RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-21 00:33:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ARMENIA!» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ

Կլոդ ՄՈՒԹԱՖՅԱՆ, Փարիզ

Ավարտվող տարվա մշակութային ամենամեծ իրադարձությունը մեզ համար եղավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստա՜ն» ցուցահանդեսը: Նախորդ համարում թարգմանաբար ներկայացրել էինք «Ուաշինգտոն փոստ» մեծազդեցիկ թերթում Ֆիլիպ Քենիքոթի հիացական հոդվածը ցուցահանդեսի մասին, մինչդեռ, ստորեւ, ներկայացնում ենք, կրկին թարգմանաբար, ֆրանսահայ հռչակավոր պատմաբան-մշակութաբան, հայկական քաղաքակրթության լավագույն գիտակներից Կլոդ Մութաֆյանի քննադատական հոդվածըՙ ցուցահանդեսիՙ առավելաբար քաղաքականորեն թերի կամ սխալ մատուցմանը վերաբերող: Իսկ «Ազգ»ի առաջիկա համարում, միշտ թարգմանաբար, կներկայացնենք Քրիստինա Մարանջիի պատասխանը Կ. Մութաֆյանի հոդվածին:


Արվեստի ականավոր պատմաբան եւ բյուզանդական պատմության ճանաչված մասնագետ տիկին Հելեն Էվանսը երկար տարիներ աշխատում է Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Նրա կազմակերպած ցուցահանդեսներից կարելի է հիշատակել «Բյուզանդիոնի փառքը (843-1261)» 1997-ին եւ «Բյուզանդիա: Հավատ եւ իշխանություն» (1261-1557)ՙ 2004-ին: Նման թեմաները անպայմանորեն ներառնում էին նաեւ հարեւան Հայաստանին, եւ տիկին Էվանսի հետզհետե աճող հետաքրքրությունները Հայկական արվեստի նկատմամբ ի վերջո իրենց մարմնավորումը գտան ներկայիս լայնորեն գովազդվող «Armenia!» ցուցահանդեսում, որի բացականչական նշանը որոշ հիացմունք է արտահայտում: Ավելի կարեւոր է, սակայն, ժամանակաշրջանի բացակայությունը, ի հակադրություն նախորդՙ բյուզանդական շրջանի ցուցահանդեսների, որոնցում հստակ նշված էին տարեթվերը:

Առաջին հայացքից ենթադրվում էր, որ ցուցահանդեսը լուսաբանելու է հայոց երեքհազարամյա պատմությունը, կամ առնվազն, Ուրարտուն բաց թողնելով, մթա 500-ից մինչեւ մեր օրերը: Բայց պարագան այդպես չէ: Այն սկսվում է 4-րդ դարի քրիստոնեական Հայաստանից եւ անտեսում է ամբողջովին հեթանոսական Հայաստանի մեկ դարը: Որպես օրինակ կարելի է նշել, որ Հայոց թագավորներից ամենանշանավորիՙ Տիգրան Մեծի (մթա 1-ին դար) անվան բացակայությունը առնվազն տարօրինակ է, եթե չասենք անընդունելի, նման «Armenia!» խորագիրը կրող ցուցահանդեսում: Արդարացի կլիներ, երեւի, ցուցահանդեսը անվանել «Քրիստոնյա Հայաստան» (Christian Armenia!) եւ նշել, որ Հայաստանը գոյություն է ունեցել դրանից շատ առաջ, իսկ քրիստոնեությունը պարզապես նոր դարաշրջան է բացել նրա համար: Այսպիսին էր պարագան Լուվրում (Փարիզ) 2007-ին բացված ցուցահանդեսի, որին տրվել էր ճիշտ բնորոշումՙ «Սուրբ Հայաստան» (Armenia Sacra):

Այդուհանդերձ ներկա ցուցահանդեսում ցուցադրված նմուշները, որակական առումով, ուղղակի ցնցող են: Կազմակերպիչները հաջողությամբ կարողացել են ձեռք բերել որոշ անհավատալիորեն հարուստ ցուցոններ, որոնք սովորաբար մերժվել են նախկինում, ինչպես օրինակ հայոց մեծագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի (13-րդ դար) ձեռագիրը, որն այս անգամ սիրահոժար տրամադրվել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կողմից: Նշենք նաեւ Մշո «Սուրբ Կարապետ» վանքի առասպելական փայտյա դուռը, որն անձնական հավաքածուի մաս է կազմում: Ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս հիանալու դրանով: Կարելի է նաեւ շատ ուրիշ օրինակներ բերել: Բայց ցուցահանդեսները սոսկ գլուխգործոցների հավաքածուներ ներկայացնող հարթակ չեն, այլ պետք է ունենան կրթական, ուսուցողական նշանակություն, առաջնորդելով այցելուներին դեպի անհայտ մի աշխարհ եւ թույլ տալով, որ նա բացահայտի այդ աշխարհը: Դժբախտաբար, ներկա ցուցահանդեսը դրան չի ծառայում:

Նախեւառաջ քարտեզի բացակայությունըՙ սկզբից մինչեւ վերջ, ուղղակի անհասկանալի է: Արդյոք բոլորը գիտե՞ն, թե ի՞նչ է եւ որտե՞ղ է գտնվում Հայաստանը: Նույնիսկ իմացողների համար Կիլիկիայի, Վասպուրականի, Սեւանի, Սյունիքի եւ այլ վայրերի մասին բացատրությունների բացակայությունը անհասկանալի է: Որտե՞ղ են դրանք:

Այդ նահանգներն ու շրջանները սոսկ վերացական անուններ ենՙ ըստ ցուցահանդեսի: Նույնիսկ վերջին բաժնում, որը նվիրված է առեւտրային ճանապարհներին, ոչ մի կոնկրետ ուղեցույց չի նշված: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին ընկերացող կատալոգին, այնտեղ 24-25-րդ էջերում զետեղված է մի քարտեզ (միակը), որը ձգվում է Արեւելյան Ամերիկայից մինչեւ Ճապոնիա եւ որտեղ Հայաստանն այնքան փոքր է ներկայացված, որ անհնարին է կարդալ տասնյակ քաղաքների եւ վանքերի անունները, չխոսելով դեռ նահանգների մասին, որոնք ամբողջովին են անտեսված:

Այս հսկայական բացթողումը մասամբ կարելի էր գուցե լրացնել որոշակի ճշգրիտ պատմական բացատրություններով, բայց, դժբախտաբար, դրանք բացակայում են ինչպես ցուցահանդեսում, այնպես էլ կատալոգում: Մի թռուցիկ հայացք կատալոգը կազմողների ցուցակին բավական է գաղափար կազմելու համար, որ բացառապես այնտեղ ընդգրկված են եղել արվեստաբաններ: Այնտեղ ոչ մի պատմաբանի անունը չկա, հակառակ այն փաստին, որ արվեստի զարգացումը, էվոլյուցիան չի կարելի առանձնացնել պատմական ժամանակաշրջանից:

Պատմական վերահսկողության այս բացակայության հետեւանքում էլ ճշգրտումներ չեն կատարվել եւ սխալները բավական շատ են: Նշենք դրանցից մի քանիսը:

ա) 387-ից հետո Հայաստանը չդարձավ «Իրանի վասալ պետությունը» (was made a vassal state of Iran), ինչպես նշված է 209 էջում, այլ բաժանվեց Պարսկաստանի (Սասանյան) եւ Բյուզանդիայի տերությունների միջեւ:

բ) Մովսես Խորենացու Պատմության տարեթվերը դեռեւս վիճելի են եւ ձգվում են 5-րդ դարից մինչեւ 8-րդ եւ նույնիսկ 9-րդ դարեր: Այնպես որ նշված (էջ 29) «410-490» ճշգրիտ տարեթվերը հավաստի չեն:

գ) Կարսի բռնակցումը տեղի է ունեցել 1065-ին եւ ոչ թե «1054-ին», ինչպես նշված է էջ 34-ում:

դ) Կիլիկիայի հայոց թագուհիՙ Զապելի (1215-1252) առաջին ամուսինը ոչ թե «գահընկեց» (էջ 35,130) էր արվել, այլ բանտարկվել եւ մահվան դատապարտվել:

ե) Լեւոն V թագավորը թաղված է ոչ թե Սեն Դընիի արքայական դամբարանում (էջ 35), որտեղ նրա տապանաքարն է փոխադրվել 19-րդ դարում, այլ Կղիստինյանց վանքում:

զ) «Armenia Maritima» անվանումը Ղրիմի ծովափնյա հատվածի համար առասպել է սոսկ (էջ 88):

է) Ղրիմի այս հարավային ափը գտնվում էր միայն ջենովացիների, այլ ոչ թե «վենետիկցիների եւ ջենովացիների» (էջ 164) ձեռքում:

ը) Առասպել է նաեւ այն, որ Հայոց պատրիարքարանը 1461-ին հիմնադրվել է սուլթան Մեհմեդ II-ի եւ Բուրսայի եպիսկոպոսի կողմից (էջ 172, 253):

թ) Երուսաղեմի պատրիարքի լիազորությունները սահմանափակված չէին «միայն տեղական մակարդակներով» (էջ 233):

Ցուցանմուշների վերտառություններն ու կատալոգի տեղեկությունները հետաքրքրական մանրամասնություններ են պարունակում ներկայացված իրերի վերաբերյալ, բայց դրանք գրեթե ամբողջությամբ անտեսում են պատմական կոնտեքստը: Օրինակ, Իտալիայի հայերի մասին հատվածում (էջ 164) չեն նշված, թե ե՞րբ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս են հայերը հաստատվել այնտեղ: Ավելի վատ է Երուսաղեմի պարագան (էջ 218), որտեղ պատրիարքարանի հիմնադրումը ամբողջովին անտեսված է եւ հանրահռչակ մոզաիկաների մասին տեղեկությունն էլ լոււսանկարներով չի ներկայացված: Ինչ վերաբերում է Քյոմուրճյանի (Երեմիա Չելեպի, պատմագիր, մանկավարժ, երաժիշտ, ծաղկող: 1637-1695) հռչակավոր քարտեզին (1691), ոչ հոդվածում, ոչ էլ վերտառության մեջ նշում չկա նրա զարմանալի պատմության մասին, այն մասին, որ երկար ժամանակ կորսված համարվելուց հետո, երեք դար անց այն հայտնաբերվել է Բոլոնիայում:

Թույլ տվեք հավելել նաեւ, որ սովորաբար կատալոգներում յուրաքանչյուր ցուցանմուշի տակ նշվում է, թե նախկինում որտեղ է ցուցադրվել: Այս դեպքում ոչ մի նման նշում չկա ոչ մի ցուցանմուշի տակ:

Իսկ ամենամեծ սխալը, ինչպես ամբողջ ցուցահանդեսում, այնպես էլ կատալոգում, «Կիլիկիայի թագավորություն» անվանումն է: Նման թագավորություն գոյություն չի ունեցել: Գոյություն ունեցել է «Հայկական թագավորություն» Կիլիկիայում: Այսպես են անվանել այդ թագավորությունը հայերից բացի բոլոր հարեւաններըՙ արաբները, հույները, ֆրանկները եւ այլն: Կարելի էր գուցե «Կիլիկյան Հայաստան» անվանումը տալ, ի վերջո:

Ինչ վերաբերում է հայրենիքից հեռու այս թագավորության հիմնադրմանը, խնդիրը շատ ավելի բարդ է: Այցելուն ինչ-որ տեղ կարդում է «հայերը տեղափոխվեցին Կիլիկիա» (էջ 134): Նշված տեղափոխման պատճառը, որ իբր հետեւանք էր «Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների պարտության»ՙ աբսուրդ է: Այդ ճակատամարտը տեղի է ունեցել 1071-ին սելջուկ-թուրքերի եւ բյուզանդական զորքերի միջեւ եւ հայերն այնտեղ ներգրավված չեն եղել: Իսկական պատճառը այլ տեղ պետք է փնտրել, ավելի վաղ ժամանակաշրջանում, երբ այդ նույն սելջուկ թուրքերը 1064-ին գրավեցին Անին: Ինչո՞ւ այս մասին ոչ մի հիշատակություն չկա այստեղ, ոչ էլ էջ 31-ում, որտեղ կարելի է կարդալ, առանց ճշգրիտ բացատրությունների, որ Անիի հուշակոթողները «այսօր էլ կանգնած են մնում ավերակ վիճակում»: Այդ ավերակները, կարդում ենք շարունակության մեջ (էջ 66), «գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետությունների փակ սահմանում»: Սահմանի ո՞ր կողմում:

Ինչո՞ւ է այդ սահմանը փակ: Այս հարցերի պատասխանը չկա գրքույկում: Եվ եթե ճշգրտությամբ նշվում է, որ Կիլիկիայի հայկական պետությունը կործանվեց 1375-ին մամլուքների կողմից (էջ 164), ապա ինչո՞ւ չի նշվում, որ Անիի Բագրատունյաց թագավորությունն էլ կործանվեց 1064-ին թուրքերի կողմից:

Ի դեպ «թուրք», «թուրքեր» բառերը իսպառ բացակայում են կատալոգում: Դա կարելի է ստուգել բառացանկում: Պատահականությո՞ւն է արդյոք:

Վերոնշյալ հարցադրումները առաջնորդում են մեզ կատարելու քաղաքական որոշ նկատառումներ: Ինչպես նշեցինք, ցուցահանդեսը սկսվում է Հայաստանի քրիստոնեացման ժամանակաշրջանից, որը տրամաբանական կլիներ, եթե հստակ արտահայտված լիներ վերնագրում, եւ ավարտվում 18-րդ դարով, դուրս թողնելով հայերի ճակատագիրը 19-րդ դարից այս կողմ, մասնավորապես Հայոց ցեղասպանությունը:Անիի ճակատագրի մասին լռություն պահպանելուց բացի, մի շարք այլ կետեր նույնքան հանելուկային են թվում:

ա) Խոսվում է (էջ 97) «Մուշի Սրբոց Առաքելոց վանքի» մասին, առանց նշում կատարելու, որ այն քանդվել է 20-րդ դարում թուրքերի կողմից:

բ) Ցուցահանդեսի գոհարներից է այս վանքի փորագրված դուռը (էջ 109), բայց չի նշված, թե ինչպես է այն պահպանվել, երբ ամբողջ վանքը քանդվել է: Գուցե այն պատճառով, որ հարկ կլիներ անդրադառնալ «ցեղասպանությանը»:

գ) Կորուստների միակ բացահայտ նշումը վերաբերում է Ջուղայի գերեզմանատան խաչքարերինՙ Նախիջեւանում, որտեղ կարդում ենք (էջ 91-ում), որ «դրանք դիտավորյալ քարուքանդ են եղել 1990-ականներին, որպեսզի հայկական ներկայության ամեն մի հետք ընդմիշտ վերացվի այդ տարածաշրջանում»: Չնայած թվականը սխալ է (այն տեղի է ունեցել 2005-ին), համենայնդեպս նշումը ճիշտ է, բայց ինչո՞ւ չի հստակեցված, որ Ադրբեջանն է այդ հանցագործության հեղինակը:

Նախիջեւանի այդ շրջանը հարուստ է եղել ճարտարապետական կոթողներով, վանքերով ու հուշարձաններով, որոնց լուսանկարներըՙ արված նախքան Ադրբեջանի կողմից վանդալական քայքայումը, պահպանվել են, բայց ցուցահանդեսում եւ կատալոգում դրանցից ոչ մեկի հետքն անգամ չկա: Ինչո՞ւ:

Մի՞թե այն պատճառով, որ կազմակերպիչները խուսափել են մեղադրանքներ ներկայացնել Ադրբեջանին:

գ) Լոռիի, Սյունիքի եւ Վասպուրականի հուշարձանների մասին բավական նյութեր կան եւ նշված են, բայց ինչո՞ւ են բացակայում Արցախի (Ղարաբաղի) հուշակոթողները, որոնք ոչ պակաս են կարեւոր, մասնավորապես Գանձասարի հայտնի վանքը, որի մասին հակիրճ նշված է էջ 178-ում, բայց առանց նկարի կամ մեկնաբանության: Դա՞ էլ է Արդբեջանի հոխորտանքների ու նկրտումների մասին չխոսելու հանգամանքով պայմանավորված:

Կարճ ասած, ինչպես այլ դեպքերում, ակնհայտ է, որ թուրքերն ու ադրբեջանցիները սկզբից եւեթ տեղյակ են եղել այս ցուցահանդեսից: Արդյոք ճնշումներ գործադրել են իշխանությունների վրա, որպեսզի հայերի դեմ իրենց հանցագործ քաղաքականության մասին ոչինչ չնշվի՞: Գուցե, բայց քննարկենք մեկ այլ վարկած եւս: Այս «հանրապետությունների» հանդեպ Մ. Նահանգների որդեգրած բարեկամական հարաբերությունները կարող են ինքնաբերաբար ազդած լինել թանգարանի աշխատակիցների վրա, որոնք էլ գրաքննության են ենթարկել իրենց նախաձեռնությունը:

Եվ ի վերջո, ոչ մի քարտեզ չներկայացնելու անհավատալի փաստը ինքնին խոսում է մեր այս եզրակացության մասին: Քարտեզները հնարավոր վտանգ են ներկայացնում: Դրանցում սահմաններ են նշված լինում, բնակչության ներկայություն եւ այլ տվյալներ, որոնք արդարացի հարցեր կարող են առաջացնել, թե այդքան մեծ թվով հայերը, որոնք այս կամ այն տարածքում այդքան կենսունակ ու ակտիվ էին, ո՞ւր անհետացան հանկարծ ամբողջապես: Պատասխանը պետք է գա Անկարայից եւ Բաքվից:

Ցուցահանդեսի այցելությունը ընդգրկված է թանգարանի (Մետրոպոլիտեն) մուտքի ընդհանուր տոմսի մեջ, այնպես որ շատ մարդիկ են այցելում: Ես ուշադրություն դարձրեցի նրանց եւ պարզեցի, որ հակառակ նրանց հիացական հայացքներինՙ ի տես ցուցանմուշների գեղեցկության, նրանք այդպես էլ ոչինչ չէին հասկանում բովանդակությունից, պատմական կոնտեքստից: Ինչպիսի՜ վատնում ժամանակի եւ միջոցների: Հայաստանը, դժբախտաբար, դեռեւս պետք է սպասի առավել ամբողջական ներկայացման:

Որպես եզրակացություն պետք է ասել, որ «Armenia!»ն առասպելական ցուցադրություն է մինչեւ 18-րդ դար քրիստոնյա Հայաստանի արվեստի, սակայն որպես հայկական ցուցահանդես, այն ամբողջովին ձախողված է եւ բոլորովին ոչ արժանի Մետրոպոլիտենի նման հռչակավոր մի թանգարանի համար:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror Spectator)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ