RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:11:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 237, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԻ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջերս Երեւանի Պետական համալսարանի հրատարակչությունը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակել է հայ բնագիտության ու մշակույթի պատմաբան Ասատուր Փաշայանի «Սերգեյ Փարաջանով» նկարազարդ գիրքը արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի խմբագրությամբ (Եր., 2018, 159 էջ): «Սերգեյ Փարաջանով» մենագրությունը հանճարեղ կինոռեժիսորին ու արվեստագետին նվիրված համապարփակ ուսումնասիրություն է: Հազարից ավել մատենագիտական հղումների հենքի վրա գիտական շրջանառության մեջ են դրվել եւ համակողմանիորեն լուսաբանվել Սերգեյ Փարաջանովի (1924-1990) կյանքին եւ ստեղծագործական գործունեության հիմնական հանգրվաններին առնչվող արժեքավոր ու հիշարժան փաստեր, Փարաջանովի կենսագրության վայրիվերումներն ու վերապրած դժվարությունները ԽՍՀՄ տարիներին: Գրքում տեղ են գտել Ս. Փարաջանովի ֆիլմերի, այդ թվումՙ միջնադարի ականավոր բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնի» ստեղծման, էկրանավորման եւ դրանց շուրջ եղած հասարակական ու մշակութային արձագանքներին առնչվող մի շարք հետաքրքրական փաստեր: Մենագրության մեջ անդրադարձ կա այն տառապանքներին, որը վերապրել է արվեստագետը ինչպես խորհրդային բանտերում, այնպես էլ բանտերից դուրս գալուց հետո, երբ նրան չէին թույլատրում ֆիլմեր նկարահանել: Մենագրության էջերից պարզ է դառնում, որ հանճարեղ կինոռեժիսորը կարող էր դառնալ նաեւ «Արա Գեղեցիկ», «Հին Աստվածներ», «Խոստովանություն», «Դեւը» եւ այլ ֆիլմերի ռեժիսորը, եթե դրա հնարավորությունը նրան տրվեր: Գրքում ներառված է «Արա Գեղեցիկի» սցենարը:

Մենագրության ամենահետաքրքրական հատվածներից մեկը Փարաջանովի խիստ ինքնատիպ ասույթներն են, նրա փիլիսոփայական ընդհանրացումներն ու ստեղծած խորհդրանշական գաղափարները (որոնք այս ձեւաչափով հրատարակվում են առաջին անգամ): Դրանք անկրկնելի են եւ ինքնատիպ: Հեղինակըՙ Ա. Փաշայանը, Փարաջանովին ներկայացնում է որպես մշակութային նորարար: Նրա արվեստը նոր ուղի է բացել ու խոր հետք թողել թե՛ հայ եւ թե՛ համաշխարհային կինոյի ու մշակույթի պատմության մեջ: Գրքում ի ցույց է դրված Փարաջանովի սերը հատկապես ժողովրդական արվեստի ու բանահյուսության հանդեպ, գեղագիտական ու քաղաքակրթական երեւույթները միանգամայն այլ տեսանկյունից ու այլ մոտեցումներով ընկալելու իրողությունները, արվեստագետի վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, մտքի փիլիսոփայության խորությունը, վերջապես նրաՙ ժամանակի վավերագիր լինելու հանգամանքը: Միեւնույն ժամանակ, աշխատանքի մի շատ հետաքրքրական մաս կապված է համաշխարհային նշանակության արվեստագետ Սերգեյ Փարաջանովին որպես հայ մշակույթի գործիչ ներկայացնելու հետ: Պատահական չէ աշխատանքում տեղ գտած եւ Հայաստանին վերաբերող Փարաջանովի հղումներից մեկը.«Հայաստանն ինձ համար ճամփորդության վայր չէ: Ես հայ եմ իմ բջիջներով, ուղնուծուծով եւ ամեն ինչով»:

Նշենք, որ մենագրության մեջ տեղ են գտել հայ, վրացի, ուկրաինացի, ռուս եւ իտալացի կինոգործիչների ու մտավորականների կարծիքները, հուշերը, գնահատականները Սերգեյ Փարաջանով կինոգործչի, արվեստագետի, գրողի եւ նորարարի մասին:

Մենագրության ամենաարժեքավոր կողմերից մեկը Սերգեյ Փարաջանովին նվիրված բանաստեղծությունների եւ էսսեների բաժինն է, որտեղ առաջին անգամ նման ձեւաչափով ի մի են բերվել արվեստագետին նվիրված ստեղծագործությունները: Շահեկան է, որ մենագրությունը գրված է ժամանակաշրջանի պատմության լույսի ներքո: Վեր է հանված խորհրդային ժամանակներին բնորոշ խոսքի ու մարդու հիմնարար ազատությունների սահմանափակումների ճնշող ազդեցությունը Փարաջանովի ստեղծագործական գործունեության վրա: Մենագրությունն ավարտվում է հեղինակիՙ Ա. Փաշայանի հետեւյալ տողերով. «Սերգեյ Փարաջանովին...մեծ աստվածները առատ ընծաներ էին պարգեւել: Դրա մասին տեղյակ էր նաեւ ինքըՙ մեծանուն արվեստագետը, այլապես չէր գրի. «Նախանձեցի գեղեցիկներին, դարձա հրաշագեղ, նախանձեցի տաղանդավորներին, դարձա հանճարեղ»:

«Սերգեյ Փարաջանով» գրքի տպագրությունը կարեւոր է թե՛ հայ եւ թե՛ համաշխարհային արվեստի ու կինոյի պատմության ուսումնասիրության տեսանկյունից: Այն նաեւ կարեւոր ներդրում է առաջին հերթին Սերգեյ Փարաջանովի կյանքի եւ գործի ուսումնասիրության ոլորտում: Մենագրության կարեւոր կողմերից մեկը դրա աղբյուրագիտական նշանակությունն է:

Նշենք, որ Ասատուր Փաշայանը հայ գիտության ու մշակույթի պատմության հայտնի մասնագետներից է, հեղինակել է հարյուրավոր հոդվածներ, որոնք տպագրվել են թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հեղինակավոր հանդեսներում ու լրատվամիջոցներում: Նրա ուսումնասիրությունների մեջ հատկապես առանձնանում են Մխիթարյան միաբանության բնագիտական ժառանգության մասին գիտական ուսումնասիրությունները, նաեւ մի շարք արժեքավոր մենագրություններ, որոնցից ենՙ «19-րդ դարի քիմիան հայ բնագետների աշխատանքներում» (Եր., 1999), «Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ» (Եր., 2002), «Տիտղոսակիր հայեր, 15-19-րդ դարեր» (Եր., 2001), «Կավե սալիկներից մինչեւ ժամանակակից թուղթ» (Եր., 2007), «Վարք Տիգրան Պետրոսյանի» (Եր., 2010), «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (Եր., 2014) եւ այլն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ