RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019



ԳԼԱՄՈՒՐԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-03-15 00:11:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 58, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼՆ» ԷԼ ՊԱՐԵՑԻՆՔ

Նաիր ՅԱՆ

Պարելը վատ բան չէ, ընդհակառակըՙ լավ է: Պարն էմոցիաներ, տրամադրություն, հոգեվիճակ, ներաշխարհ, ներքին արժեհամակարգ է արտահայտում: Ամենաբարդութավորված մարդն էլ գոնե իր համար, իր տան հայելու առաջ մի օր պարել է: Գուցե շատ գոհ չի եղել իր պարից, հինգ րոպե մարմնին ու հոգուն ազատություն է տվել, հետո պատկերացրել, թե տան անկյուններից կամ պատուհանից մեկն իրեն թաքուն նայում է, մտքում իր վրա ծիծաղում, արագ ձեռքերն իջեցրել է, իրեն հավաքել ու հայելուց հեռացել: Բայց, մեկ է, պարել է: «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»,- ասել է Կոմիտասը: Պարը նաեւ արտահայտում է պարողի քաղաքակրթության աստիճանը. դրա համար ենք ինքներս մեզ հաճախ քննադատում, որ հայկական մեծ, չաղ հարսանիքներին ռաբիս երաժշտության տակ մեծ ու փոքր, հարս ու փեսա, քավոր ու սանիկՙ նույն պարն են պարում, այն պարը, որ պարում են նաեւ Թուրքիայում, Ադրբեջանում, ասիական երկրներում: Այդպիսի պարեր են պարել մեր երկրի նախագահներն ու նրանց տիկնայք, մեր նախարարներն ու նախարարուհիները, վարչությունների պետերն ու ենթապետերը: Այդ պարերի գաղտնի նկարահանումները հաճախ են տարածվել համացանցում, հազարավոր դիտումներ ապահովել ու տարատեսակ մեկնաբանությունների, արձագանքների արժանացել: Այսինքնՙ ինչո՞ւ տարատեսակ... միատեսակ ու միաբերան: Պարում են իշխանավորներնՙ իրենց շրջապատով, պարողներին միաբերան, միատեսակ քննադատում, նախատում ու պարսավում է վրդովված ժողովուրդը: Բայց ինչո՞ւ. այդ նույն ժողովրդի բոլոր խավերի, շերտերի, խմբերի ներկայացուցիչները նույն երաժշտության տակ նույն պարը չե՞ն պարում. այն էլ ինչպե՜ս են պարում: Պարում են, մենապարերի հաջողված կտորներն էլ սոցցանցերում պտտեցնում, բայց արի ու տեսՙ երբ նույնն անում են իշխանավորները, ազգովին, միաբերան թուքումուր են թափում նրանց վրա: Պարել են Ռոբերտ Քոչարյանն ու Բելլա Քոչարյանը, ժողովուրդը նախատինք ու հայհոյանք չի խնայել, ամբողջ բառապաշարը թափել է նրանց վրա: Պարել են Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը. համացանցի հանրության անեծքի տոպրակը լայն բացվել է: Պարե՜ք, բա ի՞նչ կանեք, պարե՜ք. երկիրը ձեռքից գնում է, իրենք քեֆ են անում, ուրախանում են... Բայց արի ու տեսՙ հենց մեկ այլ երկրի նախագահ, վարչապետ կամ այլ իշխանավոր է պարում, հայկական համացանցը բերկրանքից, հրճվանքից, գոհունակությունից շիկանում է: «Ա՜յ մարդ, ինչքա՜ն լավ է պարում, նախագահ եմ ասել է՜, նախարար եմ ասել է՜... ճաշակըՙ տեղը, շարժումներըՙ ռիթմիկ, լսողությունըՙ տեղը, ինչքան նայես, նայվում է»,- մի շաբաթ հաճույքից հալվում է համացանցի հայկական հատվածը:

Պարը վատ բան չէ, պարելու մեջ վատ բան չկա, բայց մեր ժողովուրդն իր իշխանավորի, վարչապետի, նախարարի, վարչության պետի պարից ու պարելուց ահավոր բարկանում է, չարանում: Պարեք, կերեք-խմեք, երգեք, միլիոններ ծախսեք, բայց այնպես, որ ժողովուրդը չտեսնի: Ժողուրդն էլ չի ուզի, որ իր պարն իր երկրի իշխանավորը, վարչապետը կամ նախարարը տեսնի: Պարենք, դուքՙ ձեզ համար, մենքՙ մեզ: Որովհետեւ միշտ, բոլոր ժամանակներում մեր երկրի իշխանավորի ու ժողովրդի միջեւ սեպ է խրված եղել, միշտ խորթ ու օտար են եղել միմյանց, օտարՙ մտածողությամբ, հոգեբանությամբ, կենցաղով, մեկըՙ վերեւում, մյուսըՙ ներքեւում, մեկըՙ խաբող, մյուսըՙ խաբվող, միշտ տարբեր իրականություններում ապրող: Մեր ժողովուրդը վերջին 30 տարում երբեք ոչ մի իշխանավորի ու նրա տիկնոջը, նրա նշանակած նախարարին ու վարչության պետին չի սիրել, չի հավանել, դրա համար էլ նրանց պարն ու պարելը աչքների գրողն է եղել:

Պարեց նաեւ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Այնպես պարեց ու այնտեղ պարեց, որ համացանցի հայկական հատվածը տեսավ: Իհարկե, մինչ այդ էլ էր պարել, բայց այն ժամանակ նա մշակույթի նախարարի պարտականությունները կատարող չինովնիկ չի եղել, արվեստաբան է եղել: Նազենի Ղարիբյանի համացանցային պարընկերը հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էր: Խնջույքի սեղանները գցված էին, ներկաները ծափ էին տալիս, ոգեւորում, Նազենի Ղարիբյանն ու Արմեն Աբրոյանն էլ ֆլամենկոյի ռիթմերով ինքնամոռաց պարում էին: Ներկաներից մեկն էլ մշակույթի ոլորտի մեր պատասխանատուների պարը թաքուն նկարել ու համացանցում տարածել էր: Որ ասենքՙ արտակարգ, պրոֆեսիոնալ էին պարում, սուտ կլինի, բայց որ ասենքՙ վատ էին պարում, էլի սուտ կլինի: Ինչպես կարողանում, այնպես էլ պարում էին: Հատկապես Նազենի Ղարիբյանը շատ կրքոտ ու անկաշկանդ էր պարում: Երեւում էր, որ ինքն իր պարից գոհ է: Պակաս գոհ չէր Արմեն Աբրոյանըՙ իր պարից էլ, Նազենի Ղարիբյանի պարից էլ: Բայց ինչպե՜ս արձագանքեց վիրտուալ հանդիսատեսը...

Ի տարբերություն նախորդ իշխանությունների պարերիՙ այս անգամ վիրտուալ հասարակությունը միատեսակ ու միաբերան չարձագանքեց Նազենի Ղարիբյանի ֆլամենկոյին: Իշխանափոխությունից հետո երկու հակառակ բանակների բաժանված մեր հանրությունն այդպես երկու իրարամերժ խրամատներից էլ «գնահատեց» մեր մշակույթի ոլորտի պատասխանատուի պարելու ընդունակությունները: Տեսանյութն ընդամենը պատճառ էր, առիթ, որ լուտանքի, հայհոյանքի, անձնական վիրավորանքի ամբողջ բառային ֆոնդը երկու հակառակ բանակներն իրար վրա թափեն: Ու փառք Աստծո, որ սա վիրտուալ աշխարհում է. չի բացառվում, որ եթե յութուբյան օգտատերերն իրականում հանդիպեն, իրար կոկորդ կկտրեն: «Թավշյա, ոչ բռնի» հեղափոխության չհիմնավորված ագրեսիայի կուտակումներն ու պոռթկումները սովորական երեւույթ են դարձել: Քաղաքացիական չհայտարարված, սառը պատերազմի մեջ ենք, ուղղակի այն դեռեւս վիտուալ դաշտում է: Իսկ բուն իրականության մեջ ապրող արվեստագետներն ու մտավորականները Նազենի Ղարիբյանի պարին ավելի ադեկվատ հայացքով են նայում: «Կին է, ուրախացել է, պարում է... Բայց գոնե այնպես անի, որ մեր պարելն էլ գա: Լավ, միգուցե մենք ֆլամենկո չպարենք, «Քոչարի» պարենք... Մշակութային հաստատություններ է ուզում փակել, չենք հասկանումՙ մշակութային ինչ քաղաքականություն է բանեցնում, դաշտում բոլորը տարակուսանքի, անորոշության մեջ են: Բան չունենք ասելուՙ թող պարի, բայց այնպես լինի, որ նրա պարը տեսնելիս, ասենքՙ հալալ է քեզ, պարի՛, ոչ թե վրդովվենքՙ բոլոր պարերը պարել ենք, մնացել էր «Սարի սմբուլը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019

AZG Daily #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ