛ նրանց, որ սարսափում են մոռացության ախտով հիվանդանալու տագնապալի մտքից, եւ թե դեմենցով հիվանդներին:

Բեաթեն լավ է ճանաչում այս հիվանդությամբ տառապողներին, արդեն 4 տարի կամավոր խնամում է Դյուսսելդորֆի հատուկ կենտրոնում իրենց հանգրվանը գտած մարդկանց եւ պատմում է, թե այնտեղ շատ հետաքրքրական անհատների է գտել: Շատ դժվար է այս հիվանդությամբ տառապողների խնամատար լինել: Ամենապահանջված որակը համբերությունն է, ասում է նաՙ համոզված լինելով, թե արվեստի լեզուն դյուրին է դարձնում նրանց հետ հաղորդակցությունը: Հիշում եմ նրա մասնակցությամբ 2018- ին մի խմբակային ցուցահանդես, որի թեման «Հայրենի տուն ( կամՙ հայրենիք)»- ն էր: «Մեր ներքին, ներսի հայրենիքը մեր հիշողությունն է, իսկ երբ հիշողություն- հիշատակներդ ես կորցնում, ո՞րն է խարիսխդ», մեր զրույցում իր կոլաժները մեկնաբանելով ասաց Բեաթեն: Այդ օրն իմացա, որ մայրը դեմենց ունի. Պաստելային երանգներով ակվարելային կոլաժներում, որ մոր անունով եւ Քերոլի գրքին հղում անելով վերնագրել է «Ալիսը հրաշքների աշխարհում», պահ է տվել այն, ինչ մայրը հիշում եւ պատմում է, բոլոր պատկերները արածաթագույն շղարշ ունենՙ հար եւ նման տարիքն առած մարդու գունազրկված մազիՙ չես ներկում, արծաթագույն է: Երբ հիշողությունը մթագնում է, գույներն են դատարկվում, պատկերները եզր ու սահման կորցրածՙ լողում են: Սա շատ տեսանելի է հենց այդ կոլաժներում: Այդ ցուցահանդեսից հետո Բեաթեն սկսեց որոնել «ներսի հայրենիքը» տեսանելի դարձնելու նոր կերպը:

Բեաթե Կրեմփեի 7 շաբաթյա «Դեմենց» նախագիծը մեծ ընդգրկում ունեցավ. Տարբեր հաստատություններ ներկայացնող 100 հոգի մասնակցեցին 18 տարաբնույթ ձեռնարկներումՙ դասախոսություն, ներկայացում, ցուցահանդեսներ, ընթերցանություն: Նպատակը մեկն էրՙ հնարավորինս մատչելի լուսաբանումՙ ի՞նչ անել, երբ մերձավորիդ նման ծանր ախտորոշում են հայտնել, ինչպե՞ս վարվել դեմենցով հիվանդների հետ, ինչպե՞ս զգալ, հասկանալ մեկուսի այդ մարդկանց:

Ճկուն, բայց չկոտրվող մետաղյա լարով սկզբում «հենքն» է կառուցվել, այնուհետ կտավ եւ շինարարության մեջ գործածվող սպունգանման զանգված, որ փչելուց շատ չանցածՙ քարանում է, փայտ եւ իհարկեՙ ներկ: Այս նյութերի միջոցով Բեաթեն գերիրապաշտական տպավորիչ արդյունք է ստացել, հեռվից նայելիս թվում է, թե հրապարակում բազմածՙ մոտավորապես 2,5 մետր բարձրությամբ օբյեկտը մարդու իսկական գլխուղեղ է: 7 շաբաթների ընթացքում, երբ արեւն ու քամին, հորդառատ անձրեւն ու կարկուտը հերթագայում էին միմյանց, գլխուղեղը ոչ գունազրկվեց, ոչ տեղից շարժվեց, ոչ էլ ձեւը փոխեց:

Գլխուղեղը, որի մուտքն անվճար էր շաբաթվա բոլոր օրերին, 49 օր շարունակ հյուրընկալ եղավ: Շատերն ինձ նման գերադասեցին մի քանի անգամ այցելել: Կեսօրին ներսում բավարար լույս կարՙ դռան ուղղանկյուն տարածքից էր թափանցում, բայց նաեւՙ վերից վար մեծ ու փոքր լապտերների հերթագայությամբ ժապավեններ էին իջնում. այդպես է երեւի մեր բոլորի ուղեղի ներսումՙ երբեմն պայծառ, երբեմն աղոտ լույս է առկայծում: Տպավորություն է, թե երկու կիսագունդ առանձնացված էՙ ձախ մասում գլխուղեղի առաստաղից 500- ից ավելի սեւ- սպիտակ լուսանկարներ են կախված: Երբ օդի տատանումից նկարները շարժվում են, ինստալացիան առավել տպավորիչ է դառնում: Լուսանկարները հին օրերի կյանքը, մարդկանց, երիտասարդ ժամանակի հիշողությունն են տարուբերում, ներկայի ողորմածության մեջ փորձում խնամքով տեղավորել անցյալի պատառիկներ:

Գլխուղեղի աջ կողմումՙ կտորից, եզրերը ժանեկեազարդ, կապ ընկած մտքի նման հանգույց արված 200- ից ավելի թաշկինակներ են օրորվում, որոնցից էլ կախ են ընկել նույն քանակի թղթի կտորների վրա պահ տրված օրվա կարեւոր պատվիրան- «անմոռուկները»ՙ «Շատ ջուր խմել», «Լվացվել», «Կանգնիր խնդրեմ», «Կարագը սառնարանում է»... Համառոտ, պարզ նախադասություններ են, «ինչո՞ւ»- ն շրջանցող, որ մատնում են, թե դեմենցով հիվանդների ուղեղը մեկ տեղեկույթից ավել հրաժարվում է ընդունել: Իմ նկատած միակ երկար նախադասությունը հետեւյալն էՙ «Մեր առաջին ընտանեկան արձակուրդը Դանիայում էր»: Տպավորիչ հիշողություն է անպայման, ընտանիքի ու երջանկության մասին հիշեցնող թանկ դրվագ: Ներս մտնելուն պես դիմացի պատին 4 փայտե արկղ է նշմարվում: Բեաթե Կրեմփեն հիշողության 4 կղզյակներ է առանձնացրել: Առաջինը մոր ինքնության անտրոհելի մասն էՙ հավատը: Եթե կողք-կողքի շարված Սուրբ գիրքն ու խաչը հավատացյալին ներկայացնելիս բնական են, տիկնիկի շրջված գլուխն ինձ համար հարց է դառնում: Բեաթեն պատմում է, որ մայրը ծնվել է կաթոլիկ պահպանողական ընտանիքում, ամուսնացել է բողոքական հոր հետ, տարիներ շարունակ ապրել բողոքական հայացքներ դավանելով, բայց հիվանդանալուց ի վեր բողոքական վարքի, ապրած կյանքի նշույլ անգամ չի մտաբերում: Միտքը շրջվել էՙ կաթոլիկ կյանքի դրվագներն է միայն հիշումՙ հին օրերի աղոթքներն է մրմնջում: Երկրորդ արկղում 70- ականներն ենՙ մոր երիտասարդությունը. կարմիր բարձրակրունկ կոշիկ, որն հագնելիս մոր ոտքերն ինքնաբերաբար պարել էին ձգտում, սիրած ձայնապնակ, որի կազմը խտացրել է նաեւ մոր ձեռքերի ամենօրյա հպումը: Երրորդ արկղում ծովն էՙ պլաստիկե ձկներ, կոկոս, խխունջներ, ավազ: Ընտանեկան արձակուրդը հաճախ Միջերկրականի ափին էր, սպասված ու սիրելի. ալիքների կապույտն այժմ խունացած, բայց էլիՙ հիշողություն է, իսկ լողալ կարողանալըՙ աղոտ հիշատակ: Չորրորդ արկղում Բեաթեի մանկությունն է: Խորանարդիկները, տիկնիկի թեյի սպասքը: Մայրը հրաշալի հիշում է այն փոքրիկ աղջկան, որ խաղում էր հենց այս իրերով: Անցյալի Բեաթեն իրական է ավելի, ներկայինըՙ հաճախ անծանոթ: Դեմենցով հիվանդների համար անցյալից որոշ դրվագներ շատ են ներկա: Իրականում ներկան նրանց միակ ժամանակն է, իսկ ապառնի չկա: Դեմենցով հիվանդները կարճատեւ եւ երկարատեւ հիշողության խանգարում ունեն, վերացարկված մտածողության բացակայությունը նկատելի է: Իմ կողքին լողացող հայացքով մի ծերունի ճանաչեց ներսի այդ ճոճվող աշխարհըՙ սա մեր ուղեղն է, ասաց: Ես էլ ժպտացի:

Տեղեկանք - Գերմանիայում նկատելի շատ են ուսուցողական ցուցահանդեսները: Տարիներ առաջ մեծ սուպերմարկետների մուտքի առջեւ պոլիէթիլենը մերժելու, պլաստիկը վերացնելու նպատակով բնապահպանները ցուցադրություն էին կազմակերպել. այնքան տպավորիչ էր, որ ով մտնում էր խանութ, կտորե կամ թղթե տոպրակ էր ընտրում, իսկ երեխաները խոշորացույց աչքերով հսկում էին մեծերին: Արվեստի միջոցներով պատմված տեսողական պատկերը մնայուն հետք է թողնում:

Իմ մտքի ժապավենին ամուր կառչած են Բեաթեիՙ գլխուղեղի ինստալացիան, ներսի տարուբերվող պատկերները: Ես «ներսում» եղա, հիմա դյուրին ու մատչելի է ակադեմիական գիտելիքը: Դեմենցը քրոնիկ օրգանահոգեբանական համախտանիշ է: Այն կարող է պատճառ դառնալ ուղեղի տարբեր հիվանդությունների: Դեմենցը լատիներեն բառեզր է, դե մենց բառացի նշանակում է առանց գիտակցության: Ամենից հաճախ նահանջում է հիշողությունը, մտածելու կարողությունը, խոսքը եւ շարժունակությունը: Դեմենցի ամենից հաճախ հանդիպող ձեւը Ալցհայմեր հիվանդությունն է: Դեմենցը ձեռքբերովի հիվանդություն էՙ թուլամտություն, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերած կայուն գիտելիքների տարբեր չափերի կորուստներով, նոր գիտելիքների ձեռք բերման դժվարացմամբ, ճանաչողական գործառույթի կտրուկ իջեցմամբ: Դեմենցը հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում հատկապես ծերության շրջանում: Պայմանավորված է գլխուղեղի կեղեւի ապաճմամբ, ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում գրեթե 45 միլիոն մարդ տառապում է դեմենցից, կանխատեսվում է, որ 2050- ին նրանց թիվը կհասնի մինչեւ 131, 5 միլիոնի, Գերմանիայումՙ 3 միլիոնի:

Ուսումնասիրությունների համաձայն, ԳԴՀ- ում յուրաքանչյուր երկրորդը երկյուղ ունի, թե դեմենցը սպառնում է իրեն: Բժիշկներն ու հոգեբանները հատուկ պայմաններ են ստեղծում այսպիսի հիվանդների համար: Ցավոք, ինձ չհաջողվեց պարզելՙ Հայաստանում որքա՞ն է դեմենցով հիվանդների թիվը, ընտանիքը խորհրդատվական հենարան ունի՞, բավարար լուսաբանվա՞ծ է այս հիվանդների հետ շփման առանձնահատկությունը: Ինչու ոչՙ արվեստի լեզվով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-07-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ