RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 14-06-2019



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2019-06-13 22:33:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 769, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ԱՍՏՂԸՙ ԻՎԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ա. ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ռուսական կինոյի եւ հեռատեսիլի մերօրյա աստղերից Իվան Հովհաննիսյանը այսօր մեծ ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում: Նրա հերոսները դրական են եւ բարի, պաշտպանում են օրենքն ու թույլերին: Ինքըՙ դերասանն ասում է, որ չի սիրում ձեռքին զենք կրել, նախընտրում է երաժշտական գործիքները...

Իվանը ծնվել է Սարատովում, 1973-ին, օպերային երգիչ հայ հոր եւ դաշնակահարուհի ռուս մոր (Ջոնռիդ եւ Լյուդմիլա Հովհաննիսյաններ) ընտանիքում: «Ձեր ազգանունը հայկական է, բայց աչքերը կապույտ են...»,- մի անգամ ասել է մի լրագրող (նրան պիտի որ անծանոթ չլիներ մեկ այլ շատ ավելի ոչ հայկական արտաքինով, սակայն իր հայությունը մշտապես շեշտող Դմիտրի Խառատյանը), որին ի պատասխան դերասանը պատասխանել է. «Այո՛, ես հայ եմ: Հայրս մահացել է, իսկ մայրս ապրում է Իվանովոյի մոտ... Ծնվել եմ Սարատովում, ապրել Բաթումում ու էլի տարբեր տեղեր: Պարզապես մենք երկար ժամանակ տուն չունեինք, ու ձեռք բերած դրամը բավականացրեց միայն Իվանովոյի մոտ բնակարան գնելու համար: Մայրս ավելի հաճախ ինձ տեսնում է հեռուստացույցով, քան իրականում: Հայրսՙ հայ Ջոնռիդ Հովհաննիսյանը (ինչպես հասկանում եք, նրան անվանել են ի պատիվ հայտնի գրողի) երգել է Սարատովի օպերային թատրոնում, որտեղ մայրս կոնցերտմեյստեր էր: Մորիցս ես ժառանգել եմ արտաքինս: Չնայած որ հայրս էլ տիպիկ հայ չէրՙ բաց գույնի մազերով, մոխրագույն աչքերով, շատ գեղեցկատես: Փոխարենն ինձ ուրախացնում է, որ նման արտաքին տվյալներով ես կարողանում եմ խաղալ Իվանովների: Իսկ աշխարհով մեկ շրջելովՙ հասկանում եմ, որ ես աշխարհը հավանաբար ավելի լայն եմ ընկալում, քան նրանք, որոնց երակներով միայն մեկ ազգի արյուն է հոսում: Այնպես որ եկեք... խառնվե՛նք»:

Իվանն ընտանիքի միակ, երկար սպասված երեխան էր: Վաղ մանկուց ունկնդրել է միմիայն դասական երաժշտություն: Բարիտոն Ջոնռիդ Հովհաննիսյանը սկզբում երգել է երգչախմբում, ապա նրան հրավիրել են աշխատելու տարբեր քաղաքներումՙ Բիշկեկ, Բաթում, Մոսկվա, նաեւՙ Երեւան: Այստեղ էլ 11-ամյա Իվանը ակնառու ուսուցիչների մոտ սովորել է թավջութակ նվագել, ապա տեղափոխվելով Մինսկՙ ուսանել եւ ավարտել է Բելառուսական կոնսերվատորիային կից միջնակարգ երաժշտական դպրոցի թավջութակի բաժինը: Այնուհետեւ Իվանը որոշել է հաստատվել Մոսկվայում, որտեղ նախ աշխատել է շինարարությունում, ապա ընդունվել կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը եւ Թատերական արվեստի ռուսական ակադեմիան, որտեղից վերապատրաստման է մեկնել Իտալիա: Վերադառնալով Մոսկվաՙ որպես թավջութակահար աշխատել է Օպերետի թատրոնում, միաժամանակ սովորել Թատերարվեստի ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում: Ուսանող տարիներին Իվան Հովհաննիսյանը մշտապես խնդիրներ է ունեցել փաստաթղթերի հետ, մոր հետ ապօրինի բնակվել է հանրակացարանում: «Ես «կովկասյան ազգության դեմք» եմ, իմ ազգանունը ռուսական չէ: Եվ Մոսկվայում ինձ հաճախ միլիցիոներները կանգնեցնում էին փողոցում: Նաեւ երկար ժամանակ ես փաստաթղթեր չունեիՙ ո՛չ գրանցում, ո՛չ անցաթուղթ: Մենք Վրաստանից մեկնել էինք առանց անձնագրերի»,- հետագայում հիշել է դերասանը:

Որոշ ժամանակ Իսրայելում աշխատելուց հետո Իվան Հովհաննսիյանը վերադարձել է Մոսկվա եւ սկսել աշխատել Ռոման Վիկտյուկի թատրոնում: Հետագայում երաժշտի մասնագիտությունը դերասանականով փոխելն իր կողմից համարել է «անխոհեմ արարք», սակայն մի հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ երբեմն ձեռքն է առնում թավջութակը եւ որ երաժշտությունը միշտ ներկա է իր կյանքում: «Հավանաբար, այն ինձ պաշտպանում է շատ ծանր պահերին: Երբ առնչվում եմ ոչ շատ լավ հեռուստատեսային արտադրանքի հետ, ինձ օգնության է հասնում Չայկովսկու, Շոստակովիչի, Բախի իմ երաժշտական «ուղեբեռը»: Եթե երաժիշտ դառնայի, չեմ կարծում, թե կդիմանայի այդ մասնագիտության ներկայացուցիչների աշխատավարձին: Կարծում եմ, որ դասական երաժշտությունն ավելի հաճախ պիտի հնչի, քանի որ դրա մեջ է մեր փրկությունը...»:

Ի դեպ, 2002 թվականի հոկտեմբերի 23-ին Իվան Հովհաննիսյանը եղել է Դուբրովկայում ցուցադրվող «Նորդ-Օսթ» ներկայացման դերակատարների մեջ եւ մյուս դերասանների ու հանդիսականների հետ երեք օր ու գիշեր մնացել է ահաբեկիչների ձեռքում... Այդ նույն օրը լրանում էր դերասանի դստերՙ Օլեսյայի մեկ տարին, իսկ կինըՙ Աննան, ողջ օրն անց է կացրել շրջափակված շենքի մոտ...

2003-ին Հովհաննիսյանն առաջին անգամ նկարահանվել է կինոյումՙ «Ցանկալի կինը» սերիալում: Ընդհանուր առմամբ հեռուստակինոյում նա կատարել է մոտ հիսուն դերՙ արագ արժանանալով լայն ճանաչման, հատկապեսՙ կին հանդիսատեսների շրջանում: Գեղեցիկ դիմագծերով եւ ինտելեկտուալ արտաքինով այս դերասանի մասնակցությամբ ստեղծված բազմասերիանոց հեռուստաֆիլմերից ենՙ «Փրկել եւ ողջ մնալ» (2003), «Պերսոնա նոն գրատա» (2005), «Կարապի դրախտ» (2005), «Ձյունե թագուհին» (2006), «Օրենք եւ կարգուկանոն» (2007), «Կրեմ» (2008), «Հավասարում բոլոր հայտնիներով» (2008), «Միայնության կնիքը» (2008) եւ այլնՙ ամենից հաճախ կատարելով զինվորականների եւ ոստիկանների դերեր (միայն «Ծուղակը» սերիալումՙ հմայիչ մի ավազակի), թեեւ կյանքում երբեք ո՛չ կռվել է, ո՛չ էլ զբաղվել սպորտով: Դերասանը սիրված է նաեւ Ուկրաինայում, որտեղ նա ապրել էր պատանեկության տարիներին, նկարահանվել «Հոտոտողը» եւ այլ հեռուստասերիալներում եւ որտեղից է նրա երկրորդ կինը: Իսկ առհասարակ, Իվան Հովհաննիսյանն ապրում է երեք քաղաքներումՙ Մոսկվա, Կիեւ եւ Ռիգա: Լատվիայի մայրաքաղաքում Հովհաննսիյանի կինըՙ ուկրաինուհի Լենան հայտնի է որպես վարպետ վարսահարդար: Նրանք ապրում են մի մեծ տանըՙ իրենց երկվորյակ դստրիկների եւ Լենայիՙ առաջին ամուսնությունից ծնված երկու դուստրերի ու նաեւ շատ հազվագյուտ ակիտա-ինու ցեղատեսակի շան հետ...

Իսկ Հայաստան երկիրը, որտեղ մի ժամանակ ապրել է այսօր մեծ ժողովրդականություն վայելող ռուսական դերասանը, բացակայում է վերջինիս կյանքում: Եվ վերջում մեզ թույլ կտանք ենթադրել, որ եթե տարիներ առաջ Ջոնռիդ Հովհաննիսյանը կապվեր իր հայրենիքին, մնար Հայաստանում եւ հետեւողական լիներ որդու երաժշտական կրթության մեջ, թերեւս մենք այսօր ունենայինք Իվան Հովհաննիսյան անունով թավջութակահար...

Ավելացնենք, որ դերասանի ավագ դուստրըՙ 18-ամյա Օլեսյա Հովհաննիսյանը, Իվանի մոր հետ բնակվում է Լոնդոնում եւ վաղ տարիքից գրում է անգլերեն բանաստեղծություններ: Դեռեւս տասնմեկ տարեկան է եղել, երբ Երկրորդ աշխարհամարտի մասին նրա գրած բանաստեղծությունն ընդգրկվել է «Պատանի անգլիացի բանաստեղծներ» ալմանախում: Այս առթիվ Իվան Հովհաննիսյանն ասել է. «Ահա այսպես ես դարձա անգլիական բանաստեղծի հայր»...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ