RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019



ՊԱՅՔԱՐ

Տեղադրվել է` 2019-05-09 00:08:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 537, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՋՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԱՐՑՆ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

Նաիր ՅԱՆ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դարձյալ անհանգիստ են: Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ թատրոնի արտիստները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի փաստարկների դեմ հակափաստարկներ էր պահանջել իրենցից: Արտիստներն էլ թատրոնի իրավաբանի օգնությամբ հակափաստարկները գրավոր կերպով ներկայացրել են վարչապետին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ եթե Նազենի Ղարիբյանիՙ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու փաստարկներից թեկուզ մեկը սխալ լինի, նրան պաշտոնից հեռացնելու է: Իսկ այդ ընթացքում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը:

Օպերային թատրոնում վերջապես բացահայտ հայտարարեցին, թե ում բողոքների հիման վրա է Նազենի Ղարիբյանը Կոսնստանտին Օրբելյանին ազատել աշխատանքից: Նա օպերային թատրոնի նախկին իրավաբան Քրիստինե Նաղդալյանն է, որին չարաշահումների համար Օրբելյանը 2017 թվականին ազատել է աշխատանքից: Քրիստինե Նաղդալյանի ամուսինը մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: «Պարզ ու հստակ է, որ այստեղ շահերի բախում կա: Քրիստինե Նաղդալյանը նաեւ օգտվել է այն հանգամանքից, որ իր ամուսինը մշակույթի նախարարության պաշտոնյաներից է եւ արշավ է սկսել Օրբելյանի դեմ, թե իբր նա երեք պաշտոն է զբաղեցնում: Օրենք կա, թուղթ ու թանաքով գրված է, որ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական պաշտոն է: Բացի այդՙ պատճառաբանվում է, թե Օրբելյանին նշանակել են նախորդ իշխանությունների օրոք ընդունված օրենքի համաձայն, ու նրա հետ երեք տարվա պայմանագիր է կնքվել, որի ժամկետի լրանալուն դեռ մեկ տարի կա: Հիմա ասում ենՙ մենք նախորդ իշխանությունների իրավահաջորդը չենք, նրանց արածը ջնջում ենք: Ուրեմն նույն տրամաբանությամբ ասենք, որ մեր երկրի արտաքին պարտքից հրաժարվում ենք, որովհետեւ այդ պարտքը նախորդ իշխանությունների ժամանա՞կ է կուտակվել: Այդպես կլինի՞», վրդովվեցին արտիստները:

Նիկոլ Փաշինյանին, ըստ արտիստների, մոլորության մեջ են գցել: Նազենի Ղարիբյանը նրա առաջ է դրել եւս մի կեղծ փաստարկ, թե իբր օպերային թատրոնը 92 միլիոն դրամի պարտք է կուտակել, բայց Ղարիբյանը չի նշել, որ այդ պարտքը գոյացել է 2014-16 թվականներին, երբ անգամ շշուկներ չկային, թե Օրբելյանն օպերային թատրոն է գալու: 2017-իցՙ մաեստրոյի պաշտոնավարարումից սկսած, թատրոնը ոչ մի լումա պարտք չի ունեցել, այստեղ անգամ ներդրումներ են արվել:

Կարինե Կիրակոսյանը կարող է տնօրենի պաշտոնը զբաղեցնել մինչեւ 6 ամիս ժամկետով: Կոնստանտին Օրբելյանը նրա պաշտոնավարմանը դեմ չէ, բայց սա հարցի լուծում չէ: Հանրության շրջանում անհանգստության նշաններ են երեւումՙ վերջն Օրբելյանի հարցն ի՞նչ եղավ: Այդ հարցը, բայց ոչ հռետորական, մտահոգում է նաեւ օպերային թատրոնինՙ վերջն Օրբելյանի հարցն ի՞նչ է լինելու: Վերին հարթակներում լռում են, հարցը քնեցրել են: Պայմանավորվածության համաձայնՙ հակափաստարկները ներկայացվել են Նիկոլ Փաշինյանին, բայց արձագանքն ինչո՞ւ է ուշանում:

Թատրոնում վարչապետի դրության մեջ մտնում ենՙ տեսնում են, լրահոսին հետեւում են, խիստ զբաղված է, աշխատանքային խիտ գրաֆիկով է աշխատում, բայց իրենց հարցն էլ է կարեւոր, չէ՞: Գոնե իմանան, որ վարչապետն իրենց գրավոր փաստարկները կարդացել է, հետաքրքրվել, ուսումնասիրել, ճիշտ ուղու վրա է: Կառավարությունից ոչ մի պատասխան իրենց չի տրվել: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը նամակ է ուղղել վարչապետինՙ խնդրելով հանդիպել իրենց հետ ու անդրադառնալ Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու հարցին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ