RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019



ՄԵԾԵՐԻՑ

Տեղադրվել է` 2019-03-28 20:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 273, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ ՇԱՆԹ ՈՒ ՕՏՅԱՆ ԷԼ ՈՒՆԵՆՔ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարին թումանյանական է, թեպետ, մինչ օրս արվածն այն չէ, ինչին արժանի է մեծանուն գրողը: Ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ սխալը կշտկվիՙ պետական մակարդակովՙ Հանրապետության կամ Ազատության հրապարակում: Նույն մոտեցումն եմ ակնկալում նաեւ Կոմիտասի հիշատակի հանդեպ: Նրանք երկուսն էլ մեր ժողովրդի մեծագույն ուսուցիչներից են, որոնցից անվերջ կարելի է սովորելՙ մի օր ուրիշին սովորեցնելու մղումով:

Ցավոք սրտի, այսօր այդ հանճարներն իրենց ողջ շքեղությամբ ներկայացված չեն հանրությանը: Շարքային ընթերցողին Թումանյանը ներկայացված է որպես «Թմկաբերդի առումի» եւ «Շունն ու կատվի» հեղինակ, Կոմիտասըՙ հիմնականումՙ եկեղեցական, «տխուր» երգիչ:

Այդ ամենի պատճառները շատ խորն են, որոնցից մեկն, օրինակ, նրանց ստեղծագործություններիՙ հանրությանը պատշաճ մատուցված չլինելն է: Բարեբախտաբար «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունները համատեղությամբ հրատարակեցին Կոմիտաս վարդապետի մասին պատմող աննախադեպ մի քառահատոր, որի երկու հատորն զբաղեցնում էր երգահանի ուսումնասիրությունները, մեկըՙ ժամանակակիցների հուշերը նրա մասին, երկրորդըՙ նամականին, որտեղ քիչ չեն մինչ այդ անտիպ մնացածները:

Չզարմանաք, բայց, այս հարցում, Թումանյանի վիճակն ավելի բարդ է: Նրա երկերի, ակադեմիական, լիակատար ժողովածուի վերջին հատորներն այսօր գտնելն ուղղակի հրաշքի պես մի բան է, «էվրիկա» բղավելու դրդող մի հրճվանք: Բայց ցավալին այն է, որ դրանք արագ չեն սպառվել, չեն գտել իրենց հասցեատերերին, ուղղակի տպագրվել են սուղ տպաքանակով: Որպես խոսքերիս վառ ապացույց, նշեմ, որ 10-րդ հատորը տպագրվել է ընդամնեը 400 հարյուր օրինակով, որից այսօր Մանուկ Աբեղյանի գրականության ինստիտուտում դժվար թե կարողանանք մեկից ավել օրինակ գտնել:

Բարեբախտաբար հիմա, Թումանյանի Երեւանյան տուն-թանգարանի հովանավորությամբ վերահրատարկվում է գրողի լիակատար ժողովածուն, դժբախտաբարՙ կրկին սուղ քանակով: Ուղղակի այստեղ էլ խնդիրը կայանում է նրանում, որ թանգարանի տնօրենությունը մինչ այժմ հրատարակված հատորները պատճաշ կերպով չի մատակարարում գրախանութներին (միայն մեկ գրախանութում կարելի է գտնել), մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, մենաշնորհի հետքեր էլ չեմ ցանկանում փնտրել, միայն նշեմ, որ գրքերը վաճառվում են հենց թանգարանում:

Ինչեւէ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, եւ յուրաքանչյուրին կառերեսի սեփական խղճի հետ: Անկեղծ ասած, գրառմանս բուն նպատակն այլ էր, առաջաբանս երկար ստացվեց, դրա «մեղավորներն» էլ Թումանյանն ու Կոմիտասն ենՙ իրենց մեծությամբ: Դառնանք:

Անդրադարձա հոբելյանական 150-ամյակներին, փաստ, որը միանգամից հիշեցնում է Թումանյանին ու Կոմիտասին... միայն: Ի՞նչ խոսք, այդ երկու հսկաների մասին կարելի է եւ պետք է ամեն օր խոսել, նաեւՙ 200, 300, 1000-ամյակներին. նրանք իրենց ստեղծագործական ժառանգությամբ վաստակել են այդ ուշադրությունը:

Հիմա հարցըՙ ներեցեք, իսկ ե՞րբ ենք շնորհավորելու կամ գոնե հիշելու մյուս հայ ականավոր դեմքերի 150-ամյակները: Ես չեմ ուզում հավատալ, որ հասարակական ու պետական մակարդակով մոռացության են մատնվել հայ մեծ դրամատուրգ, պետական-հասարակական գործիչ Լեւոն Շանթն ու հայ երգիծաբանության եռանկյունու անկյուններից մեկըՙ Երվանդ Օտյանը: Ես չեմ ուզում մտածել նաեւ, որ հայ մշակույթի պետական պատասխանատուներն այն աստիճան են տարվել «Ֆլամենկո» պարելով, որ մոռացել են այս դեմքերին: Միաժամանակ չեմ ուզում մտածել, որ նույն ատյաններում մոռացված են ականավոր հայ ծովանկարիչ Վարդան Մախոխյանը, գրող, հայ մանկավարժական դպրոցի ակնունքներում կանգնած Հարություն Թումանյանն ու մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանը:

Ցավալի է, բայց պետք է ընդունենք, որ մենք անշնորհք վերաբերմունք ենք դրսեւորում մեր մեծերի հանդեպ:

Մեր հարեւան պետությունները փողով ու երազանքներով «ազգային մեծեր» են բուծում, մենքՙ մերոնց հիշատակը թաղել ենք արխիվների մեջՙ հանուն փողիՙ ազգային երազների հաշվին:

Այսօր մեծ շուքով նշվում են «ժամանակակից» գրողների ծննդյան տարեդարձերն ու գրական կյանքի հոբելյանները, գրողներ, որոնցից շատերի արդիականությունը կայանում է երբեք արդիակն չլինելու երաշխիքի մեջ: Բայց թող մեկն այս պետության մեջ ձեռք բարձրացնի ու ասի, որ վերջին տարիներին Հայաստանի սահմաններում պատշաճ կերպով անդրադարձ եղել է, ասենք, հենց Օտյանին:

Մենք Օտյանին ու նրա նմաններին դասականներ ենք անվանում. որեւէ մեկի մտքով անցել էՙ ինչո՞ւ դասական, ո՞րն է դասականի չափորոշիչն ու ի՞նչ չափով է պատկերացվում պետության, ժողովրդի պարտավորությունը նրա հանդեպ:

Դասականն անցյալը չէ՛, տիա՛րք, դասականը միշտ ներկան է, նույնիսկ եթե նա դարեր կամ հազարամյակներ առաջ է լքել երկիրը: Դասականը միշտ արդիական էՙ իր առաջադրած գաղափարներով: Դասականը գաղափարապես միշտ ողջ է, անմեռ: Այսօր մեզ մոտ, մեր կողքին ներկա են Կոստան Զարյանը, որ մահացել է 1969 թ., Հակոբ Օշականը, որ մահացել է 1948թ.:

Մենք ամեն օր, ամեն ժամ պետք է լսենք դասականներին ու սովորենք նրանցից, լսենք ու սովորենք. դա է ճիշտ, բնական կյանքով ապրելու ճանապարհը:

Նկար 1. Լեւոն Շանթ

Նկար 2. Երվանդ Օտյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019

AZG Daily #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ