RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-07 21:44:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 394, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԵՎԻԼՅԱՆ ՍԱՓՐԻՉԸ»ՙ ԳԱՐՆԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Մարտի 3-ին եւ 5-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կրկին օպերային արվեստի տոն էր: Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ ֆիլհարմոնիկի բեմում կայացավ իտալական օպերային արվեատի գլուխգործոցներից մեկիՙ Ջոակինո Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչ» կատակերգական օպերայի բեմականացված համերգային կատարումը:

Մաեստրո Էդուարդ Թոփչյանի սերը դեպի օպերային արվեստը, հատկապեսՙ իտալական, անթաքույց է: Դրա լավագույն վկայությունը թերեւս Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տարբեր տարիներին իրականացրած ամենատարբեր օպերաների համերգային ներկայացումներն են. Ջ. Վերդիի «Աիդա» (2001), «Օթելլօ» (2006), «Սիմոն Բոկանեգրա» (2006), «Ռիգոլետտո» (2007), Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» (2004, 2018), «Տոսկա» (2014), «Տուրանդոտ» (2012), «Բոհեմ» (2016), «Թիկնոցը» (2018), Ռ. Լեոնկավալլոյի «Պայացները» (2009, 2018), Պ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (2013), Պ.Ի.Չայկովկու «Եվգենի Օնեգին» (2010):

Նախկինում Ջոակինո Ռոսսինիի «Սեւիլյան Սափրիչը» օպերան ֆիլհարմոնիկ բեմում հնչել է 2005-ին: Այս տարի գարնանային համերգաշրջանի բացումն ազդարարվեց կրկին Ռոսսինիի այս անմահ ստեղծագործությամբ:

Երգիչների կազմն, ինչպես միշտ, ընդգրկում էր հայ եւ օտարազգի երգիչների. Լիպարիտ Ավետիսյան ՙ Ալմավիվա, Աննա Կասյան ՙ Ռոզինա, Եվգենի Ստավինսկի ՙ Բարտոլո, Ջանպիերո Ռուջերի ՙ Ֆիգարո, Վազգեն Ղազարյան ՙ Դոն Բազիլիո, Ալինա Փահլեւանյան ՙ Բերտա, Կիմ Սարգսյան ՙ Ֆիորելլո, միմոսՙ Աղասի Մելքոնյան եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմ (գեղարվեստական ղեկավար եւ խմբավարՙ Սոնա Հովհաննիսյան ):

Հագուստները ձեւավորել են ֆրանսաբնակ Վարդան եւ Գեւորգ Թառլոյանները , իսկ ներկայացման բեմադրիչն էր փարիզաբնակ Սուրեն Շահիջանյանը:

Ինչպես նշում էր մաեստրո Թոփչյանը, իրենք չեն ձգտել մանրակրկիտ աշխատել բեմադրության վրա եւ կարեւորը երաժշտությունն է: Բայց եւ այնպես կատարումները գերում էին նաեւ վառ թատերայնությամբՙ զուգակցվելով երգիչների անզուգական եւ անմիջական կատարումներին, արժանանալով հանդիսատեսի, ինչպես նաեւ երաժիշտների եւ երաժշտագետների գնահատանքին:

Մեջբերենք կոմպոզիտորների միության անդամ, երաժշտագետ Լիլիթ Եփրեմյանի խոսքը նրա ֆեյսբոքյան էջից. «Անչափ ոգեւորված եմ «Սեւիլիան սափրիչի» այսօրվա համերգային ներկայացմամբ, որն իսկապես մեծ հաճույք պարգեւեց ինձ: Երգն ու բեմական խաղը օպերային արտիստի առանձին դրսեւորումները չեն այլեւս, դրանք միահյուսված են մեր սիրելի արտիստների կերպարներում: Հոգսաշատ հանդիսատեսին ժպիտ ու ոգեւորություն պարգեւելը, անկեղծ ծիծաղ ու զարմանք առաջացնելը մեծագույն ճիգեր է պահանջում:

Բայց Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ռեժիսոր Սուրեն Շահիջանյանը , մենակատարների փայլուն համաստեղությունը եւ «Հովեր» երգչախումբը հասան դրան առանց նկատելի դժվարությունների` թեթեւ, մանկական պարզությամբ ու չարաճճիությամբ: Իր ամբողջ հմայքով, շլացուցիչ մեղեդայնությամբ ու իտալական հյութալի խառնվածքով Ռոսսինին փայլեց հայ բեմումՙ ավելորդ անգամ փաստելով, որ հայերն ու իտալացիները իրար հասկանալ գիտեն պատմության առանձնակի` անհուն խորքեր տանող բնազդային կանչով»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ