RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:11:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 60, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՋԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԳՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ԻՄ ԱԶԳԻՆ». ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

Լավագույն խոսքը, կտավը, քանդակը, երաժշտությունը, երգն ապրե՛լ եւ ապրո՛ւմ են բոլոր դարերում: Լավագույն արժեքները մեր կյանքի գեղեցիկ ու չխամրող գույներն են, որոնք չեն ճանաչում տարածություն ու ժամանակ եւ չունեն միայն անցյալ. դրանք ե՛ւ ներկան են, ե՛ւ գալիքը:

Այդ արժեքների կրողը հայ ժողովուրդն է, դրանք ստեղծողներըՙ Լույսի զավակները, որոնցից մեկիՙ սիրված ու տաղանդավոր երգահան Սասուն Պասկեւիչյանի հետ էլ կայացավ իմ հարցազրույցը:


- Պարո՛ն Պասկեւիչյան, ես իմ առաջաբանում Ձեզ ներկայացրեցի միայն որպես երգահան, սակայն Դուք նաեւ զբաղվել եք լրագրությամբ, կատարել եք ռեժիսորական աշխատանք, եղել եք հեռուստաբեմադրիչ, բանաստեղծ եք, իսկ բուն մասնագիտությամբՙ շինարար-ինժեներ. նշված աշխատանքներից ո՞րն է Ձեզ բոլորից հոգեհարազատՙ առանց որի չեք կարող ապրել...

- Ընդհանրապես, ինչ որ անում եմ, սիրով եմ անում: Այլ բան է երգ ստեղծելը: Ավելացնեմ, որ երգը ոչ թե գրում են, այլՙ ստեղծում, սիրելն այս դեպքում, որքան էլ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ. հիմնականում երգն ինքն է ստիպում, հարկադրում, որ իրեն ստեղծես, եթե, իրոք ի վերուստ մարդուն տրված է այդ շնորհը: Ես արդեն շուրջ 50 տարի էՙ երգեր եմ ստեղծում, եւ դա մի տեսակ դարձել է կենսական պահանջ:

- 24 տարի ապրել եք Մ. Նահանգներում եւ այնտեղ էլ մշտապես եղել մշակույթի խոնարհ ծառան. ի՞նչ է տվել Ձեզ մշակույթըՙ ներշնչա՞նք, հոգեւոր արժեքների անսահմանության մեջ շարունակական թռի՞չք, թե՞ պարզապես ոգու խաղաղություն:

- Հավանաբարՙ բոլորը միասին, բայց կաեւ նաեւ այլ հանգամանքներ: Թվարկելը երկար կտեւի: Դա մի առանձին հարցազրույցի թեմա է...

Մասնագիտությամբ չլինելով երաժիշտՙ տասնամյակներ շարունակ ստեղծել եք բազմաթիվ գեղեցիկ ու սիրված երգեր, որոնք ապրել են, ապրում են եւ ապրեցնում. ինչպե՞ս եք նոտագրել դրանք:

Այդ հարցին բազմիցս եմ պատասխանել. երաժշտական կրթություն չունեմ, նվագում եմ ակորդեոն եւ դաշնամուր, ձայնագրում եմ, ապա հանձնում թղթինՙ նոտաները գրելով տառերով, իսկ նախքան նվագելըՙ ստեղծվելիք երգի երաժշտությունը լսում եմ (այն, ինչը տրվում է ի վերուստ) եւ հետո նվագում լսածս մեղեդին:

- Ձեր առաջին երգը 1958-ին է ստեղծվել. ո՞րն է դրա երկունքի աղբյուրը:

- Ավելի ճիշտՙ ո՞վ է եղել դրա երկունքի աղբյուրը... ՄԱ՛ՅՐՍ, երբ ես լիովին հասկացա, թե ով է եղել մայրս ինձ համար... եւ պահանջ զգացիՙ որեւէ կերպ արտահայտելու այդ զգացումս: Նախՙ գրեցի ոտանավորը, ապա ստեղծվեց (ինձ տրվեց) համապատասխան (կարծում եմՙ համահունչ) երաժշտությունը:

- Պարո՛ն Պասկեւիչյան, թվով քանի՞ երգ ունեք մինչ այսօր:

- Չեմ հաշվել, հավանաբարՙ շուրջ 200 երգ:

- Դրանք բոլորն էլ, անշուշտ, Ձեր հոգեզավակներն են, սակայն կա՞ դրանց շարքում մեկը, որն իր պատմությամբ առավել թանկ է Ձեզ համար:

- Ամեն մի երգ ունի իր պատմությունը, այսպես ասածՙ «իր աղբյուրը», որն ինձ «ջուր է տվել»... Երգերիս թվում առանձնանում է «Դու հեռացար» երգը, որը ստեղծվել է 1970թ. աշնանը եւ շատ արագ տարածվել ժողովրդի մեջ: Իսկ ահա 1974թ. այդ նույն երգը ձայնագրվեց Երեւանի Ռադիոյի ձայնագրման ստուդիայումՙ անզուգական երգչուհի Բելա Դարբինյանի մեկնաբանմամբ: Նա նույնիսկ չէր էլ իմացել, թե ով է երգի հեղինակը: Հեռուստատեսությամբ այն առաջին անգամ հաղորդվեց որպես ժողովրդական երգ (դա նույնիսկ պատիվ էր ինձ համար): Հաջորդ օրը ներկայացա Ռադիոկոմիտե եւ պատմեցի երգի ու իմ մասին... Ինչեւիցե, «Դու հեռացար» երգի դարբինյանական կատարումն անմիջապես ինձ հայտնի դարձրեց որպես երգահանի, ապա հաջորդեցին իմ մի շարք այլ երգերի ձայնագրումները Հայաստանի լավագույն երգիչների կատարմամբ:

- Ի՞նչ կասեք Հայաստանի ներկայիս երաժշտական աշխարհի խճանկարի մասին:

- Այդ խճանկարն ընդգրկում է շատ ոլորտներ. ես կհայտնեմ իմ անձնական, սուբյեկտիվ կարծիքը մեր ժողովրդական եւ էստրադային ժանրերի ժամանակակից երգերի մասին: Կարող եմ ասել, որ Հայաստանի անկախացումից եւ շուկայական (իմաՙ բազարային) հարաբերություններ հաստատվելուց հետո երգարվեստը մատնվեց ամենաթողության, անտարբերության, կասկածելի շոու բիզնեսի գայլային օրենքների տնօրինմանը, խախտվեցին ու խառնվեցին ազգային ու համամարդկային արժեքները: Երկար կարելի է թվարկել... նորից եմ կրկնումՙ բացարձակ անտարբերություն է երգարվեստիՙ թե՛ ներկայի, թե՛ ապագայի հանդեպ: Երբեմն սկսում եմ մտածելՙ արդյո՞ք սա միտումնավոր է արվում... Ասածս ապացուցելու համար կարող եմ բազմաթիվ օրինակներ ու ապացույցներ բերել: Սա համազգային քննարկման նյութ է (համոզված եմ, որ դա կարող է բարձր մակարդակով կազմակերպել «Ազգ» թերթը), եւ ինչպես բազմիցս եմ կրկնելՙ «երաժշտական ճաշակից մինչեւ ազգային անվտանգություն ուղիղ գիծ է անցնում»: Ի վերջո, միշտ պետք է հիշելՙ «Մշակույթը ազգ է պահում, ազգը պիտի պահի իր մշակույթը» (ՍԱԹԱՊԱ):

- Ձեր երգերը հնչել են Հայաստանում, ԱՄՆ-ում, առհասարակ ողջ Սփյուռքումՙ տարբեր հայտնի երգիչների կատարմամբ, սակայն որքանով տեղեկացված եմ, Ֆլորա Մարտիրոսյանի երգացանկում դրանք ավելի մեծ թիվ են կազմել, այդպե՞ս է:

- Այո՛, Ֆլորան իմ երգերից կատարել է 10 երգ, որից 8-ը ստեղծել եմ հատկապես Ֆլորայի մեկնաբանման համար: Երգի հաջողության գրավականներից մեկը երգչի ճիշտ ընտրությունն է: Ամեն մի երգիչ պետք է զգա, հասկանա, թե որ երգն է իր երգը եւ որըՙ ոչ: Իմ համոզմամբՙ երգիչը երգ է փնտրում, բայց երգն է գտնում երգչին...

- Իսկ երգերի ալբոմ ստեղծելու մտադրություն ունե՞ք. չէ՞ որ այն երաժշտական հարուստ ժառանգություն կարող է լինել եկող սերունդների համար:

- Ո՞ր մի երգահանը չի ցանկանա իր ստեղծագործությունների ալբոմը, երգարանն ունենալ, բայց դա զգալի գումարներ է պահանջում... Ես արվեստի հարցում բիզնեսմեն չեմ. ոչ մի երգիչ չի կարող ասել, որ ինձ փող է տվել: Մինչեւ այժմ ես իմ երգերը նվիրել եմ երգիչներին, չեմ ընդունում հովանավորներ «ճարելու» գաղափարն ու ուղիները... Չի կարելի ստեղծագործող մարդուն այդպես նվաստացնել, հասցնել մուրացիկի կարգավիճակի: Եթե իմ ստեղծագործություններն արժեք են ներկայացնում ազգի, ժողովրդի համար (կներեք անհամեստությանս, բայց հենց իմ ստեղծագործությունների համար ինձ շնորհվել է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում), ուստի պետությունն ինքը պետք է զբաղվի իր մշակույթի մշակների հարցերով: Վերջին 10 տարիների ընթացքում դիմել եմ մեր մշակույթի նախարարներին (վերջին 3-ինՙ առանձին-առանձին), պատասխանը եղել է բացասական...

- Այսօր ի՞նչ աշխատանքով եք զբաղվածՙ նոր երգի ստեղծմա՞ն, թե՞ այդ երգերը խմբավորելով:

- Նախ դիմենք Պարույր Սեւակի անվճար օգնությանը. «Ոչ թե գրողն է ստեղծում իր խնդիրը, այլ խնդիրն է ստեղծում իր գրողին»: Իմ համոզմամբՙ սա վերաբերում է արվեստի ամենատարբեր ճյուղերին, բնականաբար նաեւՙ երգարվեստին: Մեր շուրջը զանազան ու բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մասամբ արվեստի օգնության կարիքն ունեն... Օրինակՙ հայրենասիրության եւ հատկապես հայրենաՏԻՐության, անձնական եւ ազգային արժանապատվության, արտագաղթ-ներգաղթի, անտարբերության... եւ այլ հարցեր ու խնդիրներ: Իսկ մտավորականը, ստեղծագործող անձը չի կարող, իրավունք էլ չունի չարձագանքել այս ամենին: Գալով երգարվեստինՙ դիմեմ Համո Սահյանին. «Երգը ծնվում է տառապանքից, Տառապանքով է ծնվում երգը, Բայց երբ ծնվում էՙ պարզ ու անբիծ, բախտի նվեր է ու վայելք է: Ախ, ցավոտ երգն էլ ցավ է հերքում: Եվ տառապանք է հերքում երգը: Չլիներ երգը տիեզերքում, ցավից կպայթեր տիեզերքը....»: Գալով ինձՙ ես էլ ջանում եմ իմ երգով օգտակար լինել իմ հայրենիքին, իմ ազգին, իսկ դա ամենօրյա տքնաջան աշխատանք է պահանջում, որը ո՛չ ցերեկ ունի, ո՛չ գիշեր ...

- Դուք երաժշտություն եք գրել հայ դասական սիրված, ինչպես նաեւ ոչ այնքան ճանաչված գրողների բանաստեղծությունների հիման վրա. իսկ Ձեր բանաստեղծությունների՞...

- Երգերիս կեսից ավելին ստեղծված են իմ տեքստերի, ոտանավորների հիման վրա: «Բանաստեղծություն» բառն ասելիսՙ պետք է շատ զգույշ լինել. ամեն մի չափածո գրվածք դեռ բանաստեղծություն չէ...

- Ո՞ր գրողին դեռեւս չեք անդրադարձել, եղե՞լ են դեպքեր, երբ որեւէ գրողի անդրադարձել եք Ձեր հարազատների, Ձեր ընկերների խնդրանքով ու առաջարկով:

- Մի քանի գրողի եմ անդրադարձել: Դասականներից կուզեի նշել հատկապես Սիլվա Կապուտիկյանի, Չարենցի, Սեւակի, Սահյանի, Տերյանի, Շիրազի անունները... Ուրիշ բանաստեղծների գործեր էլ կան: Իմ մի շարք մտերիմներ (որոնց թվումՙ նաեւ բանաստեղծներ) առաջարկել են երգի վերածել որոշ գործեր: Ինձ համար առաջնայինը ոչ թե բանաստեղծի անունն է, այլՙ բանաստեղծության ասելիքը...

- Ի՞նչ կասեք Հայաստանում գործող, արթուն կամ ննջած ստեղծագործական միությունների մասին:

- Այս հարցն ինքնին մի ամբողջական հարցազրույցի (թերեւսՙ հարցազրույցների շարքի) թեմա է... Կփորձեմ հակիրճ պատասխանել. մեր մտավորականների, արվեստագետների, ստեղծագործողների զգալի մասը ընդգրկված է այդ միություններում: Մենք ունենք հրաշալի մտավորականներ, որոնցով անձամբ ես հպարտանում եմ: Իմ տարբեր ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ մեզ անհրաժեշտ են ՄԱՀԱՊԱՐՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ (գոնեՙ մի 10-15 հոգի) եւ անպայման (նաեւՙ անհրաժեշտաբար) մեկ ՆԺԴԵՀ...

- Դուք ծնվել, մեծացել եք Հայաստանում, սակայն երկար ժամանակ ապրել եք օտարության մեջՙ մոտ 24 տարի, որը մի մարդու ապրած կյանքի ոչ փոքր հատված կարելի է համարել. Միացյալ Նահանգները ինչ-որ չափով արդյոք հարազատ դարձա՞վ Ձեզ:

- Միացյալ Նահանգների մասին (իմ ապրած 24 տարվա ընթացքում) ես երբեք վատը չեմ ասել եւ էլի չե՛մ ասի: Պարզապես այնտեղ էլ կան եւ՛ շատ լավ բաներ, եւ՛ շատ վատ բաներ... Ամեն լավով հանդերձՙ Ամերիկան իմ երկիրը չէ: Ես այնտեղ հաճախ էի ասումՙ «Թեկուզ տնատեր, բայց տանտեր չեմ դառնա այստեղ... իմ տունը իմ Հայրենիքն է, Հայաստանը»: Եվ 24 տարի ՍՄՆ-ում ապրելուց հետո վերադարձա իմ ՏՈՒՆՙ ՀԱՅԱՍՏԱՆ...

- Ո՞ւմ եւ ի՞նչ եք թողել այնտեղՙ Լոս Անջելեսում, որի համար ափսոսում եք:

- Չեմ ուզում պատասխանել այդ հարցին, որովհետեւ ամբողջ ճշմարտությունն ասել չեմ կարող... Չափազանց անձնական է, իմ ճակատագրի վիհն է, անդունդը, որն առայժմ կամրջել հնարավոր չէ... Ձեր ասած «ափսոսել»-ն այն բառը չէ:

- Գիտեմ, որ Ձեր ծավալած գործունեության համար տարբեր մրցանակների եք արժանացել. դա Ձեզ համար որքանո՞վ է կարեւորվում եւ ինչ-որ բան ավելացրե՞ց Ձեր կյանքում:

- Ընդամենը հաճելի է այնքանով, որ գնահատվում ես: Ասեմ, որ ինչ-որ տեղ նույնիսկ բացասական (կատակում եմ) ազդեցություն է ունենում, այսինքնՙ պարտավորեցնում է ավելի լավ աշխատել, ստեղծագործել:

- Ի՞նչն է Ձեր ստեղծագործական կյանքին գույներ հաղորդում:

- Այն ամենը, ինչ կա իմ շրջապատում, իմ կյանքում... ԵՐԳԸ, գոնե ինձ համար, կենդանի օրգանիզմ է, ընդ որումՙ մարդկային... ԵՐԳՆ էլ, մարդու նման, ունի իր հոգին եւ ոգին, տրամաբանությունն ու տրամադրությունը, շնչառությունը, ջերմությունը, գույները... քերականությունը եւ այլն: Եզրափակեմ. իմ երգերն ունեն իմՙ պասկեւիչյանական ներաշխարհը, ներառյալՙ գույները:

- Ինչի՞ց եւ ումի՞ց եք ստանում ստեղծագործական ներշնչանք:

- Դա բառերով գրեթե անհնար է համառոտ նկարագրել: Բոլոր դեպքերումՙ ամենակարեւորը նյութի թեման է, խնդիրը, տեքստի, իմաՙ բանաստեղծության ասելիքը, եւ ստեղծագործողը, իմ դեպքումՙ երգահանը, պետք է իր երաժշտությամբ անխաթար տեղ հասցնի այդ ասելիքը...

- Իսկ ո՞վ է Ձեզ համար լավագույն ընկերը:

- Ինձ համար ընկեր բառը մակդիր չունի... Լավ, վատ, ազնիվ, անազնիվ, անկեղծ, կեղծ եւ նման մակդիրներն ընկեր բառի համար չեն. կամ ընկեր է կամՙ ոչ... Գոնե ինձ հանար ընկերը եղբորից բարձր հասկացություն է... Այնքա՜ն թշնամացած եղբայրներ կան... Այսպիսի խոսք կաՙ «Ընկերությունը աչքի լույսի է նման, մի փոքր փոշին կարող է խաթարել տեսողությունը»:

- Որտեղի՞ց են սկիզբ առնում Ձերՙ հայ մարդու, մասնագետի, մասնավորապեսՙ երաժշտի, ստեղծագործողի ակունքները:

- Նախեւառաջՙ իմ ծնողներից եւ ընտանեական դաստիարակությունից: Հաջորդը համարում եմ իմ ՃԻՇՏ եւ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ լինելը... ՀԱՅ մարդու համար չափազանց կարեւոր էՙ ՃԻՇՏ եւ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ լինելը... Այսինքնՙ ՈՒՄ, ԻՆՉԻՆ, ԻՆՉՈՒ, ԻՆՉՊԵՍ ես հավատում... Այս պահին ուզում եմ մեջբերում անել Վիլյամ Սարոյանից. «Հայերը հեթանոս ազգ մըն են, որոնք կը հպարտանան աշխարհի առաջին քրիստոնեայ պետութիւնը ըլլալնուն համար: Այսուհանդերձ, հայերը տակաւին կը մնան հեթանոս: Իրենց կապակցութիւնը քրիստոնէութեան հետ (շատ մը հայեր պիտի վրդովին այս ըսածէս) եղած է ընկերային արարք մը: Պէտք չէ խեղճանաս կամ վախնաս յայտարարելու, թէ Հայ ես դուն, կամ ինչ որ ես»: Պետք է բոլորն անպայման կարդան Պարույր Սեւակի «Նորօրյա աղոթք» բանաստեղծությունը: «Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի Ես վախենում եմ, Շա՜տ եմ վախենում Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից, Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից: Եթե Աստված եքՙ Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը, Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն, Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան, Որ ... եղիցի լո՜ւյս: Եվ ո՛չ մի գավթում մի՛ ընդունեցեք Նրանց մատաղը, Որ իրենցը չէ, այլ գողացված է: Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ, Որ... զոհ չգնա ինքը հավատըՙ Մաքո՜ւր-վսե՜մը, Անկե՜ղծ-անսո՜ւտը»:

- Պարո՛ն Պասկեւիչյան, Ձեր բարեմաղթանքը համայն աշխարհի հայությանը, Հայաստանում ապրող, Հայրենիք պահող հայ մարդուն, եւ Հայաստանի ու Արցախ աշխարհի սահմանները պաշտպանող մեր զինվորներին:

- Նախեւառաջՙ ինձ համար ՀԱՅԸՙ ՀԱՅ Է, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, ինչով է զբաղված եւ այլն... Բոլորին էլ թերեւս դիմեմ Սեւակի «Եռաձայն Պատարագ» պոեմից մի հատվածով, ուր ՄԵԾ, ՄՏԱԾՈՂ ՊՈԵՏԸ դիմում է մեր ժողովրդին. «Ես ասում եմ քեզՙ պատվիրանի պես. դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեպետ ակամա դեռ ժողովված չես, տակավին ցիր ես, ցան ես եւ սփյուռք, - դու այսուհետեւ ժողովվես պիտի նախՙ ինքըդ քո մե՛ջ, եւ ապաՙ քո շո՛ւրջ....»:

Այնուհետեւ եւս մի կարեւորագույն պատգամ Չարենցիցՙ «Ո՛Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»:

Սրանով ամեն ինչ ասված է բոլորին եւ բոլոր ժամանակների համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019

AZG Daily #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ