RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-04 22:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 999, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU Insider-ից)

Հավատքն է ներշնչում վիրտուոզ դաշնակահարուհի Նարե Արղամանյանին

«Բոլոր գլխավոր իրադարձություններից (մրցույթ, համերգ, CD-ի թողարկում) առաջ ես միշտ այցելում եմ Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցին քահանայի օրհնությունը ստանալու համար: Եկեղեցում ես խորը կապ եմ զգում իմ արմարտների, Աստծո եւ իմ մշակույթի հետ: Հարազատ այդ վայրում աստվածային հաղորդությունը պատում է իմ սիրտն ու միտքը, եւ ես հաղորդակցվում եմ Աստծո հետ», խոստովանում է Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանի ամենաերիտասարդ ուսանողուհի, միջազգային մակարդակի վիրտուոզ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, որի մասին հոդվածը AGBU Insider հանդեսից թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:


1988-ի ավերիչ երկարշարժից հետո մոտ մեկ ամիս շարունակվում էին երկրակեղեւի ցնցումները: Այդ ցնցումներից մեկի ժամանակ էր, որ Վանաձորի հիվանդանոցներից մեկում բժիշկներն ու բուժքույրերը տագնապահար դուրս վազեցին իրենց կյանքը փրկելու համար, պատուհանի գոգին մեքենայաբար թողնելով նորածին մի մանկան, որին հայտնաբերելու էին ժամեր անց: Ապակու բեկորներով ծածկված աղջիկը մինչեւ ոսկորները սառել էր զրոյից ցածր աստիճանի տակ գտնվելով: Բժիշկները հույս չունեին, որ աղջիկը կապրի: Ծնողները, սակայն, հեշտությամբ չհամաձայնվեցին այդ մտքի հետ ու խոտաբույսերի եւ մերսումների միջոցով կարողացան որոշ ժամանակ անց կյանք պարգեւել նրան: Աղջիկը մեծացավ դառնալու համար միջազգային մակարդակի համերգային դաշնակահարուհի Նարե Արղամանյանը:

Այսօր Նարեն երախտագիտությամբ Աստծուն է պարտական, որ ողջ մնաց եւ առողջ մեծացավ: Բայց անշուշտ երկրաշարժի հետեւանքները մեծապես ազդեցին նրան: Վանաձորը շուտ չվերականգվեց: Բավական երկար ժամանակ ջուր եւ էլեկտրականություն չկար քաղաքում, իսկ դա նշանակում էր, որ դաշնամուրի հետ ծանոթությունը պետք է կայանար մոմի լույսի ներքո: «Չորս տարեկան էի, որ մայրս դաշնամուրի առաջ նստեցրեց ինձ ու ասաց, որ կարող էի խաղալ այդ նոր խաղալիքի հետ: Մայրս երաժշտության սիրահար էր եւ երաժշտական դպրոց էր ավարտել: Գործիքի ամենատարբեր հնչյունները անմիջապես հմայեցին ինձ եւ այնքան տարվեցի դրանցով, որ ժամերով չէի ցանկանում վեր կենալ տեղիցս: Մայրս ստիպված էր մեկ մոմը մյուսով փոխարինել», հիշում է Նարեն, որ արդեն վեց տարեկանում իր առաջին մենահամերգը տվեց Շոպենի եւ Լիստի նման դասական վարպետների ստեղծագործությունները նվագելով: Յոթ տարեկանում ընդունվեց Տաղանդավոր երեխաների Չայկովսկու անվան երաժշտական կրթօջախը: Նույն տարվա ընթացքում նա իր առաջին քայլերը կատարեց Հայաստանի սահմաններից դուրս, արտասահմանում (այդ ժամանակվա Հարավսլավիայում) մասնակցելով միջազգային մրցույթի, որից քիչ անց նա մեկնեց նաեւ Միացյալ Նահանգներՙ համերգ տալու: 2000 թվականին, երբ տասնմեկ տարեկան էր, նրան հրավիրեցին մասնակցելու Սոլտ Լեյկ Սիտիի Ջինա Բաքաուերի անվան դաշնամուրի միջազգային մրցույթին: Բայց նախքան այնտեղ հասնելը, Նյու Յորքում Արտեմիս Նազարյանն (արհեստավարժ դաշնակահարուհի) ու դուստրըՙ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Արտա Հարությունյանը մենահամերգ կազմակերպեցին նրա համար: «Դա առիթ հանդիսացավ, որ հանդիսատեսի առաջ ելույթ ունենամ եւ պատրաստվեմ մրցույթին, որի հաղթողը դարձա», նշում է Նարեն, ավելացնելով. «Ես միշտ երախտապարտ կլինեմ նրանց այդ մենահամերգի, հետագայում այլ մենահամերգներ կազմակերպելու եւ ինձ ՀԲԸՄ-ի կրթաթոշակին արժանացնելու համար»:

Միջազգային երաժշտության բնագավառում ամենամեծ հարթակը նա նվաճեց 2004-ին, երբ ընդունվեց Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանը: Այդ ժամանակ նա 15 տարեկան էր եւ դարձավ համալսարանի եւ իր դասարանի պատմության մեջ ամենաերիտասարդ ուսանողուհին: Նա արդարացրեց ՀԲԸՄ-ի հույսերը եւ գերազանց սովորեց, միաժամանակ փորձելով բացահայտել վիեննական մշակույթը: «Ես իսկապես սիրեցի քաղաքի երաժշտականությունը: Իր հարուստ պատմությամբ եւ մշակույթով, ինչպես նաեւ մագնիսական գեղեցիկ մթնոլորտվ Վիեննան մշտապես եղել է ներշնչման աղբյուրը երաժիշտների եւ երգահանների համար»:

Ուսումնառությունը 2008-ին ավարտելուց հետո Նարեն մշտական բնակություն հաստատեց Վիեննայում, շարունակելով մենահամերգների եւ մրցույթների համար շրջագայել Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի գլխավոր քաղաքներում: Նա պահանջված դաշնակահարուհի է, ունի համերգային լայն ծրագիր եւ տարեկան ավելի քան 60 համերգ է տալիս: «Դաշնակահարի կյանքը ահավոր ծանր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ զգացմունքային առումներով, եւ կենսունակություն ու տոկունություն է պահանջում: Ես շատ եմ ճանապարհորդում եւ ունեմ շարունակական, պայմանագրային ծրագրեր: Ես պետք է հնարավորինս շուտ կարողանամ հարմարվել նոր միջավայրին, որպեսզի տարբեր վայրերում լավագույնս կարողանամ դրսեւորել ինձ: Միշտ փորձում եմ ներքին խաղաղությունն ու ներդաշնակությունը պահպանել իմ մեջ, որպեսզի հաղթահարեմ անկանխատեսելի դժվարությունները:

Բայց այդ բոլորն արժեն, որովհետեւ ձեռք բերված փորձառությունը քեզ հնարավորություն է տալիս ինքնաբացահայտման եւ ինքնազարգացման», բացատրում է Նարեն:

Քրիստոնեական հավատը մեծ նշանակություն ունի Արղամանյանի համար: Նա իր տաղանդը աստվածատուր պարգեւ է համարում եւ աղոթքը, նախքան բեմ բարձրանալը, որպես երախտագիտություն պարտադիր մասն է կազմում նախապատրաստական «ծիսակատարության»: Հոգեւոր այս կապը բնականորեն նրան առաջնորդել է դեպի այնպիսի կոմպոզիտորների, որոնք իրենք էլ են զգացել բարդ ու խճճված կապը կրոնի եւ արվեստի միջեւ: Նրա նախասիրած կոմպոզիտորներն են այսպես կոչված «երեք Բ-երը»ՙ Բախ, Բեթհովեն, Բրամս, որոնց, իր իսկ խոստովանությամբ, միշտ նվիրված կլինի: «Բախը կամուրջ ստեղծեց մարդկության եւ Աստծո միջեւ եւ երկնայինը միացրեց երկրայինին: Բեթհովենը խորապես կրոնական էր երաժշտության միջոցով տիեզերքի բնական կարգն ու կանոնը բացահայտելու իր փորձերում: Բրամսը ցույց է տալիս, որ ամեն ինչ փոխկապակցված է»:

Երաժշտության այլաշխարհային լինելու հանգամանքը մեր ժամանակների դասական երաժշտության ունկնդրման պահանջների հետ համաձայնեցնելու խնդիրը, այնուամենայնիվ, ըստ նրա, լուրջ մարտահրավեր է մեր օրերի երաժիշտների եւ անձամբ իր համար: Սոցմիջավայրի զարգացումը որակականի փոխարեն քանակական հատկանիշներ է պահանջում մեր ժամանակներում: Համացանցային մշակույթը երաժշտությունը մատուցողի որակական հատկանիշներից բացի ուշադրություն է դարձնում նաեւ նրա անձնական տվյալներին: Եթե անցյալում միայն որակի առկայությամբ կարող էիր բարձունքներ գրավել, այժմ դրան զուգահեռ պարտավոր ես զարգացնել հասարակական հարաբերություններդ, կապեր հաստատել երաժշտական լավ գործակալությունների հետ, այլ խոսքերովՙ սոցիալական ակտիվ կյանքով ապրել եւ անձնական շփումներ ապահովել հաջողության հասնելու համար: Արղամանյանն ամեն մի նոր կատարում ու ելույթ մի նոր ճանապարհորդություն է համարում, որին բծախնդրությամբ պատրաստվում է: «Չեմ կարող նվագել մի ստեղծագործություն, որն իմ սրտովը չէ: Ես պետք է զգամ կոմպոզիցիայի, երաժշտական երկի կառուցվածքը, սպեկտրը, իմաստն ու բոլոր նրբերանգները, որպեսզի կարողանամ ունկնդրին տեղափոխել կոմպոզիտորի աշխարհը, օգնելով նրան մոռանալ առօրյա հոգսերն ու ցավերը: Որպես երաժշտությանը ծառայող անձնավորության իմ առաքելությունը հրաշքներ գործելն է: Ես սիրում եմ իմ աշխատանքը», անկեղծանում է Նարե Արղամանյանը:

Անկոտրում կամք եւ հարատեւ հաջողություններ երիտասարդ դաշնակահարուհուն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ