RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019



ԲԱՐՁՐԱՑՈՂ ԱՍՏՂԵՐ

Տեղադրվել է` 2019-01-17 22:11:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 956, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԹԱԼԻ ԱՐՈՅԱՆ. ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՊՐԱՆՈՆ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU INSIDER/Vol. 9 Dec. 2018)

«Հայկական լեռնաշխարհում իր հազարամյա սկզբնավորությունից ի վեր երաժշտությունը ձեւավորել է մեր հայկական ինքնությունը, սերնդե սերունդ փոխանցելով մեր հարուստ մշակութային ժառանգության փայլուն արտահայտչամիջոցներից մեկը: Երաժշտությունը, ինչ ձեւով էլ այն ներկայացվի, քնարական, եղերերգական, շարականների հոգեւոր, թե սոսկ դուդուկի ու զուռնայի միջոցով, ներծծված է եղել մեր հայկական ոգու մեջ:

Եվ զարմանալի չէ, որ ՀԲԸՄ-ն մշակույթը համարում է իր առաքելության հիմնական բաղադրիչներից մեկը, հատուկ շեշտադրում կատարելով երաժշտության եւ կատարողական արվեստի բնագավառներին:

Տարբեր մայրցամաքներում մենք տեղական հանդիսատեսին ենք փոխանցել հայկական երաժշտության լավագույն ավանդույթները, ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բարձրորակ մատուցումներով: AGBU Insider հանդեսի ներկա հատուկ համարով մենք հպարտությամբ ներկայացնում ենք ՀԲԸՄ-ի հովանավորությամբ եզակի համաշխարհային բարձունքների հասած մեր արվեստագետներին», գրում է ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամ

Վահե Կապրաշը հանդեսի ներածական խոսքում: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք շարքի առաջին արվեստագետին:


Քսաներորդ դարի ամենահիասքանչ ու ամենահատկանշական մշակութային կառույցներից մեկի դահլիճում ծափահարությունների տարափը ջերմորեն ողջունում է Սիդնեյի օպերայի անզուգական սոպրանո Նաթալի Արոյանին : Իտալական օպերային արվեստի գագաթներից համարվող Վերդիի «Աիդա» օպերայի գլխավոր դերում Արոյանի հարուստ ձայնն ու դրամատիկ հաստատակամությամբ հագեցած վավաշոտ տոնայնությունը ամբողջովին գրավել-հուզել է հանդիսատեսին: Մինչ վարագույրը իջնում է, նա հեռանում է բեմից` գուցե ուժասպառ, բայց հաղթական ու ոգեշնչված:

«Դա յուրահատուկ պահ էՙ լի երախտագիտական զգացմունքներով: Բեմի վրա դու ապրում ես տարբեր վայրում, տարբեր ժամանակաշրջանում եւ հանդիսատեսին տարբեր աշխարհ ես տեղափոխում, որպեսզի փախչելով առօրյա հոգսերից նա հայտնաբերի դասական երաժշտության գեղեցկությունը», ասում է նա:

Նրա աստվածատուր տաղանդը հնարավորություն է ընձեռել ճանապարհորդել աշխարհով մեկ, ելույթներ ունենալ ամենահեղինակավոր միջազգային բեմերում եւ գովասանական արձագանքների արժանանալ իր դերակատարումների համար, Միմիՙ «Բոհեմայում», Դեզդեմոնաՙ «Օթելլոյում», Միքաելաՙ «Կարմենում», Ամելիա Գրիմալդիՙ «Սիմոն Բոկկանեգրայում», Մարգարետՙ «Ֆաուստում» եւ այլն:

Իր կարիերայի ընթացքում նա բախտավոր է եղել սովորելու եւ աշխատելու աշխարհի նշանավոր երաժիշտների, պարողների եւ դերակատարների հետ: Նրանց շարքում կարելի է հիշատակել օպերային լեգենդներ Միրելլա Ֆրենին, Ռութ Ֆալկոնին, Ռենատա Սկոտտոյին, մաեստրո Ռիչարդ Բոնինժին եւ տիկին Կիրի տե Կանավային, որոնցից յուրաքանչյուրն իր անգնահատելի լուման է ներդրել նրա կայացմանըՙ որպես օպերային երգչուհի:

Սակայն, ճակատագրի հեգնանքով, բոլորովին այլ ժանրի «դիվաներ» են նրան դուր եկել ավելի երիտասարդ տարիքում: «Ես երազում էի դառնալ պոպ երգչուհի: Իմ կուռքերի թվում կարող եմ նշել Սելին Դիոնին եւ Ուիթնի Հյուստոնին: Հաստատ կարող եմ ասել, որ բեմն ու հանդիսատեսի հետ շփումը միշտ գրավել են ինձ», խոստովանում է Նաթալին, հավելելով, որ նույնիսկ գործարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գիտական աստիճաններ ձեռք բերելուց հետո (Սիդնեյի կաթոլիկական համալսարանում) երազել է պոպ երգչուհի դառնալ:

Ամեն ինչ, սակայն, փոխվել է երբ ծնողները նրան առաջին անգամ օպերա են տարել տեսնելու եւ լսելու ճանաչված մեցցո Լիլիա Օվչյանին , որը դեռ նոր էր տեղափոխվել Ավստրալիա: «Ախ, ասացի մտքումս, այս կնոջ ձայնն այնքան առինքնող ու ծավալուն, բազմաշերտ է, որ ես անպայման նրա մոտ պետք է սովորեմ», հիշում է Նաթալին: Նրանք մոտենում են տիկին Օվչյանին, եւ Նաթալին հայտնում է իր պոպ երգչուհի դառնալու երազանքի մասին: «Մեկ երգ լսելուց հետո, նա հայտարարեց, որ ես ծնված չեմ պոպ երգչուհի դառնալու համար: Սիրտս կոտրվեց եւ մտածեցի, որ երազանքներս խորտակվեցին: Բայց նա շարունակեց եւ հստակ ասաց. «Դու ծնվել ես օպերային երգչուհի դառնալու համար»:

Շփոթված եւ տատանվելով Նաթալին համաձայնվում է աշխատել տիկին Օվչյանի հետ, սովորել նրա դասական իմացությունից: Մի շաբաթ անց, «ես սիրահարվեցի այդ ժանրին եւ հաստատ որոշեցի, որ դա է լինելու իմ կարիերան», շարունակում է խոստովանել Նաթալին:

Տաղանդի բացահայտման արդյունքում ճանաչումն ու հռչակը չուշացան: 2008-ին նա առաջին հորիզոնականը գրավեց միաժամանակ երկու հեղինակավորՙ Նյու Յորքի «Opera Foundation-ի» եւ Ավստրալիայի «Herald Sun Area-ի» մրցանակաբաշխություններում: Վերջինիս նախորդ պարգեւատրվողը եղել էր մեծահռչակ երգչուհի Ջոան Սաթերլենդը: Որպես առաջին մրցանակներ դրանք հիշատակելի են մնացել մինչ օրս: «Առաջին անգամն էր, որ ես լսեցի «իսկ հաղթական մրցանակը շնորհվում է... օրիորդ Նաթալի Արոյանին» խոսքերը: Շատ տպավորիչ էր, մանավանդ, որ այն ուղեկցվում էր 35 հազար դոլարի կրթաթոշակով, որն ինձ հնարավորություն էր տալիս ուսումս շարունակելու արտասահմանում»:

Չնայած Արոյանը Սիդնեյի օպերային թատրոնը այժմ իր տունն է համարում, բայց ճանապարհը դեպի այդ կառույցը հեշտ չի եղել: Նա խոստովանում է, որ հուսահատական մարտահրավերների դեմ է ստիպված եղել պայքարել: «Ամենադժվարը ընկճվելուց հետո վերստին ուժ ու եռանդ գտնելն է, շարունակելու կամք ունենալն է, որպեսզի կարելի լինի իրականացնել երազանքդ: Ովքեր ունեն այդ կամքը, հաղթահարում են բոլոր դժվարությունները»: Երգչուհի դառնալ ձգտողներին խորհուրդ է տալիս ճկուն լինել, ակնկալել անհաջողություններ, բայց երբեք չհանձնվել: Լինել համբերատար եւ հաստատակամ:

Միջազգային մակարդակի հասած սոպրանոյի համար նաեւ անհրաժեշտ է մեծ զոհողությունների գնալ: «Հաճախ եմ ընտանիքիցս եւ ընկերներիցս հեռու լինում, դժվարին ճանապարհներ եմ անցնում երբեմն, բայց առաջ եմ գնում իմ թիկունքում զգալով նրանց բոլորի ներկայությունը եւ կարիերայիս նկատմամբ իմ պարտավորվածությունը հասկանալու նրանց կարողությունը»:

Նաթալին միշտ զգացել է իր ծնողներիՙ Լյուսիի եւ Սարգիսի անվերապահ աջակցությունը: Նրանք ոգեշնչման աղբյուր են հանդիսացել: «Նրանք հավատացին իմ ուժերին եւ մղեցին ինձ առաջ գնալու: Ինչին որ հասել եմ այսօր, ամբողջովին պարտական եմ ծնողներիս: Այդ պատճառով էլ փորձում եմ արդարացնել նրանց հույսերը եւ հպարտություն պարգեւել նրանց»:

Ծնողները նրան վաղ տարիքից սովորեցրել են լինել աշխատասեր եւ երախտապարտ: «Մեծ պատասխանատվությամբ եւ նվիրվածությամբ եմ մոտենում իմ ելույթներին», նշում է Նաթալին, որ նաեւ մեծապես երախտապարտ է Սիդնեյի հայկական համայնքին: Այն արդեն վեց տարի է, ինչ նեցուկ է կանգնում եւ ոգեւորում նրան, որպես օպերային ժանրի ավստրալահայ առաջին մեծության աստղի:

Արոյանը հաճախել է ՀԲԸՄ-ի Սիդնեյի Ալեք Մանուկյանի անվան շաբաթօրյա տարրական դպրոցը, որն իր մեջ սերմանել է լեզվական, պատմական եւ մշակութային արժեքներ եւ հայ զգալու հպարտություն: ՀԲԸՄ-ն բազմաթիվ առիթներ է ստեղծել, որ նա մասնակցի համայնքային մշակութային միջոցառումներին: Նա նաեւ եղել է ՀԲԸՄ-ի բասկետբոլի աղջիկների խմբի անդամ: Այն գիտակցությունը, որ կազմակերպությունը միշտ պատրաստ է թիկունք կանգնելու իր առաջխաղացմանը, մեծապես նպաստել է իր ակադեմիական կայացմանը: Այդ պատճառով էլ, հակառակ իր բազմազբաղ վիճակին, նա միշտ պատրաստ է եղել վարձահատույց լինել համայնքին: Նա մասնակցել է մշակութային միջոցառումների ինչպես Ավստրալիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչպես օրինակ Հայաստանում եւ Նյու Յորքում: Հայաստանում Ցեղասպանության 100-ամյակի առթիվ նա հատուկ բեմադրությամբ է հանդես եկել, որն անվանել է «Իմ հայկական ճանապարհորդությունը»: Այն պատմում է, օպերային արիաների եւ հայկական երգերի միջոցով, մի վախեցած աղջնակի մասին, որը հրաշքով Ցեղասպանությունից փրկվելով հաստատում է իրեն կյանքում, դրանով իսկ հաղթելով իր ժողովրդի ողբերգական անցյալին: «Այդ որբուկը իմ մեծ տատիկն էր: Հայկական գեղեցիկ երգերի եւ պարերի միջոցով ես ցանկացա աշխարհին հաղորդել, որ անցյալը չենք մոռացել, բայց առաջ ենք նայում դրական լիցքերովՙ կառուցելու մեր հայրենիքը եւ բարգավաճ դարձնելու այն»: Ներկայացումը մեծ հաջողություն է գտել ավստրալիացիների շրջանում եւ նպաստել մեր անցյալի մասին նրանց իրազեկմանը:

Նվիրված իր հայ համայնքին եւ իր ընտրած մասնագիտությանը, Նաթալին մեծ ոգեւորությամբ պատրաստվում է ստանձնելու իր հաջորդ դերակատարումը, որը լինելու է Եվան վագներյան «Մայստերզինգերներում»: Իսկ ընթացիկ ամսում եվրոպական իր առաջնախաղը կայանալու է Բարիում (Իտալիա), որտեղ սոպրանո Ամելիա Գրիմալդիի գլխավոր դերն է կատարելու Վերդիի «Սիմոն Բոկկանեգրա» օպերայում: Միեւնույն ժամանակ նա երազում է նոր դերեր ստանձնել իր նախասիրած երկու (Վերդի եւ Պուչչինի) կոմպոզիտորների ստեղծագործություններում, մասնավորապես կրակոտ Տոսկայի դերը Պուչչինիի համանուն օպերայում, որն իր իսկ խոստովանությամբ «շատ հոգեհարազատ է ինչպես իմ ձայնին, այնպես էլ իմ էությանը»:

Անկոտրում եռանդ եւ անդադար հաջողություններ նրան:

Նկար 2. Արոյանը Դեզդեմոնայի դերում

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ