RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019



ՆՈՍՏԱԼԳԻԱ

Տեղադրվել է` 2019-03-15 00:11:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 853, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՐԱԿԱՆ ՈՒ ՓԱՅԼՈՒՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ...»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Ֆրանսիայում

Թեեւ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարի հայաստանյան առաջնախաղը կայացել էր 2015-ին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնումՙ արժանանալով ՖԻՊՐԵՍՍԻ-ի եւ Էկումենտիկ ժյուրիների մրցանակներին, այն դեռեւս Հայաստանում կինովարձույթ չի մտել: Փոխարենը մտնելով ֆրանսիական կինովարձույթՙ հունվարի 26-ին այն սկսեց ցուցադրվել Ֆրանսիայի կինոթատրոններումՙ առաջացնելով բուռն հետաքրքրություն հանդիսականների եւ մասնագետների շրջանում: Անցած տարիներին կինոնկարը հաջողությամբ ցուցադրվել է մի շարք փառատոներում, արժանացել Գրան պրիի Սախալինի «Աշխարհի ծայրը» միջազգային կինոփառատոնում, Սեւաստոպոլի «Ոսկե դյուցազն» փառատոնի համանուն մրցանակին, Գոայի (Հնդկաստան) միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին:

Հայ-ֆրանս-ռուսական համատեղ արտադրության այս կինոնկարի հերոսներն Ադրբեջանից Հայաստան տեղափոխված ամուսիններ են, որոնք կորսված են ոչ միայն նոր վայրում, այլեւ նոր ժամանակներում: Փախստականների հանդեպ անբարեհամբույր մթնոլորտում ծերուկ Համոն կառչում է իր վաղեմի չիրականացած երազանքիցՙ ունենալ սեփական ավտոմեքենա, որն, իհարկե, «Մոսկվիչն» է, այն էլՙ կարմիր գույնի...

Ռեժիսոր Արամ Շահբազյանը մասնագիտական կրթությունն ստացել է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում եւ Փարիզի «Լա ֆեմիս» ազգային կինոդպրոցում: Հեղինակ է տասնյակ վավերագրական ֆիլմերի, որոնցից հատկապես ուշագրավ է Մեծ եղեռնի ժամանակ հայ ժողովրդին մեծ օգնություն ցույց տված սկանդինավցի միսիոներուհիների մասին պատմող «Փրկության քարտեզ» լիամետրաժ փաստագրությունը (2015):

«Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարի սցենարի հեղինակներն են փարիզաբնակ Լեւոն Մինասյանը եւ Էսթեր Մաննը , արտադրիչներըՙ Թերեզա Վարժապետյանը , Կորյուն Ափրիկյանը , Մարի-Կլոդ Արբոնին , Սեւադա Աղաբեկյանը , օպերատորըՙ Արթուր Ղարայանը : Գլխավոր դերերը կատարել են Գավառի դրամատիկական թատրոնի դերասան Մարտուն Ղեւոնդյանը (Համո) եւ փարիզաբնակ Հիլդա Օհանը (Արուս): Երկուսն էլ առաջին անգամ էին հանդես գալիս էկրանին, ինչը, սակայն, բնավ չի երեւում նրանց փորձառու խաղարկությունից...

Վաղուց է, ինչ ֆրանսիական կինովարձույթում հայկական կինոնկար չէր հայտնվել. մնում է հուսալ, որ մոտ ապագայում հայաստանցի լայն հանդիսատեսն էլ հնարավորություն կունենա ըստ արժանվույն գնահատել այս ուշագրավ կինոարտադրանքը...

Ներկայացնում ենք ֆրանսիական մամուլի արձագանքները «Մոսկվա, իմ սեր» կինոնկարի վերաբերյալ:

«Չնայած ուղղագիծ բեմադրմանըՙ այս ֆիլմը պատկերում է հետխորհրդային շրջանը հումորով եւ սկզբունքային ու համակրելի հերոսի միջոցով» («Մոնդ»):

«Բեմադրիչը ճշմարտացիորեն է պատկերել ԽՍՀՄ-ի հանդեպ կարոտախտ զգացող Հայաստանի քաղաքացի մարդու ցավը» (Նիկոլա Դիդիե, «Տելեռամա»):

«Շահբազյանն իր ֆիլմի բոլոր գլխավոր հերոսներին վերաբերվում է զարմանալի ճշգրտությամբ եւ գրեթե ազգաբանական հայացքով... «Մոսկվիչ, իմ սերը» պատմում է երազների, համառություն, ցավի, ուրախության, սիրո, վերջապեսՙ մարդկությանը բնորոշ բոլոր թեմաների մասին, սակայն` սոցիալական բարդ փոխդասավորվածության մեջ, եւ առաջարկում է շատ խորը հայացք մարդկային վիճակի վրա:

Պետք է գնալ տեսնել այս ֆիլմըՙ թեկուզ միայն ապացուցելու, որ կարող եք ներկայացնել ներկայիս կինեմատոգրաֆիական արտադրանքի մեծ մասից տարբեր մի բան եւ գտնել ձեր լսարանը» («Սի-մագ»):

«Չափազանց թարմ եւ սթափՙ հայ վավերագրողի այս առաջին խաղարկային ֆիլմը պատկերում է այն կարոտախտը, որն առկա է ԽՍՀՄ-ի նախկին տարածքներում... Ծիծաղի եւ թախծի աղբյուր այս վերապրումը, որով համակված է այս կատակերգությունը, ներկայացնում է թատրոնի մի ապշեցուցիչ տարեց դերասան» (Էդուար Յուբեր, «Ֆամիյ կրետիեն»):

«Հերթագայելով ծիծաղն ու զգացմունքները, նույնիսկ արցունքներըՙ Արամ Շահբազյանն իր տեսախցիկը մոտեցնում է Համոյին, զարմանալի մի կերպարՙ Մարտուն Ղեւոնդյանի հիանալի դերակատարությամբ, որը երազում է խորհրդային ժամանակաշրջանի կորցրած աշխարհի մասին... Կատակերգության տոնով կինոբեմադրիչը ցույց է տալիս ոչնչի մթնոլորտը, կոմունիստական համակարգի անկումից հետո խորհրդային տարածաշրջանի իրականությունը... Այս կատակերգությունը մի շատ փոքրիկ հուզիչ երաժշտություն է կատարում, ինչն այնքան էլ սովորական չէ մեծ էկրանին» («Թրավելլինգ»):

«Համոյի ու նրա կարմիր ավտոմեքենայի դժբախտությունը ցույց է տալիս աղետի մասշտաբները, որ բաժին է ընկել միլիոնավոր խորհրդային մարդկանց» (Ֆլորանս Երեմյան, «Նուվել դ"Արմենի»):

«Արամ Շահբազյանի ֆիլմը մի տեսակ հեքիաթ էՙ ոգեշնչված անկում ապրած իրականությունից: Տեղ-տեղ մոտիկ դրամային կամ մերձենալով խորհրդային կարոտախտինՙ այն օժտված է մի ըմբռնողությամբ, որը երբեք չի տեղավորվում ներկայիս Հայաստանի պաթետիկ տեսլականի մեջ» («Սիմանյուզ»):

«Այս դրամատիկ կատակերգությունը ցույց է տալիս հայ փախստականների տխուր իրականությունը: Այստեղ ակնհայտ է այն ողբերգական իրավիճակը, որը նախկին ԽՍՀՄ աքսորյալները տասնամյակներ շարունակ ապրել ենՙ վերադառնալով յուրայինների մոտ: Հետեւաբար, սա մի ֆիլմ է, որն օժտված է անհայտ փաստերի մասին պատմելու արժեքով» («Լե ֆիշ դյու սինեմա»):

«Վավերագրական ֆիլմում Շահբազյանի ամուր փորձն անպայման օգնել է նրան մատուցել իրական ու փայլուն գեղարվեստական պատմություն, երբեմն ռոմանտիկ եւ հաճախՙ հուզիչ, հարուստ երգերով եւ անգամ պարերով, որոնց հենքին տարօրինակ կերպով բավականին հակադիր է Համոյի կերպարը: Սցենարը, որը գրելուն մասնակցել է մի քանի կարճամետրաժ ֆիլմի հեղինակ Լեւոն Մինասյանը (այդ թվումՙ «Lux Eterna»-ն 1999-ին եւ «Դաշնամուրը»` 2011-ին), տոգորված է քնքշանքի լավ չափաբաժնով, տրագիկոմիկական պահը մշտապես գերիշխում է վերջումՙ երկրորդական կերպարների դիմասրահի ընդգրկմամբ, որոնք երբեմն բավականաչափ «կուստուրիցայական» են (Քրիստոֆ Շովիլ, «Բրեֆ սինեմա»):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ