RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 370, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՓԱՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒՅԹ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ.

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայր եւ որդի Ամիրխանյանները

Մեր ժողովուրդի մեջ, հիրավի, քիչ չեն լայն աշխարհագրական ընդգրկմամբ թափառական կյանք վարած, տարբեր մշակույթներ յուրացրած եւ դրանց նպաստած, զանազան ժողովուրդների մեջ գործած ու ամենատարբեր լեզուներով արտահայտված անձինք...

Այս առումով հատկանշական օրինակ են հայր եւ որդի Ամիրխանյանները: Լինելով հայ միջավայրի ծնունդՙ կյանքը նրանց, սակայն, նետել է տարբեր հորիզոններ, լեզվամշակութային տարբեր միջավայրեր, այդ իսկ պատճառով նրանց անուններն այնքան էլ հայտնի չեն մեր ժողովրդին...

Հայրը

Աբրահամ Ամիրխանյանը (Բեկ-Ամիրխանյանց, 1838, Շուշի - 1913, Վառնա) բողոքական քարոզիչ էր, արեւելագետ, աստվածաբան եւ թարգմանիչ, հայտնի որպես Աստվածաշնչի թարգմանիչ արեւելահայերեն եւ թյուրքական լեզուներով: Նրա հորըՙ Հարություն Ամիրխանյանին, մանուկ հասակում ռուս-պարսկական պատերազմներից մեկի ժամանակ Իրանի պետական եւ ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ Աբբաս Միրզան գերեվարել էր Պարսկաստան եւ իսլամացրելՙ տալով Միրզա Ֆարրուխ անունը: Իրանում նա զբաղեցրել է պաշտոններ, սակայն Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո ազատվել է գերությունից, վերադարձել Շուշի, վերամկրտվել քրիստոնյա եւ ամուսնացել հայուհի Շողակաթի հետ: Հարություն Ամիրխանյանը ողջ կյանքը որպես սարկավագ ծառայել է հայ եկեղեցում եւ ուսուցիչ է աշխատել Շուշիի սեմինարիայում: Նրա անունը հիշել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքություններ» աշխատության մեջ. «Միրզա-Ֆարրուխ Ամիրխանյանց, ղարաբաղցի, նախ Ֆաթալի-խանի մոտ, իսկ հետո Մահմեդ-շահի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում (որդին այժմ հայ-բողոքականների քարոզիչ է Թիֆլիսում)» :

Հարություն Ամիրխանյանն իր Աբրահամ որդուն ուսման է տվել Շուշիում հաստատված շվեյցարացի բողոքական քարոզիչ Զարեմբայի եւ նրա գործընկերների մոտ: Աբրահամը մանկուց աչքի է ընկել լեզուների իմացությամբՙ կատարելապես տիրապետելով գրաբարին եւ աշխարհաբարին, ռուսերենին, հետագայում նաեւ արեւելյան լեզուների (թյուրքական լեզուներ, պարսկերեն, արաբերեն): Նրան կրթության են ուղարկել Բազելի (Շվեյցարիա) աստվածաբանական գիմնազիա, որտեղ Աբրահամը սերտել է եբրայերեն, հին հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, (հետագայում նաեւ` շվեդերեն եւ բուլղարերեն) ուսանել աստվածաբանություն, փիլիսոփայություն, մանկավարժություն... 1865-ին ավարտելով ուսումըՙ ձեռնադրվել է լյութերական եկեղեցում եւ որպես քարոզիչ մեկնել է Կ.Պոլիս, աշխատել Խասգյուղի Շահնազարյան վարժարանում որպես աշխարհագրության եւ բնագիտության ուսուցիչ: Ամուսնացել է պոլսահայուհու հետ եւ նրա ու մանկահասակ որդու հետ վերադարձել է իր ծննդավայր Շուշի: Այստեղ բացել է բողոքական դպրոց, սակայն տեղի հոգեւորականության հետ ունեցած հակադրությունների պատճառով դպրոցը շուտով փակվել է: 1879-ին Պետերբուրգում Ամիրխանյանի կատարած գերմաներեն թարգմանությամբ լույս է տեսել Գրիգոր Արծրունու «Թյուրքաց հայերի տնտեսական դրությունը» աշխատությունը: 1885-ին Շուշիում սկսվել է մի աղմկոտ դատավարությունՙ հայ առաքելականների եւ բողոքականների միջեւ սկսված հակամարտության առիթով: Հավանաբար նաեւ այս պատճառով Ամիրխանյանը ստիպված է եղել լքել հայրենի քաղաքը եւ տեղափոխվել Թավրիզ: Տեսնելով, որ հայրենակիցները անմասն են մնում Աստվածաշնչինՙ գլխավորապես լեզվական խոչընդոտի պատճառով, այստեղ նա ձեռնամուխ է եղել Սուրբ Գրքի թարգմանությանը եբրայերեն եւ հունարեն բնագրերից աշխարհաբարի: Աշխատանքը նա շարունակել է 1881-ին Թիֆլիս տեղափոխվելուց հետո, որտեղ էլ նրա թարգմանությունը հրատարակել է Բիբլիական ընկերությունը:

Թիֆլիսի Ելիզավետսկայա փողոցի իր տանը Աբրահամ Ամիրխանյանցը հանդիպումներ է կազմակերպել օտարազգի բողոքական քարոզիչների հետՙ «շահելով» հայ պահպանողական մամուլի եւ բազմաթիվ առաքելական հայրենակիցների հալածանքը: Նրա քարոզչությունը բապտիստների եւ ռուս աղանդավորների մեջ անհանգստացրել է ցարական կառավարությանը, ուստիեւ 1888-ի գարնանը նրան ձերբակալել են եւ աքսորել Սիբիր: Օրենբուրգում Ամիրխանյանին հանդիպել է շվեդ բողոքական քարոզիչ Լարս Էրիք Հոգբերգը եւ հետագայում գրել նրա մասին իր հուշերում: Մեկ տարի անց մի խումբ անվանի պրոֆեսորների եւ ակադեմիականների միջնորդությամբ Ամիրխանյաններն ազատվել են աքսորից եւ հաստատվել են Հելսինկիում: Պատվելի Աբրահամը սկսել է քարոզել քաղաքի ամենամեծ բողոքական եկեղեցիներից մեկում, աշխատակցել Թիֆլիսի «Մշակին» եւ Ֆինլանդիայում հրատարակվող «Էվանգելիսկ քրիստենդոմ» շվեդերեն պարբերականին: 1889-ին Ստոկհոլմում նա մասնակցել է արեւելագետների համաժողովինՙ զեկուցում կարդալով թուրքական չաղաթայի լեզվի մասին, իսկ 1893-ին Ամիրխանյանցը Հելսինկիի Աշխարհագրական ընկերակցությունում կարդացել է դասախոսություն Հայաստանի մասին: 1894-1903 թթ. Հելսինկիում Ամիրխանյանը հրատարակել է վեց շվեդերեն եւ մեկ գերմաներեն գրքույկ Հայաստանի, քրիստոնեության եւ մահմեդականների մեջ քարոզչական գործունեության վերաբերյալ : Խստաշունչ կլիմա ունեցող Ֆինլանդիայում նրա առողջությունը խիստ վատացել է, երեք անգամ ենթարկվել է վիրահատության: Սակայն երբ Ամիրխանյանն առել է համիդյան կոտորածների լուրը, մոռացել է սեփական ցավերն ու հայրենակիցներից կրած վիրավորանքները եւ մեկնել է Գերմանիա, որտեղ մնալով 3-4 ամիսՙ շրջել է երկրում, պատմել հայությանը բաժին հասած աղետների մասին եւ հանգանակություն կատարել փրկվածների համար: Արդյունքում հայատյաց Բիսմարկի հայրենիքում ստեղծվել են մի քանի հայանպաստ ընկերություններ...

Ավելի արդյունավետ գործելու համար Ամիրխանյանին խորհուրդ են տվել տեղափոխվել Բուլղարիա, որտեղ հասել էին ջարդերից ճողոպրած եւ փողոցները լցված, բախտի քմահաճույքին մատնված հազարավոր գաղթականներ... Այդպիսով, 1896-ին Ամիրխանյանները հաստատվել են Վառնայում, որտեղ պատվելին հայ փախստականների համար բացել է արհեստանոց, որբանոց եւ գիշերօթիկ դպրոց: Հազարավոր հայեր նյութական, բարոյական եւ հոգեւոր կործանումից փրկվել են այդ գործնական մարդասերի ներդրած հսկայական ջանքերի շնորհիվ...

Գաղթականների կյանքը թեթեւացնելովՙ պատվելի Ամիրխանյանը վերադարձել է քարոզչական եւ գրական գործունեությանը, հայերի եւ հայկական հարցի մասին հոդվածներով աշխատակցել հայ, բուլղարական եւ գերմանական մամուլին: 1897-ին Ցյուրիխում գերմաներեն հրատարակել է «Աստծո բոլոր զավակների միությունը կամ Քրիստոսի սիրո միասնությունը» գրքույկը: 1906-ին Աբրահամ Ամիրխանյանը վերադարձել է Ֆինլանդիա, բանախոսել արեւելյան հարցի մասին: 1909-ին եւ 1910-ին Վառնայում նրա հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Ղուրանը, որը մամուլում բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանը: Հրատարակել է հայերեն գրքույկներ, «Ղուրանը եւ չորս Ավետարանները», «Բաղդատություն Հիսուսի եւ Մուհամմեդի միջեւ» (Վառնա, 1909) եւ այլ թուրքերեն գրքույկներ, «Բարեկամ» թուրքերեն թերթը քրիստոնեության մասին: Եբրայերեն բնագրից Մատթեոսի Ավետարանը թարգմանել է թուրքմեներեն (1884), կումիկերեն (1888), Աստվածաշունչըՙ ուզբեկերեն (1891) եւ Կովկասի թաթարերեն («ադրբեջաներեն», 1892): Աթաթյուրքի որոշումից 15 տարի առաջ, 1910-ին ստեղծել է լատինատառ թուրքերեն այբուբեն...

Ուշագրավ է նաեւ, որ Ամիրխանյանը, նոր հաստատված լինելով Վառնայում, բուլղարական հնագիտության հիմնադիրներ Շկորպիլ եղբայրների ուշադրությունը հրավիրել է Բուլղարիայի հյուսիս-արեւելքում գտնվող Մադարական հեծյալ կոչվող վաղ միջնադարյան ժայռաքանդակիՙ միջնադարյան Բուլղարիայի պատմության համար ունեցած կարեւորության վրա...

Որդին

Նաթան Ամիրխանյանը (1872, Կ. Պոլիս - 1949, Սոֆիա) երգահան ու խմբավար էր, բուլղարական սիմֆոնիկ երաժշտության ռահվիրաներից: Նա իր երաժշտական ձիրքերը ժառանգել էր գեղեցիկ ձայնով օժտված մորից: Արդեն ութ տարեկանում Թիֆլիսի լյութերական եկեղեցում փոխարինել է հիվանդացած երգեհոնահարին: Միջնակարգ կրթությունը Նաթանն ստացել է տարբեր քաղաքներումՙ Թիֆլիսում, Թավրիզում, Մոսկվայի Պյոտր-Պավել ռեալական ուսումնարանում եւ Հելսինկիի ռուսական գիմնազիայում, բարձրագույնըՙ Հելսինկիի կոնսերվատորիայումՙ 1892-1896 թթ. ուսանելով դաշնամուրՙ պրոֆեսոր Հյումանդերի եւ Լիստի աշակերտ պրոֆեսոր Դեեկի եւ ազատ հորինումՙ պրոֆեսոր Մարտին Վեսելիուսի մոտ...

Ուսումն ավարտելուց հետո Ամիրխանյանը համերգներ է տվել Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի եւ Գերմանիայի քաղաքներում: 1897 թվականին դարձյալ սովորելու նպատակով մեկնել է Մյունխենՙ տեղի երաժշտական ակադեմիայի երեք տարվա ծրագիրն ավարտելով մեկ տարում: Վերադառնալով ծնողների մոտՙ Նաթան Ամիրխանյանը Վառնայում կազմել է փոքր սիմֆոնիկ նվագախումբ եւ «Գուսլա» երաժշտական ընկերությունը: 1908-ին մեկնել է Օդեսա, որտեղ աշխատել է որպես լյութերական եկեղեցու երգեհոնահար, 60 հոգանոց եկեղեցական երգչախմբի ղեկավար, երաժշտության ուսուցիչ երկու մասնավոր երաժշտական դպրոցներում եւ փոխդիրիժոր Օդեսայի օպերայում: Սակայն այստեղ էլ նա երկար չի մնացել: Մեկնելով Բաքուՙ քաղաքի առաջին երաժշտական դպրոցում նա դասավանդել է երաժշտության տեսություն եւ սոլֆեջո, նաեւ ստեղծել է հայկական երգչախումբ ու հանդես եկել համերգներով...

1910-ին Ամիրխանյանի անունն արդեն նշանավոր էր, եւ բուլղար անվանի երգիչ Ստոյան Միխայլովը հրավիրել է նրան Սոֆիաՙ որպես բուլղարական առաջին օպերային նվագախմբիՙ «Օպերնա դրուժբայի» ղեկավար: Կարճ ժամանակում նրա ղեկավարությամբ նորաստեղծ նվագախումբը կատարել է Ռուբինշտեյնի «Դեւը» օպերան: Սակայն նվագախմբում տիրող լարված մթնոլորտի պատճառով Նաթանը 1912 թվականին մեկնել է ԱՄՆ: Այստեղ նա դարձել է Բոսթոնի օպերայի երգեհոնահար, ղեկավարել քաղաքի նորվեգական երգչախումբը եւ շվեդական «Հարմոնիա» արական երգչախումբըՙ ելույթներ ունենալով Ֆիլադելֆիայում, Վուսթերում, Փրովիդենսում եւ այլուր: Նորվեգական երգչախմբի հետ նա ելույթ է ունեցել նշանավոր բեւեռախույզ Ռուալ Ամունդսենի պատվին, երբ վերջինս Հարավային բեւեռը նվաճելուց հետո ժամանել է ԱՄՆ: Սակայն Ամերիկայում նրա ունեցած մեծագույն հաջողությունը Բոսթոնում Հյուսիսային Ամերիկայի պետությունների միջեւ կազմակերպված երգչախմբային համաժողովի առթիվ 360 հոգուց բաղկացած մի երգչախումբ ղեկավարելն էր...

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ամիրխանյանը վերադարձել է Բուլղարիաՙ որոշելով այդուհետ չհեռանալ իր երկրորդ հայրենիքից եւ որպես ծածկանուն իր ազգանունը թարգմանել է բուլղարերենՙ Կնյազեւ: Հաստատվելով Սոֆիայումՙ տվել է մասնավոր դասեր, երգեհոն է նվագել մետոդիստների եկեղեցում եւ ղեկավարել է Սոֆիայի «Ազատ թատրոն» օպերային խումբը, զբաղվել ստեղծագործությամբՙ «Իվանկո» օպերան ըստ Վասիլ Դրումեւի համանուն պիեսի, բուլղար հայդուկի մասին պատմող «Հաջի Դիմիտր» բալետը, մեկ այլ օպերաՙ «Ռալիցան» դարձյալ բուլղարական կյանքից, օրատորիա, երգեր, այդ թվումՙ բուլղար դասական բանաստեղծ Խրիստո Բոտեւի 19 բանաստեղծությունների հիման վրա..

1930-ականների սկզբին Կնյազեւն ապրել է խիստ կարիքի մեջ, գրեթե մոռացված, սակայն երջանիկ պատահականությամբ նրան հիշել են, եւ 1932-ին Սոֆիայի պետական օպերան իր թատերաշրջանը բացել է նրա «Իվանկո» օպերայի բեմադրությամբ: Այն ներկայացվել է 14 անգամ, եւ իր ստեղծագործության համար կոմպոզիտորը պարգեւատրվել է Ազգային օպերայի կողմից: Այդ առթիվ «Նիվա» պարբերականը մանրամասն տվել է նրա կենսագրությունըՙ նշելով, որ նա իշխանի թոռ է, որը որդեգրվել է պարսից շահի կողմից եւ որ «Քնեազեւի երաժշտութիւնը, որ ընդհանուր «միջազգային յատկանիշ» ունեցող տարրեր ունի, հոս հոն ունի մելոտիք բան մը... Արուեստագէտը, որ թշուառութեան մէջ կ՛ապրի, բեմ հրաւիրուեցաւ խանդավառ ծափահարութիւններու մէջ» (Թղթակից, Հայ արուեստագէտի մը յաջողութիւնը, «Յուսաբեր», 24.10.1932) :

Ժամանակակիցնեը Կնյազեւին հիշել են որպես չափազանց հանդարտ եւ համեստ մարդու: Նա օրական նվագել է 8-10 ժամ, հրաշալի շախմատ է խաղացել, վարժ տիրապետել է հայերեն, ռուսերեն, շվեդերեն, գերմաներեն, անգլերեն, բուլղարերեն լեզուներին, իմացել է նաեւ ֆիններեն, նորվեգերեն եւ դանիերեն: Չնայած վայելած համբավինՙ ապրել է աղքատ, Սոֆիայից դուրս գտնվող մի փոքրիկ տնակում:

Իսկ մեզ համար կարեւոր է իմանալ, որ Կնյազեւ-Ամիրխանյանը հեռու չի մնացել գաղութահայ կյանքից, որոշ ժամանակ Սոֆիայում ղեկավարել է «Քրիստափոր» հայկական ընթերցարանի «Կարա-Մուրզա» երգչախումբը եւ որ նրանից մի փոքր արխիվ պահվում է մեր Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Այն ընդգրկում է երգահանի որոշ նոտային ձեռագրերՙ խմբերգեր, երգեր դաշնամուրի ընկերակցությամբ, երաժշտական պատկերներ սիմֆոնիկ նվագախմբի համար եւ հայկական երգերի մշակումներՙ «Բոյդ բարձր», «Դարդս լացեք», «Կիլիկիա», «Ահա լուսին ելավ»....

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ