ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՈՒՆԵՆԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹՇՆԱՄԻ ԹՅՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Մինչ մեր թշնամի հարեւան Ադրբեջանն ամիսը մեկ-երկու անգամ զորավարժություն է անցկացնում` նպատակ ունենալով գրավել Հայաստանն ու ոչնչացնել հայերին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում որոշել են ադրբեջանական ֆիլմ ցուցադրել: Խոսքը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ադրբեջանական ֆիլմի սպասվելիք ցուցադրության մասին է: Դեռ տարիներ առաջ տխրահռչակ ադրբեջանամետներ Լեւոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը որոշել էին Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել, որը բարեբախտաբար չեղարկվեց մեր պատվախնդիր քաղաքացիների շնորհիվ: Այսօր, երբ «հայտնի անհայտը» Տրոյական ձիով մուտք է գործել Հայաստան ու անարգել վագրում է բոլոր ուղղություններով, նեոսաքունցներն ու նեոբարսեղյաններն արդեն ո՛չ թե ցանկանում, այլ որոշել են ադրբեջանական ֆիլմեր ցուցադրել Երեւանում: Պատկերացնո՞ւմ եք, որոշել են: Ովքեր են «Ոսկե ծիրանի» երիտասարդ «ցոգոլները», ովքեր որոշել են, որ կինոփառատոնի ընթացքում պետք է նաեւ ադրբեջանական ֆիլմ ցուցադրվի, ինչ սկզբունքով է տեղի ունեցել այդ որոշումը, ովքեր են եղել որոշումն ընդունողները, արդյոք հակահայկական կառույցներից մեկի հոգեզավակները չե՞ն: Ինչպես միշտ, այս անգամ էլ միակ պատճառաբանությունը «մշակույթն ազգություն չունի» նախադասությունն է: Ես, իհարկե, որոշ վերապահումներով համաձայն եմ այդ մտքի հետ, բայց ո՞ր ազգի մշակույթի մասին է խոսքը, այն, որը իր մեծ եղբայր Թուրքիայից հետ չմնալու տրամադրվածությամբ երեսուն տարի շարունակ ոչնչացրել ու շարունակում է ոչնչացնել հայկական մշակույթը: Որքան էլ որոշ «հանճարեղ գլուխներ» փորձեն դա տեղավորել «մշակութային ազգակցություն» կաղապարի շրջանակներում, միեւնույն է, մեր մշակույթը չի կարող որեւէ ազգակցական կապ ունենալ մշակույթի ահեղ թշնամի թյուրքերի հետ: Այս ամենը շատ վտանգավոր է, սա գաղափարական գրոհ է հայության հանդեպ, որի «շտաբը» Երեւանում է տեղակայված. Ցավոք սրտի պետք է ընդունենք, որ այդ գրոհը կարող է լուրջ հաջողություններ գրանցել: Այս ցուցադրությունը հավանաբար տարեսկզբին մեծ թափով սկիզբ առած «խաղաղության այլընտրանք» քարոզի շարունակությունն է: Ցավում եմ, որ մինչեւ հիմա մեր մտավորականությունն իր բողոքը չի հայտնել թե՛ կինոփառատոնի կազմակերպիչներին, թե՛ կառավարությանը: |