RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 22:11:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 715, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԵՐԳԵԼՈՒ ՄԵՐ «ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ»

Նաիր ՅԱՆ

Գերակա շահի հերթական զոհը. Արամի 23

Անցյալ ամառվանից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը լրատվական խողովակներով բարձրաձայնում էրՙ Արամի 23-ը վտանգված է: Շենքին կից շինարարություն է կատարվում, բիզնես ծրագիր է իրականացվում, ինչի հետեւանքով Արամի 23-ի հիմքերն օրեցօր թուլանում էին, պատն ու առաստաղը հսկա ճաք էին տվել: Արամի 23-ը հանդիսանում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի սեփականությունը. երգչախումբն այստեղ է փորձեր անում: Բողոքի ակցիաներ, ասուլիսներ, բազմաթիվ անդրադարձեր, նամակներ ու դիմումներ. մի հաստափոր գրքի չափ փաստաթղթեր են հավաքվել, որոնք փաստում ենՙ կառուցապատումն իրականացվում է շինարարական նորմերի խախտումներով. հուշարձան է կործանվում:

Արամի 23-ը պատմամշակութային հուշարձան է, որի տարածքում շինարարություն ձեռնարկելու համար պետք է ստանալ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության թույլտվությունը: Բայց թույլտվություն կառուցապատողը չի ստացել, որովհետեւ նախագծում շիննորմերը խախտված են: Արամի 23-ը «Հին Երեւան» նախագծի տարածքում է, իսկ հայտնի է, որ այն Երեւանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի գործառույթների տիրույթում է: Երկու կառույցներն էլ դեռ նախորդ իշխանությունների օրոք շինթույլտվությունը չեն մերժել, իսկ մշակույթի նախարարությունը մերժել է, ավելինՙ նամակներով պահանջել է, որ շինարարությունը կասեցվի եւ մշակվի նոր նախագիծ: Միակ շիննախագիծը, որ նախարարությունը թույլատրել է, առաջարկել է Տիգրան Հեքեքյանը: Մի խումբ ճարտարապետների մասնակցությամբ կազմվել է Արամի 23-ի ճաք տված պատն ամրակայելու նախագիծ: Քաղաքապետարանն այն ներկայացրել է կառուցապատողին, որն էլ պատասխան դիմումով հայտնել է, որ նախագիծը մերժում է: Իսկ հայտնի է, որ կառուցապատումն իրականացնում է շվեյցարահայ մեծահարուստ Վարդան Սրմաքեշը: Կառավարության որոշմամբ թույլատրվել է Արամի 23-ին կից փորել 2 հարկի խորությամբ տարածք, մինչդեռ փորվածքը 3 հարկի խորություն ունի: Նույն նախագծով բիզնես-շինությունը պետք է ունենար 3 հարկի բարձրություն, մինչդեռ ունենալու է 5 հարկ: Տիգրան Հեքեքյանը փաստում էՙ թեեւ Արամի 23-ը 1880-ականների շենք է, բայց մինչեւ շինարարությունը, շատ ամուր ու կայուն էր: Նա անգամ հետաքրքրվել էՙ ինչպես է հնարավոր մի քանի տասնյակ մետր խորությամբ փոսն այնպես փորել, որ կից շինությունը չվնասվի: Պարզել էՙ դա հնարավոր է, ուղղակի գրագիտություն ու սրտացավություն է պետք, ինչը ո՛չ ճարտարապետները, ո՛չ կառուցապատողը չեն դրսեւորել:

Սեպտեմբերին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանձնարարել էրՙ Արամի 23-ի պատն ամրակայել, հետո միայն շինարարությունը շարունակել: Նրա հրահանգը չի կատարվել. ամրակայման ոչ մի աշխատանք չի իրականացվել, ինչի հետեւանքով հունվարի 11-ի երեկոյան 21:48-ին պատն ու առաստաղը փլվեցին: Տուժել է նաեւ բնակիչներից մեկի տունը: Առաստաղը փլվել է սենյակների վրա ու ոչնչացրել ամեն ինչ: Մասնագետները հավաստիացնում ենՙ եթե պատի գրունտային հիմքը ամրակայվեր, ինչպես հանձնարարել էր Արթուր Մեսչյանը, ապա փլուզումից հնարավոր կլիներ խուսափել, կից շինարարությունն էլ կշարունակվեր: Բայց Արամի 23-ի պատը քանդելը հատուկ կանխորոշված ծրագիր է եղել: Քաղաքապետարանի ավագանու նիստերից մեկի ժամանակ «Հին Երեւան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը հայտարարել է. «Արամի 23-ը, միեւնույն է, քանդվելու է, որովհետեւ դա իմ նախագիծն է, ես այդպես եմ ուզում»: Նույն հայտարարությունը նա կրկնել է Արամի 23-ի տարածքում պատի փլուզումից ընդամենը ժամեր առաջ: Իսկ հունվարի 12-ի առավոտյան Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է պատի փլուզման դեպքինՙ այն որակելով անկազմակերպ ու անտրամաբանական քաշքշուկի հետեւանք: Մեսչյանն ավելացրել է, որ կարեւորը զոհեր չկան, իսկ պատը վերականգնել հնարավոր է, պարզապես պետք է դասեր քաղել այս ամենից:

2018-ի նոյեմբերի 27-ին Արամի 23 էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՙ սեփական աչքերով տեսնելու իրավիճակը: «Գնդակը ճարտարապետների դաշտում է, դե գործեք»,- ասել է, բայց դարձյալ պատն ու շենքն ամրակայելու որեւէ քայլ չի կատարվել: Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արթուր Մեսչյանը, թե՛ կառավարությունը բազմիցս հայտարարել ենՙ այսուհետեւ որեւէ շինարարություն չի կատարվելու, որը կվտանգի պատմամշակութային որեւէ հուշարձան: Արամի 23-ը, սակայն, հակառակն է ապացուցում:

Բողոքի ակցիաներ, ինտրիգներ ու սենսացիաներ, փոխադարձ մեղադրանքներ ու պատասխանատվությունից խուսափելու բազմաթիվ օրինակներ. այս ամենն այլ իմաստ է ստանում, երբ հաշվի ենք առնում կարեւորագույն փաստըՙ Արամի 23-ը ճանաչված է հանրային գերակա շահ: Դեռ 2017-ին կառավարության որոշմամբ Աբովյան, Բուզանդ, Կողբացի, Արամի փողոցներով պարփակված տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, Արամի 23-ն էլ դրա մասն է կազմում:

2018-ի դեկտեմբերի 27-ի կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ Արամի փողոցի 48 բնակիչների ճակատագիրն անհայտ է: Նրանց սեփականությունները գերակա շահ են ճանաչվել, բայց փոխհատուցման խնդիրը լուծված չէ: Նա նաեւ ավելացրեց, որ ամեն ինչ արվելու է, որ պատմամշակութային հուշարձանների տեսքը չխաթարվի: Նիստը ղեկավարող Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Այս վիճահարույց խնդիրը մենք ժառանգել ենք նախորդ իշխանություններից, բայց պետք է ամեն ինչ արվի, որ տխրահռչակ համբավ չունենա»: Համբավը տխրահռչակ է, թե ոչՙ կախված է այն բանից, թե ովՙ ինչ աչքերով է նայում «Հին Երեւան» նախագծին ու Արամի 23-ինՙ որպես պատմամշակութային կոթողի: Այն, որ «Հին Երեւանը», ըստ այդ տարածքում կատարվող շինարարության, ազգային ճարտարապետության, ավանդույթների, հոգեւոր ժառանգության հետ օրգանական կամ անօրգանական որեւէ աղերս չունի, փաստ է, բայց որ այդ համատեքստում անորոշ է նաեւ Արամի 23-ի ճակատագիրը, դա էլ է փաստ: Եթե այն ճանաչվել է հանրային գերակա շահ, ու եթե «Հին Երեւանի» ճարտարապետը հայտարարել է, որ Արամի 23-ը պետք է քանդվի, ուրեմն ի՞նչ ֆարս է բեմադրվում հանրության աչքի առաջ: Արթուր Մեսչյանն ինչո՞ւ է հայտարարում, թե պատը կվերականգնվի: Հանրային գերակա շահն այլ բան չի ենթադրում, քան այն, որ շենքը վերցնելու են սեփականատիրոջից, տվյալ դեպքումՙ «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի ձեռքից, քանդեն, ինչպես նախագծել է «Հին Երեւանի» հեղինակ Լեւոն Վարդանյանը եւ տարածքն օգտագործենՙ ըստ անհրաժեշտության: Այլ տարբերակ մինչեւ հիմա գերակա շահ ճանաչված տարածքների դեպքում ոչ տեսել ենք, ոչ լսել:

Քաղաքապետարանի ավագանու վերջին նիստի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Արամի 23-ին: Հայկ Մարությանը հայտարարեցՙ շենքը չի քանդվելու, պատն էլ վերականգնվելու է, Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրելու այնպիսի շինթույլտվություն, ըստ որիՙ Արամի 23-ը քանդվի: Ինչ վերաբերում է ճարտարապետ Լեւոն Վարդանյանի կոշտ հայտարարությանը, թեՙ Արամի 23-ը, միեւնույն է, քանդվելու է, Հայկ Մարությանը նկատել է. «Մենք կապ չունենք Լեւոն Վարդանյանի ասածի հետ: Ես նման բան չեմ լսել նրանից»: Հայկ Մարությանը նշել է, որ Արամի 23-ի պահպանումը սեփականատիրոջՙ «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացայի գործն է. այս կազմակերպությունն ու կառուցապատողը պետք է իրար հետ լեզու գտնեն: Բայց փաստ է, որ Արամի 23-ի եւ հարակից տարածքի սեփականատերը, որը նաեւ կառուցապատողն է, իրար հետ լեզու չեն գտել: Պատի ամրակայման նախագիծը, որ ներկայացրել է Տիգրան Հեքեքյանը, կառուցապատողին ձեռք չի տվել, կառուցապատողի շինարարական նախագիծն էլ Տիգրան Հեքեքյանին ձեռք չի տալիս, դեռ մի բան էլ հուշարձան-շենքը վտանգում է. էլ ի՞նչ լեզու գտնելու մասին է խոսքը: Ըստ Հայկ Մարությանիՙ քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակ են, եւ իրենք չեն կարող սեփականատերերին որեւէ բան պարտադրելՙ անգամ հուշարձանը պահպանել կամ վերականգնել: Սեփականատերերի շահերը տվյալ դեպքում չեն համընկնում, մեջտեղում տուժում է պատմամշակութային հուշարձանը: «Հայաստանի փոքրիկ երգիչներին» մի օր մի հարմար տարածք կտրամադրեն, փոխհատուցում կտրվի, բայց ի՞նչ կլինի Արամի 23-ի հետ: Ստացվում էՙ բոլորը մեղքն իրենց վրայից գցում են, իշխանական նույն համակարգի տարբեր օղակներ տարբեր դիրքորոշում են ցուցաբերում: «Հին Երեւան» նախագծի հեղինակն ասում էՙ շենքը քանդվելու է, քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետն ասում ենՙ չի քանդվելու, պատն ամրակայելուՙ Տիգրան Հեքեքյանի նախագիծը Վարդան Սրմաքեշը մերժում է, ու քաղաքապետարանը ոչ մի իրավասություն չունի նրան ասելուՙ եղբայր, քո բիզնես-ծրագրի պատճառով հուշարձան է տուժում, նախՙ պիտի ժամանակին այն ամրակայեիր, որ չքանդվեր, իսկ եթե քանդվել է, ուրեմն պարտավոր ես ինքդ էլ վերականգնել ու նախագիծը փոխել, որ նոր կորուստներ ի հայտ չգան: Սա լավագույն դեպքում պետք է լիներ:

Իսկ այն, ինչից վախենում ենք, Արամի 23-ից վերջնականապես ազատվելու հեռանկարն է: Հանրային գերակա շահ. այս գլխակեր տերմինի գործնական արտահայտությանը հաճախ ենք ականատես եղել: Վկանՙ գերակա շահից բզկտված մեր Երեւանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ