RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018



ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-12-21 00:33:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 569, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

20+4 ՉԻՐԱԿԱՆԱՑԱՎ

Նաիր ՅԱՆ

Հայաստանի նկարիչների միությունում սենսացիոն փոփոխություն է եղել: Կարեն Աղամյանը միության ղեկը զիջել է անհամեմատ երիտասարդ նախագահի: Դեռ ամառվանից նկարիչները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպումՙ ընդդեմ Կարեն Աղամյանիՙ պահանջելով նրա հրաժարականը: Մի մասն առանց պատճառների մեջ խորանալու ուղղակի պահանջում էրՙ Կարեն, հեռացիր, 20 տարի նախագահ լինելն աբսուրդ է. մենք էլ ենք հոգնել, դու էլ: Մյուսները փորձում էին հիմնավոր պատճառներ բերել, թե Աղամյանը խտրականություն է դնում նկարիչների միջեւ, սիրելիներին թույլ է տալիս մասնակցել ցուցահանդեսներին, ոչ սիրելիների համար անհավասար պայմաններ ստեղծում: Կային նկարիչներ, որ հավատացնում էին, թե 10-15 տարուց ավելի ոչ մի ցուցահանդեսի չեն մասնակցել, մյուսները բողոքում էին, որ Աղամյանը միության նախագահի պաշտոնը միայն իր համար է օգտագործում, իր համար է ճանապարհ հարթում դեպի դրսի ցուցահանդեսներ:

Գաղտնիք չէ, որ նկարիչները սոցիալական խոցերի խումբ են. սեփական նկարները վաճառելու ճկունությունը ոչ բոլորին է տրված: Նկար վաճառելն աչքալուսանքի արժանի հաջողություն է: Իսկ նկար վաճառում են քիչ թե շատ հայտնի անունները: Նկարիչների միությունը 1020 անդամ ունի. պատկերասրահային նեղ հանրությանն այդ 1020-ի 10-20 տոկոսը հազիվ է հայտնի, իսկ արտասահմանյան պատկերասրահներում ու աճուրդներում ժամանակակից հայ նկարիչները մեծ հաշվով անհայտ անուններ են: Անցյալ տարի փորձ արվեց օն-լայն աճուրդով ներկայացնել Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադեւոսյանի, Երվանդ Քոչարի կտավները. գները ցավալիորեն մի քանի անգամ ցածր էին իրական արժեքից: Այնպես որ գեղանկարիչների կենսական համայնապատկերն այսօր նախանձելիներից չէ:

Այդ համայնապատկերը պարզ երեւաց նկարիչների միության 19-րդ համագումարում, որի մեխը նոր նախագահ ընտրելն էր: Կարեն Աղամյանին ամբոնի մոտ տեսնելովՙ լեփ-լեցուն դահլիճը շտապեց անհանդուրժողականության խռովք բարձրացնել: Աղամյանի յուրաքանչյուր առաջարկը սվիններով ու աղմուկ-աղաղակով էր ընդունվում: Նրան անգամ արգելվեց համագումարը վարել: «Կարեն, 20 տարի առաջ լուսահոգի հայրսՙ Սարգիս Մուրադյանը, թույլ տվեց, որ դու վարես համագումարը. բոլորը տեսան, որ քեզ մոտ այդ գործը լավ է ստացվում, հայրս էլ իր քվեները քեզ տվեց, եւ դու դարձար նկարիչների միության նախագահ: Որդիս նոր էր ծնվել, դու նախագահ դարձար, հիմա նա բանակից եկել է, դու էլի նախագահ ես: Բեմից իջիր, խնդրում եմ, տեղդ երիտասարդներին զիջիր, ամոթ է, Կարեն»,-դահլիճից արձագանքեց ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրըՙ Զարուհի Մուրադյանը :

Դահլիճը 20 տարվա վաղեմության այս պատմությունը ծափերով ընդունեց: Բայց Կարեն Աղամյանը չիջավ բեմից, նա վերջին 5 տարվա հաշվետու զեկույցը պետք է կարդար: Բայց ավելի նպատակային համարեց թվերի փոխարեն խոսել փաստաթղթերի լեզվով: Ասաց, որ տարիներ շարունակ լռել է ու չի պատասխանել իր հասցեին արված լուտանքներին ու զրպարտություններին, իսկ այսօր վերջապես որոշել է խոսել ու ամեն ինչ պարզաբանել: Աղամյանն էկրանին ներկայացրեց 22 տարվա փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս նկարիչների միության ունեցվածքի, գույքի, տարածքների յուրացման ընթացքը: Սկիզբը դրվել է 1996 -ին, երբ միության նախկին նախագահ Պողոս Հայթայանը նկարչի տան նախկին շենքը 100 միլոն դրամով վաճառելու փաստաթուղթ է ստորագրել, նույն սկզբունքով 700 դոլարով օտարվել է նաեւ նկարիչների միության 70 քմ. տարածքով սրճարանը: Կարեն Աղամյանը բոլորին հորդորեց ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթղթերի տակ իր ստորագրությունը չկա, բայց բոլոր հանցավոր գործարքները մինչեւ հիմա իրեն են վերագրվում: Ինչպես հայտնի է, Պողոս Հայթայանի դեմ քրեկան գործ էր հարուցվել, եւ նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, բայց, ի վերջո, նա ենթարկվեց ընդամենը 3 տարվա հարկադիր կալանքի: 20 տարի է անցել, սակայն, նկարիչների շրջանում ալան-թալանի, պաշտոնական դիրքի չարաշահման, պետական գույքը սեփական շահին ծառայեցնելու հանցավոր գործարքների մասին կասկածները դեռ արթուն են. շատերն են համարում, որ գործը մինչեւ վերջ բացահայտված չէ, ու բոլոր մեղավորները պատժված չեն: Կարեն Աղամյանի փաստաթղթային հաշվետվությունը դահլիճում նստածների զարմանքը չհարուցեց, ավելինՙ դահլիճը դրանից ավելի բարի չդարձավ: Փնթփնթոցներն ու բացասական ռեպլիկները Կարեն Աղամյանի հասցեին ավելի շատացան: Կարեն Աղամյանն էլ հիշեց իր գործընկերների հայտարարությունները մամուլում, թե ինքը հակամշակույթի քարոզիչ, Հայաստանում մշակույթը ոչնչացնողներից է:

Միության անդամ Վահան Գալստյանը ձայնի իրավունք խնդրեց ու իր ելույթում նշեցՙ Կարեն Աղամյանը ոչ լեգիտիմ ղեկավար է, որովհետեւ նրա լիազորություները սպառվել են 2017 թվականին: Նկարիչների միության համագումարները տեղի են ունենում 4 տարին մեկ. նախորդ համագումարը եղել է 2013-ին. Աղամյանը վերընտրվել է եւ, բնականաբար, ըստ կանոնակարգիՙ 4 տարով, բայց 2017-ին միության վարչության կազմն առանց հանրաքվեի նոր կանոնակարգ է ընդունել եւ Կարեն Աղամյանի լիազորությունները երկարաձգել մեկ տարովՙ մինչեւ 2018-ի նոյեմբեր: Այս փաստը եւս դահլիճի դժգոհությունը հարուցեց: Ըստ համագումարի ավանդական կանոնակարգիՙ Կարեն Աղամյանն իրավունք չուներ մինչեւ 2018-ի դեկտեմբերը մնալ միության նախագահի պաշտոնում, բայց մնացել է ու նորից թեկնածություն առաջադրել:

Համագումարի հենց սկզբից, բացի Կարեն Աղամյանի թեկնածությունից, առաջադրվել էին Խաչատուր Աբրահամյանի եւ Սուրեն Սաֆարյանի թեկնածությունները: Խաչատուր Աբրահամյանն միջին-ավագ սերնդից է: «Իմ կապերը դրսի պատկերասրահների հետ կարող են նպաստել, որպեսզի մեր նկարիչները ցուցադրվեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Կարող եմ օգնել, որ նրանց նկարները վաճառվեն: Բացի այդ, ես կազմակերպչական փորձ ունեմ. երեւի այդ հմտություններս հաշվի առնելով են նկարիչներն առաջադրել իմ թեկնածությունը»,- նշեց Խաչատուր Աբրահամյանը, երբ քվեարկությունը դեռ չէր կատարվել ու արդյունքները պարզ չէին:

Նախագահի երիտասարդ թեկնածու Սուրեն Սաֆարյանը գնահատում է Կարեն Աղամյանի եւ ավագ սերնդի ներդրումը նկարիչների միությունում: «Եթե նրանք չլինեին, մենք էլ չէինք լինի: Պետք է գնահատել նախորդների արածն ու ստեղծածը, բայց միությանը նոր շունչ ու ոգի, փոփոխություններ ու նորարարություններ են պետք: Անկեղծ ասածՙ 20 տարի նույն միությունը ղեկավարելը շատ է: Նկարիչներն այսօր սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, դրանց լուծումը կապված է ճիշտ կառավարման հետ»,- նկատեց Սուրեն Սաֆարյանը, երբ դահլիճը լսում էր Կարեն Աղամյանի հաշվետու զեկույցը:

Նկարիչների համագումարը մինչեւ վերջ էլ չհանդարտվեց. Աղամյանը բազմիցս հորդորեցՙ մենք ինտելիգենցիայի մի հատվածն ենք, եկեք հարգենք ու սիրենք միմյանց: Բայց անհաշտ մթնոլորտը շարունակեց իշխել մինչեւ քվեարկությունը: Զարմանալի է, հենց քվեարկությունն սկսվեց, կրքերը հանդարտվեցին: Մինչ այդ, առաջադրվեց նաեւ Հաղթանակ Շահումյանի թեկնածությունը, բայց նա ինքնաբացարկ հայտնեց: Վերջնական թեկնածուները մնացին երեքը: Առավոտից մինչեւ ուշ երեկո ձգված համագումարի վերջնարդյունքը քվեարկությունն էր: Մասնակցեց 351 նկարիչ: Խաչատուր Աբրահամյանի ձայները 60 էին, Կարեն Աղամյանինըՙ 82-ը, Սուրեն Սաֆարյանինըՙ 193-ը: Եթե պատկերացնենք, որ երիտասարդ թեկնածուին, որպես կանոն, ձայն են տալիս երիտասարդները, ապա սա այդ դեպքը չէր, որովհետեւ նկարիչների միությունում երիտասարդ անդամները քիչ տոկոս են կազմում, իսկ ինչպես տեսնում ենք, Սուրեն Սաֆարյանն իր մրցակիցներից անհամեմատ շատ ձայներ է հավաքել: Հետաքրքրական էՙ ինչ ելք կունենային ընտրությունները, եթե Սուրեն Սաֆարյանի թեկնածությունը չլիներ, լինեին միայն Կարեն Աղամյանն ու Խաչատուր Աբրահամյանը: Կարեն Աղամյանն ավելի շատ ձայներ է հավաքել, քան Խաչատուր Աբրահամյանը: Ուրեմն եթե չլիներ Սուրեն Սաֆարյանի թեկնածությունը, Կարեն Աղամյանը 6-րդ անգա՞մ էր վերընտրվելու նկարիչների միության նախագահՙ 20+4:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ