RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



ԱՆԱՉԱՌ ԴՐՎԱԳՆԵՐ

Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 320, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԱՐՊԵՏԻՍ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ...»

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Պրոֆեսոր Լեւոն Բադալյանը, որ Մոսկվայում բնակվող հայ ամենաճանաչված եւ անվանի բժիշկներից մեկն էր, երկար ժամանակ չէր ամուսնանում: Իմ հարցին, թե ինչու՞ է այդպես, նա ասում էր. «Այնքան շատ են լավերը, որ դժվարանում եմ մեկին ընտրեմ, մեկը մյուսից լավն են: Ենթադրենք սիրահարվեցի, բայց արի ու տես մեկ ամիս անց էլի եմ սիրահարվում, չեմ կարողանում վերջակետը դնել: Սա շատ դժվար հարց է: Այդ դու երեխա, երեխա ամուսնացել ես, իսկ ես դեռ պիտի իմ ընտրությունը կատարեմ»:

Դա 1970-ական թվականների սկզբներին էր, մենք հաճախ էինք հանդիպում: Ապրում էինք նույն թաղամասում, հաճախ իրար հյուր էինք գնում: Շատ էր սիրում Իսահակյանին, ասում էր. «Նա այն եզակի մեծ մարդկանցից էր, որ հորսՙ Հովհաննես Բադալյանի ձերբակալությունից հետո չդադարեց մեր տուն գալ: Մայրս մնացել էր միայնակ երեք անչափահաս երեխաների հետ: Կգար, մորս կողքին երկար կնստեր, կզրուցեր, կփորձեր սատար լինել մեր ընտանիքին հասած վշտերին»:

Չեմ թաքցնի, երեւի Վարպետի հանդեպ տածած սիրուց, ինձ էլ էր բաժին ընկել Լեւոն Հովհաննեսովիչից, ինչպես եւ նրա հրաշալի եղբայր Գուրգենից ու քրոջիցՙ Սերիկից:

Բադալյանը հաճախ էր հետաքրքրվում, թե ինչ ձեռագրեր, անտիպ գործեր են մնացել Վարպետից, գիտեր որ ես զբաղվում եմ նրա գրական ժառանգությամբ եւ գիտեր, որ ես Ռուսաստանի նշանավոր համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ եմ: Նա հարցնում էրՙ արդյոք կարո՞ղ է չտպագրված վեպ կամ պոեմ մնացած լինի Վարպետի ձեռագրերի աշխարհում: Լսելով իմ դրական պատասխանը, որ կա մի սքանչելի վեպՙ «Ուստա Կարոն»ՙ երկու տարբերակով, առաջինն ավարտված եւ երկրորդը բանաստեղծը շարունակում էր մինչեւ իր կյանքի վերջը գրել: Որ կա, կարելի է հավաքել մի զարմանալի, ծավալուն հավաքածու բանաստեղծի աֆորիզմների: Ի դեպ, մի ժանր, որ հազվագյուտ է պատահում մեր հայ հեղինակների մոտ: Ես ասացի, որ իմ գործի հիմնական նպատակներից է Իսահակյանի անտիպ ստեղծագործությունները տպագրելը եւ ապագայում ձեռնամուխ լինել նրա երկերի լիակատար ակադեմիականի ստեղծումը:

Բադալյանն ինձ խնդրեց արտասանել մի քանի նմուշ Վարպետի աֆորիզմներից: Լավ իմանալով նրա նախասիրությունները գեղեցիկ սեռի հանդեպՙ ես արտասանեցի մի քանիսը.

* Աշխարհի ամենագեղեցիկ բանը մոր աչքերն են:

* Ինչ անապատում մի դույլ ջուր լցնես, ինչ կնոջ գլխին քարոզ կարդաս:

* Աշխարհի բոլոր կանայք մի մարդու համար քիչ են, իսկ մեկը շատ է...

Այս վերջինը Բադալյանը շատ հավանեց եւ հաճախ էր խնդրում, որ ես այն իրեն հիշեցնեմ. «Ինչպե՞ս էր ասել Վարպետը...»:

1973 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձա Երեւան, իսկ 1975 թվականին Բադալյանն ամուսնացավ Նատալյա անունով մի գեղեցիկ ռուս կնոջ հետ, իսկական «ռուսական գեղեցկուհի», անգլերեն լեզվի փայլուն մասնագետ, որն այդ շրջանում աշխատում էր ՍՍՀՄ դեսպանությունում Լոնդոնում: Բարձրահասակ, ժպտադեմ ու մարդամոտ կին էր: Բնականաբար մենք Բադալյանի հետ արդեն քիչ էինք հանդիպում. նաՙ Մոսկվայում, եսՙ Երեւանում:

1995 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի գրողների միության եւ անձնապես Սերգեյ Միխալկովի աջակցությամբ որոշվեց Գրողների միության տան մեծ դահլիճում հանդիսավոր կերպով նշել Ավետիք Իսահակյանի ծննդյան 120-ամյակը, այդ գործին իր մասնակցությունը բերեց նաեւ Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը: Հոբելյանական նիստին գլխավոր խոսքը պիտի ասեր Միխալկովը, ելույթ պիտի ունենային ամենայն հայտնի բանաստեղծներ Բելլա Ախմադուլինան, Վլադիմիր Սոկոլովը, Յաննա Մորիսը, որոնք պիտի ընթերցեին իրենց թարգմանություններն Իսահակյանից: Հյուր էր հրավիրված կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովը, որը մի ամբողջ վոկալ շարք էր գրել Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա: Եվ անցնելով առաջ ասեմ, որ այդ երգերը հիանալի կատարեց ժողովրդական դերասան Ալեքսանդր Վեդերնիկովը:

Ես մոսկովյան իմ ծանոթներին սկսեցի հրավիրատոմսեր ուղարկել, հիմնականում դրանք Մոսկվայում ապրող հայտնի հայեր էինՙ ակադեմիկոս Լեւոն Փիրուզյան, գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյան, Վիկտոր Ակոպով, գիտության դոկտորներ, բժիշկներ, Գագիկ Ավագյան, Կարեն Երզնկյան, ակնաբույժ Անժելով, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյան եւ իհարկեՙ պրոֆեսոր, Մոսկվայի գլխավոր նյարդաբան Լեւոն Բադալյանը:

Շատ եւ շատ էին հյուրերը, հյուրերի մի մասին ես պետք է հրավիրատոմս տայի տեղումՙ հանդերձարան-ֆոյեում: Իջել եմ ներքեւ, դիմավորում եմ բազմաթիվ հյուրերին: Եկողների մեծ մասը հայեր էին, բայց եւ կային ռուս մեծ գրողներ: Եվ ահա գալիս է Լեւոն Բադալյանը իր տիկնոջ հետ: Ես նրանց ամենաքիչը հինգ տարի չէի տեսել: Տիկին Նատալյան կարծես ավելի էր գեղեցկացել, իսկական բոյարինյաՙ երկար մորթե մուշտակով, շքեղ հագնված: Երբ մուշտակը հանեցՙ կարծես ավելի ընդգծվեց նրա կանացի թովչանքը, խորունկ հայացքը եւ տիրուհուն վայել պահվածքը...

Մինչ դահլիճ մտնելը Լեւոն Հովհաննեսովիչը ասաց. «Մոտենանք բուֆետին եւ մի-մի բաժակ կոնյակ խմենք Վարպետի հիշատակին»: Մեզ միացան նաեւ Սաբիր Ստեփանյանը եւ կինոբեմադրիչ Ներսիկ Հովհաննիսյանը: Բոլորս ոտքի վրա բաժակները բարձրացրինք Վարպետի համար: Այդ պահին Լեւոն Հովհաննեսսովիչը կամաց շշնջաց ականջիս - Մի ասա՛, Ավիկ ջան, ի՞նչ էր ասել Վարպետը կանանց մասին, դու այդ խոսքերը ինձ ասել էիր, երբ ես դեռ ամուսնացած չէի»: Ես իսկույն մտաբերեցիՙ «Աշխարհի բոլոր կանայք մի մարդու համար քիչ են, իսկ մեկը շատ է»:

- Հիմա այս աֆորիզմը նոր ինձ հասկանալի դարձավ, երբ ամուսնացած չէիՙ ինձ թվում էր, որ Վարպետն ինչ-որ մի տեղ ճիշտ չէ, բայց հիմա հասկանում եմ, որքա՜ն նա իմաստուն էր. Վարպետիս ցավը տանեմ:

Եվ մենք բոլորս, հայկական կոնյակը ճաշակած, ուղղվեցինք դեպի դահլիճ...

2019 թ. Երեւան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ