RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-10 21:09:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1030, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԵՐԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Աննա ԱԴԱՄՅԱՆ, Երաժշտագետ

Երկար ժամանակ, ավելի քան մեկուկես տարի պահանջվեց, մինչեւ մեզ հաջողվեց գտնել այն երաժշտագետին, որը կհամաձայնվեր գրախոսել Կարինե Հարոյանի «Հայերեն երգարանների մատենագիտություն (1913-1921 թթ.)» վերնագրով 2014 թ. Երեւանում լույս տեսած այս կարեւորՙ մեծադիր 612 էջանոց գիրքըՙ Սամվել Ֆրունզեի Սարգսյանի մեկենասությամբ հրատարակված, որը արդյունք է հեղինակի 30 տարվա պրպտումների եւ տքնանքի:

Շնորհակալություն ենք հայտնում գրախոսության հեղինակինՙ Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Աննա Ադամյանին, ինչպես նաեւՙ մեր աշխատակից Արծվի Բախչինյանին:

Խմբ.


Մերօրյա իրականության մեջ մեծ նվաճում կարելի է համարել լիակատար մատենագիտությունների ստեղծումը, մի գործ, որը երկար տարիների ջանքեր, գիտական հետեւողական պրպտումներ, մանրամասների հանդեպ բծախնդրություն է պահանջում:

Այդպիսի արժեքավոր ու լայնածավալ աշխատություն է Կարինե Հարոյանի «Հայերեն երգարանների մատենագիտություն (1513-1921թթ.)» հատորը (2014, Երեւան), տպագրված «Սայաթ-Նովա» մշակութային միության եւ Հայաստանի Ազգային Գրադարանի աջակցությամբ: Այն հատկապես արժեքավոր է, քանի որ մինչ այսօր հայերեն երգարանների վերաբերյալ որեւէ առանձին երաժշտագիտական ուսումնասիրություն չի ստեղծվել, եւ այս մատենագիտությունը մեծ դեր կարող է ունենալ երգարանների հետագա մանրակրկիտ ուսումնասիրման եւ արժեւորման համար:

Ինքըՙ մատենագիտության հեղինակ Կարինե Հարոյանը, փաստում է. «Հայ ժողովրդի պատմական զարգացման քառուղիներում երգարաններն ունեցել են կարեւոր դեր եւ նշանակությունՙ ժողովրդի պատմական երթը, հոգեւոր մշակույթը ապագա սերունդներին տեսանելի եւ հասանելի դարձնելու առումով, ահա ինչու նրանց ուսումնասիրությունը բխում է ազգային շահերից»:

Մատենագիտության առաջաբանում Թովմաս Պողոսյանը գրել է. «Երգարանները զգայուն արձագանքն են հայոց հասարակական կյանքում եւ մտքի մեջ ընթացող տեղաշարժերին»: Իրոք, դրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն երաժշտագիտական, այլեւ առհասարակ հայագիտական, բանասիրական ուսումնասիրությունների համար, պատկերացում են տալիս տվյալ ժամանակահատվածի հասարակական-քաղաքական կյանքի, երաժշտական մտածողության, հայ մարդու նկարագրի, հայրենասիրական եւ քնարական տրամադրությունների, նաեւՙ կենցաղի վերաբերյալ: Երգարանների ուսումնասիրությունը կարող է բացահայտել ժամանակի շունչն ու ոգին, մշակութային կյանքը եւ իրողությունները, ուստիեւ, նաեւ ա՛յս միջոցով կարելի է ծանոթանալ հայ մշակույթի պատմությանն ու երաժշտության անցած ուղուն:

Հայոց լեզվով առաջին երգարանի ստեղծումը վերաբերում է դեռեւս 1513 թվականին. դա Հակոբ Մեղապարտի հրատարակած հինգ գրքերից մեկն էրՙ «Տաղարանը», տպագրված Վենետիկում: Ընդհանուր առմամբ, հայերեն երգարաններն ունեն լայն աշխարհագրությունՙ Վենետիկ, Կալկաթա, Կոստանդնուպոլիս, Մարզվան, Վառնա, Երուսաղեմ, Թիֆլիս, Ախալցխա, Բեյրութ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Երեւան, Բոսթոն, Նյու Յորք, Լոնդոն եւ այլուր: Դրանք դասակարգվում են նաեւ ըստ տեսակների. տաղարաններՙ միայն հոգեւոր երգերի բովանդակությամբ, որտեղ նյութերը դասավորված են ըստ եկեղեցական ավանդական տոնակարգի, երգարաններՙ միայն բանաստեղծական տեքստերով, երգարաններՙ խոսքի եւ նոտագրության համադրությամբ, երգարաններՙ նաեւ ոտանավորների, ասույթների, այլ հետաքրքրական նյութերի ընդգրկմամբ, մեկ հեղինակի կողմից իր իսկ ստեղծագործություններով կազմված երգարաններ, թատերական երգարաններ, որ պարունակում են թատերական ներկայացումների ժամանակ հնչած երգերը եւ այլն: Կարինե Հարոյանի մատենագիտությունը եւս դասակարգված է այս սկզբունքով եւ տարեթվերի աստիճանական հաջորդականությամբ, այն ընդգրկում է Ա-ից Ժ բաժիններ, որոնք իրենց հերթին ունեն ենթաբաժիններ, իսկ վերջում առկա է նաեւ հավելված, որտեղ ընդգրկված են մեկական երգեր պարունակող հրատարակություններ (առանձինՙ միայն խոսքերով, առանձինՙ խոսքերով եւ նոտագրությամբ, ինչպես նաեւ երաժշտական ամսագրեր, երաժշտական երկերի առանձին տպագրություններ եւ այլ նյութեր):

Բաժինների եւ հավելվածի կազմման համար օգտագործվել են Երեւանի մեծ գրադարանների գրքացուցակները, Բոննի համալսարանի (Գերմանիա) էլեկտրոնային գրադարանը, հայերեն պարբերական մամուլի համահավաք ցուցակներ, վերլուծական մատենագիտություններ եւ այլ աղբյուրներ:

Յուրաքանչյուր բաժնի ենթաբաժիններում մասնագիտական նյութերը դասավորված են ժամանակագրական-այբբենական կարգով եւ ունեն ընդհանուր համարակալում: Նյութերի բովանդակային նկարագրությունը կատարվել է միասնական սկզբունքովՙ ներառելով հետեւյալ տարրերը. ա. համառոտ նկարագրություն, անվանաթերթ, բ. մանրամասն նկարագրություն, գ. ստեղծագործության հեղինակի (հայտնի կամ անանուն) անունը, դ. ստեղծագործության խորագիր, ե. սկզբնատող (անխորագիր ստեղծագործության, միջնադարյան երգերի, նույնանուն խորագրերի, աշուղական եւ այլ երգատեսակների դեպքում), զ. երգի խոսքը կամ մեղեդին գրառող անձի, փոխադրողի անուն, է. փոխադրողի կամ թարգմանչի անուն, ը. երգի մեկ այլ եղանակով կատարվելու մասին նշում, թ. երգը կատարողի անուն կամ այլ նշումներ, ժ. երգի ստեղծման տարեթիվ եւ վայր, ժա. բանաստեղծության արտատպության սկզբնաղբյուր:

Մատենագիտությունը պարունակում է նաեւ երգերի հորինման հանգամանքների, որեւէ անձի կամ իրադարձության ձոնված լինելու մասին ծանոթագրություններ: Բովանդակության նկարագրման գործում կազմողի կողմից կատարվել է վերլուծական-համադրական աշխատանքՙ բազմաթիվ մանրամասների ճշգրտման, լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու համար:

«Հայերեն երգարանների մատենագիտությունը» բաղկացած է առաջաբանից, կազմողի խոսքից, համառոտագրությունների եւ հապավումների ցանկից, տասը բաժիններիցՙ իրենց ենթաբաժիններով, եւ հավելվածից:

Բաժիններն առանձին նկարագրելու համար բազմաթիվ էջեր են հարկավոր, սակայն դրա կարիքն էլ չկա, քանի որ հետաքրքրված ընթերցողն իր ձեռքը կարող է վերցնել մատենագիտությունը եւ քաղել տարաբնույթ օգտակար տեղեկություններ:

Տարբեր տարիներին զանազան վայրերում տպագրված երգարաններից փորձենք առանձնացնել դրանցում առավել հանրահայտ եւ լիարժեք բովանդակությամբ ներկայացված երգարաններըՙ նյութի վերաբերյալ ավելի մանրամասն պատկերացում հաղորդելու համար:

Կալկաթայում 1830 թվականին տպագրվել է «Սիրակարկաջ որ է հանդիսարան հայերէն, պարսկերէն եւ հնդստանցերէն երգոց» երգարանը, որտեղ պարսկերեն երգերը, ըստ բանասեր Ջանի Միրզաբեկյանի, պատկանում են պարսիկ բանաստեղծ Հաֆեզի գրչին: Կալկաթայում 1846-ին տպագրվել է նաեւ «Նուագարան զբօսանաց» երգարանը: Այս երկու երգարաններն էլ պարունակում են սիրո, պանդխտության, խրախճանքի, ամուսնության երգեր:

Վենետիկում են լույս տեսել ինչպես Հակոբ Մեղապարտի վերոնշյալ «Տաղարանը» (1513) եւ հայր Ղեւոնդ Ալիշանի «Հայոց Երգք Ռամկականք» (1852) ժողովածուն: Տրիեստի Մխիթարյան Միաբանության տպարանում լույս է տեսել «Հանդիսական հոգեւոր երգք եւ մաղթանք» հատորը (1777):

Կոստանդնուպոլսում տպագրված առաջին ուշագրավ երգարաններից ենՙ «Փոքրիկ Գանձարանը» (1739), «Երգարան ազգային երգոց» (1861), «Թանգարան ազգային երգոց» (1862), «Երգարանՙ ի յիշատակ Գաբրիել Երանեանի» (1863), որոնց մեջ առանձնանում են ժամանակի հանրահայտ մտավորականների (Մ. Պեշիկթաշլյան, Գեորգ Աբդուլլահ, Ռ. Պատկանյան, Ն. Ռուսինյան եւ այլք) ստեղծագործությունները: Հաջորդող թվականներին լույս են տեսել «Քնար հայրենին» (1864), «Հայկական քաղցր երգերը» (1908), Բարսեղ Կանաչյանի «Ձայնագրուած հայկական երգարանը» (1909), Հմայակ Արամյանցի «Հայուն երգարանը» եւ «Դայլայլիկը» (1911, 1912), Ահարոն Մսրլյանի «Պատկերազարդ ձայնագրուած հայկական երգարանը» (1919, 1921), որոնցում ընդգրկված են ազատագրական, հայրենասիրական, ազգային սահմանադրության ընդունմանը ձոնված տարբեր հայտնի եւ անհայտ հեղինակների երգեր: Երգարաններից շատերը հարուստ են նաեւ ժամանակի մտավորականների հազվագյուտ լուսանկարներով, ընդգրկում են դաշնակցությանը, հնչակներին, Խանասորի արշավանքին նվիրված երգեր:

1870-1880-ական թթ. Կ. Պոլսում տպագրված երգարանների մեջ առկա են երկու թատերական երգարանՙ «Երգարան թատերական» եւ «Երգարան թատերական, ազգային եւ սիրահարական կամ Քնար հայկական»: Դրանք ընդգրկում են թատերական ներկայացումների համար գրված երգերի բանաստեղծական տեքստեր («Արքայն զբօսնու», «Ջաղացպան», «Գիւղին սիրահարեալները», «Ռոպերթ աւազակապետ» թատերգության): Այդ երգարանները շռայլ են նաեւ պարերգերի ընդգրկման տեսանկյունիցՙ «Պարերգ ափրիկեան», «Պարերգ գեղջկուհեաց», «Պարերգ բոլոնիական», «Պար վենետկեան» եւ այլն:

Առանձին ուշադրության են արժանի մանկական երգարանները, որոնցից են դարձյալ Պոլսում տպագրված «Երգեր ու եղանակներ տղայոց համար կիրակի եւ ուրիշ օրերու դպրոցներու մէջ գործածելու համար թե հայերէն ու թե տաճկերէն լեզուով» (1868), Հովնան Փալագաշյանի կազմած «Պզտիկներուն երգարանը» (1903), որը գործածվել է որպես «Դասագիրք ընթերցանութեան մանկապարտէզներու, ծաղկոցներու, նախապատրաստական կարգերու եւ տարրական դասընթացի համար»:

Հատուկ ուշադրության է արժանի 1911-ին Կոմիտաս վարդապետի խմբագրությամբ լույս տեսած «Ձեռաց տետրակ հայ գեղջուկ համերգի, որ ղեկավարութեամբ Կոմիտաս վարդապետի եւ սիրայօժար մասնակցութեամբ իր 300 երկսեռ երգիչներու, կիրակի-մարտ 30-12 ապրիլ 1911, Բերա Իւնիօն ֆրանսէզի սրահ», «Ի նպաստ հիմնելի հայ երաժշտանոցի» երգարանը, որը նույն թվականին լույս է տեսել նաեւ Ալեքսանդրիայում:

Հատկանշական են հոգեւոր երգերով ամենատարբեր քաղաքներում լույս տեսած տաղարանները, գանձարանները, որոնց մեջ կան Կ. Պոլսում, Էջմիածնում, Մադրասում, Մոսկվայում լույս տեսած ինչպես մի քանի հեղինակների, այնպես էլ մեկ հեղինակի երգերի խոսքեր պարունակող ժողովածուներՙ կազմված Ղազար Ճահկեցու, Պաղտասար Դպիրի, Սիմէոն Երեւանցու, Գրիգոր Գապասաքալյանի հոգեւոր ստեղծագործություններից:

Թիֆլիսում լույս տեսած հայերեն երգարաններից աչքի են ընկնում «Նոր երգարան-ժողովածու գործածական երգերի» հատորը (1864), որտեղ ընդգրկվել են մեծ մասամբ Ռ. Պատկանյանի, նաեւ Սայաթ-Նովայի, Պետրոս Ղափանցու, Մ. Թաղիադյանցի, Ղեւոնդ Ալիշանի, Հովհաննես Միրզա Վանանդեցու եւ այլոց ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հոգեւոր բնույթի, Հայաստանին նվիրված, մայրենի լեզուն ու բարբառը գովերգող երգեր: Այստեղ ընդգրկված է Մ. Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք» երգը (երաժշտության հեղինակՙ Կառլո Ֆոսկինի), որը հետագայում, ըստ երաժշտագետ Աննա Ասատրյանի, դարձել է հայ մասոնների օրհներգը, քանզի ինքըՙ Պեշիկթաշլյանը, անդամակցել է Կ.Պոլսի հայ մասոնների «Սէր» օթյակին:

Այս շարքում պիտի նշել նաեւ Ներսիսյան ազգային հոգեւոր դպրոցի ձայնագրության ուսուցիչ Եզնիկ քահանա Երզնկյանցի «Մանկական երգարանը» (1879), «Մուզայք Հայաստանին» (1880) ժողովածուները, Աղեքսանդր Մխիթարյանցի «Տաղեր եւ խաղերը» (1900)ՙ բաղկացած Մովսես Խորենացու, Գրիգոր Պահլավունու, Սահակ Պարթեւի, Ներսես Շնորհալու շարականներից ու տաղերից, Կամսար Տեր-Դավթյանցի «Ծոցի երգարանը» (1903), ամենատարածուած ընտիր երգերի «Ծաղկեփունջ» ժողովածուն (1907), «Չը մրսես, բարաշկա ջան» (հին եւ նոր աշուղների երգեր, 1910), «Ազատության երգեր» (1917) երգարանները:

Գրիգոր քահանա Գրիգորյանցի «Սոխակ» լիակատար երգարանը 1888-1902-ին հրատարակվել է Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում եւ Բաքվում: Մինչ օրս փնտրված երգարան է «Արյան ձայները» (1904, Պետերբուրգ), որը կազմված է հայրենասիրական եւ ազատագրական երգերից: Թիֆլիսում եւ Պետերբուրգում են հրատարակվել հայ կոմպոզիտորներիՙ Անուշավան Տեր-Ղեւոնդյանի խմբերգերը, երկձայն մանկական երգերը (1914) եւ այլ ստեղծագործություններ, բոլորը հավանության արժանացած Պետերբուրգի կոնսերվատորիայի գեղարվեստական խորհրդի կողմից, ինչպես նաեւ Ազատ Մանուկյանի (1915) եւ Դանիել Ղազարյանի (1917) մանկական երգերը: Բաքվում 1874-1912 թթ. վեց անգամ հրատարակվել է «Սոխակ Հայաստանի» լիակատար երգարանը, 1908-ինՙ երգահան Անտոն Մայիլյանի «Գարուն եւ Լո Լո» երգերի ժողովածուն դաշնամուրի նվագակցությամբ, իսկ 1910-ինՙ նրա «Մանկական երգերը» դաշնամուրի նվագակցությամբՙ որպես «Թատրոն եւ երաժշտութիւն» հանդեսի հավելված:

Բուն Հայաստանում առաջին անգամ երգարան հրատարակվել է Վաղարշապատում, 1891-ինՙ հոգեւոր երգասացության ժողովածու, իսկ 1903-1905 թթ. Կոմիտաս Վարդապետը եւ Մանուկ Աբեղյանը լույս են ընծայել հանրահայտ «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգարանը, որի վերահրատարակությունները լրացվել են տարբեր երգերով: Ալեքսանդրապոլում Արշակ Բրուտյանի խմբագրությամբ լույս է տեսել «Ռամկական մրմունջներ. ժողովրդական երգեր եւ պարերգեր» ժողովածուն (1895), որը վերահրատարակվել է նաեւ 1901 եւ 1904 թթ.: Հետագայում Բրուտյանի թոռնուհինՙ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Մարգարիտ Բրուտյանը, խմբագրել եւ հրատարակել է պապի աշխատությունն ամբողջությամբ «Ռամկական մրմունջներ (ձայնագրյալ ժողովրդական երգեր, պարերգեր եւ պարեղանակներ)» ընդհանուր խորագրով (մաս 1, 1985, մաս 2, 2002): Ախալցխայում 1906 թվականին լույս է տեսել «Ազգային քնար» երգարանըՙ երգի վերածված Հովհ. Թումանյանի, Ֆահրատի, Ավ. Իսահակյանի, Շերամի, Ռ. Պատկանյանի բանաստեղծություններով, նաեւ այլեւայլ հայրենասիրական երգերով: Իսկ 1907-ին «Արյունի երգը» անվանումով երգարան է լույս տեսել նաեւ Երեւանումՙ նմանապես պարունակելով ազատագրական պայքարիՙ ժամանակի հանրահայտ երգերը:

Երգարաններ են հրատարակվել նաեւ հայկական այլեւայլ գաղթավայրերում: Վառնայում (Բուլղարիա) 1897-ին լույս են տեսել Հակոբ Սիսակի «Երգարան մանկապարտէզի. ի պէտս փոքրիկ տղայոց» երգարանը (որոնցում մեծ ուշադրությամբ եւ հետեւողականությամբ ներկայացված են մանուկների առօրյային բնորոշ երգերի խոսքեր, հոգեւոր բնույթ ունեցող ստեղծագործություններ), «Նոր քնար հայկական կամ հավաքածոյ հին եւ նոր ազգային երգերու», «Նոր երգարան կամ Մրմունջք հայկական» երգարանները: 1905 եւ 1906 թթ. Լոնդոնում լույս է տեսել «Ազգային երգարան գրպանի» (մաս Ա եւ Բ), 1914-ին Կահիրեումՙ «Երգարան կրօնական եւ ազգային», 1915-ինՙ Բոստոնում «Ըմբոստ երգեր» ժողովածուները, 1917-1918 թթ.ՙ «Հայ-ամերիկեան ազգային նոր երգարանը», 1919-ինՙ «Ընդարձակ գրպանի երգարանը»:

Թերթելով տարբեր հայ գաղթօջախներում հրատարակված երգարանների այս ցանկըՙ նկատում ենք, որ բազմաթիվ երգեր հանրահայտ են եղել եւ տարբեր տարիներին շրջանառվել են երգարաններումՙ միավորելով օտարության մեջ ապրող հայի հայրենասիրական, կարոտի, սիրո եւ ուրախության զգացումները: Այդպիսի հանրահայտ երգերից են «Կիլիկիան», «Երգ մեռանող հայրենասէրի», «Երգ Ազատութեան» (ներկայիս ՀՀ ազգային օրհներգը), «Ծիծեռնակ», «Տալվորիկի կտրիճ» եւ այլ հանրահայտ երգեր:

Մատենագիտության առանձին բաժինները ներառում են նաեւ հայատառ թուրքերենով հայտնի եւ անհայտ երգերի խոսքեր պարունակող ժողովածուներ, մեկ հեղինակի երգերից կազմված ժողովածուների մասին տեղեկություններ, որոնց մեջ հանդիպում ենք ինչպես հոգեւոր բանաստեղծության ներկայացուցիչների (Պաղտասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Գրիգոր Գապասաքալյան, Ղունկիանոս Կարնեցի, Մխիթար Սեբաստացի), այնպես էլ աշուղական արվեստի ներկայացուցիչների (Սայաթ-Նովա, Շիրին, Շերամ, Ջիվանի, Ֆիզահի) երգերը:

Առանձին բաժիններում ընդգրկված են նաեւ թերի տվյալներ պարունակող հրատարակություններ, երաժշտության դասագրքեր, մեկ ստեղծագործության տպագություններ, օրինակՙ Ահարոն Մսրլյանի «Դասընթացք ձայնական երաժշտութեան դյուրուսույց եղանակով» (1911, Կ.Պոլիս), Սպիրիդոն Մելիքյանի «Դասագիրք երգեցողութեան» (1912, Թիֆլիս), Ռոմանոս Մելիքյանի եւ Ազատ Մանուկյանի «Երաժշտական այբբենարան» (1913, Պետերբուրգ) հրատարակություններին, իսկ երաժշտական պարբերականների ցանկն ընդգրկում է ժամանակի հանրահայտ ամսագրերն ու թերթերը («Քնար Հայկական», «Քնար արեւելեան», «Նուագք օսմանեան», «Քնար Արարատեան» եւ այլն):

Մեկական երգեր պարունակող հրատարակությունների բաժնում հանդիպում ենք հայ եւ օտարազգի երաժիշտների ստեղծագործությունների հրատարակությունների, որոնցում կան նաեւ հազվագյուտ տեղեկություններ. օրինակ, իտալացի Կառլո Ֆոսկինիիՙ Գաբրիել Երանյանի հիշատակին նվիրված երգը եւ ուրիշ հետաքրքրական փաստեր եւ տեղեկություններ:

Մատենագիտության ժամանակագրությունն ավարտվում է 1921 թվականովՙ կապված խորհրդային կարգերի հաստատման հետ, երբ արդեն երգարանների բովանդակությունը միանգամայն այլ բնույթ ու երանգ է ստացել եւ ընթացել է պատմական այլ հանգամանքներում:

Ուսումնասիրելով մոտ չորսուկես դար ժամանակահատվածում հայերեն երգարանների պատմական ուղինՙ կրկին համոզվում ենք, որ գտնվելով նույնիսկ սոցիալ-քաղաքական ամենադժվարին, ծանր պայմաններում, անցնելով կոտորածների եւ եղեռնի միջովՙ երգը միշտ ուղեկից է եղել հային, սփոփել, ոգեւորել, հանդարտեցրել է նրան եւ օգնել է պահպանելու ապրելու ոգին, սերը դեպի արվեստն ու մշակույթը:

Այսպիսով, անժխտելի է Կարինե Հարոյանի այս աշխատության նշանակությունը ապագա երաժշտագիտական, բանասիրական, հայագիտական ուսումնասիրությունների համար, եւ լիահույս ենք, որ սույն մատենագիտության օգնությամբ դեռ շատ օգտակար եւ հետաքրքրական ուսումնասիրություններ կավելանան հայագիտության տարբեր ասպարեզներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ