RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-07 21:44:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 255, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԿԱՄ «ՍԵՎ ԹՈՒՂԹ»

Նաիր ՅԱՆ

Արդեն երկրորդ շաբաթն էՙ վիրտուալ եւ ոչ վիրտուալ ամենաթեժ քննարկումները ծավալվում են մշակույթի նախարարության փաստաթղթաշրջանառությունից դուրս սպրդած ու լրատվամիջոցների ձեռքին հայտնված փաստաթղթի շուրջը: Համազգային թատրոնը եւս «սեւ ցուցակում» է: Համազգայինցիները պատասխան հայտարարությամբ հանդես եկանՙ իրենք կուսակցական թատրոն չեն, ինչպես գրված է նախարարության փաստաթղթում, ձեռագիր ունեն, ինչը հերքում է նույն փաստաթուղթը եւ չեն հիմնվել Սոս Սարգսյանի կուրսի ուսանողների ուժերի վրա: Գալյա Նովենցը, Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը եւ Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի կուրսը չեն ավարտել, բայց Համազգային թատրոնի հիմնադիրներն են: Համազգայինը շուտով սեփական շենք է ունենալու. կառուցապատողն է այն նվիրել թատրոնինՙ ի նշան Սոս Սարգսյանի հանդեպ ակնածանքի: Թատրոնը տարեկան 7 պրեմիերա է ունենում, որոնցից եւ ոչ մեկին մշակույթի նախարարությունից ներկա չեն լինում: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը եւս ոչ մի պրեմիերայի ներկա չի եղել, հիմնվել է տարբեր վարչությունների, փորձագետների կարծիքի վրա ու նպատակահարմար գտել 28 տարվա Համազգային թատրոնը դարձնել ուսանողական հարթակ: Թե ինչ տրամաբանությամբ է նա մտադիր Սպենդիարյանի տուն-թանգարանը միացնել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին, կամ Կամերային թատրոնըՙ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, ոչ մեկին հայտնի չէ:

Մտավորականների ու հանրության շրջանում առաջացած վրդովմունքից, աղմուկից հետո Նազենի Ղարիբյանը հայտարարեց, թե ի՜նչ փաստաթուղթ, ի՜նչ բան, դա ընդամենը սեւագրություն է եղել:Կառավարությունից հանձնարարական է եկել, որ ՊՈԱԿ-ների գործունեությունը վերլուծվի, ստուգվի. արդյունքում կազմվել է աշխատանքային սեւագրություն, որը, այնուամենայնիվ, կառավարությանը ներկայացվել է: Սրան էլ պատասխան կա. կառավարությունից է հանձնարարականն իջեցվել, կառավարությանն էլ հանձնվել է ՊՈԱԿ-ների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքը:

Եթե անգամ ընդունենք, որ այն սեւագրություն է, ոչ թե նախագիծ, օրինագիծ կամ որոշում, միեւնույն է, մշակութային 15 հաստատությունների լուծարման, օպտիմալացման, միավորման մասին խոսակցություն եղե՛լ է: Այսինքնՙ այսպես թե այնպես մշակույթի ոլորտը կառավարողների մտքով դա անցել է: Առանց ՊՈԱԿ-ների ղեկավարներին տեղյակ պահելու, առանց նրանց հետ խնդիրը քննարկելու, ուղղակի փաստաթուղթ է կազմվել: Եթե ինֆորմացիոն արտահոսքի հետեւանքով այն դուրս չսպրդեր նախարարության տիրույթից, ոչ ոք «սեւ ցուցակի» մասին չէր իմանա եւ չէր պատրաստվի հակահարձակման: Իսկ միգուցե ՊՈԱԿ-ների ղեկավարներին մի գեղեցիկ օր հրավիրեին նախարարություն ու լայն ժպիտով ասեինՙ մենք երկար ենք ուսումնասիրել ձեր անիմաստ գոյությունն ու գործունեությունը եւ որոշել, որ դուք կա՛մ պետք է փակվեք, լուծարվեք, կա՛մ էլ միավորվեք, ինչպես արվեց մի քանի նախարարությունների դեպքումՙ աշխատողներին ուղղակի լուծարման պայմանագիր դեմ տալով ու գործազուրկ դարձնելով:

Նազենի Ղարիբյանը նշեց, որ մեր հարկատուների փողերը խնայողությամբ ծախսելու, վարչարարությունը հեշտացնելու նպատակով է սեւագիր տեղեկանքը ստեղծվել: Մի դեպքում նա ասում էր, որ ոչ մի ՊՈԱԿ չի փակվելու, մյուս դեպքում, թեՙ հրավիրելու ենք ՊՈԱԿ-ների տնօրեններին, նրանց ներկայացնենք մեր հիմնավորումները, նրանք պետք է մեզ հակառակը համոզեն, իրենց գործունեությունն արդարացնող հիմնավորումներ բերեն, բայց մենք ոչ մի բռնի ուժ նրանց նկատմամաբ չենք կիրառելու, չենք ասելու փակվեք ու վերջ:

Այս բառախաղը հասկանալու համար լեզվի հարաբերական տեսության կամ համամետական լեզվաբանության մասնագետ պետք չէ լինել: Ոչ մի ՊՈԱԿ չի լուծարվելու, մինչեւ նրանց այլընտրանք չառաջարկվի. այս թեզը եւս պաշտոնյանի ելույթի անկյունաքարն էրՙ դարձյալ երկիմաստ ենթատեքստով: Այլընտրանք. օրինակ, Համազգային թատրոնին առաջարկվում է միանալ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտին, Սպենդիարյանի տուն-թանգարանին եւս առաջարկվում է միանալ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին, Խամաճիկների թատրոնինՙ վերամիավորվել տիկնիկային թատրոնի հետ եւ այսպես շարունակ:

Հետաքրքրական էՙ կարո՞ղ են նույն նախարարության փորձագետները նշել մի պատճառ, թե ինչու պետք է փակեն Համազգային թատրոնը եւ չփակեն Խորեոգրաֆիայի թատրոնը, որի մասին հանրությունն ու ԶԼՄ-ներն իմացան երկու ամիս առաջվա սկանդալային դեպքից հետո: Թող նշեն մի պատճառ, թե ինչու պետք է լուծարվի Սպենդիարյանի թանգարոնը եւ չլուծարվի Դերենիկ Դեմիրճյանի թանգարանը, ինչու չփակել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, բայց փակել Համազգայինը կամ Խամաճիկների թատրոնը: Ո՞րն է սկզբունքը, հիմնավորումը, պատճառը:

Արվեստագետներն ու հանրությունը իշխանությունների մոտեցումներում կամայականություն ու քմահաճություն են տեսնում, որը տարակուսանքի, հիասթափության, սեփական երկրում անպաշտպան լինելու զգացում է առաջացնում: Այս տարերային փոփոխությունները անկայունության տրամադրություն են առաջացնում, ինչը դեպրեսիայի հիմքն է: Նախարարության փաստաթուղթը «գաղտնազերծվել է», հանրությունը ցասումով սպասում էՙ ինչ ընթացք ու շարունակություն է ունենալու ՊՈԱԿ-ների թեման: Իսկ «սեւ ցուցակում» հայտնվածներն արդեն ռազմավարություն են մշակելՙ չեն լռելու, չեն հանդուրժելու եւ անհրաժեշտության դեպքում պայքարի տարբեր միջոցների են դիմելու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ