RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 301, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՏՐՈՆ

Նաիր ՅԱՆ

Այսօր ու մեկ տարի առաջ

Եթե խոսենք խորհրդանշանների ու այլաբանության լեզվով կամ նույն լեզվով փորձենք այսօրվա մեր մշակութային կյանքը կտավին պատկերել, կստանանք ժայռի պռնկին կանգնած մի կերպարանքՙ զարմանքից չռված աչքերով, խորշոմած ճակատով, տարակուսանքն ու անորոշության զգացումը երեսին դաջված: Մեկ տարի առաջ ու դրանից էլ առաջ մեր երկրի մշակութային քաղաքականության դիագնոզը որոշողների հետ շատ գործիչներ համաձայն չէին, ընդվզում էին, ընդվզելովՙ ստեղծագործում ու իրենց քննադատական դիրքորոշումն արտացոլում: Սովորել էինք, որ պիտի լինեն իշխանությունների կերակրատաշտից օգտվող ու դուդուկի տակ պարող «արտոնյալներ», իսկ հակառակ կողմումՙ իրենց սկզբունքների, արժանապատվության բարձունքներից չիջնող մշակութային գործչներ: Վերջիններս ստեղծագործում էին, բայց ոչ պետությանը ցույց տալու ու պետական այրերի հովանին ստանալու համար: Ստեղծագործում էին, որովհետեւ ստեղծագործելուն հակառակը չի լինում: Մեկ տարի առաջ ու դրանից էլ առաջ մեր մշակութային կյանքը կայուն ծանր էր, հիմա... անորոշ: Կայուն ծանրի դեպքում դեղ ու դարմանի ճար հնարավոր էր գտնել, իսկ անորոշի դեպքումՙ անելիքդ չգիտես:

Մշակութային հաստատությունները փակելու հարցը, օրինակ, այդպես էլ օդում կախված մնացՙ ոչ այս կողմ, ոչ այն կողմ: «Սեւ ցուցակում» հայտնվածներին եթե հարցնեք, հստակ պատասխան չեք ստանա. ի վերջո իրենց ճակատագիրը որոշվա՞ծ է, թե ոչ: Անորոշության զգացողությունը հետները քարշ տալովՙ բոլորն աշխատում են աշխատել: Աշխատում են բնականոն առօրյայից չշեղվել, վատ բաների, տհաճ անակնկալների հավանականության մասին չմտածել: Սպենդիարյանի տուն-թանգարանն էլի նոր ծրագրեր է իրականացնում, ռիսկի գոտում հայտնված թատրոնները նոր ներկայացումների ազդագրեր են տարածում. ժայռի պռնկին կանգնած մշակութային կյանքի խորհրդանիշ-կերպարը փորձում է նոր իրավիճակին վարժվել: Ջուրն իր հունն է փորձում գտնել. միայն թե բոլորին ամենից շատ հուզում էՙ մեր պետությունն, ի վերջո, մշակութային ի՞նչ սկզբունք ու քաղաքականություն է որդեգրել ու ե՞րբ է այն պարզ ու հստակ դառնալու բոլորիս համար:

Սկզբունքի ու քաղաքականության վերաբերյալ հստակություն չկա, բայց մշակույթի նախարարությունը նոր գործելաոճ է սահմանելՙ դրամաշնորհներ: Փառատո՞ն ես ուզում անցկացնել կամ նոր ներկայացո՞ւմ բեմադրել, ուրեմն մասնակցիր մրցույթին, հայտը ներկայացրու, եւ եթե այն հաղթող ճանաչվի, դրամաշնորհ կստանաս: Թատրոնը պետական լինի, թե ոչ պետական, պետք է նոր ներկայացման հայտով մասնակցի մրցույթին: Սա մի կողմից լավ է, որովհետեւ ընդունված ավանդույթ էրՙ պիեսը հաջողված լինի, թե ոչ, եթե թատրոնը պետական է, ռեժիսորն էլ «վերեւների» յուրայինը, ուրեմն պետբյուջեից փող կստանա: Ոչինչ, եթե պրեմիերային պարզվի, որ ներկայացումը բանի պետք չէ: Այս սկզբունքով, բնական է, որ ոչ պետական թատրոնները որեւէ արտոնությունից զուրկ են եղել: Ենթադրվում է, որ հայտերի մրցույթները պետական ու ոչ պետական թատրոնների միջեւ հավասարության դաշտ կստեղծեն, մրցակցությունը կուժեղացնեն, դրամաշնորհը կստանա առավել հետաքրքրական եւ որակյալ թատերական նախագիծը: Համենայն դեպս, սկզբունքն այսպիսին պետք է լինի: Բայց արդյո՞ք վստահ ենք, որ հաղթող նախագծերում առաջնահերթություն կհամարվեն բարձրարժեք արվեստի, գեղագիտության մատուցումն ու տարածումը: Այսօրվա չափանիշներով այն, ինչը ծիծաղ ու արցունք է կորզում, մեծ պահանջարկ ունի: Այն, ինչը կարող է դահլիճներ լցնել, խրախուսվում ու գովերգվում է: Պետական թատրոնները տարակուսանքի մեջ են. համաձայն են, թող ոչ պետականների հետ իրենք էլ մասնակցեն հայտերի մրցույթներին, բայց չէ՞որ որոշակի արժանիքների, մշակութային ճաշակի, գեղագիտական ոճի, ձեռագրի համար է իրենց պետական կարգավիճակ տրվել: Հիմա հավասարության սկզբունքով ոչ պետական թատրոնների հետ մրցելովՙ ինչպիսի՞ հայտեր ներկայացնենՙ լայն զանգվածների ճաշակը բավարարող ու դահլիճներ լցնո՞ղ:

Ամեն տարիՙ թատրոնի միջազգային օրվանիցՙ ապրիլի 27-ից մեկ-երկու օր առաջ, թատերական մտահոգությունները սրվում են, «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ հասնում կուլմինացիային, հաջորդ իսկ օրըՙ հանդարտվում, հին հունով գնում: Այդպես էլ ոչինչ չի փոխվում: Բոլոր բեմերից ու կուլիսներից բողոքում ենՙ չկա մշակութային քաղաքականություն, չկա թատրոնի, մշակույթի հանդեպ ազգային մոտեցում, ազգային ծրագիր. դժգոհում են, անցնում առօրյա հոգսերին ու ավանդական գորշ խաղացանկին: Թատրոնի օրվա նախօրեին անցկացրած հարցումների համաձայնՙ մեր թատերական կյանքում որեւէ բուռն իրադարձություն չի գրանցվել, ոչ ոք չհիշեց մի այնպիսի ներկայացում, որից ցնցված ու ազդված լինի: 5 դրական կարծիք համընկավ. շատ գոհ էին օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրված «Չիպոլինո» բալետից: Ի դեպ, ներկայացումը միշտ անցնում է անշլագով:

Թատրոնի մարդիկ խորհուրդ են տալիս վերջին մեկ տարվա բեմական հունձքը խիստ չքննադատել. երկրում ֆորսմաժորային իրավիճակ է եղել, բազմաթիվ նախագծեր, գաղափարներ միս ու արյուն չեն ստացել: Օրինակՙ մնջախաղի պետական թատրոնը պետք է 45 ամյակը սեփական հարկի տակ տոներ, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Երկրում իրավիճակ փոխվեց. գրապալատի շենքի 3-րդ հարկը պետք է վերակառուցվեր ու հատկացվեր մնջախաղի թատրոնին, բայց նոր իշխանությունները նախագիծը չեղարկեցին ու այլ տարբերակն առաջարկեցինՙ Մոսկովյան 5-ը: Այն պատկանում է Պաշտպանության նախարարությանը: Գերատեսչությունը համաձայնել է երկու հարկը տրամադրել մնջախաղի թատրոնին, նախկին նախարար Լիլիթ Մակունցն էլ հայտարարել է, որ որոշումը կայացված էՙ հենց այդ շենքում է տեղակայվելու մնջախաղի թատրոնը: Հայտարարությունն արված է, բայց գործնական քայլերըՙ ոչ: Մնջախաղի թատրոնը շարունակում է գործել պատանի հանդիսատեսի թատրոնի շենքումՙ հավատով սպասելով, թե իր շենքի հարցը մի օր կլուծվի: Սպասելով աշխատում են: Թատրոնը երկու դրամաշնորհ է շահելՙ մեկը ներկայացում, մյուսըՙ փառատոն: Ընդունված նոր կարգի համաձայնՙ նոր բեմադրության հայտ է ներկայացրել ու մրցույթում հաղթել. պետբյուջեից 6,7 միլիոն դրամ է ստանալու: Նոր ներկայացումը կոչվում է «Պիերոյի երազը». ներկայացվում են մեր օրերըՙ քաղաքական ակտիվիստ, լրագրող, հավակնոտ ու ինքնասիրահարված աղջնակ, ոստիկան եւ այլն: Հաջորդ հայտը փառատոնային է եղել: Հայտնի է, որ մնջախաղի թատրոնը տարիներ շարունակ Ծաղկաձորում անց էր կացնում Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոն, որը մշակույթի նախարարությունն անցյալ տարի չհաստատեց եւ գումար չտրամադրեց: Այս տարի Ժիրայր Դադասյանը փառատոնի անցկացման հայտ է ներկայացրել, մրցույթը շահել եւ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում փառատոնը կանցկացվի: Փաստորեն, հնարավոր է, որ անգամ պատմություն ունեցող փառատոները մի տարի մրցույթում շահեն ու անց կացվեն, մյուս տարի չշահեն ու չանցկացվեն. այս հանգամանքը եւս արվեստագետներին տարակուսանքի մեջ է գցել: Բացի այդ, նոր կարգի համաձայնՙ տրամադրվող դրամաշնորհների 20 տոկոսը պետք է վերադարձվի պետությանըՙ որպես ԱԱՀ: Այս փաստը ոչ թե տարակուսանքի, այլ վրդովմունքի տեղիք է տվել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ