RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2019-03-07 21:44:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 546, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց դաշնակահարուհի Լորանս-Անահիտ Մխիթարյանի հետ

- Հարգելի Լորանս, ճիշտ կլինի մեր զրույցը սկսել քո հորից: Նախքան քեզ հետ ծանոթանալըՙ բազմիցս կարդացել էի հայտնի եգիպտագետ Արբակ Մխիթարյանի մասին, որը նաեւ հայ արվեստի հետազոտող էր, Բելգիայի հայ համայնքի եռանդուն գործիչներից մեկը...

- Հայրս ծնվել էր 1911-ին, Եգիպտոսում եւ մահացել 2004-ին, Բելգիայում: Հայրական պապսՙ Տիգրան Մխիթարյանը (1875-1922), ծնվել էր Թոքաթում, տատիկսՙ Ռեբեկա Ջիգամյանը (1896-1945)ՙ Մարզվանում: Եգիպտոսում պապիկիս մահից հետո, 1925 թվականին Ռեբեկա տատիկս տեղափոխվել է Բելգիա իր երեք որդիներիՙ Արբակի, Պարետի եւ Մխիթարի հետ: Շվեյցարուհի մորսՙ Էմե Բրիգենին, հայրս հանդիպել է 1954-ին Շվեյցարիայում:

Կցանկանայի խոսել իմ սեփական փորձառության մասին, թե ինչպես ես աստիճանաբար կապ հաստատեցի հայ մշակույթի հետ: Չնայած որ հայրս մեր մանկության տարիներին երբեք հայերեն չի խոսել մեր ընտանիքում, մենք պարբերաբար կապի մեջ էինք Բելգիայի հայ համայնքի հետ: Ծնողներս ունեին հիանալի հայ ընկերներ, հիշում եմ նրանց այցելությունները, եւ թե ինչ հաճույքով էր հայրս նրանց հետ զրուցում հայերեն: Հորեղբայր Մխիթարն ու նա, անշուշտ, միշտ խոսում էին իրենց մայրենի լեզվով:

Տանը բազմաթիվ գրքեր ունեինք հայ մշակույթի մասին, եւ հայրս նույնպես մի քանի հատոր ունի գրած հայ արվեստի, մասնավորապեսՙ միջնադարյան մանրանկարչության մասին: Ես հիշում եմ նաեւ, որ հայրս, չլինելով հավատացյալ, Սուրբ Ծնունդին եւ Զատիկին ինձ տանում էր եկեղեցիՙ հայ համայնքում իր ունեցած դիրքի, բայց հիմնականումՙ նաեւ այն պատճառով, որ պատարագը չափազանց գեղեցիկ էր համարում: Այդ ժամանակ մենք Բելգիայում հայկական եկեղեցի չունեինք, եւ տարվա մեջ երկու անգամ էր պատարագ մատուցվում Բրյուսելում: Սրանք ինձ համար շատ խորը եւ հուզիչ հիշողություններ են: Մենք նաեւ մասնակցում էինք տարբեր միջոցառումների Բրյուսելի Հայ տանը:

Նմանապես իմ ծնողները ակտիվորեն ներգրավված էին 1980-ականներին ու հետո Թուրքիայից ու Հայաստանից Բելգիա ներգաղթող հայերի հետ տարվող աշխատանքներում: Նրանք երբեք մեզ չեն մղել որոշակի հայկական գործունեության, բայց մեզ հայտնի էին հայ եկվորների հասարակական կյանքում նրանց կատարած աշխատանքները: Բրյուսելում շարունակում է գործել «Արբակ Մխիթարյանի անվան հայ սոցիալական կենտրոնը»: Չմոռանամ նշել, որ երբ սկսեցի դաշնամուր նվագել, հայրս սկսեց ձեռք բերել հայ երաժշտահանների ստեղծագործություններ, եւ ես քայլ առ քայլ սկսեցի ճանաչել Կոմիտասի ու այլ հայ կոմպոզիտորների երաժշտությունը:

- Եվ դու միշտ քո երկացանկում ընդգրկում ես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Դու նո՞ւյնպես կարծում ես, որ հայ ժողովրդական երաժշտությունը եւ նրա մեկնաբանությունները այնքան էլ հարմար չեն դաշնամուրի համար: Օրինակ, հայտնի ամերիկացի դաշնակահար Նորման Քրիգերը, մեկնաբանելով Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»ՙ կոմպոզիտորի իսկ կատարմամբ, գրել է, որ Ռախմանինովը վստահաբար չէր հավանի ո՛չ ստեղծագործությունը, ո՛չ կատարումը...

- Ես չեմ կարող խոսել Ռախմանինովի եւ Նորման Քրիգերի փոխարեն: Ես երբեք չեմ կարող ունենալ խիստ սահմանափակ հայացք: Կարծում եմ, որ ամեն երաժշտության համար էլ յուրաքանչյուր գործիք կարող է հարմար լինել, եթե երաժշտի կատարման մեջ առկա է լավ ոգի:

Ստացածս լավագույն դրվատիքն այն էր, որ երբ մի անգամ կատարեցի Կոմիտասի պարային ստեղծագործությունները, ինձ ասացին, որ լսվում էր ոչ թե դաշնամուրի հնչումը, այլ դրանից անդին գտնվող մի բանՙ նման ավանդական երաժշտության հնչումին: Պատճառն, իհարկե, Կոմիտասի ֆանտաստիկ երաժշտական հորինվածքն էր, բայց նաեւ կարծում եմ, որ մեր կատարումներում մենք միշտ պետք է փնտրենք ինչ-որ հիմնարար բանի ճշմարիտ ու խորը ոգին, երաժշտության իմաստի խորունկ զգացողությունը:

- Երեւանի երաժշտասերները երկու անգամ հնարավորություն են ունեցել լսելու քո համերգները: Դու նախընտրում ես կատարել այսպես կոչված ավանգարդիստական ստեղծագործություններ, հաճախՙ արտասովոր մեկնաբանություններով (օրինակ` նվագելով դաշնամուրի լարերը, երգելով կամ օգտագործելով մուլտիմեդիա): Կարծում ես, որ ժամանակի ընթացքում դաշնամուրային նվագը նո՞ւյնպես պետք է փոփոխություններ կրի:

- Կարծում եմ, որ պետք է, եւ դա մեր պարտքն է, քանի որ երաժիշտները պիտի բաց լինեն այն ուղիների հանդեպ, որոնք կոմպոզիտորներն առաջարկում են մեզ: Բայց դա չպետք է պատճառ դառնաՙ մերժելու անցյալը: Ես սիրում եմ կատարել Բախ, Շուբերտ, Բեթհովեն, Շումանը, Դեբյուսի եւ շատ այլ կոմպոզիտորների: Սակայն այսօրվա կենդանի երաժշտությունն այսօ՛ր ստեղծված երաժշտությունն է, եւ այդ երաժշտության ու հանդիսատեսի միջեւ դեռեւս բաց գոյություն ունի: Երաժշտության ստեղծումը միշտ էլ էվոլյուցիայի մեջ էՙ փոխվելով, առաջարկելով մեր գործիքը նվագելու նոր գաղափարներ, ինչպես օգտագործել նոր տեխնոլոգիաները. դա երբեք չի դադարի, եւ իսկապես հիանալի է լսել կոմպոզիտորների ստեղծած նորանոր հնարավորությունները: Այդ պատճառով չէ, որ ես գնահատում եմ ժամանակակից երաժշտությունը, այլ որպես պրոֆեսիոնալ ես ունեմ այդ հետաքրքրությունը, հետաքրքրասիրությունը եւ պարտականությունը, ինչպես ասացիՙ ծառայություն մատուցելու այսօրվա կոմպոզիտորներին: Եվ կարող եմ ասել ավելին. դա նրանց հետ շփվելու իրական հնարավորություն է, քանի որ դա իրո՛ք կենդանի երաժշտություն է, եւ նրանք կարող են բացատրել, թե ի՛նչ են ցանկանում, ի՛նչ են ուզում ասել, ո՛րն է հրատապ ասելիքն իրենց աշխատանքում...

Երկար տարիներ դաշնամուր եմ դասավանդել, եւ իմ աշակերտների մեջ ինձ համար ամենակարեւորը նրանց կատարած երաժշտության մեջ եղել է իրենց իսկ անհատականության արտահայտումը: Այդ առումով ինձ համար մեծ փորձառություն էր հանդիպումը հունգարացի կոմպոզիտոր Դյորդ Կուրտագի հետ (վերջինիս «Խաղեր» ստեղծագործության կատարման առնչությամբ)ՙ ոչ միայն որպես եռանդուն ժամանակակից կոմպոզիտորի, այլեւ պարզելու համար, թե ի՛նչն է էական այդ երաժշտությունը կատարելու համար: Իհարկե, մեզ պետք են տեխնիկական գիտելիքներ մեր գործիքի վերաբերյալ եւ երաժշտության տեսություն, բայց ամենակարեւոը մեր լսած ու նվագած հնչյունների խոր իմաստն իմանալն է: Եվ այդպիսով Կուրտագը մեզ առաջարկեց բազմաթիվ հնարավորություններՙ ուսումնասիրելու եւ ստուգելու, թե ինչ կարգի երաժշտական իմաստ մենք կարող ենք կիրառել յուրաքանչյուր երաժշտության, տարբեր ժամանակաշրջանի եւ երկրների կոմպոզիտորների երկերի մեկնաբանության մեջ: Երաժշտությունը մեր կյանքի ներքին փորձառությունն է, մեր արտադրած հնչյունը պետք է տոգորված լինի մեր ներքին որոնման խորությամբ:

- Դու հայ սփյուռքի այն հազվագյուտ երաժիշտներից ես, կամ, ավելի շուտ, հայկական ծագումով այն երաժիշտներից, որոնք ուշադրության կենտրոնում են պահում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ի՞նչ ես կարծում, նրանք կարո՞ղ են որոշակի տեղ զբաղեցնել ժամանակակից դաշնամուրային երաժշտության մեջ:

- Ժամանակակից հայ կոմպոզիտորների իմ իմացությունը սկսվել է մի քանի տարի առաջ: Տարիներ շարունակ Բելգիայում հետաքրքրվում էի ժամանակակից երաժշտությամբ, բայց ո՛չ հատկապես հայ երաժշտաստեղծներով: 2015-ին ես ցանկացա հանդես գալ հայ կոմպոզիտորների երիտասարդ սերնդի ծրագրով, եւ հնարավորություն ունեցա նոտաներ ստանալ նրանցից մի քանիսից (Վաչե Շարաֆյան, Արթուր Ավանեսով, Արթուր Աքշելյան, Արամ Հովհաննիսյան, Դավիթ Բալասանյան եւ այլք): Միեւնույն ժամանակ ես խնդրեցի բելգիացի կոմպոզիտորներին գրել իրենց ոճով նոր դաշնամուրային ստեղծագործություններ, բայցՙ Հայաստանի ոգով:

Իմ առաջին համերգը նվիրված էր Ցեղասպանության 100-ամյակին, եւ ես ստացա մի հիանալի ստեղծագործություն Կլոդ Լեդուից («Քարի եւ մեղրի բույրերը» պիեսը), որին հետեւեցին Ժան-Պիեռ Դելյուզի «Հայաստան» շարքը եւ Ժան-Լյուկ Ֆաֆշամի «Հայկական թղթեր» երեք դաշնամուրային պիեսները: Դա օգնեց ինձ ավելի խորանալ հայ երաժշտական մշակույթի մեջ` արտերկրից եկող հնչյունների միջոցով: Բրյուսելում կայացած այդ համերգից հետո ես հնարավորություն ունեցա գալ Հայաստանՙ մասնակցելու 2017-ին ստեղծված «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության փառատոնինՙ հայ երիտասարդ կոմպոզիտորների «Կվարտերտոն» (քառորդ տոն) միավորման շնորհիվ: Այս առիթով ես նվագեցի նաեւ հայազգի ֆրանսիական կոմպոզիտոր Ֆրանկ-Քրիստոֆ Եզնիկյանիՙ դաշնամուրի համար գրված էլեկտրոնային երաժշտությունը:

Համոզված եմ, որ այս ողջ երաժշտությունը կարող է իր տեղն ունենալ միջազգային երաժշտական կյանքում: Իմ ներդրումը միայն մի փոքր մակարդակի վրա է, բայց այժմ բելգիացի կոմպոզիտորները ներգրավված են նաեւ հայ երաժշտական կյանքումՙ հրավիրվելով դասընթացներ եւ վարպետության դասեր անցկացնելու «Խաչմերուկներ» փառատոնի շրջանակներում: Այս տարի մենք երրորդ անգամ կգանք Հայաստան, այս անգամ` Ժան-Լյուկ Ֆաֆշամի հետ (2017-ինՙ Կլոդ Լեդուից եւ 2018-ինՙ Ժան-Պիեռ Դելյուզից հետո):

- Պատմիր, խնդրեմ, առաջիկա ծրագրերիդ մասին:

- Շարունակում եմ պատրաստել մի երկացանկՙ մայիսին Հայաստանում նվագելու համար բելգիական, հայկական եւ այլ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտություն... այս ծրագիրը կկրկնեմ նաեւ Բրյուսելում:

Նաեւ դասախոսություն եմ պատրաստում Կուրտագի երաժշտության վերաբերյալ: Մի քանի տարի առաջ բազմիցս հանդիպել եմ Կուրտագին, շատ հետաքրքրված էի նրա մանկավարժական սկզբունքներով, որոնք սերտորեն կապված են իր ողջ երաժշտական ժառանգության հետ: Այդ կերպ ես Բելգիայում մշտապես դաշնամուրի ուսուցիչների համար ժամանակակից երաժշտության դասընթացներ եմ վարում:

Ես նաեւ առաջարկել եմ Ժան-Լյուկ Ֆաֆշամին մի նոր ստեղծագործություն գրել դուդուկի եւ դաշնամուրի համարՙ որպես այնքան խորհրդանշական այս հայկական գործիքի վերաբացահայտում, եւ ինձ չափազանց հետաքրքրում է, թե ինչպիսին կարող է լինել այդ երկու գործիքների համատեղ հնչողությունը:

Ես նաեւ մի նոր ծրագիր ունեմ Ֆրանկ-Քրիստոֆ Եզնիկյանի հետ` կատարելու Շումանի գործերըՙ նրա կատարած էլեկտրոնային երաժշտության հենքին:

Ինչ վերաբերում է դասավանդելուն, ապա ինձ խնդրել են պատրաստել մի նոր բելգիական երկացանկ երիտասարդ դաշնակահարների համար, որը ես վերջին տարիներին ուսումնասիրել եմ իմ ուսանողների եւ գործընկերների հետ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ